HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

#ԵկԱրցախ. ֆլեշմոբ պետական մակարդակով, կամ Արցախն է կանչում

Արցախյան ճակատում ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմը նոր մարտահրավերների առաջ է կանգնեցրել Արցախի իշխանություններին: «Հետքի» հետ զրույցում ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանն ասում է, որ կռիվն այժմ տնտեսական դաշտ է տեղափոխվել:

ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը մայիսի 24-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հանդես եկավ նախաձեռնությամբ՝ գնալ Արցախ, լուսանկարվել կամ տեսանկարվել Արցախի որեւէ դիտարժան ֆոնի վրա, տեղադրել նկարը սոցցանցում եւ ընկերներին հրավիրել ամառային արձակուրդն անցկացնել Արցախում, բացի դրանից՝ առաջարկվում է նկարի հետ միաժամանակ մարտահրավեր նետել առնվազն 3 ընկերոջ, որոնք եռօրյա ժամկետում պիտի միանան ֆլեշմոբին (flashmob- բառացի՝ կայծակնային հավաք) ու Արցախ ժամանելուց հետո նույնը կատարեն տեղում: Նախաձեռնության շրջանակներում օգտագործվում է #ԵկԱրցախ հեշթեգը:

«Այս ֆլեշմոբով եւ Արցախում արձակուրդ անցկացնելով՝ ողջ հայությունն իր բարոյական ու նյութական աջակցությունը կցուցաբերի Արցախին՝ հատկապես ադրբեջանական ագրեսիայից հետո»,- նշեց վարչապետի խոսնակը:

Արցախը տուրիստին երկու հիմնական երթուղի է առաջարկում

Թե ինչպիսին է Արցախում տուրիզմի վիճակն այսօր, ինչ ազդեցություն ունեցավ պատերազմը, եւ ինչ հեռանկարներ կան ապագայում, «Հետքին» պատմում է փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը: Նա ԼՂՀ-ում տուրիզմի գլխավոր պատասխանատուն է, ով համակարգում է նախարարության կազմում ընդգրկված զբոսաշրջության վարչության աշխատանքները: Այս կառույցի պատասխանատվության ներքո  է նաեւ պատմամշակութային եւ բնության հուշարձանների պահպանությունը: «Քաղաքական ղեկավարությունը նպատակահարմար գտավ մեկ մարմնի մեջ միավորել երկու ոլորտները (վարչությունը ձեւավորվել է 2008 թ.), որոնք սերտ առնչություն ունեն. բանն այն է, որ Ղարաբաղի զբոսաշրջության հիմնաքարը պատմամշակութային եւ բնական հուշարձաններն են»,- ասում է Ս. Շահվերդյանը:

Փոխնախարարը նշում է, որ պատմամշակութային հուշարձանների պահպանության ու վերականգնման աշխատանքները հիմնականում անցկացվում են այնպիսի վայրերում, որոնք զբոսաշրջության երթուղիներում են: Այսինքն՝ մեկ գործով երկու հարց է լուծվում՝ վերականգնվում է հուշարձանը, եւ ձեւավորվում է նոր զբոսաշրջավայր:

Գանձասարի վանք

Արցախն այսօր տուրիստներին առաջարկում է երկու հիմնական երթուղի՝ հյուսիսային (Ստեփանակերտից մինչեւ Նոր Շահումյանի շրջան՝ պատմական Քարվաճառ) եւ հարավային (Ստեփանակերտից մինչեւ Արաքսի հովիտ), որոնք ընդգրկում են նաեւ պատմամշակութային ու բնապատմական արգելոցներ: Հյուսիսային երթուղու վրա են Քարվաճառի հայտնի Ջերմաջուր զբոսաշրջավայրը, «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցը, որն, ըստ Ս. Շահվերդյանի, Արցախի ամենահայտնի տուրիստական կետն է այսօր, ինչպես նաեւ «Հունոտի կիրճ» բնապատմական արգելոցը: Հարավային երթուղում են Տողի մելիքական ապարանքը եւ Ազոխի քարանձավը, որոնք համապատասխանաբար պատմամշակութային եւ բնապատմական արգելոցներ են, այս ուղղության վրա է նաեւ «Տնջրի ծառ» հայտնի կետը:

Դադիվանք

Սրանք, փոխնախարարի ասելով, այն վայրերն են, որոնք տուրիստի համար հատուկ կահավորված ու կազմակերպված են, բայց, իհարկե, թե հյուսիսում, թե հարավում կան բազմաթիվ այլ դիտարժան կետեր, որոնք զբոսաշրջիկների «մենյուի» մեջ են մտնում, բայց, ինչպես Ս. Շահվերդյանն է բնութագրում, առօրյա կյանքով են ապրում՝ Գանձասար, Դադիվանք, Կուսանաց անապատ, խաչքարերի դաշտ (Կիչանի մոտ), Ամարաս, Գտչավանք եւ այլն:   

Janapar Trail

Արցախի ճամփորդական երթուղիների ինտերակտիվ քարտեզ

8 տարում օտարերկրացի զբոսաշրջիկների թիվն աճել է 3,5 անգամ

Ընթերցողին նախ ներկայացնենք, թե ովքեր են միջազգային ու ներքին զբոսաշրջիկները: Այս տերմինները սահմանված են ՄԱԿ-ի կողմից:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010)՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ եւ ոչ ավել, քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն՝ նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղեւորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Նույն մեթոդաբանությամբ՝ ներքին զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրի երկրի սահմաններում (սովորական բնակության միջավայրից դուրս), այսինքն՝ որեւէ երկրի բնակիչների ճանապարհորդությունը իրենց իսկ երկրում կամ հիմնական բնակության երկրում, անկախ ճանապարհորդության նպատակից (բացի ուսման նպատակով) ոչ պակաս, քան 24 ժամ եւ ոչ ավել, քան անընդմեջ 1 տարի ժամանակով, եւ ճանապարհորդության գլխավոր նպատակը չի հանդիսանում գործունեությամբ զբաղվելը, որի համար վճարվում է այցելած վայրում:

Շուշի

Շեշտենք, որ Արցախի զբոսաշրջության վիճակագրությունը որոշակի յուրահատկություններ ունի: Վիճակագրության մաս են դառնում միայն նրանք, ում ԼՂՀ ԱԳՆ-ն վիզա է տրամադրում (վիճակագրական տվյալները հենց ԱԳՆ-ից են ստացվում): Այսինքն՝ Հայաստանի քաղաքացիներն ու երկքաղաքացիները, որոնք ժամանում են այլ երկրներից, Արցախ մտնում են առանց հաշվառման եւ որեւէ տեղ «երեւալու», ինչը ՀՀ-ԼՂՀ սահմանի յուրահատկությունն է: Հենց այս պատճառով ՄԱԿ-ի մեթոդաբանությունն Արցախում կիրառելի չէ. այստեղ միջազգային զբոսաշրջիկին ավելի ճիշտ կլինի ասել օտարերկրացի (այլ երկրի քաղաքացի) զբոսաշրջիկ: Իսկ ՀՀ անձանգիր ունեցող հայաստանցիներն ու այլ երկրներում ապրողները, փաստորեն, ակամա դառնում են ներքին զբոսաշրջիկ, սակայն նրանց վերաբերյալ վիճակագրություն չկա:

Հայաստանում ներքին զբոսաշրջիկների թիվը վիճծառայությունը հավաքում է հյուրանոցային տնտեսության օբյեկտներից (հյուրանոցներ, հյուրանոցատիպ հանգրվաններ, առողջարաններ, հանգստյան տներ եւ այլն), որտեղ հաշվառում են տուրիստներին: Անշուշտ, դա իրական թիվը չի արտացոլում, քանի որ ներքին տուրիստների մի մասը գիշերում է բարեկամների տանը:

Հենց այս հանգամանքն է մեջբերում նաեւ Սերգեյ Շահվերդյանը, ում ասելով՝ Արցախ եկողների մոտ 60 տոկոսը Ռուսաստանից է, ովքեր տեղում բարեկամներ ունեն: Այդուհանդերձ, փոխնախարարի կարծիքով՝ հաշվառումից դուրս մնացող տուրիստների թիվը կարող է վիզայով մուտք գործողների եռապատիկ-քառապատիկը կազմել:

2007-ից մինչեւ 2015 թիվը Արցախ այցելողներ օտարերկրացիների թիվը 4683-ից հասել է 16589-ի: 2010-2012 թթ. միջինը 41 տոկոս տարեկան աճ է գրանցվել: Համեմատության համար Ս. Շահվերդյանը նշում է, որ ՀՀ-ում աճը 10-12 տոկոս է:

ԼՂՀ տուրիզմ
Create line charts

2016-ի առաջին եռամսյակում տուրիստների թիվը 969 է, ինչն 9 %-ով բարձր է 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, սակայն քառօրյա պատերազմն, ըստ ամենայնի, սրբագրումներ կմտցնի մյուս եռամսյակների վիճակագրության մեջ: 

Արտագնա տուրիզմի մասին «Հետքի» զրուցակիցն ասում է, որ պետությունը հետաքրքրված չէ դրանով, եւ այն չի խրախուսվում. «Մենք հորդորում ենք մեր քաղաքացիներին հանգիստը անցկացնել երկրում»:

«Մեր խնդիրն է ավելի շատ զբոսաշրջիկ բերել ու այնպես անել, որ նրանք երկար մնան երկրում: Այսինքն՝ շատ մարդ գա եւ շատ փող ծախսի,- ասում է Ս. Շահվերդյանը,- այդ նպատակով կազմակերպում ենք զբոսաշրջավայրեր: Եթե 8 տարի առաջ տուրիստը գալիս էր միայն Գանձասարը տեսնելու ու դրա համար ծախսում էր 2 օր, հիմա նա կարող է տեսնել թե Գանձասարը, թե Տիգրանակերտը, թե Տողի մելիքական ապարանքը եւ այլն: 2 օրը չի բավարարում ամբողջը տեսնելու համար, դրա համար պետք է ավելի երկար մնա: Հիմա միջինը մնում են 4 գիշեր՝ երկու անգամ ավելացրել ենք կեցության ժամկետը: Հայաստանում միջինը 7-10 օր է: Պարզ է՝ մենք դեռ դրան չենք հասել, դրա համար ենթակառուցվածքների կտրուկ զարգացում է պետք, բայց կհասնենք դրան»:

Վանք. «Էկլեկտիկա» հյուրանոց

Օտարերկրացի զբոսաշրջիկներն Արցախում տարեկան շուրջ 3 մլրդ դրամ են թողնում, ընդ որում՝ նրանք ավելի շատ են ծախսում, քան ՀՀ քաղաքացիները: Միջազգային զբոսաշրջության ազդեցությունը երկրի ՀՆԱ-ի վրա մոտ 1,5 տոկոս է: 

Ըստ էկոնոմիկայի փոխնախարարի՝ հյուրանոցային տնտեսությունն ամբողջությամբ բավարարում է ներկա պահանջարկը ու դեռ մի քանի տարի կարող է բավարարել: Այսինքն՝ Արցախ ժամանողը գիշերակացի խնդիր չի ունենա, ընդ որում՝ խոսքը ցանկացած գնողունակության զբոսաշրջիկի մասին է: Նույնը վերաբերում է սննդին՝ ամեն ճաշակի, ամեն գնի, սակայն, Սերգեյ Շահվերդյանի փոխանցմամբ, դեռ իրենց ուզած մակարդակի չէ այս ոլորտը:  

ԼՂՀ հյուրանոցային օբյեկտներ (2012 թ.)
Create pie charts

Ներկայում հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվն ավելի մեծ է (ինֆոգրաֆիկայում ներկայացված է 2012-ի դրությամբ), բացի դրանից՝ կան նաեւ ավանդական գյուղական տներ (տուրիստական տներ):

«Զվարճանքը մեզ մոտ խնդիր է: Ղարաբաղը փոքր քաղաքների ու գյուղերի երկիր է, ինչն իր ազդեցությունն է թողնում այդ հնարավորությունների վրա,- ասում է մեր զրուցակիցը,- բայց տուրիստին երբ հարցնում ես, թե ինչն է քեզ ամենաշատը գրավել այստեղ, ասում է՝ մարդը: Մենք կարողացել ենք պահպանել հյուրընկալության ավանդույթը: Դա կարեւոր գործոն է զբոսաշրջիկի համար»:

Քարոզչություն, գովազդ, հակաքարոզչություն եւ պատերազմ

Բացի ենթակառուցվածքների ավելացումից (նոր հյուրանոցների, իջեւանատների կառուցում, զբոսաշրջավայրերի նորոգում եւ երթուղիներում ընդգրկում)՝ ԼՂՀ իշխանությունները տարբեր քարոզչական միջոցներով փորձում են գրավել զբոսաշրջիկների նոր հոսքեր: Ըստ երկրի տուրիզմի գլխավոր պատասխանատուի՝ ամենատարածված ձեւերից մեկը միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցելն է: Արցախը 2008-ից ի վեր կանոնավոր ձեւով պետականորեն մասնակցում է ցուցահանդեսներին, իսկ մինչ այդ երկիրը ներկայացվել է մասնավոր միջոցներով: Բեռլինի, Լոնդոնի, Մոսկվայի, Փարիզի, իտալական ցուցահանդեսներ. սրանք այն հայտնի համաշխարհային հարթակներն են, որտեղ կարելի է գտնել Արցախի տաղավարը: ԼՂՀ-ն ամեն տարի մասնակցում է դրանցից 2-3-ին: Թշնամի հարեւանի կողմից ստեղծած խոչընդոտներին անդրադառնալիս փոխնախարարը ժպտում է, ասում է՝ բացի Լոնդոնից, նման բան ամեն տեղ լինում է. «Ադրբեջանի հակաքարոզչությունը չի կարող ազդեցություն չունենալ, բայց մենք մեր գործն անում ենք»: Արցախն աշխարհին ներկայացնելու տարբերակներ են էլեկտրոնային արդիական միջոցներով՝ կայքերով, սոցցանցերով, քարոզչությունը, ֆիլմերը, գովազդային հոլովակները:

Karabakh Travel

Սերգեյ Շահվերդյանի գլխավոր ցանկություններից մեկը ներկա ծրագրերը շարունակելն է: Բացի դրանից՝ մեծ ցանկություն կա օգտվել եվրոպական լրատվամիջոցների հնարավորություններից, գովազդել Արցախը, ինչը ներկայում հնարավոր չէ ֆինանսական պատճառով:

Շուշի. Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ

Ապրիլյան պատերազմի բացասական ազդեցությունից տուրիզմն անմասն մնալ չէր կարող: «Բնականաբար, ցանկացած անկայունություն տուրիզմի վրա ազդում է, այն շատ զգայուն ոլորտ է: Զբոսաշրջիկների թվի նվազում արձանագրեցինք: Չնայած վաղուց կայունացել է իրավիճակը, քառօրյա պատերազմն, այդուհանդերձ, ազդել է: Բայց մենք չէինք լինի ղարաբաղցի, եթե չփորձեինք ամենավատ վիճակում էլ ինչ-որ լավ բան քաղել,- ասում է փոխնախարարը,- պատերազմը մեր մեջ արթնացրեց ամենալավ, թաքուն պահված, կիսաքնած զգացմունքները, որոնց մեջ նաեւ հայրենիքին աջակցելը՝ թե նյութապես, թե այլ կերպ: Հիմա մեր կռիվը տնտեսական դաշտ է փոխանցվել»:

Շուշի. Վերին մզկիթ

«Հետքի» զրուցակիցը շեշտում է, որ խնդիր կա հատկապես մոտակա (Ռուսաստանի հայությանը) ու նաեւ հեռակա սփյուռքին նոր ուղղություն ցույց տալ՝ կոչ անել, որ ընտանիքով, մենակ կամ ընկերներով գան եւ ժամանակ անցկացնեն Արցախում, հանգստի համար նախատեսված գումարը ծախսեն Ղարաբաղում եւ աջակցեն երկրի տնտեսական աճին. «Եթե խաղաղությունը պահպանվի, տուրիստների հոսքերը մեկ տարում կվերականգնվեն, բայց մեծ կորուստներ կունենանք, եթե չկարողանանք այս տարի գոնե միջին մակարդակով պահպանենք այցելությունը: Այս տարի ամեն դեպքում անկում կգրանցենք, խնդիրը չափի մեջ է: Ամեն ինչ պիտի անենք, որ անկումը նվազագույնի հասցնենք»:

Շահումյանի շրջան (Քարվաճառ) 

ԼՂՀ իշխանություններն, ըստ Ս. Շահվերդյանի, նպատակ ունեն ընդլայնել ու պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնել վարչապետի խոսնակի նախաձեռնած ֆլեշմոբը. «Եթե մենք կարողանանք ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել ֆլեշմոբը, այն կարող ենք ընդլայնել նաեւ ոչ հայերի վրա: Հանրահռչակ մարդիկ պիտի փորձենք ներգրավել դրա մեջ: Այդ մասին քննարկում ենք անում: Ճար չունենք, պիտի անենք: Չենք կարող քաղաքացիներին զրկել այն եկամուտներից, որ նրանք ստանում ենք տուրիզմից: Մտածում ենք Հայաստանի տուր-օպերատորների, լրատվամիջոցների համար ճանաչողական այց կազմակերպել, որպեսզի ավելի լայն քարոզչություն իրականացվի: Ֆլեշմոբի համար էլ մտածում ենք գովազդային հոլովակ պատրաստել»:

Արցախի տուրիզմի համակարգողի ուղերձը զբոսաշրջիկներն մեկն է. «Մենք վերականգնեցինք մեր երկրի անվտանգությունը ամբողջական ծավալով, ու ոչինչ չի խանգրարում ձեր ծրագրերն այստեղ իրականացնելուն»: 

Գլխավոր լուսանկարում՝ Սարսանգի ջրամբարը

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի եւ հեղինակի

Մեկնաբանություններ (1)

Հ.Շ.
Աստուծոյ սիրոյն... Յատկապէս տեղին է ըսել՝ Աստուծոյ սիրոյն, հարկաւո՞ր է, Արցախի մասին յօդվածի մը մէջ, ցուցադրել այդ մզկիթը... Շրջանի մը մէջ ուր մէկ հատիկ մահմետական չի մնացել, ի՞նչ նշանակութիւն ունի այդ մզկիթը... պատգամ մըն է թուրք փախստականներին թէ՝ ահա, իրենց մզկիթը պահպանում ենք, մինբեւ որ ետ վերադառնա՞ն (թերեւս հանրաքվէի՞ն համար...) փաստ մըն է համայն աշխարհին առջեւ թէ այդ քաղաքը թուրքերի՞ն կը պատկանի (անոր պարսկական լինելու վարկածը ամէն դէպքում նրբութիւն մըն է որ սովորական ոեւէ մէկը չի հասկնալու, իսկ որ նոյնիսկ հասկանա, ուրեմն տուեալ մըն է որ նորէն վիճելի կը դարձնէ մեր պապենական իրաւունքի տարողութիւնը այդ քաղաքին եւ այդ շրջանին նկատմամբ)... Աստուծոյ սիրոյն... առաւօտից իրիկուն այպանում էք որ իշխանութիւններ տխմար են, անխելք են, անատակ են, սա են, նա են... իսկ դուք կը բարեհաճի՞ք գոնէ երկու անգամ մտածել, այսպիսի բան մը ընելէ առաջ... --- Մ. Հայդուկ Շամլեան --- http://www.shoushisummercamp.org/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter