HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Առավոտի» հերքման հետքերով

2003 թ. հունվարի 21-ին «Առավոտ» օրաթերթը տպագրել է «Կրեդիտ-սերվիս» բանկի խորհրդի նախկին նախագահ Բորիս Առաքելյանի հայտարարությունը: Այն տպագրվել է առանց խմբագրման, ինչպես ներկայացվել էր օրաթերթին: Ահա այդ հայտարարությունից մի հատված: 

«Ես` Բորիս Մկրտչի Առաքելյանս, սույնով հայտնում եմ, որ 1999թ. մարտ, ապրիլ ամիսներին, երբ «Կրեդիտ- սերվիս» բանկի գործադիր տնօրեն էր աշխատում Արտաշես Դավթյանը, դիմել էր ինձ, որպես բանկի խորհրդի նախագահի, խնդրանքով, որպեսզի նրան տրամադրվի 150000 (հարյուր հիսուն հազար) ԱՄՆ դոլար` Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին կաշառք տալու համար, որի դիմաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը Արտաշես Դավթյանին պետք է նշանակի ՀՀ ԿԲ վերահսկողության դեպարտամենտի պետ: Ես սկզբից չհամաձայնեցի, հետո նա ինձ համոզեց, որ իր գնալը հետագայում կօգնի «Կրեդիտ-սերվիս» բանկի գործունեությանը եւ ընդհանրապես լավ կլինի: 

Գումարն ինչ-որ ձեւով բանկից դուրս բերելու համար նա շինծու վարկեր է ձեւակերպել Ա.Բ.-ի (վարկ ստացողներ անունները պայմանական են) անվամբ` 50 հազար ԱՄՆ դոլար եւ Բ.Ա.-ի անվամբ` 100 հազար ԱՄՆ դոլար: Վարկերի այդ գումարները ստանալուց հետո 20-25 օր անց Արտաշես Դավթյանն, իրոք, նշանակվեց ԿԲ-ի Վերահսկողության դեպարտամենտի պետ: Այն, որ Ա.Բ.-ի եւ Բ.Ա.-ի անվամբ ձեւակերպված վարկի գումարները ստացել է անձամբ Ա. Դավթյանը` դատախազությունում տված իր ցուցմունքում հաստատել է բանկի նախկին գանձապահ Սոնա Շահբազյանը»: 

«Առավոտ» օրաթերթի դեմ միանգամից երկու դատական գործ սկսելու պատճառը հենց այս հայտարարությունն է եղել: 

Բորիս Առաքելյանի նշված հայտարարությունը եւ բազում այլ փաստաթղթեր «Առավոտի» խմբագրությանն են տրամադրել բանկային համակարգի հետ առնչություն ունեցող մարդիկ: 

Այսօր այդ բոլոր փաստաթղթերը գտնվում են մեր տրամադրության տակ, որի համար շնորհակալություն ենք հայտնում «Առավոտի» լրագրող Արմինե Ուդումյանին եւ այն աղբյուրներին, որոնք շարունակեցին վստահել լրագրողներիս: «Առավոտ» օրաթերթը «չդիմացավ» ճնշումներին եւ նահանջեց` «ընդունելով» իր իսկ հրապարակած փաստերի «ոչ ճշտված» լինելը: 

Այս դեպքն առանձնահատուկ էր նրանով, որ ինֆորմացիայի աղբյուրները պատրաստ էին անհրաժեշտության դեպքում ներկայանալ դատարան եւ վկայություն տալ: Հենց այդ նպատակով էր Մոսկվայից  «Առավոտի» դատին մասնակցելու եւ վկայություն տալու համար Երեւան եկել Բորիս Առաքելյանը: 

Ապրիլի 2-ին դատական նիստում Կենտրոնական բանկն ու «Առավոտ» օրաթերթը եկան «փոխհամաձայնության»: «Փոխզիջումային» այդ համաձայնագիրն այնքան էլ հաշտություն համարել չի կարելի:

Պատասխանող կողմը պարտավորվեց 2 օր անընդմեջ առանց փոփոխության հրապարակել հայցադիմումով ներկայացված հերքման տեքստը:

Տեքստի 5 կետերը պարտադրում են հերքել ԿԲևի մասին օրաթերթում տպագրված մի քանի հոդվածներ: «Առավոտը» երկու իրար հաջորդող համարներում` ապրիլի 4-ին եւ 5-ին տպագրեց հերքման տեքստը: Մի կողմ թողնելով հերքման ամբողջ տեքստը` խոսենք ամենակարեւոր առաջին կետի մասին: Ահա այն.

 «1. «Առավոտ» օրաթերթի 21.01.03թ. համարում «Ի՞նչ արժե վարչության պետի պաշտոնը ԿԲ-ում» վերնագրված հոդվածը (հեղինակ` Արմինե Ուդումյան) հիմնված չէ որեւէ հավաստի տեղեկությունների վրա, թե իբր ՀՀ Կենտրոնական բանկում վարչության պետի պաշտոնը վաճառքի, այն է` կաշառք վերցնելու, առարկա է: Հոդվածում չի պարունակվում որեւէ անձի հայտարարություն այն մասին, թե նա իբր կաշառք է տվել ՀՀ ԿԲ նախագահին կամ ՀՀ ԿԲ նախագահի կողմից կաշառք վերցնելու վկա է եղել: 

Հոդվածում պարունակվող հայտարարության կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության կողմից քննվող քրեական գործի նյութերով կատարվել են ուսումնասիրություններ եւ այլ քննչական գործողություններ« հայտարարության մեջ պարունակվող հանգամանքները ճանաչվել են անհիմն եւ կայացվել է որոշում` քրեական հետապնդում չիրականացնելու եւ վարույթի մասը կարճելու վերաբերյալ»:  

Փաստորեն` հերքման այս կետով ընդգծվում է, որ ՀՀ ԿԲ նախագահի կողմից կաշառք վերցնելու փաստով վարույթի մասը կարճվել է: Պարզվում է, որ իսկապես այս փաստի առթիվ դատախազությունում բացատրություն են տվել թե՞ Տիգրան Սարգսյանը, թե՞ Արտաշես Դավթյանը: Բնականաբար, Տիգրան Սարգսյանն ասել է, որ ինքը կաշառք չի վերցրել, իսկ Արտաշես Դավթյանը` կաշառք չի տվել: 

Ինչպես է դատախազությունը վարույթի այդ մասը կարճել, երբ Բ. Առաքելյանը բուժում էր ստանում Մոսկվայում եւ շարունակում էր պնդել հայտարարության մեջ ասվածը: 

Արտաշես Դավթյանը կալանավորվել է Բ. Առաքելյանի արած հայտարարությունից հետո, եւ մեր ունեցած հավաստի տեղեկություններով` առերեսում չի եղել նրա եւ Բորիս Առաքելյանի միջեւ: Ի՞նչ հիմքով է ՀՀ գլխավոր դատախազությունը կարճել վարույթի այս մասը` առայժմ չենք կարողացել ճշտել: 

Կալանավորված Արտաշես Դավթյանը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, կարեւոր տվյալներ է հայտնում եւ հնարավոր է` շուտով բացահայտվի Հայաստանի բանկային համակարգում տեղ գտած չարաշահումների բազմաթիվ փաստեր: 

Իսկ ինչպե՞ս են Հայաստանում լուծարվում բանկերը:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter