HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Այսօրվանից ուժի մեջ մտած Ընտրական նոր օրենսգիրքը պատրաստ են փոփոխել

Մայիսի 25-ին արտահերթ կարգով ընդունվեց Ընտրական նոր օրենսգիրքը: Նախագահն այն ստորագրեց շատ շտապ՝ ընդունումից 3 օր անց: Պատճառն այն է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ընտրական օրենսգիրքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը և ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունիսի 1-ից:

Մայիսի 25-ի արտահերթ նիստի ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պատրաստ են Ընտրական օրենսգրքի բարելավման աշխատանքները շարունակել: Ըստ նրա, եթե հունիսի 1-ից հետո ընդունվեն փոխադարձ այնպիսի մեխանիզմներ, որոնք էլ ավելի կուժեղացնեն Ընտրական օրենսգիրքը և կլինեն իրատեսական, քաղաքական մեծամասնությունը պատրաստ է հրավիրել նույնիսկ արտահերթ նստաշրջան և փոփոխել օրենսգիրքը:

Ընդդիմությունը հայտարարեց, որ օրենսգրքի վերաբերյալ չի եղել քաղաքական համաձայնություն: ՀԱԿ խմբակցությունից Լևոն Զուրաբյանն ասաց, որ ներկայացված նախագիծը չի լուծում որևէ հարց, որը կապված է ԵԱՀԿ-ի առաջարկների հետ, չի լուծում որևէ հարց, որոնք բարձրացվել են հանրության և քաղաքական ուժերի կողմից: Նա հայտարարեց, որ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու՝ ակնկալիքով, որ ընթացքում ձեռք կբերվի կոնսենսուս:

Իսկ Հրանտ Բագրատյանը նշեց, որ կարևոր հարցեր են բարձրացվել, սակայն հաշվի չեն առնվել: Պատգամավորն ասաց, որ իշխանությունը հետո փոշմանելու է, որ ընդդիմությանն այդքան նեղացնում է, իսկ իրենք քվեարկելու են դեմ՝ առանց ըմբռնման:

Այնուամենայնիվ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի օգնությամբ նախագիծն ընդունվեց 102 կողմ ձայներով: Դեմ քվեարկեցին 17 պատգամավորներ՝ ՀԱԿ, ՕԵԿ, «Ժառանգություն» խմբակցություններից: Սակայն, ՀԱԿ-ից կողմ քվեարկեց Լյուդմիլա Սարգսյանը, «Ժառանգությունից»՝  Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբիկ Հակոբյանը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և Վահան Կարապետյանը քվեարկել են ձեռնպահ, մյուս ԲՀԿ-ականները՝ կողմ, բացառությամբ՝ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի և Վահե Հովհաննիսյանի, որոնք դեմ են քվեարկել: 17 դեմ քվեարկողների թվում էին նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և Խաչատուր Քոքոբելյանը: Քվեարկությանը չեն մասնակցել ներկա պատգամավորներ. ՀՀԿ-ից՝ Կարեն Կարապետյանը, ԲՀԿ-ից՝ Լյովա Խաչատրյանը, ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանը:

Ազգային ժողովի ընտրություններ

Ընդունված նախագծով Ազգային ժողովի պատգամավորների նվազագույն թիվը լինելու է 101: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունում կազմվելու է 13 ընտրական տարածք, որոնցից 4-ը՝ Երևանում, 9-ը՝ մարզերում: Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով:

Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվելու է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների կողմից տրված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ): Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում այդ հանգամանքը ստուգվելու է կրթության և գիտության նախարարության սահմանած կարգով, որը պետք է նախատեսի հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման ողջամիտ, օբյեկտիվ չափորոշիչներ, ինչպես նաև գործընթացի վերահսկողության ընթացակարգեր: Ստուգման արդյունքները եռօրյա ժամկետում կարող են բողոքարկվել դատական կարգով:

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու չեն կարող առաջադրվել դատավորները, դատախազները, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման, փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում, քրեակատարողական ծառայությունում ծառայողները, զինծառայողները, ընտրական հանձնաժողովների անդամները:

Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը:

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության համար տպագրվելու են միևնույն չափերի առանձին քվեաթերթիկներ: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության քվեաթերթիկն իր ձախ և աջ կողային հատվածներում պետք է ունենա ուղղահայաց առանցքի համեմատ այդ կուսակցության համարին համապատասխան սիմետրիկ նշում` սև գույնով, այնպես, որ տրցակի կողային հատվածից նայելիս հնարավոր լինի տարբերել այդ տրցակում այլ կուսակցության քվեաթերթիկի առկայությունը:

Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք առաջադրելու է թեկնածուների մեկ համապետական ընտրական ցուցակ և մեկական տարածքային ընտրական ցուցակ՝ յուրաքանչյուր տարածքի համար (թվով 13): Նրանք ներկայացնելու են նաև թեկնածուներ և ձևավորելու են կուսակցության ընտրական ցուցակները:

Յուրաքանչյուր կուսակցություն, դաշինք տարածքային ընտրական ցուցակում իրավունք ունի առաջարկելու թեկնածուներ: Ընդ որում՝ նախատեսվում է առաջարկել առնվազն 5 թեկնածու` յուրաքանչյուր 15.000 ընտրողի հաշվարկով մեկ թեկնածու:

Իսկ համապետական ընտրական ցուցակը բաղկացած է լինելու երկու մասից: Առաջին մասը ընդհանուր կուսակցության ընտրական ցուցակն է, որում պետք է ընդգրկված լինեն թեկնածուները բոլոր տարածքներից, ինչպես նաև կարող են ընդգրկվել այդ կուսակցության, դաշինքի անդամ կուսակցություններից ոչ մեկի անդամ չհանդիսացող անձինք: Յուրաքանչյուր ցուցակ պետք է ունենա երկրորդ մաս, որը վերաբերելու է ազգային փոքրամասնություններին:

Կուսակցությունը, դաշինքն իրենց համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուներից կազմելու են տարածքային ընտրական ցուցակներ: Յուրաքանչյուր թեկնածու կարող է ընդգրկվել միայն մեկ տարածքային ընտրական ցուցակում: Յուրաքանչյուր ընտրող ընտրելու է կամ կուսակցությունը կամ կուսակցության ընտրական ցուցակից կոնկրետ թեկնածուի: Եթե կուսակցության ընտրական ցուցակի թեկնածուն ձայն է ստացել, ապա այդ ձայնը միաժամանակ հաշվվում է նաև կուսակցության օգտին:

Ազգային ժողովի մանդատները բաշխվելու են այն կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 % կողմ ձայներ:

Կուսակցությունների մանդատների ուղիղ կեսը պետք է ընտրվի համապետական ցուցակներից, մյուս կեսը՝ տարածքային:

Ընտրական արգելապատնեշները հաղթահարած ցանկացած կուսակցություն, դաշինք կարող է քաղաքական կոալիցիա կազմել ընտրական արգելապատնեշները հաղթահարած այլ, առավելագույնը երկու կուսակցությունների, դաշինքների հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի 54 %-ը ստանալու համար:

Երկրորդ փուլին մասնակցելու իրավունք ունեն առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները, դաշինքները: Եթե առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները, դաշինքները միասին նոր դաշինք են կազմում, ապա երկրորդ փուլին մասնակցելու իրավունք է ստանում առավելագույն ձայներ ստացած, նոր դաշինքի կազմի մեջ չմտնող հաջորդ կուսակցությունը, դաշինքը, որի շուրջ ևս կարող է ձևավորվել նոր դաշինք:

Երկրորդ փուլում հաղթած կուսակցությունը, դաշինքը կամ նոր դաշինքը, որը առաջին փուլի արդյունքներով ստացել են մանդատների 54 %-ից պակաս ձայներ, ստանում է այնքան լրացուցիչ մանդատներ՝ «բոնուս», որ արդյունքում այդ կուսակցության, դաշինքի մանդատների տոկոսի ամբողջ մասը հավասար լինի 54 %-ի: Այս փուլն ընդամենը մեկ՝ 54 %-ի հարց է լուծում: Երկրորդ փուլ անցածները ևս հայտնվելու են խորհրդարանում:

Օրենքի կիրառման ընթացքում կարող են ի հայտ գալ ընտրությունները լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների և դիտորդների գործունեության հետ կապված որոշակի դժվարություններ ու անհարմարություններ: Ըստ էության քվեարկության սենյակում կարող է սահմանափակել նրանց թիվը: Նոր Ընտրական օրենսգրքի համաձայն՝ եթե քվեարկության սենյակում գտնվող դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների թիվն այնքան է, որ ակնհայտորեն խաթարում է քվեարկության բնականոն ընթացքը, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովն իրավասու է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ սահմանելու քվեարկության սենյակում միաժամանակյա գտնվելու իրավունք ունեցող դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների առավելագույն թիվը: Որոշումը պետք է համապատասխանի համաչափության սկզբունքին, և ամեն դեպքում այդ որոշմամբ սահմանված թիվը չի կարող նվազ լինել 15-ից: Այդ սահմանափակումը չի տարածվում այցելուների, միջազգային դիտորդների և վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչների վրա: Ընտրական հանձնաժողովի կողմից կատարումն ապահովելու անհնարինության դեպքում ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով այն իրականացվում է ոստիկանության օժանդակությամբ:

Նախագահի ընտրության կարգ սահմանված չէ

Նշենք, որ նոր Ընտրական օրենսգիրքն այլևս չի կարգավորում հանրապետության նախագահի ընտրության կարգը: Բանն այն է, որ 2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններից հետո նախագահն ընտրվելու է Ազգային ժողովի կողմից: Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը: Հանրապետության նախագահն ընտրվելու է 7 տարի ժամկետով:

Նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին 6 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 6 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք: Բացի այդ, իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter