Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Կապանում գործող 4 հասարակական կազմակերպություն դիմել է Սերժ Սարգսյանին



Կապան քաղաքում գործող 4 հասարակական կազմակերպություն նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Ստորեւ ներկայացնում ենք նամակը․

«Մեծարգո պարոն նախագահ

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մտահոգված ենք Կապան մատակարարվող խմելու ջրի որակի  խնդրով: 2012 թ.-ին նույնաբովանդակ նամակով դիմել ենք Ձեզ Նոր Աստղաբերդ համայնքի վարչական տարածքում «Բամօ մետալ» ՍՊ ընկերության կողմից իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքների հարցով, որտեղից և մատակարարվում է Կապան քաղաքի բնակչության խմելու ջրի ավելի քան 90%-ը: 2012 թ.-ին ավարտվեց «Բամօ մետալ» ՍՊ ընկերությանը տրված երկրաբանահետախուզական աշխատանքների լիցենզիան, և նույն վայրում աշխատանքները շարունակեց և շարունակում է «Գեղի գօլդ» ՍՊ ընկերությունը: «Գեղի գօլդ» ՍՊ ընկերությունը իրականացնում է հորատումներ, հողային աշխատանքներ և առաջիկայում նախատեսում է նույն վայրում կազմակերպել նաև հանքարդյունահանում և հանքաքարի վերամշակում:

Աշխատանքները կատարվում են Կապան մատակարարվող խմելու ջրի ակունքներից բարձր հատվածներում («Գեղի գօլդ» ՍՊ ընկերությանը օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության տարածքը կազմում է 15400 հա), որը բնապահպանական և հանրության առողջության հետ կապված անվերահսկելի ռիսկեր է պարունակում:

Հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու հրատապությունը՝ խնդրում ենք Ձեր միջնորդությունը՝ անհապաղ դադարեցնելու աշխատանքները և կասեցնելու ընկերությանը տրված լիցենզիաները»:

«Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյան, «Մեղու» ՀԿ նախագահ՝ Վլադիկ Ղուկասյան, «Մշակույթ և հասարակություն» ՀԿ նախագահ Գագիկ Ղահրամանյան, «Տիկնիկ» ՀԿ նախագահ՝ Գրիշա Մարգարյան

15.06.2016թ.


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Վարազ Սյունի 17:57 - 15 հունիսի, 2016
Կապան քաղաքը չի՛ զարգանում. սա է փաստը:Կապանում դեռ կոմունիստական բարքեր են: Երկարաշունչ ճառերով, հնազանդ ծափահարություններով, ցուցադրական հայրենասիրությամբ և աջ ու ձախ մեդալ-պատվոգիր բաժանելով բան ՉԻ ՓՈԽՎԵԼՈՒ: Առ այսօր Կապանի ո՛չ մի քաղաքապետ,փոխքաղաքապետ կամ ավագանի քաղաքի համար ԷԱԿԱՆ ոչ մի բան չի՛ արել. միայն «փող չկա» են շարունակ ասում: Երբ Կապանը ԻՍԿԱԿԱՆ քաղաքապետ և ԻՍԿԱԿԱՆ ավագանի ունենա, իրենք պիտի ՊԱՅՔԱՐԵՆ ու ՊԱՀԱՆՋԵՆ,որ այդ հանքերի գոնե մի մասի սեփականատեր դառնա Կապանի քաղաքապետարանը. այսինքն՝ համայնքը: Թռնեք վերև-իջնեք ցած, սա ՊԻՏԻ անեք: Իսկ կապանցիները պիտի վեր կենան իրենց կոմունիստական նիրհից ու ՊԱՀԱՆՋԵՆ,որ իրենց քաղաքը զարգացնեն:
2. Վարազ Սյունի 18:01 - 15 հունիսի, 2016
Չափազա՛նց կարևոր է,որ Կապանի քաղաքապետի գալիք նոր ընտրություններին Կապանի քաղաքացիական հասարակությունը համախմբվի ու ի՛ր թեկնածուն առաջարկի: ԵՐԲԵՔ չպիտի թողնել,որ Կապանի քաղաքապետ կրկին դառնա ՀՀԿ-ական կլանի կամ հազարերեսանի դաշնակցության անդամ: Դաշնակներն ու հհկ-ականները նույն կտավի մասեր են. պատահական չէ,որ հիմա էլ միասին մեկ կառավարության մեջ են: ՀՀԿ/ՅՀԴ-ից Կապանը ո՛չ մի էական օգուտ չի ստանալու. անցյալն արդեն սա ապացուցել է:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ