HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՌԴ-ից ՀՀ ուղարկվող փողը կտրուկ պակասում է, ՀՀ-ից ՌԴ՝ ավելանում

Այս տարվա ապրիլին բանկային համակարգի միջոցով արտերկրից Հայաստան կատարված մասնավոր տրանսֆերտները կազմել են 104,5 մլն դոլար կամ 50,3 մլրդ դրամ։ Միևնույն ժամանակ տրանսֆերտների տեսքով արտահոսքը կազմել է  65,8 մլն դոլար (31,7 մլրդ դրամ)։ Տրանսֆերտների զուտ ներհոսքը 38,6 մլն դոլար է (18,6 մլրդ դրամ)։ Ինչպես վկայում են ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) տվյալները՝ 2015 թվականի ապրիլի համեմատ զուտ ներհոսքը կրճատվել է մոտ 31%-ով, իսկ արտահոսքն աճել է մոտ 11,5%-ով:

Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ

Ընդհանուր փոխանցումների 60%-ն այս տարվա ապրիլին կատարվել է Ռուսաստանից, մոտ 13,5%-ն էլ՝ ԱՄՆ-ից։ Ռուսաստանի դեպքում ցուցանիշը 2015-ի ապրիլի համեմատ 15%-ով նվազել է, ԱՄՆ-ի դեպքում՝ գրեթե նույնը մնացել։ Իսկ ինչ վերաբերում է  Հայաստանից կատարված  փոխանցումներին, ապա դրանց 40,5%-ն ուղարկվել է Ռուսաստան, 11%-ն էլ՝ ԱՄՆ։ Ընդ որում, երբ նորից համեմատում ենք անցած տարվա նույն ամսվա հետ, ստացվում է, որ Հայաստանից դեպի Ռուսաստան ուղարկված գումարի չափն ավելացել է 32%-ով, իսկ դեպի ԱՄՆ՝ պակասել 12%-ով։ Ստացվում է, որ այս տարվա ապրիլին, 2015-ի նույն ամսվա համեմատ, Ռուսաստանից Հայաստան ուղարկվող գումարները պակասել են 15%-ով, իսկ Հայաստանից Ռուսաստան՝ 32%-ով աճել։ Այդ միտումը զգացվում է դեռևս նախորդ տարվանից։ Եվ չի բացառվում, որ Հայաստանից գումարն ուղարկվում է Ռուսաստանում ապրող հարազատներին օգնելու նպատակով, որոնք այնտեղ խնդիրների առաջ են կանգնել ռուբլու արժեզրկման հետևանքով։ Սա փոխանցումների՝ դոլարով արտահայտված ցուցանիշների մասին։ Իսկ եթե դիտարկում ենք նույն ցուցանիշները՝ արտահայտված դրամով, ապա ստացվում է, որ ապրիլին Հայաստան կատարված տրանսֆերտների ընդհանուր ներհոսքը կրճատվել է 7,6%-ով, զուտ ներհոսքը՝ 30%-ով։ Իսկ արտահոսքն աճել է 13%-ով։ Միայն Ռուսաստանի դեպքում պատկերը հետևյալն է՝ ՌԴ-ից ՀՀ կատարված ընդհանուր տրանսֆերտները կրճատվել են 14%-ով, իսկ հակառակ ուղղությամբ՝ աճել 33,5%-ով։ Այսինքն՝ դրամով և դոլարով արտահայտված ցուցանիշների տարբերությունը զգալի չէ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանից Հայաստան կատարվող տրանսֆերտների նվազում նկատվեց 2014 թվականի վերջերից, երբ ռուսական ռուբլին սկսեց արժեզրկվել, և Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիները, փաստորեն, սկսեցին արժեզրկված ռուբլի ստանալ։ Դա մի շարք բացասական հետևանքներ է թողնում ՀՀ տնտեսության վրա։ Դրանք այն փոխանցումներն են, որոնց նպատակը ընթացիկ կարիքների բավարարումն է, ինչպես նաև՝ աշխատանքի դիմաց արտերկրից ստացված (վճարված) աշխատավարձը, ուստի առաջին ազդեցությունը կրում են դրա հույսին ապրող ընտանիքները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter