Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Հայերի արկածներն աֆրիկացի ծովահենների երկրում. կառավարությունն անհոգ է, իրականությունը՝ մտահոգիչ


սկիզբը

Մեր հոդվածներից մեկում անդրադարձել էինք արտասահմանում հայ օդաչուների եւ ավիաընկերությունների՝ մութ պատմություններում ներգրավվածությանը: Կառավարությանը հարցում էինք ուղարկել՝ պարզելու ՀՀ իշխանությունների տեղեկացվածությունը խնդրից եւ ճշտելու, թե ինչ են անում պատկան մարմինները՝ նման իրավիճակներից խուսափելու համար:

Նախ ներկայացնում ենք կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին ուղղված մեր հարցերը, որոնց պատասխանները ստացել ենք ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանից:

ՔԱԳՎ. No problem

2011-ին ՄԱԿ-ի Սուդանի հարցով պատժամիջոցների հանձնաժողովին (ԱԽ բանաձեւ թիվ 1591, 2005 թ.) կից աշխատող փորձագետների հարթակը Դարֆուրում (որտեղ ՄԱԿ-ի ԱԽ-ն սպառազինության էմբարգո եւ գրոհային ռազմական թռիչքների արգելանք էր դրել) ֆիքսել է հայկական EK-76592 «Իլ-76» ինքնաթիռը, որը միայն ապրիլ-հունիս ամիսներին 17 անգամ Խարթումից թռել է Դարֆուր: Հայկական «Վ-Բերդ Ավիա» ավիաընկերությանը (բազավորվում է Շարժայում) պատկանող ինքնաթիռն անձնակազմ եւ ապրանքներ է տեղափոխել Դարֆուր, չնայած փորձագետները արգելքի պատճառով չեն կարողացել հստակ պարզել, թե ինչ է տեղափոխվել: Այս ամենը նկարագրված է փորձագետներից երեքի նամակում, որը կցված է Միջազգային քրեական դատարանում քննվող քրգործերից մեկի փաստաթղթերի փաթեթին:  

2013-ին ԱՄՆ-ի «սեւ ցուցակ» էր ընդգրկվել ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանի հորեղբորը՝ Ռաֆիկ Մովսիսյանին, պատկանող «Վերթիռ» ավիաընկերությունը, որը, ըստ ԱՄՆ-ի իշխանությունների, իբրեւ միջնորդ «ներգրավված է եղել ավիացիոն գնումների անօրինական ցանցում՝ Իրանի հանդեպ ԱՄՆ արգելքները շրջանցելու համար»: 

2014-ին այդպիսի ցուցակում ընդգրկվել է մեկ այլ հայկական՝ «Վետերան Ավիա» ընկերությունը (բազավորվում է Շարժայում): «Սեւ ցուցակում» ընդգրկվելու պատճառը, ըստ ԱՄՆ-ի, եղել է Ասադի ռեժիմին աջակցելը կամ, ինչպես նշվել է փաստաթղթերում՝ «Միացյալ Նահանգների ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության շահերին հակառակ գործունեությունը»:

Նույն «Վետերան Ավիան» հայտնվել է ՄԱԿ-ի Լիբիայի հարցով պատժամիջոցների հանձնաժողովին կից աշխատող փորձագետների հարթակի ուշադրության կենտրոնում (Լիբիայում 2011-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն 1970 բանաձեւով հայտարարել է զենքի էմբարգո): Փորձագետներն իրենց զեկույցներում նշել են, որ հայկական ընկերությունը 2014 թ. հոկտեմբեր-նոյեմբերին ԱՄԷ-ից Հորդանանի տարածքով զենք եւ զինամթերք է փոխադրել Լիբիայի Տոբրուկի ռեժիմին:

Չնայած ՀՀ կառավարությունը ՄԱԿ-ի փորձագետներին հավաստիացրել է, թե «Վետերան Ավիան» փոխադրել է հումանիտար օգնություն, փորձագետները նշել են, որ իրենց ինֆորմացիայի համաձայն՝ բեռը եղել է ռազմամթերք: «Վետերան Ավիան» գրանցված է ՀՀ-ում, օդանավերն էլ շահագործել է ՀՀ ՔԱԳՎ-ի տված օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) եւ ավիափոխադրողի մասնագրի հիման վրա, օդանավերն էլ գրանցված են եղել ՀՀ օդանավերի ռեգիստրում:

-ՀՀ կառավարությունը տեղյա՞կ է ներկայացված փաստերից

ՔԱԳՎ-2011, 2014 եւ 2015 թթ. ՄԱԿ-ի համապատասխան փորձագիտական խմբերի կողմից հարցումներ են արվել, որոնցով խնդրել են համապատասխան տեղեկատվություն «Վ-Բերդ Ավիա» եւ «Վետերան Ավիա» ավիաընկերությունների որոշ ժամանակահատվածների թռիչքների վերաբերյալ: Քանի որ նշված ավիաընկերությունները դադարեցրել են իրենց գործունեությունը նախքան այդ հարցումները, փորձ է արվել ավիաընկերության աշխատակիցներից ճշտելու տեղեկատվությունը եւ ներկայացնել հարցումը կատարող կողմին: Ընկերությունների կողմից տրվել են պարզաբանումներ, որ դրանք եղել են հումանիտար օգնություններ, եւ նմանատիպ գործունեության համար որեւէ արգելքներ չկան: 

-ՀՀ ԱԳՆ-ի դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարությունը եւ/կամ ՔԱԳՎ-ն տեղեկացվե՞լ են ՄԱԿ-ի եւ ԱՄՆ-ի վերոնշյալ փաստաթղթերի ու որոշումների մասին:

ՔԱԳՎ-Տեղեկատվություններն, անկախ նրանից, թե ինչ խողովակներով են ստացվում, եթե ստացված են ՀՀ կառավարության կամ որեւէ լիազոր մարմնի մոտ, ուսումնասիրվում են օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում կամ փոխանցվում են համապատասխան պատասխանատու լիազոր մարմնին:

-Ինչպիսի՞ն է ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշումը հայկական ավիաընկերությունների՝ ԱՄՆ-ի «սեւ ցուցակում» կամ միջազգային քրեական գործերում եւ ՄԱԿ-ի փաստաթղթերում ոչ դրական լույսի ներքո ընդգրկվելու վերաբերյալ:

ՔԱԳՎ-Միջազգային քաղաքացիական ավիացիայի ոլորտում «սեւ ցուցակ» հասկացողություն, որպես իրավական հետեւանքներ առաջացնող նորմ, գոյություն չունի, ընդամենը կա ավիաընկերությունների ցուցակ, որոնց Եվրոպական Միությունը չի թույլատրում իրականացնել դեպի իր տարածք թռիչքներ՝ ելնելով իր փորձագետների եզրակացություններից, պայմանավորված տվյալ ավիաընկերությունների թռիչքային եւ ավիացիոն անվտանգության անբավարար գնահատականներով: Հայաստանյան որեւէ ավիաընկերություն նման ցուցակներում չի եղել եւ չկա՝ չնայած լինելու դեպքում էլ նրա նկատմամբ հայտնած գնահատականները միանշանակ պետք է հաստատվեն գրանցման պետության (մեր դեպքում՝ ՀՀ-ի) համապատասխան լիազոր մարմնի կողմից, քանի որ թռիչքային եւ ավիացիոն անվտանգության պատասխանատուն հանդիսանում է տվյալ պետությունը:

«Հետք»- ՔԱԳՎ ներկայացուցչը փորձել է շրջանցել իր պետի (արդեն նախկին պետի) հարազատի ընկերության դեմ կիրառված արգելքի թեման (տես՝ «Քաղավիացիայի պետի հորեղբայրը հայտնվել է միջազգային սկանդալում»): Ի գիտություն ՔԱԳՎ-ի եւ Սահակ Հակոբյանի՝ ԱՄՆ-ի առեւտրի դեպարտամենտը (U.S. Department of Commerce) ունի այսպես կոչված «ընկերությունների ցուցակ» (Entity List, համապատասխանում է «սեւ ցուցակ» հասկացությանը), որում ընդգրկվում են այն ընկերությունները, որոնց արգելվում է ԱՄՆ-ից որեւէ բան գնել (մեջբերում «Ռոյթերս» գործակալությունից»- The Commerce Department added the firms to its "Entity List," which largely prohibits them from buying restricted items from the United States, such as aircraft engines or spare parts):   

-Ի՞նչ է արել եւ անում ՀՀ կառավարությունը (ներառյալ ԱԳՆ-ն ու ՔԱԳՎ-ննման տհաճ իրավիճակներից խուսափելու համար:  

ՔԱԳՎ-ՀՀ կառավարությունը տվյալ զեկույցները չի կարող հիմք ընդունել՝ որեւէ պատժամիջոց ավիաընկերությունների նկատմամբ կիրառելու համար, այլ նման դեպքերում իրեն վերապահված գործառույթների շրջանակում իրականացնում է ուսումնասիրություններ, եւ մինչ օրս որեւէ խախտում չի փաստարկվել: Բացի այդ, հայաստանյան ավիաընկերությունների հետ շարունակական աշխատանքների շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր ՔԱԳՎ-ի կողմից մշտապես տարվում է խորհրդատվություն թռիչքային աշխարհագրության ընտրության հարցում, վտանգավոր եւ արգելված տարածքներում թռիչքներ չիրականացնելու նպատակով: Սակայն հարկ ենք համարում նշել, որ յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ իր գործունեության վերաբերյալ որոշումներ է կայացնում սեփական պատասխանատվությամբ: Եթե լինեին անթույլատրելի փաստարկներ եւ ապացուցվեին, ապա ՀՀ կառավարությունն ունի որոշակի լիազորություններ, ընդուպ մինչեւ ավիաընկերոթյունների գործունեության դադարեցնելը՝ կապված այդ փաստարկների բնույթից: Տեղեկացնում ենք նաեւ, որ «Վ-Բերդ Ավիա» ավիաընկերությունը չի գործում դեռեւս 2011 թ. օգոստոսի 25-ից, «Վերթիռ» ավիաընկերությունը չի գործում 2011 թ. հոկտեմբերի 31-ից, «Վետերան Ավիա» ավիաընկերությունը չի գործում 2015 թ. մարտի 2-ից (նկատի ունի, որ օդանավ չեն շահագործում- հեղ.):

-ՄԱԿ-ի փորձագետների պնդումներից ու ԱՄՆ-ի իշխանությունների գործողություններից հետո ՔԱԳՎ-ն արդյոք իրականացրե՞լ է ուսումնասիրություններ կամ ստուգումներ նշված ավիաընկերություններում: Եթե ոչ, ապա ինչու՞: Եթե այո, ապա, ե՞րբ, ո՞ր ընկերություններում, կոնկրետ ի՞նչ նպատակով, հայտնաբերվե՞լ են արդյոք օրենսդրության (պարտավորություններ միջազգային պայմանագրերին, ՀՀ օրենքներին եւ իրավական ակտերին համապատասխան) խախտումներ:

ՔԱԳՎ-Օդանավ շահագործողների շարունակական վերահսկողության շրջանակներում ՔԱԳՎ-ի կողմից իրականացվում են պարբերական տեսչական ստուգումներ (ուսումնասիրություններ), որոնք նպատակ ունեն պարզելու, որ օդանավ շահագործողը շարունակում է համապատասխանել օդանավ շահագործող վկայականի տրման պահանջներին: Տեսչական ստուգումների (ուսումնասիրությունների) առարկա է հանդիսանում օդանավ շահագործողի կողմից օդանավերի թռիչքային եւ տեխնիկական շահագործման սահմանված պահանջների լիարժեք կատարումը, որն իր հերթին ապահովում է օդանավ շահագործողի կողմից մատուցվող ծառայությունների անվտանգությունն ու որակը: Լրացուցիչ կցանկանայինք տեղեկացնել, որ (միջազգային քաղավիացիայի պահանջներին համապատասխան) բոլոր միջազգային թռիչքները լինում են թափանցիկ նաեւ հանրության համար, քանի որ տարանցիկ պետությունները տալիս են համապատասխան թռիչքի թույլտվություններն օդանավի, ավիաընկերության եւ տեղափոխվող բեռի բնույթի վերաբերյալ տեղեկատվությունն ուսումնասիրելուց հետո:

Հայկական օդանավերը՝ ծովահենների երկրում

Մինչ ՔԱԳՎ-ն կպատասխաներ «Հետքի» հարցերին, մենք գտանք աֆրիկական մութ պատմություններում հայկական ավիաընկերությունների ներգրավվածության եւս մի քանի վկայություններ: ՀՀ-ում գրանցված օդանավերն աշխատել են ոչ միայն Սուդանի եւ Լիբիայի կոնֆլիկտային գոտիներում, այլեւ Սոմալիում՝ երկիր, որը հայտնի է քաղաքացիական մշտական պատերազմներով ու ծովահենությամբ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 1992-ին ընդունել է քաղաքացիական կռիվների մեջ թաղված Սոմալիի մասին թիվ 751 բանաձեւը, որով, մասնավորապես, զենքի էմբարգո է դրվել, այսինքն՝ արգելվում է զենք-զինամթերք առաքել այդ երկիր: Բանաձեւն այսօր էլ ուժի մեջ է: Միաժամանակ ՄԱԿ-ի փորձագետներն այս տարիներին բազմիցս ֆիքսել են էմբարգոյի խախտման օրինակներ: Ցավալին այն է, որ փորձագետների զեկույցներում նշվում են նաեւ հայկական ավիաընկերությունների անուններ, որոնք, ըստ այդմ, ռազմամթերքի փոխադրմամբ են զբաղվել:   


Powered by iMapBuilder

Սոմալիի եւ այլ երկրների քաղաքներ, որոնց միջեւ թռիչքներ են կատարել հայկական օդանավերը

Սոմալիի հարցով փորձագետները 2011-ի իրենց զեկույցում անդրադարձել են նման մի քանի դեպքերի: Սոմալիի քաղավիացիայի իշխանություններից ստացած տվյալներով՝ վերը հիշատակված նույն «Վ-Բերդ Ավիան» 2010-ի օգոստոսի 11-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը 5 թռիչք է կատարել դեպի Սոմալի: Ընկերության կողմից շահագործվող EK-76592 (հետագայում՝ 2011-ին, Սուդանում աշխատած ինքնաթիռն է) եւ EK-76021 համարներով «Իլ-76» հայկական օդանավերը բեռ են տեղափոխել այդ երկիր: «Վ-Բերդ Ավիայի» սեփականատերը մեկ այլ հայկական ընկերություն է՝ «South Airlines»-ը (պատկանում է Աֆրիկայում աշխատող օդաչուների շրջանում հայտնի ՌԴ քաղաքացի, ծագումով Շիրակի Վահրամաբերդ գյուղից Վահրամ Սիմոնյանի ընտանիքին): Փորձագետները հանդիպել են Շարժայում բազավորված «South Airlines»-ի ներկայացուցչին, ում ասելով՝ տեղափոխել են հիմնականում դեղորայք եւ էլեկտրատեխնիկա: Նշել է նաեւ, որ 2010-ի հոկտեմբերից իրենք Սոմալի չեն թռչում:

Սակայն միջազգային փորձագետները պարզել են, որ հայկական օդանավերը 2010-ի հոկտեմբերին կարեւոր բեռ են տեղափոխել «Saracen International»-ի համար: Այս ընկերությունը հիմնադրվել է 1995-ին Բրիտանական Վիրջինյան կղզիներում, որն օֆշորային գոտի է: Հետագայում գրասենյակներ է բացել Հարավային Աֆրիկայում, Ուգանդայում, Կոնգոյի Դեմոկրտական Հանրապետությունում, Անգոլայում, Լիբանանում: 2005-ից ընկերությունն սկսել է հետաքրքրվել Սոմալիի Դաշնային Հանրապետության Պունտլենդ ինքնավար շրջանով: Պունտլենդը համարվում է Սոմալիի ծովահենության գլխավոր կենտրոնը, չնայած մի քանի մասի պառակտված երկրի միասնականության կողմնակից է: «Saracen International»-ը նյութապես եւ մարդկային ռեսուրսով (մասնավորապես, հարավաֆրիկացի վարձկաններով) աջակցում էր Պունտլենդի ծովային ոստիկանության ուժերին: Ֆինանսավորումը կատարվում էր ԱՄԷ-ից: Հետագայում այս դուետը պիտի բնորոշվեր իբրեւ «մասնավոր բանակ», ինչը Սոմալիում զենքի էմբարգոյի խախտում է:

«Saracen International»-ը նաեւ պայմանագրային հիմունքներով մարզում էր երկրի դաշնային զինուժին: Փորձագետները ֆիքսել են, որ 2010-ի հոկտեմբերի 17-ին ընկերությունը Շարժայից «Վ-Բերդ Ավիայի» «Իլ-76» (EK-76592, թռիչքի համարը՝ VBD 6019) օդանավով Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշո է տեղափոխել 3 հատ «Ford F350 B6» զրահապատ մեքենա, որոնց վրա առկա է զենքի տեղադրման աշտարակ: Չորրորդ մեքենան հոկտեմբերի 18-ին տեղափոխել է մեկ այլ հայկական «Իլ-76»՝ EK-76425-ը, որը շահագործում էր ՀՀ-ում գրանցված արաբական կապիտալով «Reliable Unique Services Aviation»-ը: Ինքնաթիռը մեքենան Շարժայից հասցրել է մինչեւ Սոմալիի հարեւան Ջիբութի, որտեղից Մոգադիշո է տեղափոխել վրացական գրանցումով «Ան-12»-ը:   

2010-ի տարեվերջին Սոմալիում սկսեցին քննադատել «Saracen International»-ի ներկայությունը երկրում: Ընկերությունը Մոգադիշոյից տեղափոխվեց Պունտլենդի Բոսասո քաղաք: Դաշնային կառավարությունը շուտով հայտարարեց, որ խզվելու են «Saracen International»-ի հետ բոլոր կապերը, ինչը պարտադիր է Սոմալիի ամբողջ տարածքում, սակայն Պունտլենդի իշխանություններն անտեսեցին այս որոշումը:

«Հայք Ավիայի» օդանավի անձնակազմի կալանավորումը   

2010-ի դեկտեմբերի 10-ին հայկական «Հայք Ավիա» ընկերության (ներկայում օդանավ չի շահագործում) EK-32604 համարով «Ան-12» օդանավը ուգանդական Էնտեբեից Պունտլենդի Բոսասո քաղաք թռչելիս վայէջք էր կատարել Սոմալիլենդում: Վերջինս դաշնային Սոմալիից առանձնացած եւ անկախություն հռչակած շրջան է, փաստացի ինքանավար, բայց չճանաչված պետություն, որը նաեւ տարածքային վեճերի մեջ է Պունտլենդի հետ: Օդանավի հրամանատարը Սոմալիլենդի մայրաքաղաք Հարգեյսայի օդանավակայանի կառավարման աշտարակին հայտնել էր, որ վերալիցքավորման համար է վայրէջքի իրավունք խնդրում, ինչը թույլատրվել էր: Կասկածներ ունենալով՝ Հարգեյսայի ավիացիոն իշխանությունները որոշել էին զննել օդանավը: Պարզվել էր, որ այնտեղ 8 հոգի կա՝ անձնակազմը, որն ըստ փորձագետների զեկույցի, ռուսական էր եւ բաղկացած էր 6 հոգուց, ինչպես նաեւ 2 հեռուստալրագրող, որոնք գնում էին Պունտլենդ՝ ֆիլմ նկարելու: Երկրի իշխանությունները որոշել էին բոլորին տնային կալանքի տակ պահել մինչեւ հանգամանքների պարզումը:

Օդանավի հրամանատար Բորիս Անտոնովը պատմել էր, որ «Հայք Ավիայի» ինքնաթիռը  շահագործվում է հարավաֆրիկյան «Australian African Global Investments» ընկերության պատվերով, վերջինիս ղեկավարը նաեւ «Saracen International»-ի անդամ է եւ Պունտլենդում մարզում է ոստիկանական ուժերին: Օդանավում 583 կգ բեռ էր հայտնաբերվել:

Հետաքրքիր է, որ թռիչքի մանիֆեստը տպագրված է եղել հայկական մեկ ուրիշ ընկերության՝ «Էյր Արմենիայի» անունով, փաստաթղթում բեռը նշվել է որպես հագուստ եւ մեքենայի մասեր: Իրականում այնտեղ եղել է զինվորական հանդերձանք՝ շապիկներ, կոշիկներ, մետաղորսիչ սարք եւ նման պարագաներ:

Բնականաբար, սա հումանիտար օգնություն չէ, ինչի մասին նման դեպքերում հայտարարում են հայկական ավիաընկերությունները: Սակայն Սոմալիլենդի իշխանությունները, ի բարեբախտություն օդանավի հայ տերերի, ռուսական անձնակազմի եւ ուղեւորների, նրանց բաց են թողել:

Հայկական «Ան-26»-ը՝ ծովահենների երկնքում

2012-ի զեկույցում Սոմալիի հարցով փորձագետները կրկին նշել են հայկական օդանավերի գործունեության մասին: «Հայք Ավիան» եղել է այն ընկերություններից, որոնց ինքնաթիռները «Saracen International»-ի նյութական օգնությունն են հասցրել Պունտլենդի ծովային ոստիկանության ուժերին: 2011-ի հունիս-նոյեմբեր ամիսներին «Հայք Ավիայի» օդանավերը 33 թռիչք են իրականացրել դեպի Սոմալի: Շահագործվել է 3 օդանավ. EK-32410, EK-32604 («Ան-32» տիպի) եւ EK-2042 («Beechcraft Super King Air 200» տիպի):

Բացի սրանցից՝ Սոմալիում կիրառվել են նաեւ հայկական «South Airlines»-ի EK-26818, EK-26819 եւ EK-26878 օդանավերը («Ան-26» տիպի): Դրանց վարձակալը եղել է ուգանդական «Khalid Air»-ը: Այս դեպքում նույնպես դրանք ծառայել են Պունտլենդի ծովային ոստիկանության կարիքներին:

Այս «Ան-26»-երից մեկը, ինչպես երեւում է ամերիկյան «Fox News»-ի տեսանյութում, 2012-ի փետրվարին մասնակցել է ծովային ոստիկանության կողմից Պունտլենդի ծովահենների նավատորմի օդային դիտարկմանը:

Սոմալիից՝ Կոնգո

Հոդվածում նշված օդանավերից ներկայում Հայաստանում են գրանցված «Հայք Ավիայի» նախկին «Ան-32»-ները՝ EK-32604-ը եւ EK-32410-ը, որոնք այժմ կրում են համապատասխանաբար EK-32120 եւ EK-32458 համարներն ու շահագործվում են Վահրամ Սիմոնյանի «Սկիվա Էյրի» կողմից: EK-26819-ն էլ («Ան-26») «South Airlines»-ի տրամադրության տակ է: Մյուս օդանավերը շահագործվում են այլ երկրներում, իսկ «South Airlines»-ի EK-26818-ը, որը վարձով տրվել էր սոմալիական «Transom Airways»-ին, 2013-ի օգոստոսին վթարի է ենթարկվել այդ երկրի Գուրիել քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս:   

«Հետքի» աղբյուրը, ով նախկինում եղել է ՄԱԿ-ի փորձագետ, հայտնել է, որ Վահրամ Սիմոնյանը ներկայում գործունեություն է ծավալում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում, ինչի մասին մեզ ժամանակին հայտնել էր նաեւ հայաստանյան «South Airlines»-ի տնօրեն Սամվել Հարությունյանը: ՌԴ քաղաքացի Սիմոնյանը Կոնգոյում 2015-ին հիմնել է «South Airlines» անունով մեկ այլ ընկերություն, որը կառավարում է Ուկրաինայի քաղաքացի Լյուդմիլա Լոիվսկան: Սիմոնյանն ու Լոիվսկան ապրում են Կինշասայի նույն հասցեում: Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ Սիմոնյանի օդանավերից երկուսը շահագործվում են Կոնգոյի բանակի համար: Դրանցից մեկը «Ան-72» է (ՀՀ-ում գրանցված է «South Airlines»-ի անունով, գրանցման համարը՝ EK-72903), իսկ մյուսը՝ «Իլ-76» (մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սա EK-76992 համարով օդանավն է, որը Հայաստանում «Հայք Ավիայի» անունով էր գրանցված, սակայն ՔԱԳՎ-ի համաձայն՝ նման օդանավ ՀՀ-ում այժմ չկա, ավիացիոն տեղեկատուներում էլ ինֆորմացիա չկա գրանցման փոփոխության մասին):

Վահրամ Սիմոնյանը աֆրիկյան երկրների զինված ուժերի հետ աշխատելու փորձ ունի. նրա «Վ-Բերդ Ավիան» 2011-ին Սուդանում աշխատում էր հենց այդ երկրի ՊՆ-ի համար եւ պարբերաբար թռչում էր Դարֆուրի կոնֆլիկտային գոտի: Այս ոչ միանշանակ գործունեությունը ՄԱԿ-ի էմբարգոյի ֆոնին դարձել էր փորձագետների ուշադրության առարկա, սակայն նրանց չէին թույլատրել ստուգել, թե կոնկրետ ինչ բեռ եւ անձնակազմ է տեղափոխում EK-76592 համարով «Իլ-76»-ը: Կոնգոն նույնպես պատերազմների թատերաբեմ է, ու չի բացառվում, որ առաջիկայում ՄԱԿ-ի փորձագետները կհայտնեն հայկական օդանավերի հերթական մութ պատմությունների մասին:  


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։