HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կռեվ չինի, սաղ լյավ ա»,- ասում է 60-ամյա արցախցին

Մաղող անձրևն աստիճանաբար ուժգնանում է: Հողն արդեն ցեխառատ է: Արկադիա Աղասյանի ֆերմայում ենք: Նա անհանգիստ այս ու այն կողմ է նայում, հետո ձեռքը դնում է ճակատին, քիչ անց կանչում՝ «Մանուշա՜կ»: Մտածում եմ՝ Մանուշակն ո՞վ է, որ փնտրում է: «Հորթս է»,- պատասխանում է Արկադիան: Հետո շարունակում է, որ երկու հորթ ունի՝ մեկի անունը Սարո է, մյուսինը՝ Մանուշակ:

Արկադիա Աղասյանը ժամանակին, իսկ ժամանակինը մինչև երկու տարի առաջն էր, Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան (նախկին Խոջալու) գյուղի երրորդ անասնապահն էր՝ 100-150 ոչխար էր պահում, շեշտում է՝ իր սեփականն էին, նաև կովեր, խոզեր ուներ: Ֆերմայի տարածքն այսօր փոքրացել է՝ երկու կով, երկու հորթ, 10-12 ոչխար, մի քանի խոզ ու հավեր է պահում: Ասում է՝ դե, դրանք արդեն յոլա գնալու համար են:

Գյուղում ամենամեծ ֆերման նրա փեսայինն էր՝ մոտ 250 ոչխար, հետո՝ գյուղացի Հրաչիկինը, երրորդը՝ իրենը: Ասում է, որ մրցակություն չի եղել իրենց միջև: Գոհունակությամբ է հիշում այդ տարիներին մսի ու կենդանու վաճառքը. ապրուստի լավ միջոց էր, իսկ հիմա գյուղում ապրուստի հիմնական միջոցներն են «բալնիցան, միլիցիան ու բանակը»:

Արկադիան երբեմն շրջվում է մեր կողմ, ասում է՝ թրջվում եք, գնա՞նք տուն: Անանսաֆերմայի տարածքն այնքան կոկիկ է մշակված, զարմանում ենք: Իմիջիայլոց նշում է՝ բա հունց, սաղ իմ ձեռքով եմ արել: Խոզերը ամառային ու գարնանային տեղեր ունեն: Ցույց է տալիս: «Չէ հա»,- նայում ենք ցույց տված տեղի ուղղությամբ: «Պա հունց, պա ամառը տաք ա ինում»:

«Էն դեբիլ ուլիկներս ըրվամ չըն»,- մենք արդեն անանսաֆերմայի դռան մոտ ենք, Արկադիան դեռ փնտրում է անասուններին: Ծիծաղում ենք: Արկադիայի կինը, մուտքի դռան մոտ կանգնած, ասում է՝ հինչ լյավ պենա իբր ցույց տվալ, սաղ ցեխոտվալ ըք:

Խրամորթից՝ Խոջալու

Արկադիա Աղասյանը 60 տարեկան է: Տարիքը միակ պատճառն է, որ այսօր չի կարողանում շատ անասուն պահել: Բացի դրանից, գյուղում արոտավայրերի խնդիր ունեն: Մի քանի տարի առաջ դեռ կարողանում էին անասուններին դիմացի սարը տանել (ցույց է տալիս տեղը), իսկ հիմա բանակը չի թույլատրում, այդտեղ զորավարժարան ու հրաձգարան է: Մեր զրույցը տեղ-տեղ կտրտվում է հրաձգարանից լսվող կրակոցների ձայնից:

1992-ի մարտին Արկադիան տեղափոխվել է Խոջալու: Ծնվել, մեծացել է Աղդամից քիչ հեռու գտնվող Խրամորթ գյուղում (Ասկերանի շրջանում): Արցախյան պատերազմի կամավորներից է: Գյուղի ինքնապաշտպանությանն էր մասնակցում: Այդ ժամանակ արդեն երկու երեխա ուներ:

«92-ի հունվարն էր: Աղդամից ուղիղ մեզ վրա էին կրակում, մի քանի ժամվա մեջ թողեցինք փախանք, ամեն ինչ թողեցինք, ինչ մեր հագը կար պոստերում, էդ էր՝ կեղտոտ, ցեխոտ...»,- պատշգամբում նստած պատմում է նա: Մինչև 1996-ի հունվարի 6-ը զինվորական ծառայության մեջ է եղել:

«Երբ եկանք էստեղ, տուն չկար, մի տկլոր պատալոկ էր, էդ եմ հավանել, մտել ներս»,- ասում է զրուցակիցս (ռազմական հենակետ դարձած Խոջալուն ադրբեջանցիներից մաքրվել է 1992-ի փետրվարին):

Խրամորթը 1,5 տարի եղել է արդբեջանցիների ձեռքում, երբ 1993-ի հուլիսին ազատագրեցին գյուղը, Արկադիան վերադարձել է գյուղ: «Երբ գնացինք գյուղ, տեսանք՝ մնում են տան տկլոր պատերը՝ վառված, փլված... Բա ոնց, տունս վերականգնել եմ, հիմա ավելի լավն ա, քան առաջ: Էնտեղ հիմա քրոջս տղան ա ապրում»,- նշում է Արկադիան:

Ղարաբաղի ամբողջ տարածքում, նրա կարծիքով, Իվանյան գյուղի պես տեղ չկա: Եթե Խրամորթից 4-5 հազար դրամ էր տալիս տաքսիներին, որ Ստեփանակերտ հասնի, այստեղից շատ ավելի մոտ է՝ 250 դրամով երթուղային տաքսիներով է գնում: Գյուղը, նրա բնորոշմամբ, հավաքածու է, Ղարաբաղի տարբեր շրջաններից են եկել ներկա բնակիչները:

Ապրիլի 2-ը խախտել է նաև Իվանյանի կյանքը: Արկադիան ասում է՝ ապրիլի 2-ի գիշերը կրակոցների ձայները լսվում էին իրենց բակից, հեռվում օդում նույնիսկ հայկական հրետանու արկերն էին երևում: Ասում է՝ առաջվա ու ապրիլի կռիվը տարբերվում էին: Այն ժամանակ գիշերը կարող էին նույնիսկ հանգստանալ, որովհետև գործողություններ հիմնականում չէին լինում, իսկ հիմա հակառակն է:

«էն ժամանակ, որ մարդուն պիտի տեսնեիր ու կրակեիր, հիմա պետք չի տեսնես. զենքդ թափ տուր՝ որտեղ կընկնի, կընկնի, իրենք վաբշե չեն մտածում, որ խաղաղ ժողորդին են կրակում: Հիմա բանակը կատարելագործված ա»,- ասում է նա:

Մեր զրույցի ընթացքում Արկադիայի կինը սուրճ է բերում, հրավիրում է ներս, հրաժարվում ենք: 

Սկուտեղով սուրճը պատշգամբի սեղանին է, մենք զրուցում ենք երկու պատերազմների միջև ընկած տարիների կյանքի մասին:

100-150 ոչխար պահելու ժամանակ կաթն էլ, պանիրն էլ պատրաստում էին, տանում վաճառում: «Եզդի եղբայրներ էին գալիս, չնայած հիմա էլ են գալիս, մեզնից ոչխար էին առնում»,- ավելացնում է 60-ամյա զրուցակիցս:

Գյուղում բանջարաբոստանային կուլտուրաներ աճեցնում են մեծամասամբ տնամերձ հողամասերում՝ տան կարիքների համար: Չնայած դրան, Արկադիան ասում է՝ ամիսը 2-3 անգամ պատահում է, որ կանաչի, ճակնդեղ է տանում Ստեփանակերտի շուկայում վաճառելու: «Էլի 5-10 մանեթ ինում ա»,- ասում է նա: Գյուղում մարդիկ կան, որ կաղամբ, կարտոֆիլ, սոխ են աճեցնում բանակի համար: 

Վերջին շրջանում գյուղամիջյան ճանապարհն ասֆալտապատել են: Բայց զրուցակիցս ժպիտով ասում է՝ «էնքան արագ են քշում, ավելի լավ էր փոսերով մնար»: 

Արկադիան երեք երեխա ունի՝ երկու աղջիկ ու մի տղա: Վերջինս ապրում է Ռուսաստանում: Երկու աղջիկներն էլ ամուսնացել են: 7 թոռ ունի:

Բաց պատշգամբի տանիքին անձրևը շարունակ կտկտացնում է: «Ես չէի սպասում էս սերնդից, ոչ էլ մեր սերնդից, որ կհավաքվի, որովհետև կանգնում զրուցում էինք, ասում էինք՝ մի բան էլ լինի, չենք գնալու, բայց Ամերիկայից էլ եկան, տեսա՞ք: Արյուն ա, էլի, քաշեց: Զենքերի հարցը խորացնեն, լյավ կինի: Մհենգ զենքի գործ ա սաղ, զոհեր չտանք»,- նշում է զրուցակիցս:

Ապրուստից դժգոհ չէ, միայն թե խաղաղություն լինի, ասում է. «Կռեվ չինի, սաղ լյավ ա (կռիվ չլինի, ամեն ինչ լավ է)»:

«Կոֆեն սառեց, է՜, խմեք»,- մեզ նայելով՝ ժպտում է տանտերը:

Անձրևի դադարելուց հետո հրաժեշտ ենք տալիս, Արկադիան մեզ ուղեկցում է: Երբ նրան հանդիպեցինք, ծիրանի ծառն էր կտրում, ասում է՝ փոքր ծառերը ստվերում էր պահում, մյուս կողմից՝ այս տարի բերք չի տա, ամբողջը վնասվել է:

«Էն դեբիլ ուլիկները շտեղ ըն, է՜ (որտեղ են)»,- ճյուղերի միջով անցնելով՝ հեռուն է նայում: «Բայց ինչի՞ եք էդ խեղճ ուլիկներին էդպես ասում»,- դիմում եմ նրան: «Դե պա դեբիլ չը՞ն, պեց ըմ թողալ, վըր կյան էս ծառի տիրևներն օտին, եկալ ըն կոխած վազ տըվալ անց կացալ: Պա մհենգ ասե՝ դեբի՞լ չըն (Բաց եմ թողել, որ գան ծառի տերևներն ուտեն, եկել են արագ վազելով անցել: Բա հիմա ասա՝ դեբիլ չե՞ն)»: Ծիծաղում ենք: 

Լուսանկարները՝ Վահե Սարուխանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter