HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ցեղասպանության ճանաչման գերմանական յուրօրինակ մոտեցումը

Գերմանիայի պառլամենտը՝ Բունդեսթագը, այսօր ընդունեց «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին» վերնագրով բանաձևը։ Առանց չափազանցության՝ սա կարելի է պատմական պահ համարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում։ 

Հետադարձ հայացք

Գերմանիայում ցեղասպանության ճանաչման գործընթացը վճռորոշ փուլ մտավ անցած տարի։ 2015թ. ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում Ցեղասպանության զորհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ ունեցած ելույթում Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը 20-րդ դարի սկզբին օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ կատարված հանցագործություններն առաջին անգամ որակեց որպես ցեղասպանություն և ընդունեց դրանում Գերմանական կայսրության` որպես Օսմանյան Թուրքիայի դաշնակցի պատմական պատասխանատվությունը։ Ակնհայտ էր, որ Գաուկի նման շրջադարձային ելույթի համար հիմք էր հանդիսացել դրանից մոտ մեկուկես շաբաթ առաջ Վատիկանի ս. Պետրոս տաճարում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից արած այն ցնցող հայտարարությունը, թե հայերի հետ կատարվածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր։

Գաուկի ելույթից հետո ապրիլի 24-ին Բունդեսթագում Ցեղասպանության հարցով քննարկումներ կազմակերպվեցին, որից հետո շրջանառության մեջ դրվեց ճանաչմանը միտված բանաձևի նախագիծ։ Չնայած այն պետք է 2016թ. ապրիլի 24-ին պառլամենտում դրվեր քննարկման և քվեարկության, սակայն  ապրիլի 23-ին գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Թուրքիա կատարելիք այցը չխանգարելու նկատառումենով նպատակահարմար համարվեց այն հանել օրակարգից։ Չնայած դրան՝ ակնհայտ դարձավ, որ Գերմանիան սկզբունքորեն ուզում է գնալ Ցեղասպանությունը ճանաչելու քայլին և հունիսի 2-ին, ի վերջո, այն արվեց։ 

Բանաձևի ընդունման օբյեկտիվ պատճառները

Մինչ այս համարվում էր, թե հատկապես Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը գրեթե անհավանական է։ Գերմանիան Թուրքիայի հետ սերտ տնտեսական, քաղաքական կապեր ունի՝ չհաշված դաշնակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Բացի դրանից՝ Գերմանիայում 3 մլն-անոց թուրքական համայնքը դարձել է քաղաքական, սոցիալական, էթնիկական հզոր գործոն, որը մխրճված լինելով հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտների կառավարման մեջ՝ ազդում է կայացվող որոշումների վրա։ Այն վերածվել է այդ երկրում Թուրքիայի շահերի պաշտպանության յուրօրինակ գործակալի։

Երկու գործոններ, սակայն, ստիպեցին Գերմանիայի ներկայիս իշխանության ճեղքելու այս պատնեշը։ Առաջինը սիրիացի և իրաքցի փախստականների հոսքը կանգնեցնելու հարցում Անկարայի որդեգրած քաղաքականությունն էր։ 2015թ. նոյեմբերին Բրյուսելում Թուրքիա-ԵՄ գագաթնաժողովի ժամանակ կողմերը պայմանավորվեցին, որ դեպի Եվրոպա փախստականների ինտենսիվ և անկառավարելի հոսքը դադարեցնելու համար Թուրքիան պայմաններ կստեղծի իր տարածքում միգրանտների տեղակայման, Սիրիայի և Իրաքի հետ սահմանների վերահսկողությունն ուժեղացնելու համար, ինչի համար ԵՄ-ն պարտավորվեց 3 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն հատկացնել Թուրքիային։ Բրյուսելը համաձայնեց նաև ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի արագացման Անկարայի պայմանին։ Սակայն դրանից հետո, անգամ ֆինանսավորումը ստանալու պայմաններում, Թուրքիան ոչ միայն ոչինչ չձեռնարկեց ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով, այլև ԵՄ-ից լրացուցիչ 5մլրդ եվրո պահանջեց՝ հասկանալի դարձնելով, որ պարզապես շահագործում է փախստականների հոսքը կառավարելու իր բացառիկ լծակները։

Երկրորդ գործոնը Թուրքիայում նախագահական համակարգ ստեղծելու Էրդողանի ամբիցիաներն են, որը համառորեն փորձ է արվում բավարարել խոսքի ազատությունը սահմանափակելու, երկրում այլախոհությունը գործնականում վերացնելու, Թուրքիայում Էրդողանի դիկտատուրան հաստատելու միջոցով։ Բացի դրանից, 2015թ. թուրքական կառավարությունը պատերազմ սկսեց երկրի հարավարևելյան շրջանների քրդերի դեմ՝ հակաահաբեկչական պայքարի շղարշի ներքո տոտալ հալածանքներ, բռնություններ, տեղահանումներ, սպանություններ սկսելով նրանց դեմ։ Բնականաբար, բացարձակապես այլ արժեքներով առաջնորդվող ԵՄ-ի համար անկայունության, իսլամացման և ժողովրդավարության ճնշման հորձանուտն ընկած նման հարևան պետք չէր։ Առավելևս, երբ այդ հարևանը ԵՄ-ին անդամակցության համոզմունք հայտնելուն զուգահեռ տենդագին փորձում է ընդլայնվել դեպի արևելք և ստանձնել մուսուլմանական աշխարհի առաջնորդի դերը, ինչով էլ ավելի անվերահսկելի է դառնում ԵՄ-ի համար։ Վերջինիս անհրաժեշտ էին լծակներ՝ Էրդողանի այս հավակնությունները, անկանխատեսելի քաղաքականությունը չափավորելու, նրան զսպաշապիկ հագցնելու համար, և դրանիցից մեկը դարձավ հայոց Ցեղասպանության  ճանաչումը։ 

Գերմանիայի ներկայիս քաղաքական իշխանությունն ուներ նաև երկրի ներսում թուրքական ուժեղացած գործոնի պատճառով իր խաթարված հեղինակությունը բարձրացնելու խնդիր, և այս առումով ևս Ցեղասպանության ճանաչման բանաձևը Մերկելի կաավարության համար դեմքը փրկելու լավագույն «միջոցներից» մեկը կարող էր համարվել։ 

Ինչի մասին է բանաձևը

Այն, որ բանաձևն ավելի շատ Թուրքիային զսպաշապիկ հագցնելու, քան պատմական արդարությունը վերականգնելու և հայկական պահանջատիրությունը խթանելու նպատակներ է հետապնդում, պարզ երևում է հենց բանաձևի բովանդակությունից։ Նախ՝ այնտեղ խոսքը չկա միայն հայերի ցեղասպանության մասին։ Բանաձևում շեշտվում է հայերի և օսմանյան կայսրության այլ քրիստոնյաների ցեղասպանության մասին։ Սա, ըստ էության, Ցեղասպանության իրական՝ ազգային էթնիկական բնաջնջման շարժառիթները ձևախեղելու և այն կրոնական լույսի ներքո ներկայացնելու նուրբ փորձ է։ Բայց դրա առաջնային նպատակը, թերևս, Թուրքիային առհասարակ ցեղասպան ներկայացնելու կամ դրանով սպառնալու ձգտումն է։  Ավելի խոսուն է բանաձևում դաշնային կառավարությանը Բունդեսթագի կողմից արվող այն կոչը, թե ֆինանսական հնարավորություների շրջանակներում պետք է շարունակել Գերմանիայում 1915-1916թթ. իրադարձություններին  վերաբերող գիտական, մշակութային  եւ քաղաքացիական հասարակության ոլորտում նախագծերի եւ նախաձեռնությունների աջակցությունը։ Այսինքն` Գերմանիան այս բանաձևով սպառնում է, որ, ըստ անհրաժեշտության, կարող է նաև երկրում տիրաժավորել Թուրքիայի՝ ցեղասպան լինելու թեմատիկան և նպաստել դրա հանրայնացմանն ու տարածմանը։

Խնդիրը, սակայն, միայն բանաձևում թաքնված մեղմ  սպառնալիքները չեն։ Որքան էլ բանաձևով Գերմանիան 1915-16թթ․ իրադարձությունները միարժեքորեն բնորոշում է որպես Ցեղասպանություն, սակայն, փաստացի Թուրքիային այն ճանաչելու որևէ պահանջ չի դրվում։ Կոչերն ուղղված են բացառապես սեփական երկրի  կառավարությանը։ Վերջինս կարող է դրանք ընդունել,  բայց կարող է և անտեսել։ Ավելին, կառավարությանը կոչ անելով աշխատել Թուրքիայի հետ «ժամանակին կատարած ջարդերի եւ տեղահանումների» (ուշադրություն դարձնենք՝ այստեղ չի կիրառվում «ցեղասպանություն» բառը) հետ վերջինիս առերեսման համար, Բունդեսթագը դնում է ընդամենը ներողություն խնդրելու խնդիր։ Այլ կերպ ասած՝ գերմանական բանաձևը ամեն ինչ արել է ցեղասպանության հետևանքների վերացման թեման փակելու, որևէ տեսակի փոխհատուցման հարցը «ջրելու» համար։ Գերմանիան առաջ է քաշում 2009-ին ստորագրված, բայց դեռ չվավերացված հայ-թուրքական արձանագրություններով նախատեսված՝ Ցեղասպանության հարցով պատմաբաններից կազմված հանձնախումբ ստեղծելու խնդիրը։ Պարզ է, որ եթե Գերմանիայի նպատակը պատմական արդարության վերականգնումը լիներ, այլ ոչ թե գերմանա-թուրքական ներկայիս հարաբերություններում այդ հարցի շահարկումը, Ցեղասպանությունը ճանաչելու պարագայում անիմաստ պետք է համարվեր այդ նույն փաստը կասկածի տակ առնելուն միտված հանձնաժողով ստեղծելու առաջարկ անելը։ Իսկ առաջարկն արվում է՝ բացառապես խնդրի շուրջ թուրքական կուրսի շրջանակից դուրս չգալու, բանաձևին հակաթուրքականություն չհաղորդելու համար։ 

Ո՞րն է բանաձևի պատմական նշանակությունը

Բովանդակային այս խնդրահարույց կետերով հանդերձ՝ ընդունված բանաձևն իսկապես պատմական նշանակություն ունի։

Առաջին հերթին՝ զուտ այն պատճառով, որ այն ընդունվել է Գերմանիայի պառլամենտի կողմից։ Անկախ պատճառներից՝ Գերմանիան 20-րդ դարասկզբի իրադարձություններին վերջապես իրական և ճշգրիտ բնութագիր տալու համար հաղթահարել է նախկինում անհաղթահարելի ներքին ու արտաքին պատնեշներ։ Ցեղասպանությունը ճանաչում է առաջին աշխարհամարտում Օսմանյան Թուրքիայի ամենամոտ դաշնակիցը։ Սա էապես փոքրացնում է թուրքական ժխտողականության ռեսուրսները։ Ընդ որում՝ չբավարարվելով հայերի ողջակիզման հարցում Օսմանյան կայսրության մեղքը զուտ ճանաչելով, Գերմանիան որպես Գերմանական կայսրության իրավահաջորդ, նաև իր պատմական պատասխանատվությունն է ճանաչում։ Հրեական Հոլոքստի ճանաչումից հետո, իհարկե, հիմա ինքնամաքրման ճանապարհն ընտրած երկրի համար շատ ավելի հեշտ է Հայոց Ցեղասպանության հարցում ևս սեփական մեղքն ընդունելը։ Մանավանդ, որ դա իր համար գոնե նյութական, իրավական կամ քաղաքական հետևանքներ չի ենթադրում։ Բայց հատկապես այս հանգամանքն ուղղակի անհեթեթ վիճակի մեջ է դնում Թուրքիային. ինչպե՞ս հերքել ցեղասպանությունը, եթե դաշնակից երկիրն արդեն ընդունել է դրանում իր մասնակցությունը՝ թեկուզև զուտ տեղյակ լինելու և ոչինչ չձեռնարկելու կտրվածքով։

Այս իմաստով գերմանական բանաձևը բավականաչափ կարող է ուժեղացնել հայկական պահանջատիրության դիրքերը։ Հաշվի առնելով, թե Եվրոպայում ինչպիսի հեղինակություն ունի Գերմանիան, չի բացառվում, որ բանաձի ընդունումը շղթայական ռեակցիայով կհանգեցնի նաև այլ երկրների կողմից Ցեղասպանության ճանաչմանը։ Մնում է գտնել այն ճիշտ օգտագործելու եղանակը։

Լուսանկարը` Sean Gallup/Getty Images

Մեկնաբանություններ (2)

Լիլիթ
Մնում է գտնել այն ճիշտ օգտագործելու եղանակը։
անահիտ
ասենք թե խող տվեցին ում գրպանն է դա գնալու, իհարկե սորժականների, ասենք թե հողերը տան, ով՞ է այդտեղ ապրելու։ Մթոմ Հայաստանու հայ է մնացել որ գնան գնան էնտեղ ապրեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter