Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Պատերազմի վավերագրողները. հայր և որդի Երամիշյաններ


1992 թիվն էր, Ստեփանակերտը ռմբակոծում էին: Էլեկտրական հոսանք օրվա մեջ կամ մի քանի ժամ էր լինում կամ չէր լինում: Առավոտյան լուսանկարիչ Աշոտ Երամիշյանը մեծ ակումուլյատորը դնում էր «տաչկային» ու տանում կապի զորամաս՝ լիցքավորելու: Սկզբից 10 ռուբլի էր տալիս զորամասի զինծառայողին, հետո ասել էր, որ էլ չի վճարելու, որովհետև այդ ակումուլյատորը տունը լուսավորելու համար չի տանում, այլ լաբորատորիայի: Զինվորականը չէր հակաճառել: Իսկ լաբորատորիան տան բաղնիքն էր, որտեղ գիշերներըբ երևակում էին հարյուրավոր լուսանկարներ: Օրական ամենաքիչը 15-20 մարդ էր գնում լուսանկարներ ստանալու: Ընդ որում՝ բոլորին անվճար էր տալիս նկարները:

Այն տարիներին Ղարաբաղում զոհված տղաների լուսանկարները փակցնում էին կրծքներին: Հարգանքի նշան էր համարվում: Արմենն ասում է՝ հաճախ ինքն էր երևակում (պրայավկա անում) նկարները, քանի որ հայրը  դիրքերում  էր լինում:

1993 թ., Ստեփանակերտի հուշահամալիր (Եղբայրական գերեզմանոց) 

Ստեփանակերտի մի փոսաշատ թաղամասում, որտեղ ուժեղ անձրևներից փոսերը լճակներ են դարձել, հանդիպեցինք հայր և որդի Երամիշյաններին:

66-ամյա Աշոտ Երամիշյանը քչախոս է: Նրա անցած ճանապարհի մասին  ավելի շատ խոսում են լուսանկարները: Մեր զրույցի ընթացքում ավագ որդին՝ 37-ամյա Արմենը, խնդրում է, որ չգրենք իր մասին, օրեր անց զանգում է՝ դարձյալ նույն խնդրանքով: Այդ երեկոյի մեր զրույցը գուցե քիչ անկեղծ պահերից էր, երբ հայր ու որդի կողք կողքի նստած, իրար լրացնելով, դրվագներ էին պատմում պատերազմից:

Առաջին պատերազմի ժամանակ, այդպես է ձևակերպում Արմենը, 12-13 տարեկան էր, շատ բան չի հիշում, այդ ժամանակ հայրն է զբաղվել լուսանկարչությամբ, իսկ այս ապրիլյան պատերազմին՝ ինքը:

2016 թ. ապրիլ

Լուսանկարչական ժապավեններ մոլդովացու ձեռքով՝ Աղդամից ու Կիրովաբադից

«Երբ ինձ հարցնում են՝ ո՞ր դիրքերում ես եղել պատերազմի ժամանակ, ասում եմ՝ Մռավ սարից մինչև Արաքսի ափը շրջել եմ»,- ասում է Աշոտ Երամիշյանը: Ավելացնում է, թե Մռավի վրա ձյուն էր լինում, իսկ երբ հաջորդ օրը գնում էր Արաքսի ափ, արդեն շոգ էր: Այդ կոնտրաստային կադրերը թերթում տպագրում էին միասին՝ իրար կողքի:

Նախքան 88-ի Շարժումն Աշոտ Երամիշյանն աշխատում էր Ստեփանակերտի կենցաղսպասարկման կոմբինատում, լուսանկարչությամբ էր զբաղվում, հետո իր լուսանկարչատունն էր բացել քաղաքում: Զինված ընդհարումների սկսվելուց հետո ուրիշների հետ գնում էր ավտոբատ, որտեղ եկած զենքը բեռնում էին մեքենաներն ու ուղարկում Ղարաբաղի շրջաններ՝ ինքնապաշտպանական ջոկատներին: Դրան զուգահեռ, սակայն, շարունակում էր լուսանկարել: 1992-ին դեկտեմբերին որպես լուսանկարիչ մտել է բանակի շարքերը՝ ծառայության անցնելով Ստեփանակերտում տեղակայված Կենտրոնական պաշտպանական շրջանում (ԿՊՇ), իսկ 1993-ի մարտից արդեն բանակի «Մարտիկ» թերթի (սկզբնական փուլում կոչվում էր «Մարտական թերթիկ») լուսանկարիչն էր:

Երբ հարցնում եմ, թե հաշվել է արդյոք քանի կադր է արել այն տարիներին, ասում է՝ շատ ու հավելում, որ չգիտի թիվը:

1993 թ., Ալաշան (Մարտակերտի շրջան)

Ներկայիս տեխնիկան չկար այն ժամանակ: Հիմնականում նկարում էր «Զենիթ» ապարատով: Նկարները տպում էին ձեռքի սկաներով, ու երբ այդ սկաներն արագ էին քաշում, մարդկանց դեմքերը երկարավուն էին դուրս գալիս, կերպարները փոխվում էին: Ծիծաղելով հիշում է, որ տղերքը դիրքերում հարցնում էին, թե ինչու էին իրենց գլուխները, դեմքերը երկար դուրս եկել:

Այն տարիներին լուսանկարչական ժապավենները բլոկով էին գնում խանութից: Սակայն ռազմական բախումների սկզբնական փուլում, Արմենն է նկատում, Ղարաբաղը շրջափակման մեջ էր: Հայրը Ստեփանակերտի գնդում (որը հետագայում դարձավ ԿՊՇ) ծառայող մոլդովացի սպայի միջոցով Աղդամից կամ Կիրովաբադից էր ձեռք բերում լուսանկարչական պարագաները: Սպային դրա համար վճարում էր:

1993 թ. հունվար, Կենտրոնական պաշտպանական շրջանի (ԿՊՇ) մարտիկները Մեհմանայի մատույցներում (Մարտակերտի շրջան)

«Մունք խոխենք ընք լյա, կյամ ընք լյա, ասում՝ պապ, քեզ տանկավ օզըմըն: Ինքը կյամ լյա ստըղ, թա մի կտոր հաց օտե, մեր թաղի ժողովուրդը չտեսու նման հըվաքվումին լյա տանկի կողքը (մենք երեխա էինք, գալիս էինք, ասում՝ պապ, քեզ տանկով ուզում են: Ինքը (տանկիստը, նկատի ունի մոլդովացի սպային, որը ժապանավեններ էր բերել- հեղ.) գալիս էր էստեղ, որ մի կտոր հաց ուտեր, մեր թաղի ժողովուրդը չտեսի նման հավաքվում էր տանկի կողքը)»,- ասում է Արմենը, ծիծաղում ենք: Հայրն ուղղում է՝ տանկ չէր, ԲՄՊ էր (հետևակի մարտական մեքենա):

Վավերագրողների հետ զրույցներում զգայական գնահատականներ չես գտնի: «Բայց մարդ եք, չէ՞, էդ պահերին՝ զոհեր, վիրավորներ, ի՞նչ էիք զգում»,- սևեռուն հարցնում եմ երկու լուսանկարիչներին էլ: Աշոտ Երամիշյանը վառում է ծխախոտը: Չի պատասխանում, Արմենն ասում է՝ երբ ապրիլյան քառօրյայի ընթացքում լուսանկարում էր, ներքին հակասություն էր ապրում. մի կողմից՝ վատ է զգում, որ տղերքը զենքով են, մարտական գործողության են մասնակցում, իսկ ինքը նկարում է: «Իմ արածը ոնց որ խաղալիք թվա էդ պահին: Էնքան է եղել, որ ուզել եմ ապարատը մի կողմ դնել, զենք բռնել»,- ասում է Արմենը: Եղբայրը՝ Վարդանը, թե՝ դա էլ քո գործն է, ամեն մեկն իր գործն է անում: Արմենը համաձայնում է, բայց ավելացնում. «Հա, ամեն մեկն իր գործն է անում, բայց երբ բոյ ա գնում, ու դու ապարատով նկարում ես ոնց որ խաղալիքի պես լինի, էլի»:

2016 թ. ապրիլ

Մենք լռում ենք: Աշոտ Երամիշյանը չի խոսում: Հարցնում եմ՝ բայց կյանքի գնով եք արել, չէ՞, էդ կադրերը: Դրական պատասխան է տալիս:

Վտանգը պատերազմում ամենուր է

Պատերազմի ժամանակ ամեն տեղ էլ վտանգ է լինում: Աշոտ Երամիշյանը հիշում է, որ պատահել է, երբ դիրքեր է բարձրացել, սկզբից հանգիստ է եղել, հետո հանկարծ սկսվել է արկակոծումը:

1993 թ. փետրվար, Լյուլասազ (Մարտակերտի շրջան) 

«Լյուլասազում (Հակոբ Կամարի, ներկայում՝ Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ գյուղ- հեղ.) [Գրիգորյան] Մանվելի ջոկատում էինք: Ասացին՝ վիրավոր կա, շտապօգնության վարորդն ասաց՝ գնանք բերենք, ասացի՝ գնանք: Գնացինք՝ վիրավորը գնդացրորդ էր, ձեռքից էր վիրավորվել: Տելեօբյեկտիվով հեռվից նկարում էի, որ բնական կադրեր լինեն: Էդ վիրավորին բերեցինք դրեցինք մեքենայի մեջ, քիչ հեռու նոր խփված մի ԲՄՊ էր, վարորդին ասացի՝ մի սեկունդ պահի, նկարեմ: Հենց ուզեցի տեխնիկան հանեմ, որ նկարեմ, մի հատ էլ խփեցին: Լավ է, որ հող էր, փափուկ էր, եթե քար լիներ, ասկոլկաները մեր կողմ կգային: Մեքենային չկպավ, էդ պայթյունից մի ալիք բարձրացավ, ու մենք էդ ալիքի մեջ: Մի կերպ նկարեցի»,- պատմում է լուսանկարիչը:

«Կռիվը որ ընկավ, կապ չունի, ֆոտոգրաֆ ես, շոֆեր ես... Դու կոնկրետ վտանգի առաջ ես»,- նշում է Արմենը:

1993 թ. գարուն, Դրմբոն (Մարտակերտի շրջան)

«Գիշերվա ժամը երեքն էր: Կոմիտասը՝ Ավոյի վարորդը, ասաց՝ տղերք, երեք սուտկա ա ՝ Ավոն չի քնել, արագացրեք: Մեր թերթի առաջին համարն էր լույս տեսել, ցույց տվեցինք: Ասացի՝ Ավո, մի անգամ էլ քարտեզի մոտ նկարեմ, էլի: Ասաց՝ ի՞նչ պիտի ասեմ, ու մատով ցույց տվեց քարտեզը: Քարվաճառի օպերացիան պիտի սկսեինք, ասաց՝ սաղ պիտի վերցնենք: Էլի նկարեցի... Ավոյին երկու անգամ եմ տեսել»,- հիշում է լուսանկարիչը:

Արմենն ասում է՝ Մոնթեին շատ էր սիրում ժողովուրդը: Սկզբից, ճիշտ է, անվստահություն ունեին դրսից եկած մարդու հանդեպ, բայց հետո նվիրվեցին:

1995 թ. փետրվարի 20, գեներալ Իվանյանը 75 տարեկան է, Մեծշեն (Մարտակերտի շրջան)

Գեներալ Քրիստափոր Իվանյանին լուսանկարել է իր ծննդյան օրը՝ երկուսն էլ նույն օրն են ծնվել: Տնեցիները պատմում են, որ այդ օրը բարեկամներին կանչել էր, իսկ ինքն ուշացած էր եկել: Երբ հարցրել էին, թե որտեղից է գալիս, ասել էր՝ Իվանյանի ծնված օրն է: «Գեներալ Իվանյանին ասացի՝ товарищ генерал, мне сегодня 45, а Вам 75»,- նկատում է լուսանկարիչը: Այդ օրը երկուսով լուսանկարվել են, բայց նկարողը ֆոտոապարատն այնպես է բռնել, որ հազիվ գլուխներն է նկարել ու առաստաղը:

«Մարտակերտի Պուշկեն յալով գնում ենք, պոստերն են, մոր թղթակից Սուրենի հետ եմ: Տղերքը բերում են նուռ են տալիս մեզ, էդ նուռն ուտում ենք, Սուրենն ասում է՝ «ребята, а у вас есть еще гранаты?»: Տղերքը լավ չեն հասկանում Սուրենի ասածը, գնում բլինդաժից իսկական նռնակներ են բերում»,- պատմում է Աշոտ Երամիշյանը:

1994 թ. ապրիլ, Մարտակերտի հեռուստաաշտարակի բարձունքում

Մարտակերտի հեռուստաաշտարակի բարձունքում էին, երբ թշնամու ինքնաթիռներն սկսել էին ռմբակոծությունը: Հիշում է, որ երբ փորձում էր այդ պահին կադրեր որսալ, տղաներից մեկն ասել էր, որ չշտապի. արկի պայթյունից հետո բեկորները լայն շառավղով տարածվում էին: Այդպես լուսանկարիչ Ռուսլան Սարգսյանը, երբ փորձել էր խրամատից նկարել, ձեռքերն այրել էր:

1994 թ. ապրիլ, Մարտակերտը ռմբակոծվում է

Առաջվա տեխնիկայով դժվար էր արագ որսալ կադրերը: «Հիմա ափսոս չի՞, մի սեկունդում կարող ես նկարել»,- նկատում է Արմենը: Հայրն ասում է, որ մարտական գործողությունների ժամանակ հաճախ էր ժապավենը վերջանում, պիտի արագ փոխեր: «Ես ռուկավա ունեի (կտորից հարմարանք է, որի մեջ լույս չի թափանցում, երկու կողմից անցքեր ունի, լուսանկարիչը անցքերով ձեռքերը մտցնում է դրա մեջ ու աշխատում- հեղ.), ձեռքով աշխատեցնում ես՝ պլյոնկան կասետի մեջ ես դնում: Հիմա աշխատում եմ, ֆելդշերը եկավ, կռացավ թե՝ Աշո՞տ, մրսում ե՞ս: Գիտեր, թե դողում եմ»,- ժպիտով հիշում է Աշոտ Երամիշյանը:

1994 թ., Մաղավուզ (Մարտակերտի շրջան)

Չնայած լուսանկարչին պատերազմի ժամանակ զենք էին տվել, չէր կիրառում: Ասում է՝ տանը բազմոցի տակ էր: Արմենը հիշեցնում է, որ մի անգամ էլ տարել էր դիրքեր, մոռացել, թողել էր այնտեղ:

Թե՛ 90-ականների, թե՛ ապրիլյան պատերազմներին տղերքից շատերը խնդրում էին լուսանկարել իրենց: Աշոտ Երամիշյանն հիշում է՝ իրենց խմբագիրն ասել էր, որ ով ուզի նկարվել, անպայման նկարի, չի իմացվի:

2016 թ. ապրիլ

«Իսկապես, նկարում ես ու չգիտես՝ վերջի՞ն նկարն է լինելու»,- ասում է Արմենը: Այս Նոր տարուց առաջ դիրքերից մեկում մի զինվորի էր լուսանկարել: Այդ տղան այս տարվա առաջին զոհն էր: Արմենն ասում է՝ հնարավոր չէ նկարագրել այն, ինչ զգում է լուսանկարիչն այդ պահերին:

Արմեն Երամիշյանի ֆոտոպատմություններն այստեղ՝

ՊԲ տանկային զորամասը 20 տարեկան է
Արցախ. «Միասնություն-2014» զորավարժություններ
Արցախի պաշտպանության բանակը 2015 թվականին
Արցախի պաշտպանության բանակ
Քառօրյա պատերազմ
Քառօրյա պատերազմ (մաս 2)

Լուսանկարչությունը՝ ժառանգություն

2006 թ.-ին ԼՂՀ պաշտպանության բանակի լուսանկարիչ Աշոտ Երամիշյանի թոշակի անցնելուց հետո նրան փոխարինել է որդին: Արմենը հիշում է, որ երբ ծառայության անցնելու համար հարցազրույցի էր գնացել նախարար-բանակի հրամանատար Սեյրան Օհանյանի մոտ, վերջինս հարցրել էր՝ ձեզ մոտ լուսանկարչությունը ժառանգակա՞ն է:

Արմենի ասելով՝ միշտ հետաքրքրվել է լուսանկարչությամբ: Խորհուրդներ հայրը չի տալիս, ինքն է հարցեր տալիս նրան: Լուսանկարելու իր սկզբունքներն ունի՝ մարդուն չվնասել:

1993 թ. դեկտեմբեր, հայ բժիշկները վիրահատում են հակառակորդի վիրավոր զինվորին

«Մինչև կռիվ ընկնելը ոչ մի մարդ չի կարող ասել, թե ինչ կարող է անել կռվի ժամանակ: Էս կռվին եմ հասկացել դա»,- նշում է Արմենը:

Նա մինչ օրս աշխատում է «Մարտիկ» թերթում: Իսկ հայրը թեև թոշակի է անցել, շարունակում է լուսանկարել: Քառօրյա պատերազմի ժամանակ լուսանկարիչ Մաքս Սիվասլյանի հետ Թալիշ էին գնացել (Մաքսին Ղարաբաղում Արշակ են կոչում):

2016 թ. ապրիլ

«Էն ժամանակ, երբ ինձ թոշակի ուղարկեցին, զամպալիտն ասաց՝ Երամիշյան, քեզ ուղարկում ենք թոշակի, քո տղային վերցնում ենք ծառայության, բայց եթե ինչ-որ բան լինի, պարտավոր ես որպես սպա օգնել: Հիմա էս ապրիլին որ Արշակի հետ գնացինք Թալիշ, ասաց՝ վայ, Երամիշյան, բա քեզ թոշակի ենք ուղարկել, էստեղ ի՞նչ ես անում, ասացի՝ պարոն Խաչատրյան, ասացիք՝ որ ուղարկենք, էլի պիտի ծառայես»,- ժպտում է, հետո դիմում Արմենին՝ Արմեն, դե բաժակդ բեր, 10 տարի է անցել...

1990-ականների պատերազմի լուսանկարների հեղինակն Աշոտ Երամիշյանն է, իսկ ապրիլյան քառօրյա պատերազմինը՝ Արմենը: 

Առաջին լուսանկարում՝ 1993 թ. օգոստոս, Մարզիլու (Աղդամի շրջան), հակառակորդի տանկին ընդառաջ է դուրս եկել մեր տանկը, բրիտանացի լրագրող Ֆիլիպը սարսափած է:

Աշոտ Երամիշյանի լուսանկարները՝ ստորեւ


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։