HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախցի կամավորները մարտական ծառայության յուրաքանչյուր օրվա համար կստանան 5000 դրամ

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ հայրենիքի պաշտպանությանը կամավորագրված քաղաքացիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: Նա հայտնել է, որ Պաշտպանության բանակը կամավորների մի մասին արդեն տվել է կանխավճար, սակայն կառավարությունը հաստատել է, որ մարտական ծառայության յուրաքանչյուր օրվա համար պետք է վճարել 5,000 դրամ՝ առանց եկամտային հարկի:

«Որոշումը վերաբերում է առաջին հերթին չաշխատող քաղաքացիներին, իսկ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական մասնակցությամբ հիմնարկ-ձեռնարկությունների այն աշխատակիցներին, որոնց աշխատավարձը ցածր է 150,000 դրամից, կտրամադրենք ստացած գումարի տարբերությունը: Ծրագրում ընդգրկված են նաև մի շարք խոշոր տնտեսվարող կազմակերպությունների աշխատակիցներ»,- ասել է վարչապետը:

Զեկույցով հանդես է եկել նաև ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը: Նրա խոսքով՝ համապատասխան մարմինների հետ ճշգրտվում են կամավորների ցուցակները, և հունիսի 6-ից «Արցախոստ» ՓԲԸ միջոցով կսկսվի այդ գումարների տրամադրման գործընթացը:

«Ովքեր այդ ճշգրտումների արդյունքում չեն նույնականացվի, հունիսի 6-ից «Արցախոստ»-ի բաժանմունքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները կգրանցեն նրանց անձնագրային տվյալները, և արդեն հաջորդ փուլում կտրամադրենք նրանց գումարները ևս»,- ասել է Ս. Ավանեսյանը:

Գործադիր իշխանության ղեկավարը շեշտադրել է, որ անհրաժեշտության դեպքում պետք է ներգրավել պաշտպանության բանակի համապատասխան կառույցներին և շրջվարչակազմերին՝ համակարգված աշխատանք իրականացնելու համար, որ գործընթացը զերծ լինի բացթողումներից: Ա. Հարությունյանը նշել է նաև, որ բանկերի ղեկավարների հետ համաձայնություն է ձեռքբերվել, ըստ որի՝ բանկային պարտավորություններ ունեցող կամավորները վարկերի մարման ժամկետների երկարաձգման հնարավորություն կունենան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter