HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ո՞վ է տալիս կրակելու հրամանը

Ականատեսներ չկան

Դեկտեմբերի 28-ին գլխին ստացած հրազենային կրակոցից սպանվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը:

Դուրս գալով ծնողների բնակարանից ժամը 18 անց 50-ին` Տ. Նաղդալյանը դիմահար կրակոցից վիրավորվեց: Երկու ժամ անց նա մահացավ հիվանդանոցում:

Տիգրանի եղբայր Սամվելը պատմում է, որ դեպքից 20-25 րոպե առաջ, երբ աշխատանքից տուն էր վերադառնում, շքամուտքում տեսել է մի անծանոթի: Վերջինս գլխարկով էր, եւ դեմքը թաքցնելով` արագ դուրս էր եկել շքամուտքից: Սա միակ վկայությունն է սպանության առնչությամբ: Եւ, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կմնա միակը:

Մաշտոցի պողոտայի փակ շուկայի մերձակայքում, Շիրակ հյուրանոցի դիմաց մշտապես կանգնող տաքսու մեր հանդիպած 22 վարորդներից եւ ոչ մեկը դեկտեմբերի 28-ի այդ ժամերին միայնակ տղամարդ ուղեւոր չի ունեցել, վազող կամ արագ հեռացող մարդ չի նկատել:

Զաքյան փողոցի մերձակայքում գտնվող սրճարանների մատուցողուհիները այդպես էլ ոչ մի օգտակար ինֆորմացիա չհաղորդեցին: Դեպքի մասին նրանք իմացել են տուն գնալուց հետո կամ հաջորդ օրը: Այդ փողոցում եւ նրան հարող շենքերում ապրող երիտասարդները, որոնց հետ զրուցեցինք, նույնպես ոչինչ չհայտնեցին:

Ցուրտ ու մառախլապատ եղանակի պատճառով այդ ժամերին գրեթե ոչ մեկը դրսում չի եղել: Կառչելու ոչ մի կետ, ոչ մի տեղեկություն, որ թույլ կտար այդ ուղղությամբ շարժվել, առայժմ չկա:

Ո՞վ է տարիներ շարունակ իրականացնում նման սպանություններ Հայաստանում, ո՞վ է ուղղորդում, տալիս հրամաններ: Նշենք, թե ում ձեռքին կա զենք.

Պաշտպանության, Ներքին գործերի, Ազգային անվտանգության նախարարությունների աշխատակիցներ, պատերազմի մասնակիցներ, վարձու մարդասպաններ: Վարձու մարդասպանները կարող են լինել այս կառույցներից որեւէ մեկի ներկայացուցիչները, կարող են նաեւ հրավիրված լինել դրսից, ասենք, օրինակ` Ռուսաստանից կամ որեւէ այլ երկրից: Հիշենք, որ Ռուսաստանում գործող հանցավոր խմբերի մեջ մեծ թվով հայեր կան:

Եթե վերլուծենք աղմկահարույց այն սպանությունները, որոնց մասով ընթացել են դատավարություններ, կտեսնենք, որ գրեթե բոլոր դեպքերում հիմնական դերակատարները վերոնշյալ կառույցներից մեկի կամ խմբերի ներկայացուցիչներն են եղել:

Իրավապահներն, ինչպես միշտ, շտապ գործողություններ ձեռնարկեցին: Մեր տեղեկություններով բերման են ենթարկվել տասնյակ մարդիկ, մի քանիսը` ձերբակալվել, կատարվել են խուզարկություններ, հայտնաբերվել է ապօրինի զենք:

Այդ ձեռնարկումների մասին տեղեկատվությունը վերլուծելիս կարելի է համոզված ասել, որ գործողությունները իրավապահները կարող էին անել նաեւ մինչեւ Տ.Նաղդալյանի սպանությունը:

Աղմկահարույց մյուս սպանություններին հաջորդող օրերին էլ իրավապահները գրեթե նույն գործողություններին են դիմել: Նրանք ունեն տեղեկություններ, կասկածելի մարդկանց ցուցակ, գիտեն, թե ում մոտ կա ապօրինի զենք: Սակայն չեն «հայտնաբերում», որովհետեւ ամեն ինչ իր ժամանակն ունի:

Ժամանակը կգա, առիթը կլինի, կանեն այդ գործողությունները: Նրանք պարտավոր են հասարակությանը ցույց տալ, որ իրականացրել են օպերատիվ գործողություններ, որ հետո հաշվետվությունների մեջ գրեն. կատարել են այսինչ գործողությունները, բերման է ենթարկվել կամ ձերբակալվել է այսքան մարդ, հայտնաբերվել է այսքան ապօրինի զենք:

Նման գործողություններն անհրաժեշտություն են ամբողջ համակարգի եւ, ընդհանրապես, իշխանությունների համար: Հայաստանում մեծ քանակությամբ ապօրինի զենք է պտտվում: Իսկ այն, որպես կանոն, մի օր կրակում է:

Տ. Նաղդալյանը իշխանական բուրգում էր

Տ. Նաղդալյանը Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահն էր: Նրան այդ պաշտոնում 6 տարի ժամկետով նշանակել էր Նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Մինչ այդ նա Ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենն էր:

Այդ պաշտոնում նշանակվեց 1998 թ.-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ էր, եւ առջեւում նախագահական ընտրություններն էին: Տ. Նաղդալյանը Ռ. Քոչարյանի թիմի առանցքային դեմքերից էր, նրա քաղաքականության քարոզչությունն իրականացնողը:

«Նախագահի հինգ ամենավստահելի մարդկանցից մեկն էր»,-այսպես բնութագրեց Տ.Նաղդալյանին Նախագահի մերձավոր պաշտոնյաներից մեկը, որ չցանկացավ հրապարակել իր անունը:

Տիգրանը պրոֆեսիոնալ լրագրող էր: Նրա նախկին գործընկերներներից շատերը, ովքեր չէին ընդունում քաղաքականության մեջ նրա հայտնվելը, աներկբա նշում էին նրա պրոֆեսիոնալիզմը: Նա իր հաղորդումներում բացահայտումներ չէր անում, չէր խոսում պաշտոնյաների չարաշահումների մասին:

Հանգիստ, ինքնավստահ անում էր Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գծի քարոզչությունը: Երբեմն նրա թիրախը դառնում էր այս կամ այն ընդդիմադիր գործիչը, որոնց վրա «արձակում» էր իր գտնված արտահայտություններն ու բնորոշումները:

Նրա հեղինակային «Օրակարգ» հաղորդումը գրեթե միշտ ներկայացնում էր նախագահ Քոչարյանի ձեռքբերումները: Շատերին այդ լավատեսական հաղորդումը դուր չէր գալիս: Երբեմն` նույնիսկ Քոչարյանի շրջապատին: Նրանք գտնում էին, որ գալիս է մի պահ, երբ նման հաղորդումները հակառակ ներգործություն են ունենում, դառնում հակաքարոզչություն:

Ոմանք նրան համեմատում են Լ.Տեր-Պետրոսյանի ժամանակ նման ֆունկցիա իրականացնող Ալեքսանդր Իսկանդարյանի հետ: Լ.Տեր-Պետրոսյանի նկատմամբ հասարակության մերժողական վերբերմունքի ձեւավորման հիմնական դերը շատ գործիչներ վերագրում են հենց Իսկանդարյանին եւ նրա «Ժամանակաչափ» կիրակնօրյա հաղորդմանը: Սակայն ընդգծենք, որ պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից այս հաղորդումներն անհամեմատելի էին:

Արդեն մի քանի ամիս շրջանառվում էր նաեւ Տ.Նաղդալյանին այլ պաշտոնի տեղափոխելու լուրը: Իբրեւ թե որպես դեսպան պետք է մեկներ այլ երկիր:

Ինքը` Տ. Նաղդալյանը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հերքել էր այդ լուրը: Նրա մտերիմները նույնպես նշում են, որ նման առաջարկ Նաղդալյանը չի ստացել, այլապես անպայման իրենց կասեր այդ մասին:

Տ. Նաղդալյանի սպանության վարկածները

Թե ինչ վարկածներ ունեն իրավապահները, առայժմ հայտնի չէ, եւ կարծում եմ` անիմաստ է այդ ոլորտից որեւէ արդյունքի սպասելը: Նման հետեւություն անելու բոլոր հիմքերը կան: Պարզապես սպանությունների շղթան երկարում է, ու վերջը կարծես թե չի երեւում: Նման սպանություններից հետո ծագող առաջին հարցը հետեւյալն է` ինչո՞ւ են սպանում:

Պատասխանը շոշափելիորեն հստակ է. որովհետեւ Հայաստանում մեծ քանակությամբ ապօրինի զենք կա: ՆԳ, ԱԱ նախարարություններում, դատախազությունում կան «պահեստավորված» չգրանցված զենքերով սպանությունների բազում գործեր: Բավական է մի օրինակ բերել. 1996-ի օգոստոսին Երեւանում իր սեփական ավտոտնակից դուրս գալիս սպանվեց ՊՆ սպա, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Աբրահամ Խամիսյանը, 1997-ի հոկտեմբերին իր տան դիմաց օրը ցերեկով սպանվեց ԱՍԱԼԱ-ի մեկ այլ անդամ, գործարար Դավիթ Դավիդյանը:

Հետագայում պարզվեց, որ այս երկու սպանությունները նույն զենքով են կատարվել: Դեռեւս այն ժամանակ` 1997 թ.-ին, Սերժ Սարգսյանը, որ երկու կառույցների` Ազգային անվտանգության եւ Ներքին գործերի նախարարն էր, մամուլի ասուլիսում հայտարարեց, որ «մի վեց ամիս անց կհայտնաբերեն հանցագործին»:

Հանցագործին, իհարկե, չհայտնաբերեցին, ու այդ զենքով մարդն, ամենայն հավանականությամբ, այսօր էլ պտտվում է Երեւանի փողոցներով, ցանկացած պահի, երբ ստանա հրաման կամ փող, կարող է կրակել: Ա.Խամիսյանը լիբանանցի էր եւ նոր էր տեղափոխվել Հայաստան, Դ.Դավիդյանը նույնպես մի քանի տարի գտնվում էր Լիբանանում:

Երկուսն էլ ԱՍԱԼԱ-ի «Հեղափոխական շարժում» կամ, ինչպես երբեմն ընդունված է ասել, Մոնթե Մելքոնյանի թեւից էին: Այս դեպքերի մասին խոսելը պատահական չէ. մեր աղբյուրներից մեկը նշում է, որ մոտ մեկ ամիս առաջ Տ. Նաղդալյանը Լիբանանից էլեկտրոնային փոստով իր հետ հաշվեհարդար տեսնելու նամակ էր ստացել: Այս տեղեկությունը նույնպես չի հաջողվում ճշտել:

Տ. Նաղդալյանի սպանության շուրջ բազում վարկածներ կան, որոնք պտտվում են տարբեր շրջանակներում: Անշուշտ, դրանց մի մասը հենց իրավապահների առաջ քաշած վարկածներն են:

Վարկած N 1

Առաջին արձագանքը «քաղաքական սպանություն» որակումն է: Առաջինը սա հնչեց, եւ այնքան հաստատական էր, որ, ըստ երեւույթին, ամենահիմնականը կմնա: Նույն երեկոյան տարածվեց նախագահ Ռ.Քոչարյանի հայտարարության տեքստը. «Այն մարդիկ, ում համար ոչինչ չարժե մարդկային կյանքը, ում հանգիստ չեն տալիս երկրի կայունությունն ու առաջընթացը... ձեռնոց նետեցին ամբողջ հասարակությանը», - ասել էր Քոչարյանը:

Նա հավաստիացրեց նաեւ, որ «ամեն ինչ կարվի, որպեսզի բացահայտվեն եւ պատժվեն այս ստոր հանցագործության հեղինակներն ու կատարողները»:

Կա մի հանգամանք, որը կարող է նաեւ առանցքային դառնալ իրավապահների համար: Մոտենում էր «Հոկտեմբերի 27-ի» գործով Տիգրանին դատարան հրավիրելու ժամանակը: Կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները պետք է նա տար: Մասնավորապես, տեսաժապավենի մոնտաժման հարցը:

Վազգեն Սարգսյանի իրավահաջորդները պնդում են, որ դահլիճում նկարահանված տեսաժապավենը մոնտաժված է: Դա են հաստատել նաեւ Մոսկվայում անցկացված փորձաքննության արդյունքները: Մյուս հարցն այն է, թե որպես «Հայլուրի» թղթակից Ազգային հեռուստատեսության աշխատակից եւ 27-ի գործով վկա Տ. Նազարյանը ինչպես է ընտանիքով տեղափոխվել Միացյալ Նահանգներ:

Այս վարկածը պնդողներն ասում են. «Կան ուժեր, որոնք ամեն ինչ արեցին, որպեսզի Տիգրանը չպատասխանի այդ հարցերին»: Ըստ Տիգրանի ընկերների` այդ բոլոր հարցերին նա արդեն պատասխանել էր:

Վարկած N 2

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը համոզված է, որ «սպանությունը պատվիրված էր» եւ «հիմնական վարկածները պետք է լինեն քաղաքական եւ տնտեսական»:

Նշենք, որ Հայաստանում հեռուստատեսային գովազդի դաշտում բավականին մեծ փողեր են պտտվում, իսկ հանարային հեռուստատեսությունը գրեթե բավականին շահեկան դիրքերում էր:Գրեթե բոլոր հայտնի գործարարները «պարտավոր» են իրենց գովազդը հեռարձակել նախեւառաջ հանրային հեռուստատեսությամբ:

Թե ինչքան էր կազմում հանրային հեռուստատեսության գովազդներից ստացած եկամուտները հայտնի չէ: Ունե՞ր արդյոք Տիգրան Նաղդալյանը սեփական բիզնես: Մինչեւ Ազգային հեռուստատեսություն գալը նա հիմնադրել էր «Կայմ» հեռուստաընկերությունը:

«Կայմն» ուներ մոտ 60 հազար դոլար արժողությամբ պրոֆեսիոնալ տեխնիկա: Հեռուստաընկերությունը պատրաստում էր պատվերով ֆիլմեր, տեսահոլովակներ, հաղորդումներ: Այսօր այդ հեռուստաընկերության հիմնական պատվիրատուն Հանրային հեռուստեսությունն է:

Ընդհանրապես, երբ խոսք է լինում Տիգրանի տնտեսական գործունեության մասին, նրա ընկերները միանգամից փակում են թեման` նշելով, որ Տիգրանը բիզնեսով չէր զբաղվում:

Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց ձեռք բերել որոշ տեղեկություններ, որոնք, դժբախտաբար, ճշտել հնարավոր չէ: Մասնավորապես, ասվում էր, որ Տիգրանը «Տաքսի-Մաքսի» տաքսի ծառայության փայատերն էր: Վերջերս այդ ծառայությունը ձեռք է բերել «Opel» մակնիշի 10 նոր մեքենա:

Երկրորդը, ինչի մասին խոսում են, «Բարի լոտոն» է: Արդեն ամիսներ շարունակ խոսվում էր օպերայի բակի սրճարաններից մեկի` Տիգրանին պատկանելու մասին: Սակայն ինքը` Տ. Նաղդալյանը, հերքել էր այդ լուրերը: Խոսում են նաեւ երթուղային գծի եւ այնտեղ 14 սեփական մեքենա ունենալու մասին:

Բայց քանի որ թվարկվածներից ոչ մեկում Տ. Նաղդալյանի անունը չկա, հետեւաբար որեւէ բան պնդելու հիմքեր չկան: Միաժամանակ, նույնիսկ տնտեսական դրդապատճառներով սպանության վարկածն առաջ քաշողները կասկածում են, թե այդքան ֆինանսների համար կարող են մարդ խփել: Բայց Հայաստանում եղել են նման սպանություններ, պարզապես դրանք այսպիսի արձագանք չեն ստացել:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter