HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մենաշնորհը` որպես չարիք, և խոստացվող պայքար՝ դրա չարաշահումների դեմ

Դիանա Ղազարյան

ՀՀ կառավարությունում, Ազգային ժողովում հաճախ է հնչում տենտեսական մրցակցային պայմաններ ստեղծելու, հայաստանյան արտադրողներին հարկային արտանություններ տալու մասին։ Տարիներ շարունակ բարձրաձայնվում է շաքարավազի, բենզինի, բանանի և այլ մենաշնորհների մասին։ Շատ տնտեսագետներ նման մոնոպոլացված տնտեսության, հարկային ծանր պարտավորությունների արդյունք են համարում տնտեսական ցածր ցուցանիշները։

Վերջին տարիներին ոչ միայն արտասահմանյան ներդրումային ծավալներն են կրճատվել, այլև տեղական գործարանների ու արտադրամասերի գործունեությունն է դադարեցվել։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կարևորում է տնտեսական հարաբերություններն առողջացնելու պայքարը և և առաջարկում վերանայումներ, սահմանադրական նոր կարգավորումներ: «Մենք հաճախ խոսում ենք շուկաներում ձևավորված արհեստական գերիշխանության մասին, սակայն ինքներս մեզ պետք է հարց տանք, արդյո՞ք այդքան հեշտ է դրանց դեմ պայքարը: Խնդիրն այն չէ, արդյո՞ք կապակցված է մենաշնորհատերը և շուկայում իշխանություն ունեցող անձը: Սա բոլոր հասարակություններին, հատկապես անցումային հատվածում գտնվող հասարակություններին, բնորոշ երևույթ է: Հանրային իշխանությունը բիզնեսից տարանջատելու, առավել արդյունավետ մեխանիզմներ ձևավորելու անհրաժեշտություն ունենք: Տնտեսական ողջ դաշտը այսօր կարիք ունի վերանայումների՝ սահմանադրական նոր կարգավորումների»,-նշում է Մինասյանը։

Նախարարը կարևորում է ոլորտի մասնագետների և փորձագետների ակտիվ համագործակցությունը, սկսած գործը ավարտին հասցնելու անհարժեշտությունը:

Իրավաբան Արա Ղազարյանը ևս կարևորում է սահմանադրական նոր կարգավորումների առկայությունը, որոնց միջոցով տնտեսվարող սուբյեկտները առավել պաշտպանված կլինեն, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) կսևեռվի ոչ թե վարույթների քանակի, այլ որակի վրա: Այս պարագայում վարույթները նման հաճախությամբ չեն հարուցվի, հարկ կլինի առավել շատ փուլերի միջով անցնել, սուբյեկտների պաշտպանության մեխանիզմները բարձրացնել: Այսինքն՝ սա կբխի տնտեսվարողների շահերից և հանձնաժողովին հնարավորություն չի տրվի արագ կերպով վարույթներ հարուցել: Արդյունքում՝ կնվազի վարույթների քանակը, կաճի որակն ու պաշտպանվածությունը:

Նշենք, որ ՏՄՊՊՀ-ի նպատակն է պաշտպանել եւ խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում:

Իրավաբան Արտակ Զեյնալյանը, սակայն, մեծ խնդիր է համարում այս հանձնաժողովի ընդունած փակ որոշումները, որի պատճառով խախտվում է հասարակության տեղեկացված լինելու իրավունքը. «Շատ վատ է, որ կան փակ որոշումներ: Եթե դրանք բաց լինեն, դրանց ուսումնասիրություններին ծանոթանալով, չգիտենք՝ ինչ հետևությունների կհանգենք: Այդ հետևությունները հանրությանը հետաքրքիր են: Հետևաբար, սա անձանց՝ հրապարակային քննության իրավունքի խախատում է: Այս դեպքում մենք չգիտենք՝ ապահովվե՞լ է նրանց լսված լինելու իրավունքը, թե՞ ոչ»: Հավելում է, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չի վերահսկում ոլորտը, քանի որ միակողմանի է գործում:

Զեյնալյանն իշխանությունների կողմից մենաշնորհների դեմ պայքարում ցանկություն է նկատում։ Սակայն ընդգծում է՝ մենաշնորհներին, գերիշխող դիրքերին պատերազմ պետք չէ հայտարարել, եթե մարդիկ արդար պայմաններում են հասել իրենց մենաշնորհին, չեն ոչնչացրել փոքր բիզնեսներին, ունեն մենաշնորհ իրենց առանձնահատկությունով, հանճարով պայմանավորված, ապա նրանց պետք է թույլ տալ ինքնադրսևորվել։ Փաստում է՝ արդար պայմաններում ընկերությունը կարող է հասնել մենաշնորհի, սակայն ոչ իրավաչափ է դրա չարաշահումը, ուրիշների ոչնչացումը:

Տնտեսական նման մրցակցային պամանների, մենաշնորհների առկայության արդյունքներից մեկը կարելի է համարել օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազումը: Ըստ ՀՀ ԱՎԾ-ի՝ 2015-ին օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում 2014 թվականի համեմատ 40 %-ով նվազել են:

«Երբ ներդրողը ուսումնասիրում է շուկան, այնտեղ տեսնում խնդրահարույց պայմաններ, որոշ ընկերությունների գերիշխող դիրք, ոչ բավարար վերահսկողություն, նվազ իրավական կարգավորումներ, առավել զուսպ է լինում իր ներդրումների մեջ»,- նման կարծիքի է փաստաբան Դավիթ Ասատրյանը: Այս խնդիրը լուծելի է համարում, երբ տնտեսական իրավահարաբերություններում իրավակարագավորումներ տեղի կունենան, օրենսդրական մակարդակով այնպիսի հնարավորություններ ձեռք կբերվեն, երբ տնտեսվարողը իրեն պաշտպանված կզգա պետական, մասնավոր, դատական և վարչական կարգով:

Նկարը՝ altitudeacquisitions.co.uk-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter