HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հաղթանակը հավասար է պարտության

Մարտի 6-ին հրապարակվեցին Նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: Ձայների 67, 5 տոկոսը Ռոբերտ Քոչարյանինն է, 32, 5 տոկոսը` Ստեփան Դեմիրճյանինը: Հայաստանի Նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը, իշխանափոխություն չեղավ: Քոչարյանը դարձավ չինովնիկական ապարատի նախագահ, պետական ամբողջ մեքենան ջանք չխնայեց եւ գնաց ամեն ինչի, որպեսզի վերջացնի ընտրությունների շուրջ ծավալվող պատմությունը: Զանգվածային ընտրակեղծիքներին մասնակից դարձան մեծ թվով մարդիկ` գյուղապետեր, թաղապետեր, ոստիկաններ, ազգային անվտանգության աշխատակիցներ, պատգամավորներ, ուսուցիչներ եւ մենք` լրագրողներս:

Ժողովուրդը վերջնականապես հիասթափվեց, նա անզոր էր: Անզոր ու խեղճ: Երկրորդ փուլի ընտրություններին եւ դրան հաջորդող օրերին ընտրողները տեղեկատվական շրջափակման մեջ էին: Իշխանության հսկողության տակ գտնվող հեռուստակայաններն այդպես էլ դուրս չեկան Քոչարյանի շտաբի գծած շրջանակից: Հայաստանում լույս տեսնող բոլոր թերթերի տպաքանակը օրական հասնում է մոտ երեսուն հազարի: Երեք միլիոն բնակչություն, 30 հազար օրինակ թերթ, որոնց գրեթե դարձյալ իշխանամետ մամուլն է:

1998-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ Նախագահ դառնալու հայտ ներկայացրեց, ես գրեցի, որ նրա Նախագահ դառնալուց հետո Հայաստանում հակաղարաբաղյան տրամադրություններ կստեղծվեն: Իսկապես, երբեւիցե ղարաբաղցիների նկատմամբ այսչափ ատելություն չի եղել, որքան վերջին երեք տարիներին: Երեւանում հանդիպել եմ ղարաբաղցիների, ովքեր ամաչում են ասել, որ իրենք ղարաբաղցի են: Ես ինքս իմ ղարաբաղցի լինելու համար միշտ հպարտ եմ եղել: Ինչու էի գրել, որ հակաղարաբաղյան տրամադրությունները կուժեղանան: Որովհետեւ իսկապես ղարաբաղցիների մի փոքր խումբ իրեն արտոնյալ վիճակում զգաց:

Նրանք եւ՛ տնտեսության մեջ են, եւ՛ իշխանության տարբեր օղակներում: Բայց բոլոր ղեկավարների օրոք էլ նման «տեղայնացավածություն» եղել է: Հայերս ասիական աղբի մեջ թաղված փոքր ազգ ենք: Ինձ ավելի շատ անհանգստացնում են վերջին նախընտրական շրջանում որոշ թեկնածուների շրջապատի ներկայացուցիչների կողմից հնչած կոչերը: Ասում են` «Մաքրենք ղարաբաղցիներից Հայաստանը»: Ի՞նչ էր սա` քաղաքական որոշու՞մ, Ղարաբաղի հարցի լուծման իրենց տարբերա՞կը: Իսկ իրականում, որեւէ թեկնածու այդպես էլ հստակ չասաց, թե ինչպես է վարվելու Ղարաբաղի հետ: Նույնիսկ Ղարաբաղյան խնդրի ամենատեղյակ թեկնածուն` Ռ.Քոչարյանը, չգիտի դրա լուծման ճանապարհը:

Բոլոր կողմերն էլ ժողովրդի քվեն ստանալուց հետո պատրաստ էին նետվել ճակատամարտի: Ռոբերտ Քոչարյանը խոստացել է պայքարել կոռուպցիայի դեմ: Բայց թե դա ինչպես պետք է անի, դեռեւս անհայտ է: Այս պահին կարեւորն ընտրվելն է, մնացածը` հետո, ըստ իրավիճակի: Մեր քաղաքական գործիչներն այդպես էլ չհասկացան, որ երկրում գերիշխողը օրենքը պետք է լինի, միայն օրենքի առաջ կարող են բոլորը հավասար լինել: Գագիկ Ծառուկյանը կշարունակի ուղղաթիռով որսի գնալ ու քարայծեր խփել: Ոչ ոք նրան չի կարող կանգնեցնել: Առավելեւս` Նախագահը: Ազգային հերոսը չի կարող իշխանափոխությունից հետո դառնալ դավաճան, կամ քրեական հանցագործը` իրավիճակի փոփոխությունից հետո դառնալ իշխանավոր: Սա նշանակում է, որ անարժեք ու անգաղափար շարունակելու ենք քարշ գալ պատմության քառուղիներում:

Ինչու՞ պարտվեց Ռոբերտ Քոչարյանը: Մի քանի պատճառներ կան, որոնք արժե հիշատակել, որպես ետընտրական խորհուրդներ: Այս կամ այն քարոզչահարթակում Նախագահի կողքին կանգնած էին պաշտոնյաներ, ովքեր ժողովրդի համար կաշառակերության խորհրդանիշներ են: Քոչարյանը նրանցից չի կարող ազատվել, որովհետեւ չափազանց մեծ ծառայություն է ստացել նրանցից: Ինչքան էլ Արմավիրի մարզում Ռոբերտ Քոչարյանը ձայն «ստացած» լինի, միեւնույն է արմավիրցիները գիտեն, որ իրենք Ա.Հերոյանի Քոչայանին ձայն չեն տվել: Արարատցիները իրենց ձայները չէին տվել Հովիկ Աբրահամյանի, Դավիթ Զադոյանի Քոչարյանին: Տեսնելով միայն իր հյուրանոցի եւ բազում այլ բիզնեսներով զբաղվող Անդրանիկ Մանուկյանին` երեւանցիներն իրենց ձայնը, համոզված եղեք, չեն տվել Մանուկյանի Քոչարյանին:

Այս շարքը կարելի է շարունակել` հասնելով իշխանական բուրգի մինչեւ ստորին հատվածը: Իրականում Ռոբերտ Քոչարյանին այդպես էլ ոչ մեկը չասաց, թե ներքեւներում ինչ են մտածում իր քաղաքականության, իր շրջապատի մասին: Շրջապատը տարիներ շարունակ խաբում է Նախագահին: Սա իշխանական բուրգի օրենքն է, այդպես էր նաեւ Լ.Տեր-Պետրոսյանի օրոք: Այդպես էլ Քոչարյանի շրջապատում չգտնվեց մեկը, որ ասեր, իսկ եթե պետք էր` նաեւ համոզեր, որ Նախագահը պարտավոր էր ցավակցել Պողոս Պողոսյանի ընտանիքին, որ Կուկուն պետք է խստագույնս պատժվեր, որ պետք չէր փակել Ա1 հեռուստաընկերությունը եւ դրանից հետո նրա բացման շուրջ խաղեր տալ: Ես համոզված եմ, որ նրա շրջապատում ասում են` ամեն ինչ ճիշտ է, «նրանց հասնում է», «հուպ տուր»: Հանրային հեռուստատեսությունն իր արջի ծառայություններով ստիպեց ընտրողին չդիտել Քոչարյանին վերաբերող հաղորդումները: Նույնիսկ նրանք, ովքեր իրենց ձայնը տվել են Քոչարյանին, այս մասին իրենք են վկայում:

Իսկ զավեշտալին դիտորդական երկու խմբերի տրամագծորեն հակառակ հայտարարություններն էին: Սրա մասին պարզապես կարելի է ասել` ռուսական ժողովրդավարությունը «մատ» արեց Արեւմուտքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter