HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողը չի զրպարտել ու վիրավորել դպրոցի տնօրենին

Լրագրող Ադրինե Թորոսյանն իր հրապարակումներով չի զրպարտել ու վիրավորել Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանին: Օրեր առաջ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Ստեփանյանի բողոքը և օրինական ուժի մեջ է թողել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի մարտի 12-ի վճիռը:

«Դատարաններն արձանագրեցին, որ որպես լրագրող՝ իմ մասնագիտական գործունեությունն եմ կատարել և իմ լուսաբանումներով ընդամենը տեղեկատվություն եմ հաղորդել հանրությանը»,-«Հետքին» հայտնեց լրագրող Ադրինե Թորոսյանը:

Ըստ դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանի բողոքի, 2014-ի դեկտեմբերի 12-ին «Լոռի» հեռուստատեսության եթերում լրագրող Ադրինե Թորոսյանն հեղինակել է «Արդյունքում տուժել է դպրոցի բյուջեն» (մաս 2) տեսանյութը, ինչպես նաև նույն թվականի դեկտեմբերի 20-ին hraparak.am կայքում հեղինակել է «Մարզպետը մտադրվել է երկրորդ դատն էլ պարտվել դպրոցի տնօրենին» հոդվածը, որոնցում, ըստ Կարինե Ստեփանյանի, տեղ են գտել իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող հրապարակային վիրավորանքներ և զրպարտություն պարունակող տեղեկություններ:

Օրինակ` դպրոցի տնօրենը վիրավորանք ու զրպարտություն է համարել հրապարակման մեջ տեղ գտած հետևյալ միտքը. «...  տնօրենին պատժելու նպատակով նրան իբր աշխատանքից ազատած Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, սակայն, մեկը մյուսի հետևից տապալում է նրա վերաբերյալ դատարան մտած գործերը, մեր հիմնավոր կասկածներով, տնօրենի հետ «հանցավոր» փոխհամաձայնության արդյունքում»:

Վերաքննիչ դատարանը, սակայն, հանգել է այն եզրակացության, որ հոդվածում վերը նշված արտահայտությունը հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակ չի հետապնդել, այն չի կարող դիտվել որպես վիրավորանք և զրպարտություն, «քանզի լրագրողը օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված` իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքից ընդամենը լուսաբանել է Դատարանում քննված թիվ ԼԴ/1283/02/13 քաղաքացիական գործը, դրա մասին տեղեկացնելով հասարակությանը, հոդվածում վիրավորանք և զրպարտություն պարունակող որևէ արտահայտություն չկա, իսկ հանցավոր բառը նշվել է չակերտներում, ինչը նշանակում է, որ այն բառի բուն իմաստին չի համապատասխանում, փոխաբերական իմաստով է արտահայտված»,-նշված է Վերաքննիչ դատարանի որոշման մեջ:

Լրագրողն այս դատական գործընթացները համարում է իրեն կաշկանդելու փորձ. «Պարզ էր, որ ակնհայտ անհիմն հայցադիմումով իմ դեմ սկսված ու երկրորդ տարին շարունակվող դատական գործընթացով փորձ է արվում լռեցնել ինձ՝ որպես լրագրողի և կաշկանդել հետագա հրապարակումներիս առումով, քանի որ լրագրողական հետաքննությամբ հանրությանը փաստեր էի ներկայացրել որոշակի ղեկավար պաշտոն զբաղեցնող, հետևաբար, հանրությանը հաշվետու անձանց գործողությունների մասին, որոնց արդյունքում հանրակրթական դպրոցն է տուժել՝ իր բյուջեով: Ուշադրությանս կենտրոնում էլ Լոռու մարզպետն էր՝ իր պաշտոնեական անգործությամբ: Եվ զարմանալի էր, որ նրա փոխարեն դպրոցի տնօրենը վիրավորվեց ու դատական գործընթաց սկսեց իմ դեմ օրենքով սահմանված առավելագույն հայցագնի՝ 3 մլն դրամի չափով արգելանքի տակ դնելով հայրական տունս»,-նշեց Ադրինե Թորոսյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter