HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կախարդական անձրև». անձրևից հետո հայտնվող պատկերներ՝ Երևանի տարբեր անկյուններում

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ անձրևը վնասակար է առողջությանը։ Չէ՛, լա՛վ, մեղքը նորից բրիտանացի գիտնականների վրա չգցենք։ Որոշ երիտասարդներ որոշել են, որ կարելի է օգտվել անձրևի՝ մարդկանց տրամադրության վրա ունեցած հնարավոր բացասական ազդեցությունից ու հենց այդ «պատրվակով» տարածել նոր ու անսովոր փողոցային արվեստը նաև Հայաստանում։  

Երևանի տարբեր անկյուններում այժմ անձրևից հետո հայտնվում են որոշ պատկերներ ու գրություններ, որոնք հուշում են չմոռանալ անձրևանոցը կամ չտխրել՝ անսպասելի անձրևի ժամանակ առանց թաքստոց մնալու դեպքում. հիմա, հավանաբար, անձրևի հասցեին վատ խոսքեր ասողների թիվը կնվազի, իսկ անձրևի ժամանակ դրսում մնալու ցանկությունը կմեծանա։  
«Կախարդական անձրև» նախագիծը տարածվում է Երևանում: Հեղինակ Խաչատուր Իսրայելյանը պատմում է. «Անձրևային եղանակի ժամանակ մարդիկ սովորաբար տխրում են, երբեմն նույնիսկ իրենց ճնշված կամ նյարդայնացած զգում։ Այս գաղափարը ծնվեց տխուր ու միապաղաղ անձրևային օրերն ավելի ստեղծարար ու հետաքրքիր դարձնելու համար։ Հիմնական նպատակը փողոցային արվեստի այս նոր տեսակը տարածելն ու դրա միջոցով մի քիչ խելառ տրամադրություն ստեղծելն է։ Ավելին՝ հնարավոր կլինի անձրևաՉսերներին անձրևասեր դարձնել»։

Գաղափարը ծագել է, երբ Խաչատուրի ընկերներից մեկը նրան պատմել է որոշ երկրներում տարածված «Rainworks» (http://rain.works/) նախագծի մասին, որը ենթադրում է անձրևի շնորհիվ, միջոցով ակտիվացող գրություններ ու պատկերներ։ 
«Երբ ընկերս ուղարկեց արդեն գործող ծրագրի հղումը, զարմացա ու շատ հավանեցի գաղափարը, որոնումների արդյունքում կարողացա հասկանալ տեխնիկան, նյութի գինը։ Քանի որ այդքան էլ էժան չէր, որոշեցի դիմել «Awesome foundation»-ին՝ այս յուրահատուկ ու անսովոր փողոցային արվեստը Երևանում տարածելու համար։  Փողոցային արվեստով հետաքրքրված երկու ընկերներիս հետ այն անվանեցինք «Magic Rain» (Կախարդական անձրև), դիմեցինք մրցութային ծրագրին  ու ստացանք ֆինանսավորում»,- շարունակում է պատմել Խաչատուրը։  


«Magic Rain»-ը համատեղում է գիտությունն ու արվեստը։ Տեսանելի ներկի փոխարեն օգտագործվում է նանոտեխնոլոգիաներով պատրաստված բացարձակ թափանցիկ հիդրոֆոբիկ նյութ, որը չի թրջվում։ Չթրջվող այդ ներկի շնորհիվ ստանում են պատկերներ, իսկ անձրևի ժամանակ, երբ շրջակա ամբողջ տարածքը թրջվում է, իսկ պատկերի հատվածը՝ ոչ, երևում են նկարներն ու գրությունները։ 


«Սկսեցինք թեմաների ընտրությունից՝ ի՞նչ գրել կամ նկարել, որ մարդկանց տրամադրությունը բարձրանա ու «մռութները կախ», եղանակից բողոքող հայացքներով տխուր դեմքերը գոնե որոշ չափով քչանան։ Դրան զուգահեռ սկսեցի փնտրել համապատասխան նյութ, որը կբավարարեր պահանջները։ Մի քանի անհաջող նյութեր փորձարկելուց հետո որոշեցի քիմիկոսների թիմ հավաքել՝ նոր նյութ ստեղծելու համար։ Բարեբախտաբար, հորինելու կարիք չեղավ։ Կարողացա գտնել անհրաժեշտ սփրեյն ու անցանք հաջորդ փուլին»,- ասում է Խաչատուրը։

Նկարելու ընթացքում պատկերը գրեթե անտեսանելի է լինում և  դժվար է հասկանալ՝ որտեղ է ներկված, որտեղ՝ ոչ։ Բարդ պատկերներ ստանալու համար երիտասարդներն ընտրեցին սթենսիլային գրաֆիտի անելու տեխնիկան ու սկսեցին տրաֆարետների պատրաստումը։ Երբ փողոցում ներկում են պատկերները, մարդիկ տարօրինակ հայացքներով հետևում են, մոտենում՝ ինչ-որ բան տեսնելու ու զարմացած և հիասթափված հեռանում. ի՞նչ են անում այս երիտասարդները, որ ոչինչ չի երևում։ Երբեմն արժե խելագարի տպավորություն թողնել, երբ գիտես՝ հետաքրքիր ու անսովոր արդյունք ես ստանալու։

Թեմաներն ընտրել են այնպես, որ նկարներն ու գրվածքները խոսեն տեսնողի հետ, կապ ունենան տեղի և իրադարձության հետ, որի ժամանակ տեսնողը թրջվել է կամ, պարզապես, կապ ունենան տվյալ միջավայրի հետ։ Ահա այսպես է ներկայացնում Խաչատուրը. «Օրինակ՝ ունենք պուճուր սև կատվիկ, որի գլխի վերևում արել ենք չոր ժամանակ անտեսանելի անձրևանոց, որ միայն անձրևի ժամանակ երևա ու չթողնի՝ կատվիկը թրջվի։ Վիզուալ առումով միայն, իհարկե։ Հրապարակում ունենք «Այստեղ թրջվել ես դու» գրությամբ պատկեր, որը հիշեցնում է «System of a down»-ի բացօթյա համերգը, որի ժամանակ բոլորն անձրևից թրջվել էին»։

Ինձ, իհարկե, ամենաշատը հետաքրքրեց շենքերից մեկի բակում պատկերված անրձրևանոցը  հետևյալ հիշեցումով՝ «Անձրևանոց վերցրե՞լ ես». այ քեզ բախտավոր բնակիչներ՝ այսուհետ՝ «անձրևից փրկվածներ»։ 
Խաչատուրի խոսքերով՝ նախագքիծը դեռ լայն տարածում կունենա՝ տարբեր դրսևորումներ, հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ «Rainworks» նախագծի հեղինակը տեսել է երևանյան փորձը, հավանել ու ստացված արդյունքը տարածել նաև իր ֆեյսբուքյան էջում։

«Կախարդական անձրև» նախագիծը փողոցային արվեստի այս տեսակը բոլորին հասանելի դարձնելու փորձ է։ Այս ծրագրի միջոցով հեղինակները փորձում են ցույց տալ, որ անձրևի տակ ինչ-որ գեղեցիկ բան կա թաքնված. արդեն շատերը «պատահաբար» անձրևանոցը կմոռանան տանը։ 

Մանե Գեւորգյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter