HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

«Մուղայեդ կաց (զգույշ մնա), պենդ կաց, տղամարդ կաց»,- այս խոսքերով է հայրը որդուն ամեն անգամ պատերազմ ճանապարհել

Քառօրյա պատերազմում զոհված Նորայր Հաջյանն առաջիններից էր, ով պատերազմը վերսկվելու մասին լուրը լսելուց հետո առանց վարանելու պահարանից հանեց զինվորական հագուստը, հին զինակիցների հետ շտապեց առաջնագիծ։ 

Կինը՝ Գայանեն, պատմում է, որ զինվորական հագուստը պատրաստ կախված էր պահարանում դեռ 2014թ․ օգոստոսի մարտերի թեժացման օրերից։ Այն ժամանակ էլ առաջիններից էր, ով կամավոր մեկնեց դիրքեր, որտեղից վերադառնալուց հետո, դեռ այն ժամանակ նա կնոջ հետ կիսվել էր կանխազգացման մասին, որ մոտ ժամանակներս` հավանաբար, գարնանը պատերազմ է լինելու, որը 5-6 օր է տևելու։

«Ապրիլի 4-ի գիշերն ինձ վատ զգացի, վատ կանխազգացում ունեի, բայց մտքովս չէր էլ անցնում, որ Նորոյի հետ կարող է բան պատահել։ Նա այնքան փորձառու էր, վստահ ու կյանքով լի»,- ասում է Գայանեն։

Անհանգստությունից հաղորդագրություն գրեց ամուսնուն, որ շտապ զանգի իրեն։ Հեռախոսն այդքան ժամանակ անհասանելի էր։ Նորայրը կնոջ ուղարկած հաղորդագրությունը չհասցրեց կարդալ, ապրիլի 5-ին Գայանեն կարդաց իր իսկ գրած հաղորդագրությունը։

1992թ․ ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին` Ստեփանակերտի հրետակոծության ժամանակ, Գայանեն կորցրեց մորը։ Նրա մտքով չէր էլ անցնում, որ ավելի քան 20 տարի հետո կարող է դժբախտությունը կրկնվել։

Հաջյանների ընտանիքը արցախյան շարժման տարիներին Բաքվից գաղթեց Հայաստան, ապա Արցախ։ Նորայրի հայրը՝ Միքայել Հաջյանը, պատմում է, որ արցախյան շարժման տարիների հաճախ էր Նորայրին իր հետ ցույցերի տանում։ Հայրն այդկերպ ուզում էր Բաքվում ծնված տղայի մոտ հայի գիտակցությունը զարթնացնել և ամրապնդել։ Հետո արդեն Նորայրն ընկերների հետ էր մասնակցում Երևանի ցույցերին։

Նորայրը` աջից

«1992թ․դեկտեմբերին, մի օր նա անհետացավ տնից։ Ամբողջ գիշեր չքնեցինք, ման եկանք, ու մի քանի օր հետո Գորիսի Կոռնիձոր գյուղի միլպետը զանգեց, թե Նորայրը կամավորների ջոկատի հետ իրենց մոտ է։ Երբ խոսեցի Նորոյի հետ, ասաց, որ չանհանգստանամ, ինքը կապի հանգույցում է աշխատում։ Երբ ասացի, որ պտի հետ գա տուն, նա չոր տոնով ասաց, որ եթե իրեն Երևան տանեմ, ինքը միևնույն է, առիթ կգտնի նորից հետ վերդառանալու, մանավանդ, որ մահապարտների ջոկատում իրեն կընդունեն»,- հիշում է հայրը։

Հետո միայն հայրը պարզեց, որ 16-ամյա որդին մի քանի օր միայն մնաց Կոռնիձորում։ Երբ ջոկատներից մեկը հաց տարավ Լաչինի խորքերում տեղակայված տղաների համար, նա խնդրեց իրեն էլ տանել։ Այնտեղ էլ հրաժարվեց Կոռնիձոր վերադառնալ, մնաց տղաների հետ 2 ամիս։ Նորայրի հարազատները հետո են միայն իմացել, որ թեժ մարտերի է մասնակցել ու մահից  փրկվել։

«Դրանից հետո, ես այլևս փորձ չեմ արել նրան Երևան վերադարձնել։ Հազվադեպ հաջողվում էր տուն բերել, որ մայրը տեսնի ու մի քիչ հանգստանա։ Ամեն անգամ էլ ճանապարհելիս` մայրը լացում էր, իսկ ես ճակատը պաչում էի ու ասում՝ մուղայեդ կաց (զգույշ մնա), պենդ կաց, տղամարդ կաց»։

Այս նույն խոսքերով էլ ապրիլին հայրը որդուն ճանապարհեց ռազմաճակատ։ Մի քանի օր անց որդու զինակիցներից մեկը պատմեց, թե ինչպես է արկի պայթյունից հետո հողակույտը փորելով ձեռքերով հանել Նորայրի դին։

«Ես այդ պահին պարզապես ափերիս մեջ առա նրա ձեռքերն ու սկսեցի համբուրել, ես պարզապես ուզում էի նորից զգալ որդուս ջերմությունը»,- ասում է որդեկորույս հայրը։

Վերջին վիդոկադրերում Նորայրը զինակից ընկերների հետ երգելով դիրքեր է մեկնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter