HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Խղճի կալանավորը

«Կարծում եմ` շուտով ինձ կձերբակալեն: Ընկերներիս հետ ստեղծել եմ մարդու իրավունքների պաշտպանության Հելսինկյան խումբ: ԽՍՀՄ-ում նմանատիպ խմբերի գործունեությունը օրենքից դուրս է եւ այդ խմբերի անդամները գտնվում են ճամբարներում: Ստեղծելով այդ խումբը` ես իմ առաջ դրել եմ երկու խնդիր. իմ երկրում ազատության տանող առաջին քայլն անել: Այդ խնդիրը ես իրականացրել եմ: Երկրորդ` հասնել Լեռնային Ղարաբաղի, Նախիջեւանի ԻԽՍՀ-ի, Ախալցխայի եւ Ախալքալաքի վերամիավորմանը Հայաստանին: Այս խնդիրը չիրականացվեց:

Հայտարարում եմ. ցանկացած մեղադրանք, որ կհարուցվի իմ դեմ, կեղծ կլինի եւ ես այն չեմ ընդունում...»: Էդուարդ Հարությունյանն այս տողերը գրել է ձերբակալվելուց երկու շաբաթ առաջ:

Էդուարդ Հարությունյանը ծնվել է 1926թ., ԼՂԻՄ-ի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Ավարտել է Բաքվի ժողտնտեսության ինստիտուտը եւ աշխատանքի նշանակվել Երեւանում: 1961թ. պաշտպանել է թեկնածուական թեզ եւ ստացել տնտեսական գիտությունների թեկնածուի կոչում: Աշխատանքի է ընդունվել Երեւանի պլանավորման եւ նորմատիվների գիտահետազոտական ինստիտուտում` որպես բաժնի վարիչ: 1967թ. նա հեռացվել է աշխատանքից: Հրամանի մեջ գրված է. «Ազատել աշխատանքից որպես հոգեկան հիվանդի»:

1972թ. իր իրավունքները պաշտպանելու համար նա Մոսկվայում մտնում է Անգլիայի դեսպանատուն, խնդրում իրեն օգնել:Այդ քայլի համար ՊԱԿ-ի աշխատակիցները նրան տեղափողում են հոգեբուժարան, որտեղ պահում են 22 օր: Նրան ազատում են միայն այն բանից հետո, երբ մայրը երդվում է որդուն չազատելու դեպքում իրեն ողջակիզել Կարմիր հրապարակում` Լենինի դամբարանի մոտ:

1976թ. Էդուարդը Երեւանում ստեղծում է «Հելսինկյան հայկական խումբը»: Խմբում երեքն էին` Հարությունյան Էդուարդը, Նազարյան Ռոբերտը, Հարությունյան Շահենը, այնուհետեւ նրանց միացավ Խլղաթյան Համբարձումը: 28.12.78թ. խմբի 4 անդամների բնակարանները խուզարկվեցին եւ 4-ն էլ ձերբակալվեցին: Է. Հարությունյանին եւ Հ. Խլղաթյանին ազատ արձակեցին: Նրանց զգուշացրել էին, որ քաղաքից չբացակայեն:

Հարությունյան Շահենը դատապարտվեց ազատազրկման` երեք տարի ժամանակով, Նազարյան Ռոբերտը` 5 տարի ժամանակով: Խլղաթյանը արտասահման մեկնելու թույլտվություն ստացավ: Էդուարդ Հարությունյանի լուսանկարները փակցրել էին օդանավակայանում, որպեսզի նրան քաղաքից դուրս գալու դեպքում ձերբակալեն: Շուտով Մոսկվայում Է. Հարությունյանին ձերբակալեցին որպես «գող-կրկնահանցագործի»: 1980թ. մարտի 10-ին ՀՍՍՀ Գերագույն դատարանը 206-պրիմ հոդվածով` 2 տարի 6 ամիս ժամանակով ազատազրկման դատապարտեց Է.Հարությունյանին: Ազատվելուց հետո նա շարունակեց իր գործունեությունը եւ մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց:

1983թ. հունիսի 6-ին, Երեւանում դռնբաց դատական նիստում քննվեց մի քրեական գործ: ՀՍՍՀ քր. օր-ի 206 առաջին հոդվածով մեղադրվում էին խմբի երեք անդամները` է. Հարությունյանը, Ռաֆայել Օհանյանը եւ Սիրվարդ Ավագյանը Մեջբերենք դատավճռից այն հատվածը, որի համար մեղադրվում էր Է. Հարությունյանը. «Նախաքննությամբ եւ դատաքննությամբ ձեռք բերված տվյալներով դատական կոլեգիան հիմնավորված է համարել հետեւյալը.

Ամբաստանյալ Էդուարդ Հարությունյանը դեռեւս 1976թ. ինքնակամորեն ներկայանալով որպես գոյություն չունեցող այսպես կոչված «Հելսինկյան հայկական խմբի» նախագահ, զբաղվել է սովետական, պետական եւ հասարակական կարգերի դեմ ուղղված ակնհայտ զրպարտություն պարունակող ստեղծագործությունների հրատարակությամբ, ինչպես նաեւ տարածելու նպատակով համանման նյութեր հավաքելով տարբեր անձանձից, որի համար էլ 1980թ.մարտին ՀՍՍՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիայի կողմից դատապարտվել է ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամանակով: Կալանավայրից ազատվելուց հետո էլ հանրորեն օգտակար աշխատանքով զբաղվելու ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել, ուղղվելու փոխարեն շարունակել է նույն հանցավոր գործողությունները, այս անգամ արդեն գործով մյուս ամբաստանյալների` Ռաֆայել Օհանյանի եւ Սիրվարդ Ավագյանի հետ միասին:

Ամբաստանյալ Հարությունյանը երկու օրինակից կազմված եւ «Խնդրագիր Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին» եւ «Հայ եկեղեցու դիմումը ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահությանը» վերնագրեր կրող մեքենագիր տեքստերում ներկայացել է որպես «Մարդու իրավունքների պաշտպանության սովետական կոմիտեի անդամ» եւ խնդրել Վազգեն Առաջինին դիմել «սովետական կառավարությանը բոլոր հայ քաղբանտարկյալներին կալանավայրերից եւ հոգեբուժական հիվանդանոցներից ազատելու» պահանջով:

Ամբաստանյալ Հարությունյանը, աղճատված ձեւով մեկնաբանելով ՍՍՀՄ սահմանադրությունը, գրել է, որ իբր «սովետական ժողովուրդը զուրկ է տարրական իրավունքներից», «մշտապես գտնվում է վախ ու սարսափի ազդեցության տակ սովետական կառավարության հանդեպ», որ այսպես կոչված «քաղաքական բանտարկյալները» դատապարտվում են իրենց համոզմունքների համար: Նա աղավաղված ձեւով է նկարագրել կալանավորների գոյության պայմանները:

Այնուհետեւ, առանց խղճի խայթի, նա կշտամբել է սովետական ժողովրդին եւ քրիստոնեական եկեղեցին ՊԱԿ-ի մարմինների հանդեպ տածած «սարսափի» համար:

Շարունակելով սովետական կառավարության դեմ ուղղված զրպարտանքները, ամբաստանյալ Հարությունյանը բառացիորեն գրել է. «Մենք չենք պատկերացնում, որ մեր կառավարությունը ավելի է վախենում մեզնից, քան մենք իրենից, քանի որ այն` աշխարհում գոյություն ունեցող կառավարություններից ամենավախկոտն է», որ «մեր կառավարությունը յուրացնում է այն ամենն, ինչ ընկնում է ձեռքը, հարվածը հասցնում է այն պահին, երբ զոհն ուժասպառ է»: Դրանից հետո դիմելով Վազգեն Առաջինին պահանջում է. «քաղ. բանտարկալների» ընտանիքներին օգնություն ցույց տալ այն չափով, որը շոկի մեջ կգցի խորհրդային կառավարությանը:

Ամբաստանյալ Էդուարդ Հարությունյանը 1982թ. ընթացքում կազմել է 71 թերթանոց անվերնագիր ձեռագիր տեքստ, որի մի մասը տարածելու նպատակով բազմացրել է 4 օրինակից: Նշված տեքստը նունյպես պարունակում է խորհրդային պետական եւ հասարակական կարգը պախարակող բամբասանքներ: Բացահայտ թշնամանք ցուցաբերելով խորհրդային հասարակարգի նկատմամբ` փորձել է վարկաբեկել խորհրդային պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, գրել, թե «խորհրդային պետությունը տնտեսական կործանման եզրին է, խորհրդային մարդկանց կենսամակարդակը ավելի ու ավելի է ընկնում, քանզի խորհրդային կառավարությունը չի մտածում ժողովրդի շահերի մասին, այլ միայն խոստումներ է սփռում, որոնք չի կատարում»: Նույն տեքստում գրել է, որ «ժողովուրդն այս ամենը հասկանում է, սակայն բանտից երկյուղած` լռում է»:

Այնուհետեւ, շարունակելով վարկաբեկել խորհրդային ժողովրդին, գրել է, որ «խորհրդային մարդիկ հանրային սեփականության հափշտակումը գողություն չեն համարում եւ գողանում են ինչ որ հնարավոր է գողանալ», «սոցիալիզմի օրոք հարբեցողությունը չարիք չի համարվում, քանի որ խորհրդային մարդիկ խմում են ինքնամոռացության նպատակով, զրկված լինելով բոլոր քաղաքական, տնտեսական եւ սոցիալական իրավունքներից»: Ամբաստանյալ Հարությունյանը թշնամանք եւ բամբասանք է տարածել նաեւ խորհրդային պետության արտաքին քաղաքականության վերաբերյալ` հայտարարելով, որ «ԽՍՀՄ-ը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրագործել է տարածքային բռնազավթումներ, մասնավորապես Լատվիայի, Էստոնիայի, Մոլդավիայի նկատմամբ», «օկուպացրել է Չեխոսլովակիան, Լաոսը, Կամպուչիան, ճնշել ապստամբությունները Լեհաստանում եւ Հունգարիայում»:

Ամբաստանյալ Հարությունյանը առաջ է քաշել անհիմն մեղադրանքներ խորհրդային պետության կողմից կիրառվող «ազգային խտրականության վերաբերյալ` պնդելով, որ իբր «խորհրդային կառավարությունը վերացրել է Կալմիկական, Չեչենո-Ինգուշական ինքնավար հանրապետություններում, ինչպես նաեւ մի շարք այլ ինքնավար սոցիալիստական հանրապետություններ, որոնց տարածքներից վտարելով բնիկ ժողովուրդներին, դրանք բնակեցրել է ռուս գյուղացիներով»:

Ամբաստանյալ Հարությունյանը զրպարտության եւ հերյուրանքների գագաթնակետին հասնելով` հայտարարել է, որ արդարության համար մարտնչող մարդիկ հետապնդվում են կուսակցական մարմինների կողմից: Հարությունյանի հանցանքը հիմնավորված է իրեղեն ապացույց ճանաչված փաստաթղթերի ուսումնասիրության արձանագրությամբ: Դատաձեռագրային փորձաքննությամբ եւ գործով ձեռք բերված այլ տվյալներով: Այսպիսով` դատական կոլեգիան ապացուցված է համարում, որ ամբաստանյալներ Է. Հարությունյանը, Ռ. Օհանյանը եւ Ս. Ավագյանը գրել եւ տարածել են Խորհրդային Միությանը զրպարտող եւ պախարակող դիմումներ, բողոքներ, ձեռագրեր, մեքենագիր տեքստեր եւ այլ փաստաթղթեր: Պատիժ սահմանելիս դատական կոլեգիան հաշվի է առնում հանցագործության հանրային վտանգավորությունը, հանցագործների անձը, այն, որ երեքն էլ նախկինում դատված են եղել եւ բացառապես բացասական են բնութագրվում: ՀԽՍՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան վճռեց` Ամբաստանյալ Էդուարդ Բագրատի Հարությունյանին մեղավոր ճանաչել ՀԽՍՀ քր. օր-ի 206-ի առաջին հոդվածով եւ դատապարտել նրան ազատազրկման երեք տարի ժամանակով, որը նա պետք է կրի խիստ ռեժիմի ուղղիչ-աշխատանքային գաղութում»:

Երկրի «առաջավոր» քրեական ճամբարներով սկսվեց Էդուարդ Հարությունյանի «շրջագայությունը»: Էտապների, մեկուսարանների անտանելի պայմանները լրիվ քայքայեցին նրա առողջությունը: Նա հիվանդացավ քաղցկեղով: Դեռեւս Հայաստանում, ՊԱԿ-ի մեկուսարանում, ԽՍՀՄ ՆԳՄ-ին տեղեկացրեց, որ «ով իրեն` ծանր հիվանդին, էտապով ուղարկի Սիբիր, նա ինքն իրեն կկնքի որպես պրոֆեսիոնալ մարդասպան...»:

Բժիշկներն արդեն գիտեին, որ Էդուարդը դատապարտված է մահվան: Վիրահատությունը ոչինչ չտվեց: Արդեն ուշ էր, մահաբեր հիվանդությունը տարածվել էր օրգանիզմում: Ըստ գործող օրենսդրության` հիվանդանոցում պարտավոր էին միջնորդել եւ ազատել կալանքից: Բայց արվեց հակառակը. մահամերձ վիճակում գտնվող Հարությունյանին, որպես պատիժ, հիվանդանոցից ուղարկեցին ճամբար: Առիթն այն էր, որ նա պահանջել էր իրեն թույլ տալ օգնության համար դիմել ՄԱԿ-ին: Իմանալով, որ բանտարկյալին օրերի կյանք է մնացել, ազատ են արձակում: 1984թ. դեկտեմբերի 5-ին, ազատվելուց 12 օր հետո, Երեւանում 58 տարեկան հասակում վախճանվեց Էդուարդ Հարությունյանը: Աճյունը, իր խնդրանքի համաձայն, հողին հանձնվեց Թալիշ գյուղում: Ֆրանսիայի հասարակայնությունը իր հաշվին տապանաքար դրեց` «Արտասահմանյան բարեկամներից» մակագրությամբ: Սակայն նրա գերեզմանն իսկ պղծվեց իշխանությունների կողմից: Երկու շաբաթ անց իշխանությունները ստիպեցին հանել տապանաքարը, ջարդեցին այն եւ հուշարձանի վրայից ջնջվեց «բազմաչարչար» բառը: Միակ մարդը, որը մինչեւ վերջին պահը չլքեց Էդուարդին քույրն էր` Սիլվան: Ահա մի քանի պատառիկ քրոջը գրած նրա նամակներից:

«Սիրելի Սիլվա, շատ վատ եմ զգում, հարցրու բժշկին, թե ինչ պետք է անել, որպեսզի ես այստեղ չմեռնեմ, տուն վերադառնամ եւ մեռնեմ իմ պապի տանը` Թալիշում...»:

 «Թանկագին Սիլվա, քույրս, տար ինձ այստեղից: Դիակս տանելը հազարներ կնստի: Մերոնց այս մասին ոչինչ մի ասա... Գիտեմ, թե ինչու հանձնաժողովի անդամները չեն ուզում ինձ «բաց թողնել», որպեսզի բուժվելու ոչ մի հնարավորություն չլինի... Սարսափելի ցավեր ունեմ, ցավում է ստամոքսս, ոսկորներս... խոսել անգամ չեմ ուզում...»:

«Բարեւ թանկագին Սիլվա: Նամակս գրում եմ թմրադեղ սրսկվելուց հետո: Դրա ազդեցության տակ «աշխատոււմ եմ» 45 րոպեից ոչ ավել, որովհետեւ գլուխս այդ ժամանակ է միայն աշխատում, թմրամոլների լեզվով ասած այդ ժամանակ ես գտնվում եմ «կայֆի տակ»:

 Այս նամակները գրվել են 1984 թ., մահվանից մեկ-երկու ամիս առաջ: Իսկ իշխանություններին ուղղված վերջին նամակը հետեւյալն էր.

«ԽՍՀՄ Գերագույն խորհրդին

 ...Ես երբեք դավաճան չեմ եղել եւ չեմ լինի: Ես երբեք ժողովրդի թշնամին չեմ եղել եւ չեմ լինի: Ես սիրում եմ հայրենիքս: Ես չեմ աշխատել ոչ միայն «Ռեյգանի վրա», այլեւ` ոչ մեկի...Այո, ես Հայկական հելսինկյան խմբի հիմնադիրն եմ եւ անդամը: Այո, ես ԽՍՀՄ-ում մարդու իրավունքների համար պայքարողներից մեկն եմ: Ես իմ երկրում միայն մարդու իրավունքներն եմ պաշտպանում: Եվ ոչ մեկին իրավունք չի տրված` ինձ վիրավորելու...12.9.84թ.»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter