HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստան-Ավստրիա առևտուրը. ինչ ենք գնում ու վաճառում

Արտաքին առևտրի ոլորտում Ավստրիան Հայաստանի ոչ խոշոր, սակայն հիմնական գործընկերների շարքին է դասվում։ Այս երկրի հետ առևտուրը 2015 թվականին զբաղեցրել է աշխարհի հետ Հայաստանի առևտրաշրջանառության 0,4%-ը, իսկ 2014-ին՝ 1,2%-ը։

Հայ-ավստրիական առևտրում հայկական կողմն առավելապես ներմուծողի դերում է, սակայն 2015 թվականին ներմուծման ծավալները կտրուկ նվազել են։ 2015-ին Հայաստան-Ավստրիա առևտրաշրջանառությունը ավելի քան 18,3 մլն դոլար առևտուր է կազմել, որից 16,3 մլն դոլարը Ավտրիայից Հայաստան կատարված ներմուծումն է, իսկ 2 մլն դոլարը՝ հակառակ ուղղությամբ արտահանումը։ Այս երկրի հետ առևտրի բացասական հաշվեկշիռը Հայաստանի դեպքում կազմել է 14,3 մլն դոլար։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալները։

Նկատելի է, որ մեկ տարում Հայաստան-Ավստրիա առևտրաշրջանառության ծավալները կտրուկ նվազել են։ Համեմատության համար` 2014-ին այն կազմել է 73,5 մլն դոլար։ Այսինքն՝ ծավալները 4 անգամ նվազել են։ Եվ դա կատարվել է բացառապես ներմուծման կրճատման հաշվին։ Մեկ տարում այն  72  մլն դրամից հասել է 16,3 մլն դրամի՝ նվազելով 4,4 անգամ։

Իսկ Հայաստանից դեպի այս երկիր արտահանման մասով որոշակի աճ կա։ Ծավալներն ավելացել են 45,6%-ով՝ կազմելով 2 մլն դոլար։

ՀՀ մաքսային ծառայության տվյալները ցույց են տալիս, որ Ավստրիան Հայաստանից գնում է հիմնականում ալյումինե նրբաթիթեղ և քիչ քանակությամբ՝ այլ ապրանքներ։ Նախորդ տարի արտահանված ալյումինե նրբաթիթեղի ծավալն աճել է 0,7 մլն դոլարով (63,3%-ով) և դրանով էլ պայմանավորված է դեպի այս երկիր արտահանման աճը։

Իսկ Ավստրիայից ներմուծվող ապրանքատեսականին ավելի լայն է՝ ավտոմեքենաներ, ծխախոտի թուղթ, արյուն, դեղամիջոցներ և այլն։ Բայց, ինչպես նշեցինք, ներմուծումը կտրուկ նվազել է։ Դա պայմանավորված է նրանով, որ 2014-ին Հայաստանն Ավստրիայից ներմուծել է 40,4 մլն դոլարի ոսկի (ոսկու փոշի), իսկ 2015-ին ընդահանրապես չի ներմուծել այս ապրանքից։

Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայում, Ավստրիայից Հայաստան ներմուծումը 2008 թվականից հետո, ամենայն հավանականությամբ պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամով, զգալի նվազել է։ Արտահանման մասով նման կտրուկ փոփոխություններ չեն գրանցվել։

Իսկ ինչ վերաբերում է օտարերկրյա ներդրումներին, ապա Ավստրիան, առնվազն վերջին հինգ տարում, Հայաստանում զգալի ծավալի ներդրումներ չի կատարակում։ ՀՀ ԱՎԾ-ն ավստրիական ներդրումների ծավալը ներկայացնում է «այլ ներդրումներ» տողով, որում ներառված են նաև այն երկրների ցուցանիշները, որոնք փոքր ծավալի ներդրումներ են կատարել և զգալի զիջում են առանձին տողով ներկայացվող երկրներին։ Այլ խոսքով՝ Ավստրիայի ցուցանիշներն առաձին չեն ներկայացվում, քանի ոչ զգալի ծավալներ չունեն։ Փոքր ծավալների մասին է վկայում նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրապարակած փաստաթուղթն, ըստ որի՝ 2015-ին Ավստրիայից Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումների համախառն խոսքերը կազմել են ընդամենը 406 հազ. դոլար, գրեթե ամբողջությամբ՝ ուղղակի ներդրումների տեսքով։ Այդպիսով, ընդհանուր ներդրումների կազմում Ավստրիայի տեսակարար կշիռը գնահատվել է 0:

Այսպիսով, չնայած Հայաստանի ու Ավստրիայի ղեկավարությունների և ներկայացուցիչների միջև պարբերաբար հանդիպումներ, փոխայցեր, համաժողովներ ու այլ տեսակի միջոցառումներ են իրականացվում, սակայն երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը, փաստորեն, թույլ մակարդակում է։ Ի հակառակ տնտեսական կապերի՝ քաղաքական և դիվանագիտական դաշտում Հայաստանի և Ավստրիայի կապն ավելի ամուր է։ Ավստրիայի խորհրդարանը 2015 թվականին ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: 2014 թվականին Ավստրիայի և Հայաստանի նախագահները ստորագրել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և գործընկերության մասին հռչակագիրը։ Սրանք քաղաքական հարաբերությունների մակարդակի մասին վկայող իրադարձություններից միայն երկուսն են։ Քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը արդեն իսկ հիմք է հայ-ավստրիական տնտեսական հարաբերությունների զարգացման համար։  

Այս տարվա ապրիլին Հայաստանի զարգացման հիմնադրամը գործընկեր կազմակերպության՝ Ավստրիայի դաշնային տնտեսական պալատի հետ համատեղ հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի շրջանակում նախաձեռնել էր գործարար համաժողով։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը համաժողովին հայտարարել է, որ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և վերականգնողական էներգետիկայի ոլորտները բավականին հեռանկարային են հայ-ավստրիական համատեղ բիզնեսի համար։

լուսանկարը՝ president.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter