HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ամենացավալին լրատվամիջոցների պարտությունն է

Մարտի 5-ին վերջապես կպարզվի, թե ով հաղթեց 2003 թվականի ՀՀ Նախագահական ընտրություններում:

Հայաստանում հասարակական կարծիք ստեղծում են հեռուստաընկերությունները: Երկրի ամբողջ տարածքով սփռվում են Հանրային եւ «Պրոմեթեւս» հեռուստաընկերությունների հաղորդումները: Գրեթե բոլոր մարզերում գոյություն ունեն տեղական հեռուստակայաններ: Հասարակական կարծիքի ձեւավորման այս գլխավոր միջոցը նախընտրական ամբողջ շրջանում աշխատում էր լուծել մեկ խնդիր` հնարավորինս աջակցել գործող Նախագահի վերընտրվելուն: Հեռուստաընկերությունները Ռ. Քոչարյանի քարոզչության գլխավոր միջոցն էին, նրանց վրա էր դրված ընտրարշավի ամենամեծ խաղագումարը:

Մինչեւ մարտի 3-ը ցանկացած պահի միացնելով հայաստանյան որեւէ հեռուստաալիք` կարելի էր տեսնել, թե ինչպես է աշխատում Նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանի քարոզչամեքենան: Առաջին փուլին հաջորդած երեք օրերին արդեն հստակ էր, որ այս բոլոր կայանները հրահանգ են ստանում մի վայրից` Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբից: Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, «Պրոմեթեւս», «Արմենիա», «Շանթ», «ԱԼՄ» եվ «Կենտրոն» մասնավոր ընկերությունների հաղորդումներն ու սյուժեները, ամբողջ լրատվությունը միեւնույն պարանին փռված լվացքի էին նման:

Իրենց քծնանքն արտահայտելու մրցավազքի արդյունքում հեռուստակայաններն իսկապես կարողացան «զզվեցնել» ընտրազանգվածին: Այսպիսի քարոզչության շնորհիվ առաջին փուլում եղած նրա որոշակի հեղինակությունը հասավ նվազագույնի: Մենք տարբեր առիթներով հպարտացել ենք խոսքի ազատության ոլորտում հայաստանյան լրատվամիջոցների ձեռքբերումներով: Սակայն նախընտրական քարոզարշավը բացեց մեր բոլոր խաղաքարտերը: Նախագահական այս ընտրարշավը ցույց տվեց, որ Հայաստանում չկա անկախ ու ազատ հեռուստակայան:

Մեր լրատվամիջոցների աշխատանքի գնահատականը տեղական եւ միջազգային կազմակերպություններն արդեն տվել են: Դրանք շատ հիասթափեցնող են: «Ես դիմում եմ լրատվամիջոցներին եւ շահագրգիռ անձանց` հայտնելով մեր անհանգստությունը այն փաստի վերաբերյալ, որ դուք չեք իրականացրել ձեր գործը որպես պատասխանատու, օբյեկտիվ եւ արհեստավարժ լրագրողներ»,- ասված է «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության տնօրեն Վիլյամ Կանտերի` հայաստանյան լրատվամիջոցներին ուղղված փետրվարի 28-ի հայտարարությունում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կանտերը ներկայացրեց նաեւ կազմակերպության դիմումը Հայաստանի լրատվամիջոցներին: «Մենք ենթարկվում ենք եւ տեղի տալիս ցանկացած ճնշման, ծախվում ենք հեշտորեն եւ անբռնազբոս»,- ասված է դիմումում:

Լրատվամիջոցների Կովկասյան ինստիտուտն անցկացրեց 2003 թ. նախագահական ընտրությունների լուսաբանման որակական մոնիտորինգ: Ահա թե ինչ է արձանգրված նախնական հաշվետվության մեջ. «Ընտրությունների լուսաբանումը անաչառ, հավասարակշռված, արդարացի եւ անկողմնակալ ճանաչել չի կարելի: Ո՛չ պետականամետ եւ ո՛չ էլ ընդդիմադիր լրատվամիջոցներն իրադարձությունների կողմնակալ եւ գնահատող լուսաբանումից հրաժարվելու ցանկություն կամ ունակություններ չցուցաբերեցին»: Այնուհետեւ նշված է, որ հայաստանյան լրատվամիջոցները լսարանին են ներկայացրել խմբագրական մեկնաբանություններով ուղեկցվող նորություններ: Տեղեկատվությունն ուղեկցվում էր ցուցումներով, թե այն ինչպես պետք է մեկնաբանվի: Արդյունքում «Հայաստանի լրատվամիջոցները, իրականացնելով սեփական տեսակետներն արտահայտելու իրավունքը, ընտրողներին հնարավորություն չտվեցին կատարել տեղեկացված ընտրություն»:

ԶԼՄ-ների` ընտրությունների նախընտրական քարոզչության լուաբանման մոնիտորինգ է անցկացրել նաեւ Երեւանի մամուլի ակումբը: Ամփոփելով նախնական տվյալները` մոնիտորինգի խումբը նշել է. «Հեռարձակող ԶԼՄ-ներն ընդհանուր առմամբ չապահովեցին ընտրարշավի հավասարակշռված լուսաբանում: Այս եւ նախկին ընտրությունների քանակական մոնիտորինգի տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ հեռուստաեթերում բազմակարծության մակարդակն ավելի ցածր էր, քան 1998 եւ 1999 թվականներին»:

«Մենք արժեզրկում ենք լրագրողի մասնագիտությունը եւ կամաց-կամաց կորցնում ենք այնքան դժվարությամբ նվաճած խոսքի ազատությունը: Միակ բանը, որ մենք դեռ չենք կորցրել` հնարավորությունն է: Իրական արժեքներին վերադառնալու, մեր լսարանի վստահությունը վերագտնելու եւ երբեւէ որպես չորրորդ իշխանություն կայանալու հնարավորությունը»,- նշված է «Ինտերնյուս» կազմակերպության լրատվամիջոցներին ուղղված դիմումի մեջ:

Մենք այդ հնարավորությունը բաց թողեցինք: Մեր դաշտն ինքնակամ նետեցինք Նախագահի թեկնածուների ոտքերի տակ: Նրանք տրորեցին մեզ եւ մի քանի օր հետո կշպրտեն մի կողմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter