Կիրակի, 23 սեպտեմբերի

Սպանվածի հարազատները սպանությունը չկանխելու համար մեղադրում են Թումանյանի ոստիկանությանը



սկիզբը

Մայիսի 19-ին՝ ժամը 4:30-ին, Ալավերդու Զորավար Անդրանիկի 22 շենքի բակում տեղի ունեցած կրակոցներից տուժող Վարդան Ավագյանի հարազատները նույնպես պնդում են, որ այդ կրակոցները 2015թ.-ի հունիսի 7-ի Ալավերդու քաղաքապետի ընտրությունների տրամաբանական շարունակությունն են:

«Ես շարադրում եմ, որ էս ամենը կապված է ընտրությունների հետ: Արթուր Աբգարյանը քաղաքապետ չի ընտրվել, ու դրանով ինքը չի հանգստացել: Իրենք որոշել են՝ եթե կարմիր քարը իրենցն է, մնացել էր Ալավերդին էլ իրենցը  լինի, բայց չեն մտածել, որ Ալավերդին ժողովրդինն ա»,- ասում է տուժող Վարդան Ավագյանի քույրը՝ Աստղիկը: Վերջինս Թումանյանի բաժնի ոստիկաններին մեղադրում է սպանությունները և դեպքի վայրից Վարդան Փիրուզյանի փախուստը չկանխելու գործում անգործություն ցուցաբերելու համար: Նրանք Զորավար Անդրանիկի շենքի բնակիչներին էլ մեղադրում են կեսգիշերի կռվի մասին ոստիկանությանը ժամանակին չահազանգելու համար:

Զորավար Անդրանիկի 22 շենքը գտնվում է Ալավերդու նախկին «Լալվար» կինոթատրոնի շենքի աջ կողմում․ կինոթատրոնի ձախ կողմի երկհարկանի շենքում բնակվում է Վարդան Ավագյանի ընտանիքը: Աստղիկ Ավագյանի ասելով՝ մայիսի 19–ի կեսգիշերի առաջին կրակոցը եղել է «Լալվար» կինոթատրոնի շենքի մոտ՝ ինչ-որ մեքենայի ներսից: «Այդտեղից տղաները (նկատի ունի Վարդան Ավագյանին և Էդուարդ Պողսյանին - Լ․Փ․), լսելով կրակոցի ձայնը, այսինքն եղբորս և Էդուարդ Պողոսյանի ձեռքին ոչ մի բան չի եղել, փախել են դեպի Զորավար Անդրանիկի 22 շենքը»,- պատմում է  Աստղիկը: Նրա ասելով՝ եղբայրը չի փախել դեպի իրենց տան կողմը՝ ծնողներին չանհանգստացնելու պատճառով:

Մեր նախորդ հոդվածում Վարդան Փիրուզյանի եղբայրը՝ Կամո Փիրուզյանն էլ հայտնել է, որ կեսգիշերին Վարդան Ավագյանը, Էդուարդ Պողոսյանը և էլի մարդիկ իրենց շենքի մուտքի մոտ հարձակվել են եղբոր՝ Վարդանի վրա և ցանկացել են նրան սպանել: Վարդան Ավագյանի հարազատներն էլ մեղադրում են  Փիրուզյան եղբայրներին. «Մենք մենակ չենք ասելու, նաև ապացուցելու ենք, որ սա եղել է գազանաբար հարձակում՝ երկու հզոր տղաների վրա: Հարձակվողները եղել են Փիրուզյան Վարդանը, Փիրուզյան Կամոն, այն մնացածի մասին արդեն ես չեմ ասում, որովհետև մենք դրա համար ունենք ոստիկանության հատուկ բաժին, որը Ալավերդիում չի գործում»,- ասում է Աստղիկը:

Վարդան Ավագյանի հարազատներին մտահոգում է այն հանգամանքը, որ հենց սպանության գիշերը  Վարդան Փիրուզյանը արդեն 20 հազար դոլարանոց փաստաբան է ունեցել. «Կարաք ասեք՝ ինքը ով ա: Ես իմ աղբյուրներն ունեմ և գիտեմ, ու դրանք հենց էնենց չի, որ ես խոսում եմ: Ես լրիվ ապացուցված փաստեր եմ ասում: Ո՞նց եղավ, որ Վարդան Փիրուզյանը փախավ, ինտերվյուն տվեց, ադվակատն արդեն ունի, կամ, եթե իրեն վրա հարձակվել են զենքով, ո՞ւր է այդ զենքը: Ինչի՞ այդ զենքը դեպքի վայրում ընկած չի, որ ոստիկանությունը վերցնի ու մատնահետքերով պարզի, ասի՝ էս Վարդան Ավագյանի մատնահետքերն են, կամ Էդուարդի մատնահետքերն են: Էդ գազանաբար պլանավորված հարձակում էր»,- պնդում է Աստղիկ Ավագյանը:

«Ի՞նչ խնդիրներ են ունեցել միմյանց հետ Վարդան Փիրուզյանը, Վարդան Ավագյանը և Էդուարդ Պողոսյանը»,- հարցրի Աստղիկին:

«Ոչ մի խնդիր: Ասեմ խնդիրը: Ընտրություններ եղել է Ձեր քաղաքում՝ Ալավերդիում: Ովքե՞ր են դրել իրենց թեկնածությունները: Ո՞վ էր Աբգարյան Արթուրի կողքը կանգնած մարդը, որ անում էր էդ ընտրական արշավը»,- պատասխանեց Աստղիկը: «Այո, ես իմ տրամաբանությամբ եմ ասում, ես ուրիշ որևէ մեկի այդտեղ չեմ տեսնում: Ես տեսել եմ իրենց ինտերնետային նկարները, իրենց արշավները, մենք բոլորը, ամեն ինչը էս մի քանի օրում տեսել ենք: Մենք մեր ցավը մի կողմ ենք դրել, բայց մենք մտածել ենք, որ մենք գնալու ենք մինչև վերջ, ես մինչև պրեզիդենտ գնալու եմ»,- ասում է տուժողի քույրը: 

«Կամո Աբգարյանը, սպանության գիշերը, երբ ոչ մեկս սպանությունից տեղյակ չէինք, ինչ է կատարվել մեր երեխի հետ, ինքը տեղյակ էր, հասնում է հիվանդանոց, որ տեսնի՝ էն մեկն էլ մեռավ, թե չէ: Ի՞նչ էր անում Կամո Աբգարյանը այնտեղ»,- ասում է Վարդան Ավագյանի մայրը՝ տիկին Անահիտը:

«Ինձ իմ որդու ընկերը՝ Վարդան Փիրուզյանը անընդհատ բողոքում էր , որ Կամո ձաձյա, ինձ հետևում են, գիշերները անհանգստացնում են: Ես էլ Վարդանին խորհուրդ եմ տվել, ասել եմ՝ տղա ջան, Ալավերդուց հեռացի: Մայիսի 19-ի գիշերը էդ կրակոցներից ոչ միայն ես, մեր ամբողջ շենքի բնակիչներն էին արթնացել (Կամո Աբգարյանի տունը գտնվում է դեպքի վայրից հազիվ 50 մետր վերև գտնվող շենքում-Լ․Փ․): Գիշերը կրակոցներից արթնացել ու բալկոնից նայել եմ: Տեսա շատ մեքենաներ են հավաքված Զորավար Անդրանիկի 22 շենքի մոտ: Գոռալով մարդկանց  հարցնում էի՝ ի՞նչ է պատահել: Հարևաններս նույնպես իրենց բալկոններում էին այդ ժամանակ: Իմ մոտ այն տպավորությունն էր, որ տղայիս ընկերոջ՝ Վարդան Փիրուզյանի հետ ինչ-որ բան է պատահել: Տեսա շտապ օգնության ու էլի մեքենաներ շարժվեցին, ես էլ իմ հարևաններից մեկի հետ գնացի հիվանդանոց, տեսնեմ՝ ինչ է պատահել»,- բացատրեց Կամո Աբգարյանը:

Վերջինս խնդրում էր տուժողիների հարզատներին չշտապել իր ընտանիքին զրպարտելու գործում, մի քանի օր սպասել, որից հետո կպարզվի, թե ովքեր են իրենց զավակներին ուղարկել այդ փորձանքին: «Սպանվածների հարազատներին դիտավորյալ իմ ընտանիքի հետ թշնամացնում են, որ իսկական հանցագործները պատասխան տալուց խուսափեն»,- ասում է Կամո Աբգարյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ