HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկի կորոնեն Սյունիքի մարզի Վերին Վարդանիձորի հանքային դաշտի չորս տեղամասերում

Բնապահպանության նախարարություն է ներկայացվել Սյունիքի մարզի Վերին Վարդանիձորի ոսկի-բազմամետաղային հանքային դաշտի չորս տեղամասերում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու նախագիծ: Այն սկսվելու է այս տարվա երկրորդ եռամսյակում և ավարտվելու է 2019թ. նույն ժամանակահատվածում:

Նախագիծը ներկայացրել է «Ղարագուլյաններ» ՍՊԸ-ն: Նպատակն է հանքային դաշտի կենտրոնական տեղամասում 2015թ. օգոստոսին արդեն հաստատված պաշարների սահմաններից դուրս՝ ներքև ձգվող հանրային մարմինների և տեղամասի ուսումնասիրություն իրականացնել: Ներկայում իրականացվում է հանքավայրի կենտրոնական տեղամասի շահագործման աշխատանքային նախագծի կոնցեպտուալ մասը:

Հանքավայրում հայտնաբերված են ոսկի-բազմամետաղային հանքայնացմամբ, ինչպես նաև հանքավայրի թևերի և խորը հորիզոնների 9 հանքային երակներ, որից 6 երակներն ուսումնասիրված են մակերեսային լեռնային փորվածքներով, հորատանցքերով և բովանցքային հորիզոնով: Այս հանքային մարմիններով հաշվարկվել են պաշարներ (C1 և C2 կարգի) և գնահատվել են կանխատեսումային ռեսուրսներ (P1 կարգի): Աշխատանքների արդյունքում հիմնավորվել է Վերին Վարդանաձորի հանքավայրի արդյունաբերական նշանակությունը,  կենտրոնական տեղամասում շահագործման աշխատաքներ իրականացնելու տեխնիկա-տնտեսական հնարավորությունը: Հաշվարկված պաշարները կազմում են՝  հանքաքար` 5474529 հազար տոննա, ոսկի` 17128,75 կգ, արծաթ` 312,64 տոննա, պղինձ՝ 41,58 հազար տոննա, կապար՝ 61,8 հազար տոննա, ցինկ՝  115.2 հազար տոննա:

Կանխատեսումային ռեսուրսները (P1) գնահատվում են հետևյալ թվերով. հանքաքար՝  7137793.2 հազար տոննա, ոսկի՝ 31635.0 կգ, արծաթ՝  540.86 տոննա, պղինձ՝ 55.2  հազար տոննա, կապար՝ 72.0 հազար տոննա, ցինկ՝ 146.3 հազար տոննա:

Երկրաբանական ուսումնասիրության տարածքը գտնվում է Վարդանիձոր գյուղից հյուսիս-արևելք և ընդգրկում է Վարդանիձոր գետի վերին հոսանքի երկու ափերի ավաքանը: Երկրաբանահետախուզական աշխատանքների տեղամասի մակերեսը կազմում է 2168,52 հա:

Հանքային դաշտի սահմաններն են` հյուսիսից Տերտերասար հանքավայրից Լիճք գյուղ ընկած հատվածը, արևելքից՝ Վերին Վարդանիձոր գետի ձախափնյա լանջը, հարավից՝ գործող հեռուստաաշտարակի բարձրունքները, արևմուտքից՝ նույն բարձրունքի ուղղությամբ լեռնաթմբերի ջրբաժանը: Հանքային դաշտը կապված է Վարդանիձոր  գյուղի հետ 8 կմ երկարությամբ հողածածկ ավտոճանապարհով:

Հիմա տեսնենք, թե ովքեր են հավակնում տիրանալ Վերին Վարդանիձորի ոսկիներին:

Ընկերությունը հիմնադրվել է դեռևս 2006թ.-ին, սակայն 2015 թվականի դեկտեմբերին բաժնետերերի փոփոխություն է եղել: Այժմ Ընկերությունը երեք բաժնետեր ունի՝ 35 % բաժնետոմսերի սեփականատերը Արմենուշ Գալստյանն է: Վերջինս նախկին շրջկոմի, քաղկոմի քարտուղար, պատգամավոր, գործարար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող «Լեռ-էքս» ընկերության նախկին բաժնետեր Ռոլանդ Ղոնյանի կինն է: Գրանցված են նույն հասցեում: Բաժնեմասի 25 %-ը պատկանում է Լևոն Վանիկի Ղազարյանին, ով նաև ընկերության տնօրենն է, 40 %-ը՝ Սուրեն Վլադիմիրի Հակոբյանինն է: Վերջինս նաև շինարարական գործունեությամբ զբաղվող «Ֆիլիշին» ընկերության ղեկավարն է:

 Հունիսի 21-ին Սյունիքի մարզի Վարդանիձորի գյուղապետարանում նախատեսված են երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter