HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ընտրություններ մեծ ու փոքր մատրյոշկաների միջեւ

Մատրյոշկա-1. գեղջկատիկնիկ (միմյանց մեջ հագնող փայտե տիկնիկներ` գեղջկուհու նկարով): 2. մատրյոշկա (կարմրաթուշ, առողջ կնոջ կամ աղջկա մասին): Ռուս-հայերեն բացատրկան բառարան: Երեւան-1982

Հավելեմ, որ միմյանց մեջ հագնող այս տիկնիկներն իրարից տարբերվում են միմիայն իրենց չափերով:

Փետրվարի 19-ին Հայաստանում կկայանան նախագահական ընտրություններ: Ընտրարշավը, կարծես թե, մոտենում է վերջնակետին: Ո՞վ է հաջորդ 5 տարիներին կառավարելու Հայաստանում. ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյա՞նը, երտասարդ թեկնածու, Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախկին առաջնորդ Կարեն Դեմիրճյանի որդին` Ստեփան Դեմիրճյա՞նը, թե՞ խորհրդային տարիներին Երեւանի քաղաքապետ աշխատած Արտաշես Գեղամյանը: Այսօր արդեն հստակ է, որ 9 թեկնածուներից այս երեքի միջեւ է ծավալվելու մրցապայքարը: Եթե, իհարկե, արտակարգ որեւէ միջադեպ չգրանցվի: Չպետք է մոռանալ, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ 1999 թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում սպանվեցին երկրի գործադիր եւ օրենսդիր իշխանության ղեկավարները։

Ովքե՞ր են նախագահի այն երեք թեկնածուները, որ հավակնում են դառնալ Հայաստանի Հանրապետության նախագահ: Ստեփան Դեմիրճյանը 42 տարեկան է: «Մարս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենն է, ՀԺԿ կուսակցության նախագահը: Արտաշես Գեղամյանը 53 տարեկան է: Աշխատել է Հայաստանի Կոմկուսի կենտկոմի ապարատում: 1995 թ-ից մինչ օրս Ազգային ժողովի պատգամավոր է: «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահն է: Ռոբերտ Քոչարյանը 48 տարեկան է: ԼՂՀ-ում կոմերիտական եւ կուսակցական մարմիններում զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 1992 թ. եղել է ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ եւ վարչապետ: 1996թ .ընտրվել է ԼՂՀ նախագահ: 1997թ. նշանակվել է ՀՀ վարչապետ: 1998 թ. ընտրվել է ՀՀ նախագահ:

Նախընտրական քարոզարշավում հնչած ելույթներից միանշանակ կարելի է ասել, որ այս ընտրություններում գաղափարների պայքար չկա: Եւ սխալված չենք էլ լինի, եթե ասենք, որ այդ ելույթներում ընդհանրապես գաղափարներ չկան: Բոլոր թեկնածուների համար առաջնային են Ռուսաստանի հետ հարաբերությունները, «Ռուսաստանի գիրկը նետվելու» ցանկությունը երբեմն այնքան ուժեղ է, որ ակամայից մտածում ես, թե Հայաստանը վաղուց անկախ երկիր չէ եւ ընդամենը Ռուսաստանի մի մարզն է:

Նույնիսկ 17 տարի բանտերում անցկացրած, ժամանակին հայտնի քաղբանտարկյալ Պարույր Հայրիկյանն այսօր միացել է իրեն բանտ նետած կոմունիստներին եւ քարոզում է նույն հարթակից: Արտաքին քաղաքականության խնդիրները շատերի համար ընդհանրապես գոյություն չունեն, ոչ մի թեկնածու չի անդրադարձել հայ-թուրքական հարաբերություններին, հստակ չի արտահայտել Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իր տեսակետները:

Կոռուպցիայի մասին խոսում են բոլորը: Բայց այդպես էլ անհասկանալի է, թե պետության մեջ որտեղ է կոռուպցիան, որի դեմ բոլորն էլ ուզում են պայքարել: Ռոբերտ Քոչարյանը խոստանում է պայքարել «տնտեսական մոնոպոլիաների չարաշահման» դեմ, իսկ այդ մոնոպոլիստները նրա նախընտրական շտաբում են, նրա կողքին:

Այս անգամ ընտրություններին «այլ աչքով» են հետեւում միջազգային կազմակերպությունները, նրանց ներկայացուցիչ-դիտորդները, հետեւելու են ընտրությունների ընթացքին եւ անելու են եզրակացություններ: ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը Հայաստան է գործուղել 26 երկարաժամկետ դիտորդի:

Նրանք աշխատում են Երեւանում եւ մարզերում, դիտարկում են քարոզարշավը: Հատկապես մեծ ուշադրություն է դարձվում ԶԼՄ-ների գործունեությանը: Հասարակական կազմակերպությունները միլիմետր առ միլիմետր չափում են թերթերի հրապարակումները, հաշվում հեռուստատեսային նյութերի ծավալները վայրկյանների ճշգրտությամբ` պարզելու՝ արդյո՞ք լուսաբանման առումով հավասար պայմաններ են ստեղծված բոլոր թեկնածուների համար:

Արդեն իսկ հայտնի է, որ այս փուլում գրանցվել են բազում խախտումներ: Միաժամանակ, բոլոր քաղաքական ուժերը գիտակցում են, թե որքան կարեւոր են արդար ու թափանցիկ ընտրությունները: Բոլորը կարեւորում են հենց դիտորդների գնահատականները, որոնք իրենց եզրակացությամբ պետք է «գնահատեն» մեր երկրի ժողովրդավարությունը:

«Եթե խախտումներ չլինեն, անպայման երկրորդ փուլ կլինի»,- այս տեսակետը կարելի է լսել հենց նախագահի թեկնածուներից: Բացի վերոնշյալ երեքից, թեկնածուների մեջ կան այնպիսիք, ովքեր համոզված են, որ ժողովուրդը իրե՛նց է ընտրելու: ԱԺՄ-ի առաջնորդ Վազգեն Մանուկյանը որքան էլ ինքն իրեն համոզի, որ ժողովուրդը հենց ի՛ր ետեւից է գալու, միեւնույն է՝ նրա «գնացքը» վաղուց է անցել։ Եւ նա ստիպված է լինելու միանալ երկրորդ փուլ դուրս եկած թեկնածուներից մեկին:

Պետական ապարատն աշխատում է ամբողջ թափով: Ռոբերտ Քոչարյանի նախագահ վերընտրելու համար գործի են դրված բոլոր միջոցները, լծակները: Իհարկե, Հայաստանում առկա կլանային համակարգի համար սա ճակատագրական կարող է լինել: Ռ.Քոչարյանի չընտրվելու դեպքում ամեն ինչ 180 աստիճանով շուռ է գալու:

Տնտեսության մեջ մենաշնորհ ունեցողները զրկվելու են գրեթե ամեն ինչից: Այդ իսկ պատճառով մի շարք օլիգարխներ երկակի խաղի մեջ են, գաղտնի օժանդակում են վերոնշյալ ընդդիմադիր թեկնածուներից որեւէ մեկին, իսկ ըստ մեր տեղեկությունների` երբեմն նաեւ երկուսին։

Մյուս կողմից՝ Քոչարյանը եւ նրա մերձավոր շրջապատը գիտակցում են, թե ինչ ընթացք կարող է ունենալ «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը նրա պարտության դեպքում: Ի վերջո, զինդատախազ Գագիկ æհանգիրյանն ունի «պահուստային» փաստեր, որոնք վաղը, ըստ իրավիճակի փոփոխության, ամենայն հավանականությամբ ասպարեզ են նետվելու:

Հանրային հեռուստատեսությունը եւ բոլոր մասնավոր հեռուստակայանները Ռ. Քոչարյանի հսկողության տակ են, նրանք բոլորն էլ վաղուց «կողմնորոշված են»: Որովհետեւ հասկանում են, որ եթե չանցնեն իշխանական թրի տակով, արժանանալու են «Ա1+»-ի ճակատագրին: Բայց սա լավագույն դեպքում: Կան պատժելու այլ ձեւեր:

Գյուղերում եւ քաղաքներում Ստեփան Դեմիրճյանին դիմավորում են գրեթե այնպես, ինչպես 5 տարի առաջ հորն էին դիմավորում: Նա «շատախոս» չէ. հանդիպումների ընթացքում ընդամանը մի քանի նախադասություն է ասում, որն էլ նրան ինչ-որ իմիջ է տալիս: Կարեն Դեմիրճյանի իշխանության տարիները 45-ից բարձր տարիքի մարդկանց մոտ բարեկեցիկ կյանքի ժամանակներ են հիշեցնում: Ս.Դեմիրճյանը նման է հորը, նրա խոսելաձեւն ու պահվածքը օր-օրի նմանվում է Կ.Դեմիճյանին: Հայրը 70-80-ական թթ. ղեկավարում էր Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, 1998 թ. ընտրություններին ներկա նախագահ Ռ. Քոչարյանի հիմնական մրցակիցն էր: Ընդդիմության կարծիքով նա է ընտրվել նախագահ, սակայն ընտրության արդյունքները կեղծվել են: 1999 թվականին նա ընտրվեց Ազգային ժողովի նախագահ, իսկ հոկտեմբերին սպանվեց խորհրդարանում: Ստեփանը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, հեռու էր քաղաքականությունից: Նա ղեկավարում էր «Մարս» գործարանը, որը միկրոսխեմաներ էր արտադրում:

Փաստորեն, Ստեփան Դեմիրճյանը ընտրողներին ժառանգություն է ստացել հորից, հորն ընտրողները ընտրելու են նաեւ որդուն: Նախընտրական յուրաքանչյուր հանդիպումից հետո նրա «երկրպագուների» թիվը մեծանում է: Որքան էլ տարբեր առիթներով Ս. Դեմիճյանը հայտարարի, թե ինքը չի խաղում իր հոր հեղինակության վրա, միեւնույն է՝ դա այդպես է, մանավանդ որ նրա շրջապատի մարդիկ դա անընդհատ ընդգծում եւ օգտագործում են: Հայաստանում սոցիոլոգիական հարցումներին երբեք ոչ ոք չի հավատացել:

Դրանք երբեք չեն ներկայացնում իրական պատկերը: «Յուրաքանչյուր հարցում ունի իր պատվիրատուն եւ, ուրեմն, ներկայացնում են այն արդյունքները, որոնք ձեռնտու են պատվիրատուին»:

Այս մտքի հեղինակը նախկինում նման աշխատանքներ իրականացրած սոցիոլոգ է: Իրենք` սոցիոլոգները, նույնպես երբեմն կասկածի տակ են դնում հարցումների արդյունքները՝ ասելով, որ «հայերն ասում են մի բան, գրում` ուրիշ բան, անում` բոլորովին այլ բան»: Մյուս կողմից էլ սոցիոլոգիական հարցումներ կատարող կազմակերպությունները վստահելի չեն: Այնուհանդերձ, դրանց արդյունքներով Ս.Դեմիրճյանը երկրորդ տեղում է: Երրորդ տեղում Արտաշես Գեղամյանն է:

Ա. Գեղամյանը հույսը դրել է դժգոհ խավի վրա, դա երեւում է նաեւ նրա նախընտրական տեսանյութերից: Իսկ քանի որ Հայաստանում ծանր սոցիալական վիճակում գտնվողները մեծ թիվ են կազմում, նրանց մի մասը ձայնը կտա Գեղամյանին: Սակայն այսօր գրեթե չեն հիշում, որ նախորդ ընտրություններում Ա.Գեղամյանը պաշտպանում էր Ռ. Քոչարյանի թեկնածությունը: Եւ դա անում էր պաշտոն ստանալու համար:

Պաշտոն ստանալու համար այս տարիների ընթացքում նա մի քանի անգամ բանակցությունների է գնացել Ռ.Քոչարյանի հետ: Սակայն այդպես էլ չի հասել իր նպատակին: Ընդդիմադիր կուսակցությունների շատ ներկայացուցիչներ համոզված են, որ եթե երկրորդ փուլում հայտնվեն Ռ.Քոչարյանն ու Ս. Դեմիրճյանը, ապա Գեղամյանը նորից պաշտոն պոկելու բանակցություններ կսկսի Ռ. Քոչարյանի հետ եւ կմիանա նրան: Բայց սրանք ընդամենը տեսակետներ են:

Ռոբերտ Քոչարյանն ի սկզբանե երկու կոպիտ սխալ թույլ տվեց: Առաջինը, որ ընտրություններից առաջ վերացրեց երկու կարեւորագույն նախարարություններ` Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարարությունները՝ դրանք դարձնելով վարչություններ: Երկրորդը, որ նախընտրական շտաբի պետ նշանակեց Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին: Ուժային կառույցները դրանով իսկ գործի դրվեցին՝ ստանալով կարեւորագույն «առաքելություն»: Սա նաեւ ազդանշան էր, որ Քոչարյանը իրականում չի վստահում ոչ մի պետական կառույցի: Նախագահական թիմում այդպես էլ չհասկացան, որ ջիպերի շարասյունը, թիկնապահների առատությունը բացասաբար են ազդում ընտրողների վրա:

Եւ կիսագրագետ նախարարները, որոնք շրջում են նախագահի թեկնածու Քոչարյանի հետ, աշխատում են ի վնաս նրա: Եւ երբ նա խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, նրա կողքին կանգնած են մարդիկ, ովքեր կոռումպացված են, եւ ընտրողները դրա մասին խոսում են բացահայտ:

Իրականում Ռ.Քոչարյանը թիմ չունի, իր շրջապատում նա մենակ է: Եւ եթե վաղը չընտրվի, նրա կողքին այսօր կանգնածներից ոչ մեկը չի լինելու, բացի, ինչպես ցույց տվեց պատմությունը, ընդդիմադիր մամուլից: Որոշ քաղաքագետներ համոզված են, որ Ռ.Քոչարյանը ամեն ինչ կանի եւ առաջին փուլով կանցնի, սակայն կարճ ժամանակ անց նա ստիպված է լինելու հրաժարական տալ: Ինչպես դա եղավ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում:

Թե ինչ կլինի փետրվարի 19-ին, անկանխատեսելի է: Վերջին 6 տարիների պատմությունը վկայում է, որ Հայաստանը օրինաչափությունների երկիր չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter