Շաբաթ, 22 սեպտեմբերի

Նշանը գյուղի կանգառի տարածքն է մաքրում ու դրա դիմաց ամսական ստանում մինչև 7000 դրամ


Նշանն ամեն օրը՝ գիշերվա ժամը 2-3-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի կանգառի ու մոտակա տարածքի մաքրությամբ է զբաղվում: Նրա պատմելով՝ դրա համար համայնքապետ Գևորգ Ներսիսյանն ամսական վարձատրում է 5-7 հազար դրամ: «Ասում ա, որ շատ լինի՝ շատ կտամ, Նշան ջան: Ես էլ մաքրում եմ, գոհ եմ»,- պատմում է Նշան Հակոբյանը:

Նշանը այդ տարածքից հավաքում է նաև գարեջրի դատարկ շշերն ու դրանք վաճառելով հավելյալ եկամուտ ստանում: Գյուղում արդեն գիտեն, որ կանգառի տարածքում թափված գարեջրի շշերը Նշանինն են, նա պետք է հավաքի: Այդ տարածք անծանոթ «շիշ հավաքող» չի գալիս, իսկ գալու դեպքում մոտակայքում հավաքված տաքսու վարորդները հիշեցնում են Նշանի մասին:

«Ընդեղ, որ պիվա են խմում, պիվի շշերն եմ հավաքում, հանձնում եմ: Ամիսը մի 5000 դրամ էլ ըտեղից ա լինում: 35 000 դրամ հաշմանդամության թոշակ եմ ստանում, 2-րդ կարգի հաշմանդամ եմ, մանկուց մարմնիս մի կողմը թույլ ա, չի աշխատում: Նպաստն էլ 22 000 դրամ ա: Ապրում ենք, բայց որ ասեմ, հերիքում ա՝ սուտ կլինի»,- ասում է Նշանը:

Նշանն ապրում է դպրոցահասակ դստեր հետ՝ գյուղի քառահարկ շենքերից մեկի առաջին հարկում՝ ոչ բարվող սենյակներում: 2013թ. մահացել է կինը: Ավագ դուստրը՝ Թամարան, ամուսնացել է, սակայն տուն չունենալու պատճառով այժմ ամուսնու և երեք անչափահաս երեխաների հետ բնակվում է հայրական տանը: Նրա համար առանձին սենյակ են հատկացրել և այնտեղ առանձին են ապրում, որտեղ սպասելու են չորրորդ երեխայի ծնվելուն:

Թամարայի փոքր երեխան մանկուց հաշմանդամ է՝ ունի մանկական ուղեղային կաթված (ԴՑՊ): Մայրն ասաց, որ երեխայի բուժմամբ ակտիվ չեն զբաղվում, գումար չունեն: Մի քանի անգամ տարել են բժիշկի ու դրանով սահմանափակվել: Նույնիսկ Երևան` մերսման հատուկ կուրսերի չեն կարող գնալ:

Նշանի սենյակներից մեկի աթոռի մի անկյունին առանց ֆիլտրի «Չիբուխ» ծխախոտի երկու տուփ էր դրված, որոնցից մեկն արդեն դատարկվել էր: Նշանն ասաց, որ օրը 1,5-2 տուփ «Չիբուխ» է ծխում: Ֆիլտրով սիգարետ գնելու համար գումար չունի, իսկ նպաստից ու թոշակից չի ցանկանում իր վրա ավել գումար ծախսել, աղջկա կարիքների համար է պահում:

«Որ թոշակ եմ ստանում, գնում եմ Էջմիածնից բիրիք ուտելիք եմ առնում, որ էժան լինի, յոլա ենք գնում: Գումարը չի հերիքում, բայց շիշ հավաքելով գոնե սիգարետի փողը դուրս ա գալիս, էլ թոշակից գումար չեմ ծախսում դրա վրեն»,- ասում է Նշան Գևորգյանը:

Նշանը նաև ձմռան վառելափայտի համար գումար չի ծախսում: Ամբողջ ձմեռ աթար են վառում: 55-ամյա տղամարդը հաշմանդամության պատճառով դժվարությամբ է քայլում: Սակայն, նրա առօրյան որևէ կերպ չի տարբերվում: Ձմռան վառելիք աթարն իր ձեռքով է պատրաստում: Հարևանից ամբողջ ամառ գոմաղբ է բերում ու հենց իր բակում չորացնում: Դրանից էլ ստանում է ձմռան վառելանյութը:

Բակում նաև հեծանիվներ էին դրված: Նշանը պատմեց, որ համագյուղացիների հեծանիվներ են, բերել են, որ սարքի: Պատմում էր, որ հեծանիվներից կան բաներ, որ չի հասկանում և տերերին ասում է, որ չի կարող սարքել: Սակայն վերջիններս մեծահոգաբար ասում են, որ կսպասեն, չեն ցանկանում ուրիշի մոտ գնալ և նրան վճարել: Նշանն էլ փորձում է վերանորոգել և այդտեղից էլ եկամուտ ստանալ: «Որ պարապ նստեմ ինձ, իմ երեխուն ո՞վ է պահելու»,- ասում է Ն. Գևորգյանը:

Զրույցի ամբողջ ընթացքում նա որևէ մեկից չդժգոհեց, չասաց, որ օգնության կարիք ունի: Միայն 10-րդ դասարանում սովորող աղջկա մասին էր մտածում, որ տասնյակ մետրերից դույլերով է ջուր բերում՝ կենցաղային հարցերը հոգալու համար: Բակում ջուր չունեն: Նշանի հաշվարկներով՝ մոտ 200 հազար դրամ գումար է անհրաժեշտ փողոցի ծայրից ջուր անցկացնելու համար, ինչն իր դեպքում թանկ հաճույք է: Բնական գազ էլ չունեն՝ դարձյալ նույն պատճառով: Գազի խողովակն անցնում է տան պատի վրայով, հարևաններն անցկացրել են, սակայն Նշանի ֆինանսական հնարավորությունները չեն ներում: Սպասում է, որ մի օր էլ իր համար արևը «կշողա» և ջուր ու գազ կունենան:

«Հետքն» անդրադարձել էր Ոսկեհատ գյուղի ավագանու և համայնքապետ Գևորգ Ներսիսյանի որոշումներին, որոնցով սոցիալական օգնություններ ու արտոնություններ էին սահմանել իրենց ու ընտանիքի անդամների համար: Նշանը համայնքային բյուջեից սոցիալական օգնություն ստացողների ցանկում քիչ է լինում: Ավագանին Նշանին ու նրա նման ընտանիքներին նույն պարբերականությամբ, ինչ իրենց դեպքում է լինում, օգնություն չի հատկացնում:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (2)
1. Անուշ14:09 - 10 հունիսի, 2016
ամոթ Ոսկեհատ գյուղի ավագանուն և համայնքապետ Գևորգ Ներսիսյանին, որ սոցիալական օգնություն ու արտոնություն սահմանում է իր ընտանիքի անդամների համար: Իսկ այս մարդիկ ջուր ու գազ չունեն: Պետք է օգնենք նրանց, ո՞վ կկազմակերպի
2. Sanjay Kumar Yadav14:38 - 14 հունիսի, 2016
I am from Nepal. Our life is very similar to Armenia. I am very close to my heart of Armenian People. I lived in Yerevan in 1992. I can guess life there. I do not know how i can help Nshan.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։