HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամցխե-Ջավախքի Տաբածղուր լճից ձուկը վերացել է. Վարդան Այվազյանի խեցգետինները հաղթեցին

Սամցխե-Ջավախքի Տաբածղուր գյուղի բնակիչներն ահազանգում են՝ ձուկը համանուն լճից վերացել է: Գյուղացիների պայքարը լճի համար դեռևս շարունակվում է, սակայն տարիներ շարունակ ապրուստի միջոց հանդիսացած ձուկն այլևս փոխարինվել է խեցգետիններով, որը ՀՀ ԱԺ պատգամավոր, ծնունդով Տաբածղուր գյուղից Վարդան Այվազյանը 2010-ին Հայաստանից ներմուծել և բեռնաթափել էր լիճը:

«Հետքի» հետ զրույցում Տաբածղուր գյուղի բնակիչներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, պատմեց, որ Վարդան Այվազյանը մայիսին այցելել է իրենց շրջանի ղեկավարին և դժգոհել, որ ձուկը գյուղացիները վերացրել են լճից, քանի որ հսկողություն չի իրականացվում: Բորժոմի շրջանի ղեկավարն էլ մի քանի օր անց պարզաբանումների համար գյուղացիներին է հրավիրել իր մոտ: Գյուղացիները պատմել են, որ դա ոչ թե իրենց ձկնորսության պատճառով է, այլ լիճ լցրած խեցգետինների և նրանց արագընթաց բազմացման: 

«Առաջարկեցինք հանձնաժողով ստեղծել և մեզ հետ գյուղ գալ, եթե մեկ կմ ցանցով մեկ կգ ձուկ բռնեն՝ մի մասն էլ փչացած ու խեցգետնի կերած, ապա դա լավ արդյունք կլինի: Այլևս ձուկ չկա: Մենք ասել էինք, որ Վարդան Այվազյանն ուզում է մեր լիճը խեցգետնի ավազան դարձնել, և նա հասավ իր նպատակին»,- պատմեց գյուղացին:

Գյուղացիները, հիշեցնենք, Բիձինա Իվանիշվիլուն նամակ էին գրել, մինչդեռ նամակից դեռևս պատասխան չունեն: «Նամակն էլ, դատն էլ, դատաստանն էլ մենք ենք, ժողովուրդը, մնացած ամեն ինչ սուտ է»,- ասում է գյուղացին:

Հիշեցնենք նաև՝ Տաբածղուր գյուղի բնակիչները Վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել, որը ցայսօր չի քննվել:

Գյուղացիները շրջանի ղեկավարին նորից իրենց պահանջն են ներկայացրել՝ լիճը տալ իրենց, պետական հարկերը կվճարեն, խեցգետինը կվերացնեն և նորից մանրաձուկ կլցնեն լիճ, որպեսզի ձկները բազմանան ու հետագա սերունդներին տեղում ապրելու միջոց դառնան: 

Մեկնաբանություններ (1)

Манасир
Но это же эко катастрофа, причиненная из корыстного побждения! Если Грузинский суд не осудит то, в международную!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter