HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քաղաքապետարանի՞ն եք ուզում փոսը գցեք»,- Վանաձորի քաղաքապետ

Գայանե Սարգսյան

Վանաձորի մանկապարտեզներում ծնողական վարձավճարների բարձրացման հետ կապված հանրային  քննարկմանը ներկայացել էին միայն քաղաքի թվով 20 մանկապարտեզների տնօրենները: Քննարկմանը մասնակցելու էին եկել ավագանու 19 անդամներից երկուսը, իսկ որևէ ծնող կամ քաղաքացի ներկա չէր: Դա էր պատճառը, որ քաղաքապետ Սամվել Դարբինյանը չշարունակեց քննարկումը.

«Տեսնում եմ, որ հանրությանն էլ չի հետաքրքրում մանապարտեզների վարձավճարների բարձրացումը: Այնինչ, մտածում էինք՝ մանկապարտեզների վարձավճարների բարձրացումն ի շահ մեր մանկապարտեզ հաճախող երեխաների էր, որ նրանց սննդամթերքի կալորիաները, նաև մանկապարտեզների կենսամակարդակն ինչ-որ չափով բարձրացնեինք, սակայն քանի որ շահագրգռված կողմերը չկան՝ ոչ ծնողները, ոչ հանրությունը, ոչ ավագանին, ես որպես քաղաքապետ, վարձավճարների բարձրացում չեմ անում: Հարցը փակվում է հենց այսպես. ոնց որ կա, այդպես էլ կմնա»,- ասաց քաղաքապետը:

Այդուհանդերձ, նա նկատեց, որ նման որոշումն առաջիկայում կբերի մանկապարտեզներում տրվող սննդի կալորիականության իջեցման:

«Քաղաքապետարանն այս պահին 146 մլն աշխատավարձի և այլ պարտքեր ունի, և սեփական բյուջեից թանկացվող ապրանքների փոխհատուցման գումարներ չենք ունենա: Աշխատավարձերն արդեն իսկ մեկ ամիս հետ է ընկել»,- նշեց քաղաքապետը:

Այս դիտարկմանը մանկապարտեզների տնօրեններից մեկն արձագանքեց. «Ծնողները համաձայն էին: Մեզ չէին ասել, որ ծնողներ բերենք: Ասեին՝ մեր ծնողներին կբերեինք»:

Քանի որ տնօրեններն այս անգամ ծնողներին «չէին բերել», նրանցից ոմանք խոստացան ծնողների ներկայությունն ապահովել առաջիկա ավագանու նիստին, որը կկայանա հունիսի 17-ին:

Ծնողների համաձայնության մասին հայտարարեց նաև Վանաձորի քաղաքապետարանի կրթության ու մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Լիդա Զարգարյանը, նշելով, թե «ծնողների կրթական մակարդակը շատ ցածր է», իսկ հետո շնորհակալություն հայտնեց իր անմիջական ղեկավարին՝ Սամվել Դարբինյանին.

«Շնորհակալություն ենք հայտնում բոլորս ձեզ, որ այսքան տարի մեր մանկապատեզներից ոչ մեկը չփակվեց ու ոչ մի աշխատակից դուրս չմնաց»:

Քննարկմանը ներկա ավագանու անդամ Սեյրան Ղամբարյանը հայտարարեց, որ իրեն ու իր ընկերներին դիմած ծնողներն ասել են՝ ստիպված են ստորագրել, բայց իրականում դեմ են բարձրացմանը:

Մանկապարտեզների տնօրեններից մեկը, արձագանքելով այս հայտարարությանը, ասաց.

«Արդյո՞ք ճիշտ է ծնողին հարցնել, դուք համաձա՞յն եք վարձավճարը բարձրացնելուն: Ծնողը կասի՝ ես չեմ ուզում, թող անվճար լինի, թող Երևանի նման լինի: Բա ի՞նչ ենք անելու մենք»:

Տնօրենն առաջարկեց, որ ավագանու անդամները կարդան  առողջապահության նախարարության 247- Ն որոշումը, որտեղ հստակ սահմանված են այն նորմատիվները, որով պետք է առաջնորդվեն մանկապարտեզների տնօրենները՝ սննդակարգը կազմելիս: Վերջինս նշեց, որ վարձավճարների ցածր լինելու պատճառով այդ նորմերը ոչ բոլոր օրերին են կարողանում պահել:

«Ես այդ ամենը գիտեմ»,- ասաց ավագանու անդամ Սեյրան Ղամբարյանը, ինչին քաղաքապետը հակադարձեց. «Լավ, եթե այդ ամեն ինչը գիտեք, քաղաքապետարանի՞ն եք ուզում փոսը գցեք: Եթե էդ եք ուզում, ձեզ հաջողվել է: Արդեն իսկ 150 մլն-ի պարտք ունենք, մինչև տարվա վերջ կունենանք 300 մլն-ի պարտք»:

Օրեր առաջ ավագանու անդամների հետ խնդիրը քննարկելու ժամանակ Ս. Դարբինյանը նշել էր, որ վարձավճարները չբարձրացնելու դեպքում` ստիպված կլինեն քննարկել քաղաքի 4 մանկապարտեզների փակման հարցը: Ավագանու անդամ Արամ Խաչատրյանն առաջարկեց ավագանու անունից ուղերձ հղել ՀՀ կառավարությանը՝ խնդրի լուծման հարցում աջակցելու համար:

Կենտրոնանալով ծնողական վարձավճարների բարձրացման վրա, քննարկման ընթացքում անդրադարձ չեղավ հարցերին, թե ինչու են մանկապարտեզներին մատակարարվող մի շարք ապրանքների գներ ավելի բարձր, քան հանրապետության մյուս քաղաքներում, թե ինչպես է քաղաքապետարանի հայտարարած` մանկապարտեզներին հացի մատակարարման մրցույթը շահել աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանի որդու ընկերությունը՝ «Մխիթար Սիմոնյան»  ԱՁ-ն, որը տևական ժամանակ մանկապարտեզներին հացը մատակարարել է 1 կգ-ը 400 դրամով: Այս սակագինը հանրապետությունում ամենաբարձրերից է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter