HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ամերիկյան վերակենդանացում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցաշրջագայությունը ԱՄՆ-ում բավական հաջող անցավ: Թիմը երկու հաղթանակ տարավ խոշոր հաշվով՝ 7-1 հաղթելով Գվատեմալային եւ 4-0՝ Սալվադորին:

Ամերիկյան աշխարհամասում Հայաստանի ընտրանին առաջին անգամ հյուընկալվել էր 1996-ի հունիսին՝ ուղիղ 20 տարի առաջ: Խորեն Հովհաննիսյանի գլխավորած թիմը նախ 0-4 հաշվով զիջեց Պերուին վերջինիս հարկի տակ, ապա հյուր գնաց Պարագվային ու անակնկալ հաղթանակ տարավ 2-1 հաշվով, գոլերի հեղինակ դարձան Վարազդատ Ավետիսյանն ու Տիգրան Եսայանը, մի քանի օր անց էլ հավաքականը 0-3 հաշվով զիջեց Էկվադորին: Հաջորդ շրջագայությունը եղավ 1997-ի հունվարին. մեր թիմը 0-7 հաշվով պարտվեց Չիլիին, ապա 0-2՝ Պարագվային: 2000-ի հունվարին արդեն Վարուժան Սուքիասյանի ղեկավարությամբ Լոս Անջելեսում Հայաստանի հավաքականը ընկերական խաղ անցկացրեց Գվատեմալայի հետ, գրանցվեց 1-1 հաշիվ, մեր թիմից աչքի ընկավ Գագիկ Մանուկյանը: 2007-ի հունվարին էլ ԱՄՆ-ի Մոնթերեյ Պարկ քաղաքում Իան Պորտերֆիլդի թիմը 1-1 խաղաց Պանամայի հետ. 11-մետրանոց հարվածով աչքի ընկավ Արա Հակոբյանը:     

Փաստորեն, այս վերջին երկու հաղթանակները որոշակիորեն մեղմեցին ամերիկյան շրջագայությունների արդյունքում գրանցված տխուր վիճակագրությունը, չնայած երեւի ճիշտ կլինի այս հանդիպումներն ավելի շատ դիտարկել կազմի փորձարկման տեսանկյունից: Չմոռանանք, որ Սուքիասյանի վերանշանակումից հետո հավաքականն ընդամենը 3 խաղ է անցկացրել. մարտին Երեւանում բելառուսների հետ ընկերական մրցավեճը 0-0 ավարտվեց:

Գվատեմալայի հետ հանդիպմանը Սուքիասյանը փորձարկեց 4-4-2 տակտիկական սխեմա: Պաշտպանության կենտրոնում՝ Հարոյան եւ Անդոնյան, աջ եզրում՝ Հայրապետյան, ձախում՝ Համբարձումյան, կիսապաշտպանության հենակետային գոտում՝ Մալաքյան, մի փոքր առաջ քաշված՝ Բարսեղյան, Մխիթարյան, Մարկոս, հարձակման գծում՝ Մանուչարյան, Ղադիմյան: Այսինքն՝ գլխավոր մարզիչն իրեն բնորոշ ագրեսիվ, հարձակողական մարտավարություն էր ընտրել. նույնիսկ հենակետային Գոռ Մալաքյանն իր ոճով ստեղծագործող ֆուտբոլիստ է, չնայած լավ է դրսեւորվում նաեւ այդ գոտում: Հիշենք, որ Բելառուսի հետ խաղում նույնպես Գոռը հենակետայինի դիրք էր զբաղեցնում Դավիթ Մանոյանի հետ:

Սալվադորի հետ հանդիպմանը գլխավոր մարզիչը փոփոխություն էր կատարել. թիմը խաղում էր 4-5-1 դասավորությամբ: Պաշտպանության կենտրոնում Անդոնյանին զույգ էր կազմել Ոսկանյանը, Հայրապետյանն ու Համբարձումյանն իրենց տեղում էին: Կիսապաշտպանությունում Մալաքյանին միացել էր Եդիգարյանը, որն իրականում պաշտպան է, բայց այս գոտում խաղալու փորձ ունի: Բարսեղյան-Մխիթարյան-Մարկոս եռյակը նույնպես անփոփոխ էր, առջեւում էլ Մանուչարյանն էր:

Թերեւս, ավելորդ է կենտրոնանալ խաղերի գոլերի ու վտանգավոր դրվագների վրա: Ֆուտբոլասերները մի քանի անգամ դիտած կլինեն դրանք: Խոսենք ներկա թիմի օղակների մասին:

Դարպասապահի դիրքը շարունակում է խնդրահարույց մնալ: Արսեն Բեգլարյանը Հայաստանի ներքին առաջնության չափանիշներով իր գործընկերներից առանձնանում է, սակայն դեռ չունի Գեւորգ Կասպարովի փորձը, որը ՀՖՖ նախագահի միանձնյա որոշմամբ չի հրավիրվում թիմ: Գվատեմալայի հետ խաղում տուգանայինից բաց թողած գոլն ամբողջությամբ Արսենի խղճին է: 23-ամյա դարպասապահը պատ կազմելուց հետո դարպասային գծի վրա տեղաշարժվեց կենտրոն, բաց թողեց իրենից աջ հատվածը, ինչի պատճառով էլ Կառլոս Ռուիսի պտտեցրած գնդակը հայտնվեց ցանցում. երկրորդ՝ հարվածի ժամանակ Արսենն անվստահ խաղաց, ուշ արձագանքեց: Երկու խաղում էլ ամենաակնհայտը մեր դարպասապահի անվստահ գործողություններն էին օդից եկած գնդակները որսալիս: Սալվադորի հետ մրցավեճում դրվագ եղավ, երբ չգիտես ինչպես Արսենը տուգանային հրապարակում չկարողացավ որսալ գնդակը՝ հերթական անգամ զարմացնելով ու վախեցնելով երկրպագուներին: Հավաքականի դարպասապահների մարզիչ, բելգիացի Լիվեն դե Ֆերմանն այս ուղղությամբ դեռ շատ աշխատանք ունի: Գվատեմալան ու Սալվադորն այն թիմերը չէին, որոնց ճնշումը կարող էր բացահայտել մեր թիմի թիկունքում առկա բոլոր թերությունները, սակայն տեսածն արդեն իսկ հուշում է, որ մինչեւ սեպտեմբերին մեկնարկելիք աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական խաղերը դապարասապահի դիրքում անելիքներ ունենք:

Պաշտպանությունում մտահոգում է կենտրոնական Գաել Անդոնյանի պրակտիկայի բացակայությունը, ով չի կարողանում բավարար խաղաժամանակ ստանալ ֆրանսիական «Դիժոնում»: Ռոբերտ Արզումանյանի հեռանալուց հետո կենտրոնում ունենք մի քանի առավել փորձառու տղաներ՝ Անդոնյան, Հարոյան, Մկոյան, որոնց կարող է միանալ Տարոն Ոսկանյանը, ով, սակայն, ոչ միշտ է կայուն խաղ ցուցադրում: Պաշտպանության եզրերում կարծես ամեն ինչ կարգին է՝ ձախում կան Հայրապետյանն ու Եդիգարյանը, աջում՝ Համբարձումյանն ու Հովհաննիսյանը, չնայած նրանք կարող են նաեւ փոխվել դիրքերով: Մասնավորապես առաջին երեքն իրենց վստահ խաղով ուրախացրին ֆուտբոլասերին: Գվատեմալայի հետ խաղում 70-րդ րոպեին Մխիթարյանը հաշիվը 5-1 դարձրեց հենց Համբարձումյանի փոխանցումից հետո, որը խորքից գրոհի նետեց Հենոյին, վերջինս էլ գեղեցիկ անցումը եզրափակեց գոլով: Սալվադորին երկրորդ գոլն էլ Համբարձումյանը խփեց՝ հարձակվողի պես սուր անկյան տակ՝ գրեթե դիմային գծի վրայից, գնդակն ուղղելով դարպասը: Իսկ փոխանցողը Եդիգարյանն էր: Ժամանակակից ֆուտբոլում կարեւորվում է եզրային պաշտպանների մասնակցությունը գրոհներին, այսինքն՝ նրանք հերկում են դաշտն ամբողջ երկայնքով: Մեր թիմում արագությամբ աչքի են ընկնում հատկապես աջ եզրայինները:

Կիսապաշտպանությունում թե հենակետայինի, թե կազմակերպչի՝ դիսպետչերի գոտում, խաղի թելն իր ձեռքում է պահում Մխիթարյանը: Գվատեմալայի հետ խաղում Հենոն 3 գոլ խփեց ու նույնքան գոլային փոխանցում կատարեց: Սա յուրօրինակ ռեկորդ էր հավաքականի պատմության մեջ: Սալվադորի հետ հանդիպմանն էլ թիմի ավագը 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ: Կիսապաշտպանությունը միակ գոտին է, որի վերաբերյալ ֆուտբոլասերը մտավախություն չունի: Հենրիխի բարձր մակարդակն աչք է ծակում, Մարկոսի վարպետությունն ու փորձն էլ լրացնում է եղածը: Սուքիասյանը վերջին երկու խաղում եզրային կիսապաշտպանի դիրքում խաղացրեց «Գանձասար-Կապանի» առաջատար Տիգրան Բարսեղյանին, ով այդ թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանի որդին է: Բելառուսների հետ խաղում Տիգրանը քիչ խաղաց, իսկ այս անգամ ցույց տվեց, որ արժանի է հավաքական հրավիրվելուն: Արագություն ունի, խաբսերի է տիրապետում, եզրային անցումներով կարողանում է սրել խաղն առջեւում, բայց փորձի պակասն է երբեմն նկատվում: Այդուհանդերձ, Գվատեմալայի հետ խաղում հաշիվը 2-1 դարձավ Բարսեղյանի գրագետ գործողություններից հետո, որոնք եզրափակեցին Հենրիխն ու Էդգարը: Սալվադորցիների ընդունած երրորդ գոլն էլ գրանցվեց Տիգրանի անունով, սակայն կրկնապատկերում երեւաց, որ պաշտպանի հարվածից է գնդակն ընթանում դարպասը: Կիսապաշտպաններից առաջին խաղում աչքի ընկավ նաեւ «Բանանցի» առաջատար Զավեն Բադոյանը: Հետաքրքիր կլիներ նրան ավելի շատ տեսնել դաշտում: Առայժմ վաղ է խոսել նաեւ արարատցի Բենիկ Հովհաննիսյանի ու շիրակցի Դավիթ Հակոբյանի մասին:

Գոռ Մալաքյանի մասին վերը նշեցինք, առաջիկայում նա հենակետային գոտում լավ զույգ կարող է կազմել Կառլեն Մկրտչյանի հետ: Կարեւոր է, որ հենակետայինները լինեն ագրեսիվ, առաջ միտված, անընդհատ վազքի մեջ ու պրեսինգ կիրառեն մրցակցի դեմ: Գոռն այս առումով շատ է ջանում: Ցավալի է Արասի վիճակը. շատ քիչ խաղալով ակումբում՝ թիմի նախկին հիմնասյուներից մեկը դուրս է մնում մեկնարկային կազմից: Չնայած Գեւորգ Ղազարյանի վրա ՀՖՖ նախագահի արգելքը չի տարածվել, բայց Սուքիասյանի գալուց հետո նա չի հրավիրվել հավաքական: Գեւորգի փորձն, անկախ ամեն ինչից, մեզ անհրաժեշտ է:   

Ռուբեն Հայրապետյանի «սեւ ցուցակում» է նաեւ հարձակման երբեմնի շարժիչ ուժը՝ Յուրա Մովսիսյանը: Նրա բացը փորձում են լրացնել Էդգար Մանուչարյանն ու Գեղամ Ղադիմյանը: Սակայն նորից շեշտենք, որ այս պահին հենց Մխիթարյանն է հարվածային գլխավոր ուժը՝ 3 գոլ եւ 5 գոլային փոխանցում 2 խաղում, այսինքն՝ մեր ավագը ընդհանուր 11 գոլերից անմիջական մասնակցություն է ունեցել 8-ին, ընդ որում՝ մյուս երեքից երկուսն ինքնագոլ են եղել, իսկ գվատեմալացիներին Ղադիմյանի խփած գոլը ծնվել է հենց Մխիթարյանի ձեռնարկած գրոհից հետո: Սա է իրականությունը: 30-ամյա Մանուչարյանին գուցե շատերն արդեն թերահավատորեն են վերաբերվում, բայց հարձակվողն անում է իր գործը. Գվատեմալայի հետ խաղում նա 1 գոլ է խփել, 2 գոլային փոխանցում կատարել: Նկատելի էր նաեւ Էդգարի կատարած աշխատանքի ծավալը: Բարձրահասակ Գեղամ Ղադիմյանն ինչ-որ առումով հիշեցնում է հարձակվող Գալուստ Պետրոսյանին: Առաջ միտված հարձակվող է, գլխով վատ չի խաղում, բայց արագավազ չէ, ավելի օգտակար է աջ ու ձախ թեւերից փոխանցումները եզրափակելիս: Այսկերպ նա 2 գոլ խփեց 2 խաղում: Հիշեցնենք, որ նրա նորամուտը բելառուսների հետ մրցավեճում էր: Դե իսկ Արթուր Սարկիսովը շարունակում է մնալ մեր հավաքականի կախարդական փայտիկը: Նա 5 գոլ է խփել ու բոլորն էլ փոխարինման դուրս գալուց հետո: Սարկիսովը նույնպես փոխանցումներ եզրափակելու մասնագետ է, չնայած շատ օգտակար է հատկապես հակագրոհելիս. 30-ամյա հարձակվողի արագությունը մասնավորապես եզրային անցումների ժամանակ իրոք տպավորում է:   

Վարուժան Սուքիասյանն իր պահանջկոտությամբ կարողանում է ձեռքի տակ եղած կադրերից քաղել առավելագույնը: Բայց ներկա թիմն իր կազմով դեռեւս ամբողջական ձուլման կարիք ունի. փոխանցումների որակն ու համագործակցությունը, դաշտում խաղացողների կատարած աշխատանքի ծավալը աչք էին շոյում, սակայն թիմը շատ ավելի ուժեղ հավաքականների է հանդիպելու աշնանը: 2015-ի անփառունակ ելույթներից հետո թիմը նման էր կիսամեռ օրգանիզմի, որ վերակենդանացման կարիք ուներ: Հրավիրված նոր տղաները, մարզչական շտաբի փոփոխությունն ու հավաքականի ներկա մթնոլորտն էլ կարծես թարմ արյուն լինեին, որ գալիք կարեւոր մրցաշրջանից առաջ հույս են տալիս կրկին տեսնելու մի ընտրանի, ով մի քանի տարի առաջ տպավորիչ հաղթանակներով զարմացնում էր ֆուտբոլային Եվրոպային ու հեղինակություններին ստիպում հաշվի նստել իր հետ:  

ԱՄՆ-ում գոլային հրավառությունից հետո ներկայացնենք մեր հավաքականի գլխավոր գոլահարների ցուցակը.

Հենրիխ Մխիթարյան- 19,
Արթուր Պետրոսյան- 11 (ավարտել է կարիերան),
Էդգար Մանուչարյան- 9,
Գեւորգ Ղազարյան- 9,
Յուրա Մովսիսյան- 9,
Մարկոս Պիզելի- 8,
Արա Հակոբյան- 7 (ավարտել է կարիերան),
Արմեն Շահգելդյան- 6 (ավարտել է կարիերան),
Արթուր Սարկիսով- 5,
Ռոբերտ Արզումանյան- 5,
Արման Քարամյան- 5 (ավարտել է կարիերան):

Գեղամ Ղադիմյանը, Զավեն Բադոյանը, Հովհաննես Համբարձումյանն ու Տիգրան Բարսեղյանը համապատասխանաբար 51-րդ, 52-րդ, 53-րդ եւ 54-րդ ֆուտբոլիստներն են, որ գոլ են խփել ազգային հավաքականում:

Հ.Գ. Այս օրերին ընկերական հանդիպումներ անցկացրին նաեւ աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի մրցակիցները՝

Ռումինիա-Կոնգո (նախկին Զաիր)՝ 1-1,
Ռումինիա-Ուկրաինա՝ 3-4,
Լեհաստան-Հոլանդիա՝ 1-2,
Թուրքիա-Մոնտենեգրո՝ 1-0:

Առաջիկայում կկայանան նաեւ Դանիա-Բոսնիա եւ Հերցեգովինա, Ռումինիա-Վրաստան, Լեհաստան-Լիտվա, Չինաստան-Ղազախստան, Ղազախստան-Կաբո Վերդե ընկերական հանդիպումները: Ռումինիան ու Լեհաստանը հանդես կգան «Եվրո-2016»-ում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter