HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդենիկ համայնքի զարկերակը

Արփինե Մինասյան

«Համայնքի զարկերակ» ՀԿ-ի շնորհիվ Վարդենիկ գյուղական համայնքում բացվել է ժողովրդական եւ ժամանակակից պարերի խմբակ, որտեղ այս պահին հաճախում է 90 երեխա: 2 տարի առաջ բացվել է 180 տեղանոց կինոթատրոն, որը համագործակցում է «Մոսկվա» կինոթատրոնի հետ: Յուրաքանչյուր շաբաթ վարդենիկցիների համար վճարովի եւ անվճար կինոդիտումներ են անցկացվում:

«Ցուցադրում ենք տարբեր ժանրի ֆիլմեր, հիմնականում մեր հայկական ֆիլմերը, որոնք նոր են նկարահանվում: Մարդկանց ակտիվությունը մեծ է, բայց եղել են ֆիլմեր, երբ ընդհանրապես մարդ չի եկել: Տոմսի առավելագույն արժեքը եղել է 1000 դրամ»,- նշեց «Համայնքի զարկերակ» ՀԿ-ի ղեկավար Արտուշ Խաչատրյանը, ում խոսքով՝ սկզբում հանդես են եկել որպես Վարդենիկի ակտիվ խումբ:

2013թ-ից «Համայնքի զարկերակ»-ը իր շուրջն է համախմբել երիտասարդներին, ովքեր ամեն շաբաթ հավաքվում են եւ քննարկում համայնքի զարգացման, աղբահանության, լուսավորության, ոռոգման, միջոցառումների անցկացման եւ այլ հարցեր: Սկզբում նրանք 25-ն էին, այժմ 55-ն են, նաեւ կամավորներն են շատ:

Վարդուհին եւ Սվետան Վարդինիկի կրթահամալիրում են սովորում, նաեւ «Համայնքի զարկերակ»-ի անդամ են:

«Լավ կլիներ, եթե բանջարաբոստանային կուլտուրաների ճիշտ մշակման ձեւ ուսուցանեին: Ճիշտ է, մենք գյուղում ենք ապրում, բայց շատերս չգիտենք, թե ինչպես ճիշտ աճեցնել եւ խնամել դրանք: Հիմնականում քննարկում ենք գյուղի խնդիրները»,- մեզ հետ զրույցում նշեց Վարդուհի Բադալյանը: Շարունակելով ընկերուհու խոսքը՝ Սվետան նշեց, որ մի ընտանիքի պես են աշխատում: Իրենց ապագան Վարդենիկում կտեսնեն այն ժամանակ, երբ ոչնչի կարիք չզգացվի գյուղում:   

«Օրինակ, գյուղում թող նկարչության դպրոց լինի: Չնայած մեր գյուղը մյուս գյուղերից տարբերվում է նրանով, որ ունենք զբոսանքի վայր՝ այգի: Մանկապարտեզ ունենք, բայց չի գործում, գյուղի երեխաները նախակրթարան են գնում, որը դպրոցի շենքում է: Նախորդ ժողովին մենք գյուղապետի հետ հանդիպում ունեինք, ընթացքում գյուղապետը խոստացավ, որ շուտով մանկապարտեզը կբացվի»,- պատմում է Սվետա Սարգսյանը:

Արտուշ Խաչատրյանը նշում է, թե ինչով է տարբերվում Վարդենիկը մարզի գյուղական մյուս համայնքներից. «Օրացույցի վրա չկա մի տոն, որը մասսայական չտոնենք, կլինի՝ բերքի փառատոն, թե վարդավառի տոն»:

«Համայնքի զարկերակ»-ով այժմ սոցիալական ձեռնարկության ստեղծման աշխատանքներ են իրականացնում: Դիմել են Եվրոպական Խորհրդի աջակցությամբ ֆինանսավորվող «Համայնքի զարգացումը ձեռնարկատիրության միջոցով» (CODE-SE) ծրագրին: Արտուշի խոսքով՝ լիահույս են, որ առաջին տասնյակի մեջ կլինեն եւ դրամաշնորհ կստանան:

«Ցանկանում ենք համայնքում մի ձեռնարկություն բացել, որով նաեւ կաջակցենք շատ սոցիալական խմբերի՝ թոշակառուների, հաշմանդամների, գործազուրկների: Նրանք ինչ-որ չափով կկարողանան գումար վաստակել: Լինելու է կաթի հավաքագրման կետ, նաեւ պանրի փոքրիկ արտադրամաս եւ մեր շրջակա բնությունից հավաքվող շուշանի եւ չիչխանի հավաքագրման կետ: Չիչխանից հյութ, յուղ եւ ձեթ կարտադրենք: Յուղը նաեւ դեղատներում կվաճառենք, նաեւ կարտահանենք»,- սոցիալական ձեռնարկության մասին նշեց Ա. Խաչատրյանը: Վերջինիս ասելով՝ համայնքում կաթի մթերում չի իրականացվում: Շատերն իրենց կաթնամթերքով ապրանքափոխանակություն են անում:

«Գյուղում հիմնականում զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ, կարտոֆիլի, կաղամբի մշակմամբ: Մեզ մոտ արդեն 2-3 տարի ծիրան ենք աճեցնում, որը իր համով գերազանցում է բոլոր տարածաշրջանների ծիրաններին, քանի որ այն շատ երկար ժամանակում է հասնում: Սա փոխանցում եմ Արարատյան դաշտի ծիրան աճեցնողների խոսքը,  նրանք զարմացել էին մեր ծիրանի համով: Երբ մեզ մոտ ծիրանը հասնում է, հանրապետությունում այլեւս ծիրանը վերջանում է»,- պատմում է Արտուշը, որի համոզմամբ, եթե գյուղում թեկուզ կաթի մթերման արտադրամաս բացվի, դրանից նաեւ հարեւան գյուղերը կշահեն, վարդենիկցիներն էլ իրենց խոշոր եղջերավորների քանակը կավելացնեն:    Հարկավոր են նաեւ խոշոր ներդրողներ:

«Չիչխանի հյութը արտադրելու ենք մաքուր, որպեսզի ամեն գնորդ ինքը որոշի, թե ոնց է հարմար էդ հյութը օգտագործել: Եթե դրամաշնորհը ստանանք, այն կազմում է 10 հազար եվրո:  Նաեւ վերապատրաստումներ են անելու, որ ճիշտ աշխատենք»,- ասում է նա:

«Համայնքի զարկերակ» ՀԿ-ն մտադիր է նաեւ Վարդենիկում համայնքային «Ուրախ ավտոբուս» ներդնել, որը համայնքի բնակիչներին հնարավորություն կտա գյուղի մի ծայրից մյուսը արագ հասնել:

«Ունենք կրթահամալիր եւ ավագ դպրոց, որ գյուղի մի ծայրից երեխաները ձնին, անձրեւին, ոտքով, տաքսիով հասնում են: Ուզում ենք այդ խնդիրը լուծել, կլինի վճարովի, բայց մատչելի, որ բոլորին հարմար լինի: Նպատակ ունենք ընդլայնել նաեւ պարի դպրոցը, նոր դասարան ստեղծել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter