HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արտյոմ Մովսեսյանի «էպոխան» ավարտվեց, իսկ ի՞նչ է շահելու դրանից ավիացիան

ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը երեկ, պաշտոնական տեղեկատվության համաձայն, ինքնակամ՝ իր դիմումով, ազատվել է պաշտոնից: Վարչապետի այսօրվա որոշմամբ նրան փոխարինել է մինչ այս էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը:

Մովսեսյանի մոտալուտ պաշտոնանկության մասին հունիսի 4-ին գրեց «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ պատճառը արտասահմանյան ընկերություններից մեկին լիցենզիա տալու համար խոշոր չափի կաշառք ուզելն է, ինչի մասին իմացել են նախագահականում: Մովսեսյանը լուրերը որակել էր իբրեւ հիմարություն, իսկ հաջորդ օրը նրա խոսնակ Ռուբեն Գրդզելյանը պահանջել էր վերջ տալ «ցնդաբանություններին» ու շեշտել, որ հակառակ դեպքում վարչությունը ձեռնամուխ է լինելու պատվիրատուներին գտնելուն եւ նման լուրեր տարածող լրատվամիջոցներին դատարան հրավիրելուն՝ հիշեցնելով, որ անանուն աղբյուրին հղում կատարելիս լրատվամիջոցն ինքն է կրում պատասխանատվությունը: Գրդզելյանը հայտարարել էր նաեւ, որ ՔԱԳՎ-ն լիցենզիաներ չի տալիս: Այս դեպքում նա ճիշտ է՝ օտարեկրյա փոխադրողներին դեպի Հայաստան կանոնավոր եւ չարտեր թռիչքներ իրականացնելու թույլտվություն տալիս է էկոնոմիկայի նախարարությունը, սակայն գլխավոր վարչությունը մինչ այդ հայտի մասին դրական կամ բացասական եզրակացություն է փոխանցում ԷՆ-ին, ինչի մասին ՔԱԳՎ-ի խոսնակը չի հիշատակել:   

«Ցնդաբանությունները», փաստորեն, մասամբ իրականություն դարձան: Մասամբ, որովհետեւ ամեն ինչ կատարվեց «իր դիմումի համաձայն» ձեւակերպմամբ: Դժվար է պատկերացնել, որ պաշտոնապես պիտի հայտարարվեր, թե ՔԱԳՎ պետը կաշառք է պահանջել, եթե նույնիսկ իրականությունն այդպիսին լիներ: Մամուլում հայտնվեց նաեւ ընկերության անունը, որից իբր Մովսեսյանը գումար է պահանջել. գերմանական «Lufthansa», որը ավիացիոն միջազգային շուկայի առաջատարներից է եւ ժամանակին դեպի Հայաստան թռիչքներ էր իրականացնում:

Արտյոմ Մովսեսյանը 2004-ից զբաղեցնում էր ՔԱԳՎ-ի պետի պաշտոնը, մինչ այդ նա նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությունում էր աշխատում: Ճիշտ է՝ նրա շրջապատն ու ՔԱԳՎ-ում աշխատողները Մովսեսյանին որակում են բազմաթիվ դրական մակդիրներով՝ «արատավոր բարքերը վերացնող», «ազնվությունը, անկաշառությունը, պետական մտածողությունն ու աշխատասիրությունը գնահատող», «մարդ, ում ատում են ոլորտի նախկին սրիկաներն ու խաբեբաները, միամիտ եւ ազնիվ ուղեւորների հաշվին հարստացողները» ու այսպես շարունակ:

Փաստորեն, այս գնահատականների համաձայն, Մովսեսյանը քաղավիացիայի ոլորտը դժոխքից դրախտ է դարձրել. մի իսկական եդեմ, որի երկնքում այսօր գեթ մեկ հայկական ուղեւորատար ինքնաթիռ չի թռչում: Եթե մովսեսյանականների կարծիքով՝ տարիներ անց 2004-2016 թթ. հայկական ավիացիայի պատմության մեջ երանությամբ են հիշվելու, ապա մեր համոզմամբ՝ դրանք նախ հիշվելու են նրանով, որ 2014-ից հայկական երկինքը զրկվեց իր փոխադրողներից: Գուցե ոմանք ասեն, թե այդտեղ ՔԱԳՎ-ն մեղքի բաժին չուներ, հայկական ավիաընկերությունները շուկայական հարաբերություններում պարտվեցին, սնանկացան ու դուրս մղվեցին, բայց այդ դեպքում ո՞րն էր չավարտված պատերազմի պայմաններում ապրող պետության ու ավիացիան համակարգող կառույցների (էկոնոմիկայի նախարարություն եւ ՔԱԳՎ) դերը ռազմավարական կարեւորագույն ոլորտում սեփական փոխադրողներին պաշտպանելու հարցում՝ «բաց երկնքի» քաղաքականություն հայտարարելով սեփական երկինքը սկուտեղի վրա ռուսական փոխադրողներին մատուցե՞լը: Իրականում այո, ինչն ապացուցում է ներկա իրավիճակը:

Ավիացիայի մասին պարբերաբար գրում եմ 2012-ից: Այս ընթացքում բազմիցս շփվել եմ նախկին ու ներկա ավիատորների հետ, եւ ինձ չի հանդիպել գոնե մեկը, ով դրական կարծիք է հայտնել Արտյոմ Մովսեսյանի մասին: ՔԱԳՎ-ում կոռուպցիայի մասին նրանցից լսել եմ շատ անգամ, պատմել են նաեւ կոնկրետ դեպքերի մասին, երբ անհրաժեշտ է եղել թռիչքային թույլտվություն ստանալ: Բայց նաեւ միշտ հնչել է այն տեսակետը, որ Մովսեսյանն ընդամենը կատարող է, կոպիտ ասած՝ նա համակարգի մի պտուտակն է:       

Ժամանակին գրեցինք Մովսեսյանի տեղակալ Արամ Մարությանի մասին: Կառավարության մեր աղբյուրը հայտնել էր, որ Մարությանի «Atlantis European Airways» ընկերությունը «Ավստրիական» եւ «Չեխական» ավիաուղիների հետ համատեղ (codeshare) չվերթներ իրականացնելիս ստանում է անվճար 10-15 տեղ, ինչի դիմաց հայտնի ընկերությունները ստանում են ՔԱԳՎ-ի ղեկավարության բարեհաճությունն ու Երեւան թռչելու իրավունքը (նախկինում ՔԱԳՎ-ն էր տալիս թույլտվությունը): «Ավստրիականից» մեր հարցմանը պատասխանեցին լռությամբ, իսկ «Չեխականի» հայկական ներկայացուցիչն ասաց, որ 10 տեղն իսկապես «Atlantis»-ինն է, սակայն վերջինս դրա համար վճարում է: 3 ամիս անց Արամ Մարությանը կրկին անձնական դիմումի համաձայն հեռացավ ՔԱԳՎ-ից:

2014-ին հայկական «Sky Net Airline»-ը նախատեսում էր թռչել դեպի Թբիլիսի, Բաթում, Թավրիզ, սակայն թույլտվություն ՔԱԳՎ-ից այդպես էլ չստացավ: Հայաստանում աշխատելու հնարավորություն չունեցան նաեւ բարերար Բորիս Պետրոսյանի միջոցներով Չեխիայից Հայաստան բերված երկտեղանոց օդանավերը, որոնք հիմա շահագործվում են Արցախում: Այս դեպքերի մասին «Հետքին» պատմել են իրավիճակին անմիջական առնչություն ունեցող մարդիկ՝ նշելով նաեւ կոնկրետ թվեր: Նաեւ չենք կասկածում, որ Արտյոմ Մովսեսյանը պիտի ասի, թե այդ ամենը հերթական հիմարությունն է: «Հիմարություն», որին հաջորդում է պաշտոնաթողությունը:

Էլեկտրոնային տեխնիկայի ինժեներ եւ իրավաբան Արտյոմ Մովսեսյանին, ով մինչեւ 2004 թ. որեւէ առնչություն չի ունեցել ավիացիայի հետ, փոխարինել է տնտեսագետ, կառավարման մասնագետ, 35-ամյա Սերգեյ Ավետիսյանը, ով էկոնոմիկայի փոխնախարար աշխատելիս (2014-2016 թթ.) համակարգում էր քաղավիացիայի ոլորտը: Այսինքն՝ նա նույնպես ավիատոր չէ, ոլորտին առնչվում է վերջին 2 տարիներին: 2016-ին, ըստ պաշտոնական կենսագրության, սովորել է Սթենֆորդի համալսարանի մասնագիտական զարգացման կենտրոնում (Սթենֆորդ-ԻԱՏԱ ավիացիայի կառավարում):    

Այսօր ՔԱԳՎ-ի նոր պետին վարչության աշխատակազմին ներկայացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Այլեւս նախկին պետ Արտյոմ Մովսեսյանը, ինչպես փոխանցել է Ռուբեն Գրդզելյանը, ասել է. «Յուրաքանչյուր պետական պաշտոնյա պետք է ինչ-որ ժամանակը մեկ կանգ առնի եւ փորձի վերագնահատել այն արժեհամակարգը, որտեղ ինքը գործում է ու ապրում: Թե ինչ ժամանակահատվածը մեկ կանգ կառնի, դա կախված է այդ պաշտոնյայի իմաստությունից: Կարծում եմ՝ սա այն հիմնաքարն է, որից սկսվում է ապագայի կառույցը, եւ որտեղ անձը հնարավորություն է ունենում իր ապագա որոշումներում լինելու առավել ճշմարիտ եւ համահունչ տվյալ հասարակությանն ու ժամանակաշրջանին»: «Կանգ առած» Մովսեսյանից պաշտոնն ընդունելիս Ավետիսյանն ասել է. «Շնորհակալ եմ ՀՀ նախագահին եւ վարչապետին բարձր վստահության համար: Համոզված կարող եմ ասել, որ ջանք չի խնայվելու՝ պլանավորված նպատակներին հասնելու համար: Ցանկանում եմ նաեւ ընգծել պարոն Մովսեսյանի դերը եւ իր ներդրումը քաղաքացիական ավիացիայի ոլորտում: Իր պաշտոնավարման տարիների ընթացքում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել ոլորտում»:

ՔԱԳՎ-ի պետին նշանակում եւ ազատում է վարչապետը, սակայն Ս. Ավետիսյանն առաջին հերթին շնորհակալ է նախագահին, ինչը նշանակում է, որ նա հենց Բաղրամյան 26-ի ընտրությունն է: Սերգեյ Ավետիսյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կադրերից է, 2003-2009 թթ. աշխատել է Կենտրոնական բանկում (Սարգսյանը 1998-2008 թթ. բանկի նախագահն էր): 2013-ին հռչակված «բաց երկնքի» քաղաքականությունն առաջ տանողներից մեկն է (այս թիմից է նաեւ Հայաստանի զարգացման հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ով այսօր վարչապետի խորհրդականներից է):

Այսինքն՝ կարող ենք ասել, որ չնայած ՔԱԳՎ-ն ներկայում քաղավիացիայի տեխնիկական կարգավորման մարմին է, Ավետիսյանի նշանակումով այն ավելի է մերձենալու ոլորտի քաղաքականությամբ զբաղվող էկոնոմիկայի նախարարությանը, ու կառավարությանն առընթեր մարմինը գուցե դառնա ԷՆ-ի դե ֆակտո կցորդը: Մյուս կողմից՝ քաղավիացիան համակարգող նախկին փոխնախարարն ու վարչության ներկա պետը Հայաստանի երկինքն այլ պետությունների առաջ բացելու ֆոնին լավ կաներ իր բոլոր ջանքերն օգտագործեր՝ «բաց երկնքի» ծրագրի՝ տեղական ներդրողներին ու փոխադրողներին աջակցելու վերաբերյալ կետերն իրագործելու համար, ինչի սկիզբը տրամաբանորեն պիտի լինի վարչությունում արատավոր բարքերի վերացումը: Իսկ եթե տեղի եւ օտարերկրյա ներդրողներն ու ավիատորները շարունակեն մասնավոր զրույցներում բողոքել կոռուպցիայից, ուրեմն պիտի արձանագրենք, որ վարչության ղեկավարն իսկապես պտուտակի դեր է խաղում մեծ համակարգի մեջ, եւ դրա փոփոխությունն ընդամենը աչքկապոցիի փորձ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter