HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ֆելիքս Յայլոյանի անօրինական գործողությունները

«Հետք» թերթում («Թաղապետը փողոց է նետել անչափահասին») արդեն տեղեկացրել ենք, որ Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Ֆելիքս Յայլոյանի ապօրինի որոշման արդյունքում 16-ամյա Բադալ Հարությունյանը հայտնվել է փողոցում:

Բաքվից հոր եւ տատի հետ բռնագաղթած Բադալ Հարությունյանը 1989 թ. մինչեւ 2000 թ. ապրել է Բաղրամյան 50 շենքի կիսանկուղային հարկի ոչ բնակելի տարածքում: 2001 թ. թաղապետարանի աշխատակիցները խաբել են այս ընտանիքին` ասելով, թե նրանց բնակարան են հատկացրել Աղբյուր Սերոբի 46 շենքում: Բադալի ընտանիքը տեղափոխվել է ապրելու Ա. Սերոբի 46 հասցեում:

Մեկ ամսվա ընթացքում այստեղ մահացել են Բադալի հայրը եւ տատը: 14 տարեկան Բադալին Ա. Սերոբի 46 հասցեից վռնդել է բնակարանի իրական տերը` Արմիկ Մինասյանը, որին թաղապետարանի աշխատակիցները խնդրել էին մեկ ամսով ապաստան տալ այդ ընտանիքին: Իսկ ու՞մ է հատկացրել պրն Յայլոյանը Բաղրամյան 50 շենքի 99, 3 քմ կիսանկուղային տարածքը: Արաբկիր համայնքի Ավագանու թիվ 99 որոշմամբ այն 2000 թ. օգոստոսին 5 տարի ժամկետով վարձակալությամբ տրվել է «Ֆ.Ս.Գ Կոնցեռն» ՓԲԸ-ին:

Կոնցեռնի տնօրենն է Յուրի Ամիրխանյանը: Կոնցեռնը զբաղվում է հագուստի, մսի եւ մսամթերքի, փայտե իրերի արտադրությամբ եւ շինարարությամբ: Ավագանու որոշման 5-րդ կետով պարոն Յայլոյանը «Որոշման վերահսկողությունը վերապահել է համայնքի ղեկավարի տեղակալ Ֆ.Սարգսյանին»:

Ավագանու անդամներն ասում են, թե տեղյակ չէին, որ փողոց է նետվել անչափահաս փախստականը: Բայց այդ մասին գիտեին թաղապետը, նրա տեղակալը եւ թաղապետարանի Լեւոն անունով մի աշխատակից:

Մեկ տարի անց Արաբկիր համայնքի ղեկավարի թիվ 103 կարգադրությամբ Բաղրամյան պողոտայի 50 շենքի 99,3 քմ մակերեսով կիսանկուղային տարածքը 1000 դոլարով վաճառվեց «Ֆ.Ս.Գ Կնոցեռն» ՓԲԸ-ին: Իսկ «Կարգադրության կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավարի տեղակալ Ֆ.Սարգսյանին», -նշված է թաղապետի կարգադրության մեջ:

Ու՞մ է իրականում պատկանում «Ֆ.Ս.Գ. Կոնցեռն» ՓԲԸ-ն: Մենք կարողացանք պարզել, որ կոնցեռնի բաժնեմասերի 90 տոկոսը պատկանում է հենց Ֆ.Յայլոյանի տեղակալ Ֆ.Սարգսյանին, ում վրա դրված էր ավագանու որոշումների եւ քաղաքապետի կարգադրության կատարման վերահսկողությունը: Այսպիսով` Արաբկիրի թաղապետը, իր տեղակալի եւ ավագանու անդամների հետ միասին փողոց են նետել անչափահաս փախստականին` տիրանալով նրա բնակարանին: Սա Ֆելիքս Յայլոյանի` Արաբկիր համայնքում կատարած միակ օրինախախտումը չէ: Պարզվել է նաեւ, որ թաղապետարանը համայնքի տարածքի շինարարական աշխատանքներն իրականացնում էր հենց այս կոնցեռնի միջոցով: Թե թաղապետարանը ի՞նչ գումարներ է փոխանցել կոնցեռնին, առայժմ հնարավոր չէ պարզել: Նախկին թաղապետի կատարած չարաշահումների մասին փաստեր ունեն նաեւ ոստիկանությունը եւ դատախազությունը, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանցից որեւէ մեկը ընթացք չի ստանա, քանի որ Ֆելիքս Յայլոյանը նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբերից մեկի պետն էր:

Ի դեպ, Ֆ. Յայլոյանը մայիսին կարող է հայտնվել խորհրդարանում: Նա առաջադրել է իր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններին հենց Արաբկիր համայնքում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter