HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի եղբոր ընտանիքի գործընկերը նոր հէկ է կառուցում Վայոց ձորում

Վայոց ձորի մարզի ոռոգման ինքնահոս համակարգի վրա նոր հէկ է կառուցվելու: Նախագծի համաձայն՝ «Գոռնար» փոքր հէկի շինարարությունը նախատեսվում է իրականացնել Վայոց Ձորի մարզի ինքնահոս համակարգի առաջին՝ Հերմոն-Չիվա և երկրորդ՝ Հերմոն-Ռինդ ճյուղերի վրա, որոնցից յուրաքանչյուրից նոր խողովակ է տարվում մինչև գոյություն ունեցող, բայց չգործող Վարդաշենի պոմպակայանի շենք։

Հերմոն-Չիվա մայր խողովակաշարը մինչև Վերնաշենի ճյուղավորումն ունի 19116 մ երկարություն, 1000 մմ տրամագիծ, 12 մմ պատի հաստություն: Մայր խողովակաշարի վրա որևէ փոփոխություն չի իրականացվելու: Խողովակի երկայնքով տեղադրված են վանտուզային և ջրհեռ փականներ, որոնց վրա կտեղադրվեն փակ դիտահորեր, ձմեռային պայմաններում հակասառեցման պայմանները ապահովելու նպատակով:

Քանի որ հէկը բնական ջրահոսքի, այն է՝ գետի վրա չի կառուցվելու, հէկի նախագծողները վստահեցնում են, որ այն որևէ բացասական ազդեցություն չի ունենալու շրջակա միջավայրի վրա: «Գոռնար» փոքր հէկի նախագիծը կազմել է «Հիդրոէներգետիկա» ընկերությունը՝ ի դեմս նախագծի ղեկավար Գրիգոր և տնօրեն Ինեսսա Գաբայանների:

Բնապահպանության նախարարություն է ներկայացվել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախագիծը: Վայոց ձորի մարզի Գետափի գյուղապետարանում տեղի կունենան «Գրին էներջի կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Գոռնար» փոքր հէկի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ:

«Գրին էներջի կոնցեռն» ՍՊԸ-ն նորաստեղծ ընկերություն է: Հիմնադրվել է 2015թ. հոկտեմբերին: Ընկերության հիմնադիր-բաժնետերը Գրիգոր Առաքելյանն է: Վերջինս «Մինա-մայա» ՍՊԸ-ում ՀՀ նախագահի եղբայր Լևոն Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի հետ հավասարապես կիսում է ընկերության կողմից շահագործող երկու հէկերի բաժնեմասը: Հիշեցնենք՝ «Մինա մայա» ընկերությանն է պատկանում Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգնաձոր» և «Եղեգնաձոր փհէկ-1» փոքր հէկերը: 

Առաջին լուսանկարը՝ նախագծից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter