HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ո՞վ է տվել կրակելու հրամանը- 3

սկիզբը

Մարտի վեցին ՀՀ Ոստիկանության լրատվության վարչության պետ Արտակ Վարդազարյանը հայտնեց, որ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով ձերբակալվել է վեց մարդ, հետախուզման մեջ են եւս երկուսը:

Մարտի 7-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտարարեց հետախուզվող անձի տվյալները. Երեւան քաղաքի բնակիչ, 1955 թ. ծնված Հովհաննես Սերյոժայի Հարությունյան (մականունը` «Ապեր»): Ըստ երեւույթին հետախուզման մեջ գտնվող երկրորդ անձի տեղը հայտնի է եւ հնարավոր է` նրան արդեն ձերբակալել են: «Երկիր» օրաթերթում տպագրված տեղեկատվության համաձայն մեղադրյալներից մեկի անունը Ջոն Հարությունյան է:

Վերջինս խոստովանել է, որ ինքն է սպանել Տիգրանին: Չնայած պաշտոնապես դեռ չի հայտարարվել, սակայն մենք կարողացանք պարզել, որ բոլոր ձերբակալվածները Լեռնային Ղարաբաղի բնակիչներ են: Հինգը Մարտունի քաղաքից են, մեկը` Հադրութից: Ընդ որում, նրանցից մեկը ներկայումս Մարտունու զինվորական դատախազության աշխատակից է, այսինքն` զինծառայող: Երեքը նախկինում դատված են եղել:

Ձերբակալված են Տիգրան Նաղդալյանի սպանությունն իրականացրած Ջոն Հարությունյանի եղբայրը` Ջանիկ Հարությունյանը, Սամվել Աբրահամյանը (մականունը` Ցավ), Ֆելիքս Առուստամյանը (նախկինում ծառայել է բանակի հետախուզությունում), Հովիկ Ավագյանը: Վերջինս Լեոնարդ Պետրոսյանի հեռավոր ազգականն է: Իսկ ձերբակալված վեցերորդ անձի (հադրութեցու) անուն ազգանունը դեռեւս չենք կարողացել պարզել: Ցավով պետք է նշեմ, որ բոլոր ձերբակալվածներն էլ Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ են: Ջոն Հարությունյանի մյուս եղբայրը` Ռաջիկը, զոհվել է պատերազմում:

Մարտունեցիների վկայությամբ` Ջոնն այնպիսի ծայրահեղ աղքատ վիճակում էր, որ երեխաներին չէր կարողանում դպրոց ուղարկել` շոր չունեին: Ջոնն ունի 4 երեխա: Իսկ ընդհանրապես նշված հինգ անձինք էլ վատ էին ապրում մինչեւ 2003 թվականի սկիզբը: Հետո, հունվար-փետրվարին նրանց կյանքը շեշտակի փոխվեց, բոլորը ավտոմեքենաներ գնեցին: Մարտունու նման փոքր քաղաքի բնակիչներն այս ամենը չէին կարող չնկատել: Զրուցակիցներիցս մեկը պատմեց, որ Ջոնը մի անգամ մտել է իրենց աղքատ հարեւանի տուն եւ մի քանի հարյուր դոլար թողել նրանց, ասելով` «գնացեք, ուտելիք, բան-ման առեք»: Ջոնը դատապարտվել է մեկ անգամ անասնագողության համար: Մեր տվյալներով` հարցաքննության համար Երեւանում է գտնվում նաեւ Ջոնի մայրը:

Հանցավոր խմբի ղեկավար ամենայն հավանականությամբ Սամվել Աբրահամյանն է` Ցավը: Նա երեք երեխայի հայր է, ունի երկու դատվածություն: Առաջին անգամ Մարտունու քաղխոհրդի նախագահին ծեծելու, երկրորդ անգամ` բանտից փախչելու եւ այդ ընթացքում աշխատողներին մարմնական վնասվածքներ հասցնելու համար: 1992թ. փետրվարին Վիլիս մեքենան, որի մեջ գտնվում էր նաեւ Ցավը, Ամիրանլար ադրբեջանաբնակ գյուղի մերձակայքում պայթեց ականի վրա: Նրա ոտքը կտրվեց, վնասվեց աչքը: Մարտունու քաղաքապետի վերջին ընտրությունների ժամանակ նա առաջադրել էր իր թեկնածությունը:

Մեր ունեցած տեղեկություններով` ՏՏ մակնիշի ատրճանակը, որով սպանել են Տիգրան Նաղդալյանին, գրանցված է Մարտունու ՆԳ բաժնում, այսինքն` ծառայողական զենք է: Սակայն այն երկու ամիս գտնվում էր Սամվել Աբրահամյանի` Ցավի մոտ: Հասկանալի չէ, թե ինչպես է ծառայողական զենքը հայտնվել Սամվելի մոտ: Սակայն այս տվյալը ճշտել հնարավոր չեղավ: Զենքի մասին մեր ունեցած մեկ այլ տեղեկության համաձայն` այս զենքով կատարվել է մեկ այլ սպանություն: Չի բացառվում, որ այս քննությամբ բացահայտվի աղմկահարույց մեկ այլ սպանություն եւս, եւ զարգացումները կարող են անկանխատեսելի լինել:

Ինչպե՞ս են իրավապահները հայտնաբերել խմբին: Մեկ ամիս առաջ Հայաստանի Գլխավոր դատախազության մի աշխատակից, խոսելով Տիգրանի սպանության բացահայտման մասին, ասում էր, որ նման հանցագործությունները կամ չեն բացահայտվում, կամ էլ անսպասելի մի տեղից դուրս է գալիս տեղեկատվություն, որի միջոցով հնարավոր է լինում դուրս գալ հանցագործի վրա: Սա, ըստ երեւույթին, հենց այդ դեպքն է: Իրավապահները պատահաբար են հայտնաբերել Տ.Նաղդալյանի սպանությունն իրականացրած խմբին: Խոսում են երկու վարկածի մասին: Ինչպես արդեն նշեցինք խմբի անդամները վերջին երկու ամիսների ընթացքում գնել են մեքենաներ եւ անընդհատ կերուխումների մեջ էին: Նրանց պահվածքն այնքան էր աչք ծակում, որ գրավել էր իրավապահների ուշադրությունը: Նրանց, որպես վտանգավոր տարրերի, ձերբակալել են Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ, որտեղ էլ ձերբակալվածները խոստովանել են, որ իրենք են կատարել են սպանությունը:

Ըստ մյուս վարկածի` Հովիկ Ավագյանը պարբերաբար միս էր բերում Հայաստան վաճառելու եւ, երբ նրա մեքենան պատահաբար ստուգել են մի անցակետում, հայտնաբերել են ավտոմատ եւ ատրճանակ: Հետագայում պարզվել է, որ հենց այդ ատրճանակով են սպանել Տ.Նաղդալյանին:

Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Ջոն Հարությունյանը խոստովանել է, որ «Պայմանավորվածության համաձայն սպանությունից առաջ ստացել են փողի մի մասը, իսկ երկրորդ մասը պետք է իրենց փոխանցեին սպանությունն իրականացնելուց հետո: Սակայն այդպես էլ փողի երկրորդ մասը չեն ստացել»: Գումարի չափի մասին տեղեկությունները ճշտել հնարավոր չէ, բայց խոսքը 100 հազար դոլարի եւ նախնական վճարված 30 հազար դոլարի մասին է:

Ջոն Հարությունյանի հետ ես ծանոթացել եմ 1992-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղի Մարտունի շրջկենտրոնում: Քաղաքը կիսով չափ պաշարված էր: 500 մետրի վրա ադրբեջանական Ամիրանլար գյուղն էր, մի քիչ ավելի հեռու` Մուղանլուն, այնուհետեւ` Կուրոպատկինոն: Ստեփանակերտ տանող ճանապարհը, որն անցնում էր Ղարադաղլու ադրբեջանաբնակ գյուղի կողքով, փակ էր: Դեռ նոր էին սկսել ձեւավորվել Մարտունու ինքնապաշտպանական ջոկատները: Մարտունիում հայտնի էր Արտիկի խումբը: Արտիկը մասնակցել է աֆղանական պատերազմին, Ղարաբաղում մարտերից մեկի ժամանակ վիրավորվել է ոտքից, մի ոտքը մյուսից կարճ է 8 սմ-ով: Մի քանի տարի է Արտիկը գտնվում է Ռուսաստանում: Ջոնիկ Հարությունյանն այս խմբից էր: Խմբում ընդգրկված տղաներն ավելի շատ հայտնի էին թմրանյութեր օգտագործելով:

Մարտունիում այս խմբի հետ կապված բազում պատմություններ են եղել:

1992 թ., երբ Մոնթե Մելքոնյանը դարձավ Մարտունու ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, խնդիրներ առաջացան այս խմբի հետ: Մոնթեն կանչեց Արտիկին եւ ասաց, որ նրանք պետք է դիրքում հերթապահեն: Արտիկը պատասխանեց. «Մենք կռվող տղաներ ենք եւ միայն կռիվներին ենք մասնակցելու»: Մոնթեն էլ բարկացած ասաց. «Ինձ կռվող տղաներ պետք չեն, ինձ զինվորներ են պետք»: Հենց այս խոսակցությունից հետո էր խորացել հակասությունը Մոնթեի եւ քաղաքում անընդհատ «ռազբորկաների» մեջ գտնվող Արտիկի խմբի միջեւ: 1993-ի հունվարին խմբի տղաները գողացան Մարտունիում Արտակարգ իրավիճակների կոմիտեի ներկայացուցիչ« գնդապետ (այսօր գեներալ) Հմայակ Հարոյանի վիլիսը եւ տարան Ստեփանակերտ: Այս հակասությունն այն ժամանակ չկարողացավ հարթել նույնիսկ Սամվել Բաբայանը:

Մոնթեն որքան էլ պայքարեց Հ.Հարոյանին Մարտունիում պահելու համար, որեւէ արդյունքի չհասավ: Գնդապետ Հարոյանը ստիպված ժամանակավորապես լքեց Մարտունին: Արտիկի խումբը գնալով դարձավ անվերահսկելի մի կառույց: 1993-ի մայիսին Մոնթեն Ստեփանակերտի ղեկավարության առջեւ պայման դրեց` կամ իրեն պետք է թույլ տան զինաթափել խմբին, կամ ինքը կհեռանա Մարտունուց: Ստեփանակերտից Մարտունի եկան Զինվորական ոստիկանության աշխատակիցները, զինաթափեցին խմբին եւ ձերբակալեցին:

Որոշ ժամանակ անց խմբի անդամները ազատ արձակվեցին եւ ընդգրկվեցին ինքնապաշտպանական ուժերում: Խմբի տղաները լավ կռվողների համբավ ունեին: Հրադադարից հետո տղաներից մի քանիսը մնացին բանակում, մյուս մասը զբաղմունք չուներ: Նրանք մշտապես թմրանյութ էին օգտագործում: Հաշիշն անպակաս էր նրանց մոտից: Պատերազմի տարիներին` 1992-ի մարտին խմբի տղաներից մեկը, որը հետագայում մեծ չափաքանակով թմրանյութ օգտագործելուց մահացավ, մի անգամ նույնիսկ ինձ հաշիշ առաջարկեց:

Մեր ունեցած տվյալներով` ՀՀ Գլխավոր դատախազությունը որոշել է բերման ենթարկել Արտիկին: Հնարավոր է` երկրորդ անձը, որի մասին մարտի վեցին որպես հետախուզվող նշել էր ՀՀ Ոստիկանության լրատվության վարչության պետ Արտակ Վարդազարյանը, հենց Արտիկն է: Ըստ որոշ լուրերի` դեկտեմբերին նա գտնվում էր Երեւանում:

Սպանություն իրականացնողը, ըստ երեւույթին, պատվիրատուի մասին որեւէ բան չգիտի: Նրա հետ բանակցողը` միջնորդը, ամենայն հավանականությամբ, եղել է հետախուզման մեջ գտնվող Հովհաննես Հարությունյանը: Կամ վերջինս 70 հազարը վերցրել ու լքել է Հայաստանը, կամ էլ նրան էլ են արդեն վերացրել: Տրամաբանությունը հուշում է, որ պատվիրատուն ամեն ինչ անելու է մարդասպանի հետ բանակցողին վերացնելու համար: Այս դեպքում պատվիրատուն այդպես էլ անհայտ կմնա:

Ո՞վ է տվել կրակելու հրամանը:

Առանց այս հարցի պատասխանի հնարավոր չէ հասկանալ, թե ինչու են սպանել Տիգրան Նաղդալյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter