HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 3 դրամով

«Ոչ թալանին» քաղաքացիական շարժումը հարկադրեց միջոցներ ձեռնարկել երկրի տնտեսությունը վերջնական կործանումից փրկելու համար:

Հունիսի վերջին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկելու է էլեկտրաէներգիայի սակագինը վերանայելու հարցը: Մայիսի 2-ին տարածած հաղորդագրությամբ ՀԾԿՀ-ն տեղեկացրեց, որ իր նախաձեռնությամբ սկսում է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության եւ ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց:  

ՀԾԿՀ-ն արդեն քննարկումներ է սկսել հասարակական կազմակերպությունների հետ եւ, մեր տեղեկությունների համաձայն, պատրաստվում է 3 դրամով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ, հունիսի 17-ին, հանձնաժողովը հայտարարեց էլեկտրաէներգիայի սակագինը վերջնական սպառողի համար 6.93 դրամով բարձրացնելու մասին: Հունիսի 19-ին, Երեւանի Ազատության հրապարակում, սկսվեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերը` «ոչ թալանին» կարգախոսով, որն այնուհետեւ տեղափոխվեց Բաղրամյան պողոտա:  20 օր տեւած պայքարից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրեց երկրի տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ժամանակ հայտարարեց ՀԷՑ-ում աուդիտ իրականացնելու մասին: Աուդիտը պետք է պատասխաներ հետեւյալ հարցերին՝ ի՞նչքանով էր հիմնավորված սակագնի բարձրացումը, եւ սակագինը չբարձրացնելու դեպքում ի՞նչ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին:

«Եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման հիմնավորվածությունը, ապա այդ պահից սպառողներն առանց որեւէ կասկածի հիմքերի կսկսեն վճարել այդ սակագնով ···»,- հայտարարեց  նախագահը: Նաեւ տեղեկացրեց, որ մինչեւ աուդիտի եզրակացությունն ունենալը Կառավարությունը կփոխհատուցի սակագնի տարբերությունը:

Հուլիսի 6-ին ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից հեռացրեց աղբաման-բարիկադները եւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող մի շարք ցուցարարների բերման ենթարկելով սառեցրեց պայքարը: էլեկտրաէներգիայի նոր սակագինը` կվտ ժամը 49 դրամ արժեքով, սկսվեց կիրառվել օգոստոսի 1-ից:

Համաշխարհային բանկը (ՀԲ) էներգետիկ համակարգն առողջացնելու մի քանի հրատապ քայլեր առաջարկեց, այդ թվում` կապիտալ դրամաշնորհներ տրամադրել աղքատներին` էներգախնայողական միջոցառումների համար: Այս առաջարկը Կառավարությունն ընդունեց եւ հունիսի 25-ին որոշեց հոսանքի թանկացման դիմաց փոխհատուցել 105 հազար ընտանիքի՝ տարեկան հավելյալ նրանց վճարելով 24 հազարական դրամ սոցիալական նպաստ:

«Կառավարությունն ամեն տարի 2,5 մլրդ դրամ կհատկացնի՝ նպատակ ունենալով թեթեւացնել սակագնի բարձրացման արդյունքում առաջացած անապահով ընտանիքների բեռը»,- հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչեւ ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտի ավարտը, կառավարությունը յուրաքանչյուր կվտ ժամ էլեկտրաէներգիայի դիմաց ՀԷՑ-ին պետք է վճարի 7 դրամ: Վարչապետը լրագրողներին հավաստիացրել էր, որ անհրաժեշտ գումարը կառավարությունը կվերցնի ոչ թե բյուջետային, այլ՝ արտաբյուջետային միջոցներից, մասնավորապես՝ Որոտանի հիդրոկասկադի վաճառքից ստացված գումարներից: 

2015 թ. հոկտեմբերի 1-ին Կառավարության նիստում վարչապետը տեղեկացրեց, որ աուդիտն իրականացնող «Դելոիթ եւ Տուշ» ընկերությունը փաստել է, որ սակագները հիմնավորված են եւ դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա:

«Վերջին ամիսների իրողությունները ցույց տվեցին, այս իրավիճակում հրամայական է դարձել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում նոր, ժամանակակից կառավարման համակարգերի ներդրումը: Քանի որ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը ցանկություն էր հայտնել վաճառելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, ապա առաջացան բարենպաստ պայմաններ կառավարման համակարգի էական բարելավման համար: Հաշվի առնելով «Տաշիր» խմբի երկարամյա փորձը էներգետիկ ծառայությունների մատուցման եւ էներգոհամակարգերի կառավարման ոլորտում, Հայաստանի իշխանությունները դիմել էին «Տաշիր» խմբի նախագահ, մեր հայրենակից Սամվել Կարապետյանին՝ քննարկել բաժնետեր «Ինտեր ՌԱՕ» ընկերության հետ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ձեռք բերման հարցը»,- տեղեկացրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

2015 թ. սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների խումբը եւ «Ինտեռ ՌԱՕ» ընկերությունը հայտարարեցին, որ համաձայնագիր են ստորագրել` Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ։

Վարչապետը տեղեկացրեց նաեւ, որ Կառավարության խնդրանքով, «Տաշիր» խումբը պարտավորվել է 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում եւ իջեցնել տեխնոլոգիական եւ առեւտրային կորուստները: Միաժամանակ, կառավարության հետ հավասար հիմունքներով «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչեւ 2016 թ. օգոստոսի 1-ը փոխհատուցել սակագների տարբերությունն ամսական մինչեւ 250 կիլովատտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության եւ փոքր բիզնեսի համար:

2016 թ. փետրվարին ՀԲ-ի հրապարակած «Հայաստանի էլեկտրաէներգետիկական ոլորտի ֆինանսական վիճակը» հետազոտության հեղինակները Կառավարությանն առաջարկել են պետական էլեկտրաէներգետիկ ընկերությունների համար մշակել եւ իրականացնել ֆինանսական առողջացման ծրագիր:

Էլեկտրաէներգետիկական ոլորտի խոշոր պետական ընկերությունները, ինչպես նաեւ մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷՑ-ը կուտակել են մեծ չափով, թանկ առեւտրային պայմաններով վարկեր եւ գտնվում են սնանկության եզրին: ՀԲ-ի փորձագետները փաստում են, որ էլեկտրաէներգետիկական ոլորտի ընթացիկ ֆինանսական վիճակը կայուն չէ եւ ապագայում ավելի մեծ վտանգ է ներկայացնելու էլեկտրամատակարարման հուսալիության եւ որակի համար: Ստեղծված իրավիճակին լուծում տալու նպատակով, ըստ նրանց` անհրաժեշտ է անհապաղ ձեռնարկել մի խումբ միջոցառումներ: Այդ թվում՝

  1. արգելել այն ծախսերը, փոխառությունները եւ փոխատվությունները, որոնք կապված չեն պետական էլեկտրաէներգետիկական ընկերությունների հիմնական գործունեության հետ,

  2. բարելավել ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը:

ՀԲ-ն հրատապ է համարել էլեկտրաէներգետիկ ընկերությունների հաշվին աղքատ խավի գազի սուբսիդիայի ֆինանսավորումը դադարեցնելը:

Ինչպես նշել էինք մեր հրապարակումներից մեկում՝ վերջին տարիներին գազի սակագինը բարձացնելուց հետո աղքատ ընտանիքների գազի սուբսիդավորումը պետական էլեկտրաէներգետիկական ոլորտի ընկերություններն են ֆինանսավորել՝ 1,1 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով, եւ նոր բեռ նրանք չեն կարող ստանձնել:

Միաժամանակ, այս տարվա օգոստոս ամսից դադարեցվելու է նաեւ հոսանքի թանկացման դիմաց 105 հազար ընտանիքի տրվող փոխհատուցումը:

Մեր հրապարակումներից մեկում արդեն նշել ենք, որ տարիներ շարունակ «Նաիրիտ» ՓԲԸ-ի 2200 աշխատողների աշխատավարձի պարտքը, որը կազմում էր 6 մլրդ դրամ, վճարվել է էլեկտրաէներգետիկ ընկերությունների գումարներից: Միաժամանակ, Երեւանի ՋԷԿ-ը 2.6 մլրդ ՀՀ դրամ վարկ է վերցրել «Նաիրիտ» քիմիական գործարանին փոխառությամբ տալու համար:

Հետազոտության հեղինակները կարծում են, որ ՀԾԿՀ-ն պետք է թույլ տա ՀԷՑ-ին վերականգնել կուտակված վնասը (այդ թվում տոկոսային ծախսերը) անվճարունակությունից խուսափելու նպատակով: «ՀԷՑ-ին անհրաժեշտ է մշակել ֆինանսական առողջացման պլան Կառավարության եւ ՀԾԿՀ-ի հետ քննարկումների ճանապարհով»,- պնդում են նրանք:

Հետազոտության հեղինակները նշում են, որ վնասների վերականգնումը կարող է իրականացվել հետեւյալ համատեղ գործողություններով՝

  • վերաֆինանսավորել պետական ընկերությունների առեւտրային պայմաններով վարկերը եւ մարել կրեդիտորական պարտքերը: Կառավարությունը, որպես սեփականատեր, կարող է փորձել վերաֆինանսավորել ու Երեւանի ՋԷԿ-ի եւ ՀԱԷԿ-ի առկա կարճաժամկետ առեւտրային պայմաններով վարկերը 6.5 մլրդ ՀՀ դրամի չափով, որոնք ոլորտի համար տարեկան արժենում են 0.7 մլրդ ՀՀ դրամ տոկոսային ծախսերի տեսքով: Վերաֆինանսավորված պարտքերը պետք է սպասարկվեն կամ պետական բյուջեի հաշվին, կամ սպասարկման գումարը սակագնի մեջ ներառելու ճանապարհով:

  • Սկսել դատական գործընթաց Նաիրիտի եւ Վանաձորի Քիմիական գործարանից պարտքերը վերականգնելու ուղղությամբ: «Լիազորել պետական էլեկտրաէներգետիկական ընկերություններին պարտքի գանձման դատական հայց ներկայացնելու՝ հաշվի առնելով առկա պարտքի զգալի չափն ու պարտապանի կողմից մշտական չվճարումները:

Կառավարությունը, սակայն, տրամադրված չէ «Նաիրիտի» սնանկացման գործընթաց սկսելու եւ այս մասով, կարծես, ոչինչ չի նախատեսվում: Սակայն, էներգետիկ ոլորտի առողջացման համար նոր վարկեր է ընդգրկում:

Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը 2016 թ·-ի ապրիլի 27-ին հաստատեց 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ՝ «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական առողջացման արդյունքահենք ծրագրի» (ԱՀԾ) համար: Բանկը վարկը տրամադրել է 14.5 տարի արտոնյալ եւ 25 տարի ընդհանուր մարման ժամկետով: Վարկը, ըստ ՀԲ-ի տարածած հաղորդագրության, կբարելավի էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների ֆինանսական վիճակն ու կառավարումը, նաեւ` էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը:

Դրանից առաջ, 2015 թ·-ի մարտի 30-ին ՀԲ-ի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց Հայաստանի «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» (ԷՀՑԲԾ) համար 52 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ: Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 69.16 մլն ԱՄՆ դոլար, որից 17.16 մլն ԱՄՆ դոլարը տրամադրելու է Կառավարությունը:

Մեկ տարի առաջ, «Ոչ թալանին» կարգախոսով սկսված «Էլեկտրիկ Երեւան» քաղաքացիական շարժումը «սթափեցրեց փոքր երկրի» իշխանություններին եւ հարկադրեց միջոցներ ձեռնարկել երկրի տնտեսությունը վերջնական կործանումից փրկելու համար: Սա այդ շարժման ամենակարեւոր ձեռքբերումն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter