HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անարդար դատապարտվածին պետությունը կարող է չփոխհատուցել

Անարդար դատապարտված, այնուհետև արդարացված քաղաքացուն մեր պետությունը կարող է զրկել փոխհատուցումից: Եվ սա ոչ թե կամայականություն է, այլ ամրագրված է Սահմանադրությամբ (2015-ի փոփոխություններով):

Այսպես՝ Սահմանադրության 62 հոդվածի 2-րդ կետում արձանագրված է. «Եթե հանցանք կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձն արդարացվել է այն հիմքով, որ նոր կամ նոր երևան եկած որևէ հանգամանք ապացուցում է նրա դատապարտման ոչ իրավաչափ լինելը, ապա այդ անձն ունի օրենքին համապատասխան հատուցում ստանալու իրավունք, եթե չի ապացուցվում, որ այդ հանգամանքի ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից»:

Այսինքն՝ պետությունը լայն հայեցողության շրջանակ է ստանում ցանկացած դեպքում «հիմնավորել», որ անձին արդարացնող հանգամանքի ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված է եղել տվյալ քաղաքացուց: Հետևաբար, անարդար դատապարտվածը չի կարողանա օգտվել փոխհատուցում ստանալու իրավունքից:

Նման դրույթ նախկին Սահմանադրության մեջ չի եղել: Փաստաբան Լուսինե Սահակյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Սահմանադրական փոփոխություններով նախատեսված այդ ու մարդու իրավունքների գլխում ներառված այլ սահմանափակումների մասին բարձրաձայնել է դեռևս մինչև դրանց ընդունումը:

Փաստաբանի խոսքով, անարդար դատապարտվածի փոխհատուցման իրավունքի սահմանափակումը գրեթե բառացի արտագրված է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածից (ընդունվել է 1984 թվականի նոյեմբերի 22-ին Ստրասբուրգում): Այդ հոդվածը վերնագրված է՝ փոխհատուցումը սխալ դատապարտման դեպքում. «Եթե որևէ անձ վերջնական դատավճռով մեղավոր է ճանաչվել քրեական հանցագործություն կատարելու մեջ, և եթե հետագայում նրա նկատմամբ կայացված դատավճիռը չեղյալ է հայտարարվել կամ նա ներման է ենթարկվել այն հիմքով, որ նոր կամ նոր բացահայտված որևէ փաստ համոզիչ կերպով ապացուցում է դատական սխալի առկայությունը, ապա նման դատապարտման հետևանքով պատիժ կրած անձը փոխհատուցում է ստանում տվյալ պետության օրենքին կամ պրակտիկային համապատասխան, եթե չի ապացուցվում, որ ժամանակին այդ փաստը չբացահայտելը լիովին կամ մասամբ կախված չի եղել տվյալ անձից»:

Նույն ձևակերպումը հանդիպում է նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի  (ICCPR-ը Հայաստանը վավերացրել է 1993-ին) հոդված 14-ի 6-րդ կետում. «Եթե որևէ անձ վերջնական որոշմամբ դատապարտվել է քրեական հանցագործության համար, և եթե նրա նկատմամբ կայացված դատավճիռը հետագայում բեկանվել է կամ նրան ներում է շնորհվել այն հիմքով, որ ինչ-որ նոր հանգամանք կամ նոր բացահայտված հանգամանք անվիճելիորեն ապացուցում է դատական սխալի առկայությունը, ապա այդպիսի դատապարտման հետևանքով պատիժ կրած անձը փոխհատուցում է ստանում օրենքի համաձայն, եթե չապացուցվի, որ հիշյալ անհայտ հանգամանքը ժամանակին չի բացահայտվել բացառապես կամ մասամբ նրա մեղքով»:

Սակայն, երկու միջազգային իրավական ակտերը ուշադիր կարդալիս կնկատենք, որ այնտեղ օգտագործված է ոչ թե արդարացվել բառը, ինչպես մեր Սահմանադրության մեջ, «այլ դատավճիռը չեղյալ է հայտարարվել կամ նա ներման է ենթարկվել» ձևակերպումը:

Փաստաբան Սահակյանն ընդգծեց, որ Կոնվենցիան իրականում այն փաստաթուղթն է, որը նվազագույն ստանդարտներ է նախատեսում պետությունների համար, և յուրաքանչյուր պետություն գնալով պետք է ավելի ու ավելի բարձր չափանիշ սահմանի. «Հայաստանն իր Սահմանադրությամբ ավելի բարձր չափանիշ էր սահմանել նախկինում, և հիմա հետընթաց արձանագրեց: Նախկին Սահմանադրության մեջ այդպիսի ձևակերպում չկար: Անձը, ով արդարացվել էր, ցանկացած դեպքում կարող էր ստանալ փոխհատուցում»: Լուսինե Սահակյանի կարծիքով, Հայաստանի համար անընդունելի է նման փոփոխությունը, «քանի որ արդեն ակնհայտ է դառնում, որ անձինք արդարացվելուց հետո շատ դեպքերում կարող են զրկվել փոխհատուցմից»:

Փաստաբանը նշում է, որ անհասկանալի իրավիճակ է ստեղծվել անմեղության կանխավարկածի ու վնասի փոխհատուցման դրույթների առնչությամբ, քանի որ անձը անմեղության կանխավարկածից է օգտվում և պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: «Եթե նույնիսկ կան այնպիսի փաստեր, որոնք կարող են ապացուցել մարդու անմեղությունը, բայց նա դրանք չի ներկայացնում ինչ-ինչ պատճառներով, միևնույն է, չի կարող մեկնաբանվել ի վնաս իրեն: Մենք պետք է հասկականք, որ ապրում ենք Հայաստանում, որտեղ կան այնպիսի խնդիրներ, որոնք միգուցե չկան այլ երկրներում: Մենք կարող ենք պատկերացնել իրավիճակներ, երբ մարդը չի ներկայացնում իր անմեղության մասին վկայող ապացույցներ, քանի որ, օրինակ, վախենում է իր ու իր հարազատների անվտանգության համար: Մեղադրող կողմը պետք է հիմնավորի անձի մեղքը, ոչ թե անձն իր անմեղությունը»,-ասաց փաստաբան Սահակյանը:

Փաստաբան Հայկ Ալումյանը նշում է, որ Սահմանադրության 62.2 հոդվածի երկրորդ մասը, որով նախատեսվում է փոխհատուցում տալու սահմանափակումը, վերաբերում է միայն նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով դատավճռի վերանայմանը: «Մյուս բոլոր դեպքերում, այդ նույն հոդվածի առաջին մասի համաձայն, անձն ունի փոխհատուցման իրավունք: Իսկ նոր կամ նոր երևան եկած հանգամանքների դեպքում այդ վերապահման նպատակն, իմ կարծիքով, իրավաչափ է: Դա արված է, որպեսզի, օրինակ, անձը դիտավորյալ չթաքցնի իրեն արդարացնող որևէ փաստ, իսկ հետո, տարիներ անց ներկայացնի ու փոխհատուցում ուզի: Օրինակ` անձն իր եղբոր վրայից կասկածները հանելու համար ընդունում է, որ ինքն է կատարել սպանությունը, դատապարտվում է, իսկ հետո, տարիներ անց, որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացնում է անհերքելի փաստ, որ սպանությունն իրականում կատարվել է իր եղբոր կողմից: Իհարկե, ինքը կարդարացվի, սակայն փոխհատուցում չի ստանա»,-կարծիք հայտնեց փաստաբան Ալումյանը:

Փաստաբանների պալատի մեկ այլ անդամ՝ Արա Ղարագյոզյանը, կարծում է, որ նման նորմ սահմանելով արդարացվածի վրա է դրվում այն բեռը, որը կրում է պետական մարմինը. «Վարույթը իրականացնող մարմինն է պարտավոր ապացուցել՝ կասկածյալը կամ մեղադրյալը հանցագործություն կատարե՞լ է, թե՞ ոչ։ Իսկ նման դրույթ սահմանելով և այն մեջբերելով՝ պետությունը կարող է խուսափել արդարացվածին փոխհատուցում տրամադրել»։

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ անարդար դատապարտվածի փոխհատուցման մասին հոդվածին անդրադարձել է դեռևս Սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ: Կարծում է, որ Սահմանադրությամբ պետք է ամրագրված լիներ բացառապես պետության պարտականությունը արդարացվածներին հատուցում տալու վերաբերյալ, ընդ որում՝ ամրագրվեր, որ հատուցումը պետք է լինի ինչպես նյութական, այնպես էլ բարոյական:

«Խոսքն այն դեպքերի մասին է, երբ մարդը դիտավորյալ իր վրա է վերցրել որևէ հանցանք, այլ հարց է, թե դա ով պետք է ապացուցի: Ապացուցման պարտականությունը պիտի կրի պետությունը, նորմի պահանջն այդպես պետք է մեկնաբանվի»,-կարծիք հայտնեց փաստաբան Բաղդասարյանը:

Մեր զրուցակից փաստաբանները շեշտում էին, որ սահմանադրական փոփոխությունների 62.2 դրույթը սերտորեն կապված է անմեղության կանխավարկածի հետ, որը բացարձակ իրավունք է:

Ըստ իրավապաշտպան, փաստաբան, Մատաղիսի հայտնի գործով արդարացված Արայիկ Զալյանի՝ այս դրույթով, փաստորեն, անուղղակի ձևով քաղաքացու վրա է դրվում իր անմեղությունը ապացուցելը:

Մարդու իրավունքների յուրաքանչյուր սահմանափակում պիտի իրավաչափ նպատակ հետապնդի: Կոնկրետ այս սահմանափակմամբ Արայիկ Զալյանն իրավաչափ նպատակ չի տեսնում. «Ո՞նց են պատկերացնում, թե ինչպես պիտի անձը իր անմեղությունն ապացուցի այն դպքում, երբ ապացույցներ ձեռք բերողը, հավաքողը բացառապես նախաքննության մարմինն է: Ինչպե՞ս պիտի կալանավորված կամ չհեռանալու մասին ստորագրություն տված մարդը ապացույցներ հավաքի ու ապացուցի իր անմեղությունը: Եթե ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն է կիրառվել, կձևակերպեն, որ խոչընդոտում է նախաքննությանը և կկալանավորեն»:

Ի դեպ, Սահմանադրության փոփոխություններով հանվել է անմեղության կանխավարկածի հենց այն մասը, որը սահմանում էր. «Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի»:

Նախկին Սահմանադրությամբ ամրագրված այս դրույթի մասին 2004-ին «Հետքի» հետ զրույցում սահմանադրագետ Հրայր Թովմասյանը խոսել էր որպես կարևոր ձեռքբերում՝ ասելով. «Անմեղության կանխավարկածի կարևորագույն բաղադրատարրերից մեկն այն է, որ մարդը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, համապատասխան քննչական մարմիններն են պարտավոր ապացուցել վերջինիս մեղավորությունը»: Ըստ նրա՝ կարևորագույն սկզբունք է նաև այն, որ չփարատված կասկածներն օգտագործվում են ի օգուտ մեղադրյալի: «Եթե նույնիսկ անձն ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, ապա դա բավարար պայման չէ, որպեսզի անձին մեղադրեն հանցագործության մեջ: Միայն դատավարության փուլում դատավորը, միմյանց հետ համադրելով բոլոր ապացույցները, կարող է հանգել նման եզրակացության, ապացուցված համարել անձի մեղավորությունը կամ անմեղությունը»,- ավելացրել է Հրայր Թովմասյանը:

Սակայն Սահմանադրության 2015թ. փոփոխություններում բացակայում է այն, ինչ 2004-ին սահմանադրագետը համարել է կարևոր սկզբունք: 

Հ.Գ. Հետագայում կանդրադառնանք անարդար դատապարտման համար փոխահուցման տրամադրման տեղական ու միջազգային պրակտիկային՝ ներկայացնելով աշխարհում հայտնի ռեկորդային չափերի հասնող փոխհատուցումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter