HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«River Deep - Mountain High». Ոչ թե երաժշտություն, այլ զանգվածային խառնաշփոթ՝ Թինա Թըրների մասնակցությամբ

Նաիրա Հայրապետյան

Ամերիկացի երաժշտական լեգենդար պրոդյուսեր, երաժիշտ և երգահան Ֆիլ Սփեքթրը մինչ օրս էլ համոզված է, որ իր բազմաթիվ տարիների գերհագեցած գործունեության մեջ լավագույն գործը «River Deep- Mountain High» երգն է՝ Թինա Թըրների կատարմամբ: Երգի ստեղծման առաջին իսկ վայրկյաններից նա հասկացել էր, որ դա միայն Թինան պետք է կատարի՝ իր թավ, հզոր ու զգացմունքային վոկալի բոլոր հնարավորություններով: Նրա դիտարկմամբ  թեկուզ միայն այդ ձայնի շնորհիվ էլ այն կարող էր հիթ դառնալ:

Աշխարհի լավագույն երգերից մեկը՝ «River Deep- Mountain High» -ը, 1966թ. գարնանը գրվեց: Հեղինակներն են Ֆ. Սփեքթրը և հայտնի երգահաններ Ջ. Բերի- Է. Գրինվիչ ամուսնական զույգը: Նրանք այդ երեկո միացրել էին իրենց երևակայական բոլոր հնարքներն ու պատկերները՝ տեղում պատկերացրածը ներկայացնելով երաժշտության մեջ ՝ յուրաքանչյուրն իր նվագարանի օգնությամբ: Սփեքթրը կիթառ էր նվագում, ստեղնային գործիքներից ինչքան հնարավոր էր գլուխ էր հանում Բերին, Գրինվիչն էլ տկտկացնում էր դաշնամուրին: Հետագայում երգի մասին հուշերը նրանց անմիջապես տեղափոխում են հեռավոր 60-ականների գարնանային այդ օրը, երբ սենյակում երեք ընկերներ փորձում են նվագել ու ընդհանուր երգ ստանալ: «Մենք երեքս էլ ասես մոլագարներ լինեինք՝ երգելուց շատ հեռու և հանկարծ, բոլորովին անսպասելի կերպով հայտնաբերեցինք, որ ինչ-որ բան ստացվել է»,- հիշում են նրանք:

Երբ Ֆ. Սփեքթրը վերջնականապես հաստատեց Թինա Թըրների ընտրության որոշումն ու ձայնագրման ձևաչափը, նա հանկարծ հասկացավ, որ մի խնդրի առջև է կանգնած: Այն հաղթահարելու համար պրոդյուսերը պատրաստ էր անսովոր մի պայմանագիր ստորագրել: Երգչուհին այդ տարիներին հանրահայտ «Ike and Tina Turner» դուետի անդամ էր, հանդես էր գալիս հենց այդ անվան ներքո և գլխավոր վոկալն էր: Դուոն ղեկավարում էր Այքը, նրանց հետ կապված ամեն ինչն էր ղեկավարում ու վերահսկում նա՝ առաջարկերը, երգերը, պայմանագրերը, համագործակցություններն ու ստուդիայի ողջ ընթացքը՝ ձայնագրման բոլոր մանրուքներով: Այլ կերպ ասած՝ նա վերահսկում էր ամեն ինչ՝ անգամ նրանց մոտ շրջող ճանճի տզզոցը: Սակայն Սփեքթրին միայն Թինան էր պետք, իսկ ձայնագրման ընթացքն ու նաև նրա վոկալի հետ աշխատանքը միայն իր պատկերացրած հնչունային պատկերում պիտի լիներ, ուրիշ ոչ ոք չէր կարող մասնակցել, առավել ևս խառնվել գործին: Եվ նա գտավ խնդրի լուծման ճանապարհը. 20 հազար դոլար վճարվեց Այքին, որպեսզի առանց իր մասնակցության երգը ձայնագրվի: Այքը երջանիկ ու գոհ դեմքով ընդունեց առաջարկը, բայց նաև չմոռացավ հիշեցնել, որ ամեն դեպքում Թինան իր երգչուհին է: Արդյունքում, չնայած նրա բացակայությանն ու բոլորովին այլ ձևաչափի ձայնագրությանը, երգը գրանցվեց  որպես «Ike and Tina Turner»-ի արտադրանք:

«River Deep- Mountain High» երգի ձայնագրությունը կատարվեց Սփեքթրի հայտնի և այն ժամանակ նորարար «Wall Of Sound» ձայնային տեխնիկայով: Երաժշտության արտադրական հենց այս ձևաչափի զարգացմամբ է հայտնի պրոդյուսեր Սփեքթրը: Հայտնի այլ խմբերի և երաժիշտների հետ ևս կիրառելով այս տարբերակը՝ նա առանձնահատուկ հաջողությունների էր հասել: Այն ժամանակներում սինգլի համար չլսված ծախսեր ենթադրող այս մեթոդը 22 հազար դոլար արժեր և պահանաջում էր ունենալ 21 երաժիշտ-կատարողի (չորսից հինգ դաշնակահար, մի քանի բասիստ, հարվածորդներ և այլն) և ևս 21 բեք վոկալիստի: Սփեքթրն արդեն ուներ իր հիմնական թիմը, որին շուտով հավաքեց լոսանջելեսյան ստուդիաներից մեկում: Նրանցից շատերը գաղափար անգամ չունեին, թե ինչ երգի համար էին հավաքվել կամ ում համար էր երգը, ով էր կատարելու: Երբ Թինան ներս մտավ, լեփ-լեցուն մարդկանցով մի ստուդիայում հայտնվեց, որոնց համար Սփեքթորը փորձնական ծնգծնգացնում էր «River Deep- Mountain High»-ի մեղեդին: Կատարելության հասնելու պրոդյուսերի ձգտումը խիստ ու ծանր աշխատանք էր պահանջում բոլորից: Թինան ստիպված էր երգը կրկնել նորից ու նորից, ինչպես ինքն է ասել՝ «500 000 անգամ», որպեսզի ստացվեր պահանջված ձայնային որակը: «Քրտինքի մեջ կորել էի արդեն,- հիշում է լեգենդար երգչուհին,- այնքան, որ ստիպված եղա հանել շապիկս ու աշխատանքի հետագա ընթացքում մնալ միայն կրծկալով: 

Ձայնագրվող խմբի երգչուհիներից մեկի՝ Դարլին Լավի նկարագրությամբ՝ «River Deep- Mountain High»-ի ձայնագրման աշխատանքը «երաժշտության փոխարեն ամբողջովին զանգվածային խառնաշփոթ էր»: Ներկաներից ոչ մեկը առանձնապես չէր էլ կարողանում ամբողջովին մտնել այդ պրոցեսի մեջ՝ փորձելով հասկանալ դրա կարևորությունը: «Բացման տողը հազարերորդ անգամ երգելուց հետո՝ Թըրներն արդեն դեն էր նետել հագուստն ու կանգնել մինչև ներքնաշորերը մերկացած»,- պատմում է Լավը:

Միայն մի մարդ էր այնտեղ հավատում, որ այդ պահին ստուդիայում հազարավոր փորձերի, ձայնային արձագանքների մեջ կորած երաժշտության միջից ստեղծվում էր մեծագույն մի գործ, որն իր կնիքն էր թողնելու երաժշտության պատմության մեջ: Ի դեպ, Լավը սկզբում հույս ուներ, որ երգը Սփեքթրն իրեն էր առաջարկելու, և այնուամենայնիվ, չնայած պրոդյուսերի ընտրությանը, նա մեկն էր այն բազմաթիվ երգիչներից, ովքեր հետագայում ձայնագրեցին նույն երգի քավըր տարբերակները:

Բազմաչարչար «River Deep- Mountain High»-ի սինգլը թողարկվեց 1966թ-ի մայիսին: Այն միանգամից զգալի հաջողություններ ունեցավ եվրոպական լսարանում: Մեծ Բրիտանիայում լավագույն սինգլների շարքում հատեց 3-րդ հորիզոնականը: Երգն այս քմահաճ ու սկզբունքային երաժշտական երկրում հիթ դարձավ: Հայրենիքում՝ Միացյալ Նահանգներում, սակայն, երգը չարդարացրեց նրա հանդեպ աննախադեպ ջանք ու վստահություն ներդրած Սփեքթրի հույսերը: «Բիլբըրդի» հարյուրյակում «River Deep- Mountain High»-ը մի կերպ մագլցեց 88-րդ հորիզոնականն ու այլևս չկարողացավ առաջ գնալ: Չնայած պրոդյուսերը հայտարարեց, որ գոհ է քննադատների և եղած ընդհանուր կարծիքներից, այնուամենայնիվ այս երգից հետո նա որոշ ժամանակ՝ մոտ երկու տարի, հեռացավ երաժշտական արդյունաբերության տեսադաշտից: Երգի և նրա մեկնաբանության հանդեպ կարծիքները ծայրահեղ տարբեր էին, բայց, այնուամենայնիվ, շատերն իրապես համաձայն էին Սփեքթրի հետ՝ նա ստեղծել էր իր լավագույն գործերից մեկը:

Ձայնագրության հետ բոլորովին չառնչված, բայց պատկանելիությունը անվերապահորեն իրեն վերագրած Այք Թըրներն ասում էր, որ ինքը նախքան երգի հրապարակելն արդեն գիտեր, որ այն ԱՄՆ-ում հաջողության չի հասնի, քանի որ իր ձևով և մատուցմամբ անհամապատասխան էր ժամանակի տրամադրությանը: Նրա կարծիքով՝ 60-ականների երկրորդ կեսից մեծ թափ ստացած սոցիալական և մշակութային հզոր շարժման մեջ այլևս լսելի չէին լինելու ձայնային նման միքսերը, թեկուզ որ նախկինում հաջողված են եղել: Երաժշտության պատմության մեջ «սևերի և սպիտակների» բախումը և «սևերի»՝ այդ բախման մեջ արդեն հպարտորեն առաջանալու հաստատուն երևույթը խոցելի իրավիճակի մեջ էր դնելու «սպիտակ» հնչյունների մեջ տեղավորված «սև» ձայնը:

Խնդիրներն իսկապես շատ էին և միգուցե արդարացի, բայց, չնայած այս ամենին, երգն այնուամենայնիվ ամրագրվեց երաժշտության պատմության բազմաթիվ էջերում: Թըրներ զույգն էլ չնայած ամերիկյան ոչ այնքան հաջող ընդունելությանը՝ իրենց հետագա գործունեության մեջ ընգրկեցին երգը բազմաթիվ անգամ: Այսօր «River Deep»-ը  համարվում է բոլոր ժամանակների լավագույն երգերից մեկը և իր փառավոր տեղն արդեն վաղուց զբաղեցրել է «Ռոքնռոլի փառքի սրահում»:

«Կատարյալ ձայնագրություն է՝ սկզբից մինչև վերջ, այնպես որ այլևս ոչինչ չես կարող ավելացնել»,- այսպես է բնութագրել «River Deep- Mountain High»-ը լեգենդար Ջորջ Հարիսոնը: «Rolling Stone» ամսագրի հարցումների արդյունքում 500 երգից բաղկացած բոլոր ժամանակների լավագույն երգերի շարքում այս մեկը 33-րդ տեղում է, ի դեպ` և՛ 2004թ-ին, և՛ 2011թ-ին: Երաժշտական մեկ այլ հեղինակավոր ամսագրի՝«New Musical Express»-ի տվյալներով` այն զբաղեցրել է 37-րդ տեղը. սա արդեն` 2014թ-ին: Ինչպես տեսնում ենք, տարիների զգալի հեռավորությունն անգամ փոքր-ինչ չի շեղել թըրներյան կատարման հանդեպ հետաքրքրությունն ու վստահությունը:

Բազմաթիվ են ու բազմազան «River Deep- Mountain High»-ի ձայնագրությունները այլ արտիստների կատարմամբ: Իրար ետևից մի քանի տարվա ընթացքում ներկայացվեցին երգի ամենատարբեր մեկնաբանությունները հայտնի երգիչների կատարմամբ: 1967թ. այն ձայնագրեց Հարի Նիլսոնը «Pandemonium Shadow Show» ալբոմի կազմում, մեկ տարի անց ներկայացվեց «Deep Purple» բրիտանական ռոք խմբի քավըրը՝ «The Book of Taluesyn» ալբոմում: 1969թ. Թինայի կատարմամբ այն նորից վերաթողարկվեց: Նույն թվականին երգը հնչեց նաև «Eric Burdon and the Animals» խմբի կատարմամբ: 1970թ. երգի նոր մեկնաբանությունը հայտնվեց Դայանա Ռոսի «Supremes» և «The Four Tops» խմբերի կատարմամբ: 1995թ. Ֆ. Սփեքթորը համաձայնվեց մեկ անգամ ևս աշխատել երգի ձայնագրման վրա, այս անգամ, սակայն, կատարման իր տեսլականը վստահելով Սելին Դիոնին: Իր երաժշտական կարիերայի այդ փուլում կանադացի երգչուհին արդեն սկսել էր առաջ սլանալ փառքի ուղեկցությամբ: «River Deep- Mountain High»-ը նրա կատարմամբ ընդգրկվեց 1995թ. ձայնագրված « Live à Paris» համերգային և 1996թ. «Falling Into You» ալբոմների համար: Ս. Դիոնը այն այդ տարիներին անպայման ընդգրկում էր համերգային ծրագրերում: Ձայնագրության ստուդիական տարբերակը թողարկվեց նաև 2008թ-ին, «My Love: Essential Collection» հավաքածուի կազմում:

Եվ, այնուամենայնիվ, այս բազմաթիվ, բազմատեսակ և հաջողված մեկնաբանությունների մեջ լավագույնը մինչ օրս մնում է ամենաանհաջողակն ու շատ քննադատվածը՝ Թինա Թըրների «River Deep- Mountain High»-ը: Նա հետագայում տարբեր առիթներով մի քանի անգամ ևս ձայնագրեց այն: Այս երգը Թըրների ողջ ստեղծագործական կյանքում մնաց այն կարևորագույններից մեկը, որոնց գոյությամբ և որոնցից հետո հաղթահարվում են նոր ու մեծ բարձունքներ: «River Deep- Mountain High»-ը վավերացված է Թըրների անջնջելի ստորագրությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter