HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կամո Շահվերդյանը դատապարտյալների հիվանդանոցում գտնվում է առողջական ծայրահեղ ծանր վիճակում

Ալավերդցի Կամո Շահվերդյանի քարի արտադրամասում 2010 թ.-ի հոկտեմբերի 10-ի կրակոցներից սպանվել է նույն քաղաքի բնակիչ Ռոբերտ Մոսինյանը: Նախաքննության և դատաքննության ընթացքում Կ. Շահվերդյանը չի ընդունել Ռուբերտ Մոսինյանի սպանության գործով իրեն առաջադրված մեղադրանքը: Նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Կամո Շահվերդյանը 2011 թ.-ի մարտի 18-ից առ այսօր պատիժ է կրում դատապարտյալների հիվանդանոցում: Նա տառապում է ծանր շաքարախտով: Պատիժը կրելու ընթացքում՝ 2012 և 2015 թթ.-ին ստացել է ուղեղի 2 կաթված: Տարել է նաև ինֆարկտ: Այժմ ուղեղը սնուցող երակի խցանման պատճառով կորցրել է ինքնագիտակցությունը և ֆիզիկապես գտնվում է թուլացած վիճակում: Ծանր վիճակում մայիսի 27-ին դատապարտյալին տեղափոխել են Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, սակայն երկու օր պահելուց հետո նրան կրկին տարել են դատապարտյալների հիվանդանոց:

«Անճանաչելի է դարձել մորեղբայրս, մենք 2 օր եղել ենք «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: Նա երբեմն չի ճանաչում իր հարազատներին: Պահ է գալիս՝ սկսում է ճանաչել: Հաճախ անգիտակից խոսում է»,- պատմում է դատապարտյալի քրոջ որդին՝ Ռոբերտ Կիրակոսյանը: Կ. Շահվերդյանը չի կարողանում անձամբ հոգալ իր բնական կարիքները: Նա խնամքի կարիք ունի, որը դատապարտյալների հիվանդանոցում հնարավոր չէ իրականացնել: Այս նպատակով Ռ. Կիրակոսյանը գրավոր դիմել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և ԱՆ քրեակատարող վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին: Ռ. Կիրակոսյանը խնդրում է անհապաղ միջոցներ ձեռնարկել մորեղբորը բժշկական օգնություն ստանալու իր իրավունքից օգտվելու համար, այլապես տարիներ շարունակ ծանր շաքարախտով տառապող, երկու անգամ ուղեղի կաթված և ինֆարկտ տարած դատապարտյալ Կամո Շահվերդյանի կյանքին վտանգ է սպառնում:

«Կամո Շահվերդյանը ազատությունից զրկված պատիժ է կրում կալանավայրում, այդ դեպքում պետության պարտականությունն է նրա առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն ցուցաբերելը: Տվյալ դեպքում դատապարտյալների հիվանդանոցում հնարավորություն չկա Կամո Շահվերդյանի նկատմամբ խնամք իրականացնելու համար: Այսինքն, եթե նա ինքնագիտակցությունը կորցնում է, անձամբ իրեն կառավարելու կամ խնամելու հնարավորությունը նույնպես կորցնում է: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս պետք է այդ անձն իր պատիժը կրի կալանավայրում: Պետությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի»,- ասում է փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը:

Դատապարտյալի հարազատները պատրաստակամություն են հայտնում անհրաժեշտության դեպքում իրենց վրա վերցնել նրա բուժման ծախսերը, եթե պետբյուջեով դրանք նախատեսված չեն: «Հետքի» հարցմանը ՔԿՀ-ի թեժ գծի հարցումներն արձանագրող աշխատակից Արման Հարությունյանը այսօր պատասխանեց, որ Կամո Շահվերդյանը եղել և մնում է բժիշկների հսկողության տակ:

Ռոբերտ Կիրակոսյանն այսօր կրկին մեզ հայտնեց, որ Կամո Շահվերդյանը շարունակում է մնալ դատապարտյալների հիվանդանոցում, գիտակցություն չունի: Երեկ հարազատները դեղորայք են ուղարկել հիվանդանոց բուժման համար, սակայն դատապարտյալի վիճակը այս պահին էլ մնում է ծայրահեղ ծանր: Այժմ հարազատները փաստաթղթեր են նախապատրաստում՝ Կ.Շահվերդյանին պատժի հետագա կրումից օրենսդրությամբ սահմանված կարգով ազատելու համար: Դրանք պիտի ներկայացվեն դատարան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter