HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ո՞վ է տալիս կրակելու հրամանը-2

Սկիզբ

Դեկտեմբերի 9-ի երեկոյան ՀՀ գլխավոր դատախազությունը իր տարածած հաղորդագրությամբ 250 հազար ԱՄՆ դոլարի դրամական պարգեւատրում է խոստանում այն անձին, որի հայտնած տեղեկությունները կնպաստեն Հանրային հեռուստառադիոընկերության Խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության բացահայտմանը: Այս հաղորդագրությունից կարելի է եզրակացնել, որ իրավապահների օպերատիվ գործողությունները որեւէ արդյունք չեն տվել:

Մեր աղբյուրները նույնպես հավաստում են, որ դատախազությունում շարունակում են մի շարք վարկածների ուղղությամբ աշխատանքը: Նշենք, որ այդ մասին պաշտոնապես դեռ որեւէ հաղորդագրություն չի եղել:

Դատախազությունը լռում է, ասելու ոչինչ չունի: Վարկածներ կառուցելը մեծ հաշվով անօգուտ գործ է, որովհետեւ իրականությունը երբեմն պարզապես ոչ մի սխեմայի մեջ չի տեղավորվում: Բայց այդուհանդերձ փորձենք շարունակել մի քանի ենթադրություններ անել եղած տեղեկություններով եւ ստեղծված իրավիճակով:

Վարկած-3

«Տիգրանին խփել են իր հաղորդումների ընթացքում հնչեցրած մտքերի համար». շրջանառվում է նաեւ այս վարկածը: Սակայն լրագրողական շրջանակներում ամենաքիչն այս վարկածի մասին են խոսում: Տիգրանը խոսքի վարպետ էր, սակայն չի եղել խոսքի ազատության ասպետ:

Համենայնդեպս վերջին 5 տարիների ընթացքում: Ուրիշ էր նրա վաղ շրջանի լրագրողական գործունեությունը: 1991 թ. «Հայլուրը», որի առանցքային դեմքերից մեկը Տիգրանն էր, իսկապես խոսքի ազատության նվաճում էր, լրագրության նոր մակարդակ Հայաստանում: Աչքի էին ընկնում նաեւ 1995-1997 թթ. «Ազատություն» ռադիոկայանում աշախատած տարիներին նրա պատրաստած նյութերը:

Իսկ արդեն պաշտոնյա Տ. Նաղդալյանի լրագրությունը նոր փուլ էր, նոր որակ: Տիգրանն ընդգրկվել էր քաղաքական գործընթացներում:

Վարկած-4

Սա քաղաքական սպանություն է: Այս վարկածի մասին հիմնականում խոսում են պաշտոնայաները, իշխանությանը «սատարող» կուսակցությունները: Հենց սա էլ խաղաքարտ դարձավ ընդդիմության համար: Նրանք ասում են` շարքից հանեցին հոկտեմբերի 27-ի կարեւոր վկային: Ու Տիգրան Նաղդալյանի սպանությունը դարձավ եւ կշարունակվի մնալ հնչեցման շահարկման առարկա:

Առաջին հայացքից Տիգրանին ասպարեզից հեռացնելն անիմաստ է. ի՞նչ պիտի հետեւեր նրա սպանությանը: Սա, սակայն, առաջին հայացքից: Նա հիշվող դեմք էր, Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության խորհրդանիշը:

Քաղաքական գործընթացների վերաբերյալ նրա խոսքն ընկալվում էր որպես պետության ղեկավարի ասելիք: Եւ քաղաքական շրջանակներում դա որոշիչ էր: Սպանվել է Քոչարյանի խոսքն ասելու իրավունքը ստացած պաշտոնյա-լրագրողը, նման իրավասությունը հանրապետությունում ոչ մի լրագրող չուներ:

Այս տեսանկյունից Տիգրանը գուցե եւ զոհի իդեալական թեկնածու էր: Քոչարյանի հավատարիմ մարդկանցից մեկին հանգիստ խփում են: Որքան էլ հրապարակայնորեն արվեն «մինչեւ վերջ շարունակելու ենք գնալ ընտրված ճանապարհով, պահելու ենք մեր նվաճումները» կամ նման այլ հայտարարություններ, ասվեն մտքեր, միեւնույն է, շատ-շատերի համար սպանությունը դարձավ զգուշացման ազդանշան:

Նույն կերպ կարող են վարվել Քոչարյանի շրջապատի ցանկացած ներկայացուցչի հետ: Այս դեպքում սա քաղաքական սպանություն էր ինչպես իր մտահղացմամբ, այնպես էլ իր բոլոր հետեւանքներով:

Իսկ առջեւում նախագահական ընտրություններ են եւ պետական ողջ բյուրոկրատիան, օլիգարխները, մեծ ու մանր կուսակցությունները եւ հասարակության էլի բազում շերտեր պետք է հստակ կողմնորոշում ունենան եւ դրա մասին պարտավոր են բարձրաձայն հայտարարել:

Եթե մինչեւ սպանությունը նրանք վերջնական չէին կողմորոշվել եւ դեռ մտածում էին, ապա սպանությունից հետո արդեն «երկու անգամ» պետք է մտածեն:

Այս կամ այն շրջանակներում կարելի է լսել, թե սպանության հեղինակը ընդդիմությունն է: Նույնիսկ նշում են անուններ, որոնց մասին Տիգրան Նաղդալյանը «Օրակարգ» ծրագրի ընթացքում «ծաղրական» տոնով ինչ որ բաներ է ասել:

Սակայն նրա խոսքին արդեն սովորել էին ընդդիմադիր գործիչները: Եւ փոխադարձ իրար «կպնելը» սովորական երեույթ էր: Դեռ ավելին` կային գործիչներ, որոնք սպասում էին, որպեսզի պատասխանեին «Օրակարգում» իրենց հասցեին հնչած սարկազմին:

«Սա դարձել էր խաղի նման մի բան: Եւ կարծես թե երկու կողմերին էլ այն դուր էր գալիս»,- այսպես բնութագրեց այս երեւույթը մի հոգեբան, որը նույնպես չցանկացավ, որ նշվի իր անունը այս սպանության խնդիրները արծարծող հոդվածում:

Վախի մթնոլորտը ավելի ու ավելի է խորանում մեր երկրում, տասնյակ մարդկանց հետ հանդիպումներս, զրույցներս նախապես ունեին մի հստակ պայման` իրենց անունները չպետք է հիշատակվի: Իսկ եթե սպանությունն արվել է իսկապես այս մթնոլոտի խորացման համա՞ր:

(շարունակություն)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter