HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարտեզից դուրս՝ զոհված զինծառայողի հետքերով

Արցախի Հադրութի շրջանի Հայկավան գյուղում է բնակվում ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Անդրանիկ Գրիգորյանի բազմանդամ ընտանիքը՝ մայրը, 2 անչափահաս քույրերը, կինն ու 2 որդիները։

Բավականին շատ ժամանակ պահանջվեց Հայկավան հասնելու համար: Երկար, քարքարոտ, երբեմն անանցանելի թվացող ճանապարհն, ի վերջո, մեզ հասցրեց հերոսի գյուղը, որտեղ, բնակիչների խոսքերով, ընդամենը 7 ընտանիք է ապրում: Չնայած նրան, որ Գրիգորյանների տունը գյուղի սկզբնամասում էր, քարուքանդ ճանապարհի անհարմարությունների պատճառով ստիպված էինք որոշակի տարածություն ոտքով բարձրանալ։ Այստեղ մեզ կարծես երկար էին սպասել: Անդրանիկի հյուրընկալ ընտանիքի անդամներն ընդառաջ եկան և հրավիրեցին մեզ իրենց կիսաքանդ տնակը: Տուն մտնելուն պես երևաց Անդրանիկի անկյունը՝ նկարը, մեդալներն ու Հայաստանի դրոշը:

Անդրանիկի մայրը (ձախից)եւ կինը

Մայրը՝ տիկին Զինան, կարոտով  պատմում էր որդու անցած ուղու մասին. «Անդրեյս ուրիշ էր, ինքը միշտ աշխատել ա, ես իրան պառկած չեմ հիշում: Փոքր տարիքից սկսեց աշխատել, որ մեզ պահի»: Սոցիալական ծանր պայմաններից ելնելով՝ Անդրանիկը 8-ամյա կրթություն ստանալուց հետո թողել է դպրոցն ու աշխատել՝ ընտանիքի հոգսը թեթևացնելու համար: Պարտադիր զինվորական ծառայությունից հետո անցել է պայմանագրային ծառայության: «Օրենքով իրեն բանակ չպիտի տանեին. ինքը էստեղ ընկել էր սնարյադի վրա, ոտքը վիրավորվել էր, բայց գնացել, իր ձեռքով դիմում էր գրել, որ տանեին բանակ»,- արցունքն աչքերին շարունակում է մայրը: Պայմանագիրն ավարտվելու էր այս տարվա հունիսին, բայց որոշել էր անպայման շարունակել ծառայությունը: «Ես միշտ ասում էի՝ պոստեր մի գնա, էլի ծառայի, բայց էնպես արա՝ պոստեր չգնաս, կամ գնանք՝ Երևան աշխատի, ինձ չէր լսում»,- պատմում է Նինան՝ Անդրանիկի 19-ամյա կինը:

Ապրիլյան օրերին ընտանիքն անդադար որոնումների մեջ էր: Անդրանիկից ոչ մի նորություն չկար: Ապրիլի 10-ին տեղեկացան, որ նրա մարմինը թշնամին փոխանցել է հայկական կողմին: Անդրանիկը զոհվել էր ապրիլի 2-ին Վարազաթմբի (Լելե թեփե) բարձունքը պաշտպանելիս: Տիկին Զինան անձամբ էր գնացել ճանաչելու որդու խոշտանգված մարմինը. «Էն, ինչ ես տեսա, թող էլ ո՛չ մի մայր չտեսնի: Ինձ ապրելու ուժ են տալիս Անդրեյիս որդիներն ու իր կիսատ թողած նպատակները: Ինձ ուժ ա տալիս նաև էն, որ տղես զոհվեց հանուն հայրենիքի… Իր ընտրությունն էր դա…»:

Անդրանիկի ամենամեծ ցանկությունը քույրերին ուսման տալն էր: «Ինքն ասում էր՝ ես ձեր համար ամեն ինչ կանեմ, մենակ թե լավ սովորեք դուք»,-որդու խոսքերն է փոխանցում մայրը: «Ուզում եմ մանկավարժ դառնալ, դպրոցում աշխատել»,- պատմում է քույրը՝ 16-ամյա Քրիստինեն: Տիկին Զինան ցանկանում է աղջկա հետ ուսման տալ նաև դեռ 20-ը չբոլորած հարսին: «Եթե Ստեփանակերտում գոնե մեկսենյականոց բնակարան տային, էս երեխեքը կգնային, ուսումը կշարունակեին: Հետո՝ էստեղ ապրել էլ հնարավոր չի: Երկու ամիս ա՝ Անդրեյը զոհվել ա, մի հոգի ա եկել՝ ճարտարապետ, ինչ-որ բան գծել ա, գնացել»:

Գրիգորյանների տունը

Անդրանիկի հուղարկավորումից առաջ գյուղապետի ու հարևանների ջանքերով տեղադրված երկու փայտյա սյուները՝ որպես օժանդակ հիմք, այսօր էլ կիսախարխուլ տան առաջին հարկում են, որ խոնավության պատճառով պարզապես վերածվել է խորդանոցի: Երկրորդ հարկում նույնպես բացակայում են ապրելու տարրական պայմանները: Պատուհանների ապակիների մի մասը չկա, իսկ կիսակահավորված սենյակներում աչքի են զարնում կահույքի հատուկենտ նոր կտորներ, որոնք Անդրանիկի աշխատասիրության արդյունքն են: «Զոհվելու օրը ժամը կանգնել ա,  հեռուստացույցն ինքն իրան փչացել. ոնց որ ինքը ասեր՝ մամ, էդ նորությունները մի նայի»,- ասում է մայրը:

Անդրանիկի ավագ որդին՝ Գոռը, 2 տարեկան է, փոքրը՝ Մարատը՝ 9 ամսական: Նինայի խոսքերով՝ երեխաները հորը շատ են կարոտում. «Գոռը հեռվում մեքենա տեսնելուն պես վազում ա ու գոռում՝ պապա՜, պապա՜: Դժվար ա, որ տեսնում ես՝ երեխեն ուրիշի հետևից ա պապա կանչում»:

Վերջում խոսեցինք Անդրանիկի կրտսեր քրոջ՝ Լիլիթի հետ: Նրա հայացքից, խոսքերից ու երազանքներից նույնպես պարզ երևում էր ավագ եղբոր պակասը: Սակայն միանգամայն տարբեր էր 10-ամյա այս աղջնակի երազանքը մոր, քրոջ ու հարսի երազանքներից. «Ես պիտի զինվոր դառնամ, որ եղբորս վրեժը լուծեմ»:

Հետմահու շարքային Անդրանիկ Գրիգորյանը ԼՂՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

 

Հ․Գ․ Անդրանիկի ընտանիքին աջակցել ցանկացողները կարող են դրամական փոխանցումներ կատարել Անդրանիկի կնոջ՝ Նինա Աղաջանյանի անվամբ բացված հաշվեհամարին՝

Բանկ՝ Հայբիզնեսբանկ

11500358141681 (ՀՀ դրամ)

11500396877968 (ԱՄՆ դոլար)

11500977446074 (ռուսական ռուբլի)

Աննա Բաբայան

Մեկնաբանություններ (1)

Արա Մարգարյան
Հարգելի «Հետք», Դուք միշտ նախաձեռնողական եք եղել նման հարցերում: Կարծում եմ, եթե ինչ-որ մի բան կազմակերպեիք, որ ձեր ընթերցողները կարողանային միասին օժանդակել, շատ ավելի զգալի, օգտակար և տեսանելի կլիներ, քան առանձին-առանձին դրամական փոխանցում անելը: Ես պատրաստ եմ մասնակցել: Խնդրում եմ, եթե նման բան լինի, տեղեկացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter