HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու ավագանու անդամներից միայն մեկը դեմ քվեարկեց համայնքի հարստությունը կառավարությանը հանձնելու որոշմանը

Գյումրու ավագանու` հունիսի 16-ին կայացած նիստը կրկին աչքի ընկավ իր «առատաձեռնությամբ»:

Համայնքային բյուջեից 18 մլն դրամից ավելի հատկացումներ արվեցին` տարբեր կազմակերպությունների, միջոցառումների անցկացման եւ սոցիալապես անապահով ընտանիքներին օգնելու նպատակով:

Հայաստանի թատերական գործիչների միավորմանը որպես նվիրատվություն հատկացվեց 700 հազար դրամ: Աջակցության խնդրանքով Գյումրու քաղաքապետին դիմել էր թատերական գործիչների միավորման նախագահ Հակոբ Ղազանչյանը. նպատակը Վարդան Աճեմանի անվան պետական դրամատիկական թատրոնում «Պոլոզ Մուկուչի կշեռքը» պիեսի բեմադրությունն է: 600 հազար դրամ էլ, որպես նվիրատվություն, ավագանու որոշմամբ` համայնքային բյուջեից տրամադրվեց նկարիչների միության Գյումրու մասնաճյուղին՝ «Գյումրու նկարիչներ» ալբոմի տպագրման համար:

Ավագանին միաձայն որոշեց 500 հազար դրամ հատկացնել Ամենափրկիչ եկեղեցու բակի կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքների իրականացման համար:

Սոցիալապես անապահով 189 անձանց, որպես դրամական օգնություն, բյուջեից առանձնացվեց 1 մլն 920 հազար դրամ, բաշխումը` յուրաքանչյուրին 10 հազարական դրամի չափով:

Գյումրիում ճանապարհային երթեւեկության նշանների եւ գծանշման աշխատանքների համար բյուջեից առանձնացվեց 4 մլն դրամ:

«Արմինե» կրթամշակութային հկ-ին ավագանին որոշեց տրամադրել 200 հազար դրամ՝ ամառային բակային ճամբարներ կազմակերպելու եւ 100 երեխայի բակային հանգիստը կազմակերպելու համար: 900 հազար դրամ էլ հատկացվեց Ալեքսան Հակոբյանի անվան թենիսի մանկապատանեկան մարզադպրոցում շինաշխատանքներն ավարտին հասցնելու համար:

Որոշակի քննարկումներ ծավալվեցին Հռոմի Պապի` Գյումրի այցելության նկատմամբ քաղաքապետարանի առաջարկած ծախսերի շուրջ: Հրավառության եւ որոշակի աշխատանքներ կազմակերպելու նպատակով քաղաքապետարանը որոշել էր բյուջեից առանձնացնել 2 մլն դրամ: Գումարի ուղիղ կեսը նախատեսված է հրավառության համար, այն դեպքում, երբ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Գյումրիում հյուրընկալվելու է մինչեւ ժամը 16:00-ն ու այնուհետեւ, ըստ ժամանակցույցի, մեկնելու է Երեւան, որտեղ արդեն Հանրապետության հրապարակում տեղի  է ունենալու էկումենիկ արարողություն եւ խաղաղության աղոթք:

Ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանի կարծիքով` հրավառության համար նման գումար հատկացնելն ավելորդ շքեղություն է: Քաղաքապետի փաստարկն էլ այն է, որ Հռոմի Պապն ամեն անգամ չէ, որ այցելում է Գյումրի. դա տոն է, եւ հրավառությունն էլ հիմնականում կազմակերպվելու է գյումրեցիների եւ քաղաքում գտնվող հյուրերի համար: Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ աշխատելու են թափանցիկ, եւ 2 մլն դրամի հաշվետվությունը կհրապարակվի կայքում:

Հաջորդ հարցը, որի շուրջ երեկ կայացած ավագանու նիստում եղավ կարծիքների բախում, համայնքային սեփականություն հանդիսացող խմելու ջրի եւ կոյուղու ցանցը կառավարությանը նվիրաբերելն էր: Կրկին դեմ արտահայտվեց ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը՝ նկատելով, թե համայնքի հարստությունը առանց երաշխիքների նվիրել կառավարությանը միայն այն բանի համար, որ ինչ-որ որոշում է կայացվել, իսկ մարզպետարանից գալիս են հրահանգներ ու ժամկետներ դրվում ավագանու վրա՝ որոշում կայացնելու հարցում, անհեթեթություն է:

Լ. Բարսեղյանն առաջարկեց անցկացնել հանրային քննարկում, լսել նաեւ բնակիչների կարծիքը եւ հարցը քննարկել 15 օր հետո, որն այնքան էլ մեծ ժամկետ չէ: Այս առաջարկից հետո միանգամից «արթնացավ» ավագանու «լռակյաց» անդամներից Մխիթար Սահակյանն, ում կարծիքով հանրությունն ի վիճակի չէ ճիշտ որոշումներ կայացնել, եւ օրինակ բերեց հրապարակի եղեւնիների հետ կապված հանրային քննարկումը: «Էս հրապարակի տոնածառների համար էլ հավաքվանք, քննարկում էրեցինք ու որոշեցին, օր չկտրեն: Հըմի ով գուկա մեր քաղաք, զզված կթողնի կերթա: Ի՞նչ բդի որոշեն մարդիկ, տեսանք էլի որոշածները»,- նկատեց Մխիթար Սահակյանը:

Լեւոն Բարսեղյանն ասաց, որ ավագանու անդամին ինքը հիմա չի պատասխանի, այլ նիստից հետո: Նա մեկ անգամ եւս կրկնեց, որ նման որոշումը տանելու է մոնոպոլիայի: «Վաղը մյուս օրը, որ ջուրը թանկացրին, ի՞նչ ես անելու, մարդկանց ինչ պատասխան եք տալու,- հարցրեց բանախոսը,- ահռելի հարստություն ենք նվիրում առանց նախապայմանների, առանց հասկանալու, թե դրա դիմաց ինչ են մեզ տալու»:

Զեկուցող Հենրիկ Գասպարյանը տեղեկացրեց, որ արդեն կա կառավարության որոշումը, համաձայն որի` համայնքապետարանը պարտավորվում է կատարել 65 մլն դրամի ներդրում, սակայն կատարել է 15 մլն-ի չափով: Սա ենթադրում է, որ եթե քաղաքապետարանը շարունակի նույն տեմպերով կատարել ներդրումները, զրկվելու է իր բաժնեմասից: Քաղաքի գլխավոր ճարտարապետը նկատեց, որ Գյումրին չունի գործող մաքրման կայան: Այն աշխատանքները դադարեցրել է երկրաշարժից հետո, եւ հույսեր չկան, թե կվերականգնվի: Ցանցը հանձնելով կառավարությանը` քաղաքապետարանը հույս ունի, որ կբարելավվի ջրի որակը, եւ ցանցն ամբողջովին կհիմնանորոգվի: Ջրի սակագնի փոփոխման վերաբերյալ երաշխիքների մասին` կրկին ոչ մի անդրադարձ:

Քաղաքապետը թեեւ համաձայնեց ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանի բերած փաստարկներին, այնուամենայնիվ որոշեց չհետաձգել հարցի քննարկումը եւ դրեց քվեարկության: Նիստին մասնակից ավագանու 16 անդամներից դեմ քվեարկեց միայն Լեւոն Բարսեղյանը:

 

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի
Կապանի ՀՀԿ-ական պասիվ քաղաքապետն ու «ընտրված» ավագանու անփորձ- վախվորած անդամներն էլ Կապանի համայնքի սեփականություն հանդիսացող ՀՍԿԱ գույքը՝ համայնքի ջրամատակարարման-ջրահեռացման համակարգերը և ջրամբարները, սեփականության իրավունքով անհատու՛յց հանձնեցին «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը:Կառավարությունն այսօր «Հայջրմուղկոյուղու» 100% բաժնետեր է, բայց վաղը կարող են բլեֆ անել ու բաժնետոմսերը կվաճառել մի օտարի կամ օլիգարխի: Իբր սրանից Կապանի խմելու ջրի որակը լավացա՞վ: Սա օրը ցերեկով Կապանի համայնքային գույքի թալա՛ն էր, որի համար ՊԱՏԱՍԽԱՆ պիտի տան այդ գույքը հանձնած վերոհիշյալ մարդիկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter