HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Մեծ հայրենադարձության ոչ փոքր խնդիրները

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946-1949թթ-ին Խորհրդային Հայաստան եկան տարբեր երկրներում ապրող հազարավոր հայեր։ «Մեծ հայրենադարձություն» անունով հայտնի այս իրադարձությունը, «հայրենիք գնալու», «Արարատի մոտ ապրելու» հեռանկարներից բացի՝ ուղեկցվեց դժվար սոցիալական պայմանների, խտրականության ու աքսորի փորձառությամբ։

«Երկու կողմերից էլ մշակութային շոկ կար․ նրանք տեսան բաներ, որոնք այլապես չէին տեսնելու։ Սա ցեղասպանության ժառանությունն է և ցույց է տալիս հայկական ինքնության ողջ ճգնաժամը։- «Հետք»-ին ասում է Հեյզել Անթարամյան-Հոֆմանը, ով հայրենադարձների կյանքի մասին հավաքել է փաստագրական նյութեր և ցուցադրում է դրանք Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), -Որոշ հարցազրույցներում, որ վերցրել եմ, նրանք պատմում են, որ երբ եկել են, հայաստանցիները նրանց կասկածամտորեն են նայել, ծաղրել են նրանց տեսքը, խոսքը․․․ Թեև նրանք զգում էին, որ գալիս են հայրենիք, բայց այստեղ նրանց եղբայրներն ու քույրերը չեն ողջունում իրենց։ Ասես նրանք հայ չէին նույնիսկ հայերի համար»։

Վերնաշապիկների վրա հայրենադարձների և բնակության նախկին երկրում մնացած իրենց հարազատների միջև կոդավորված նամակագրության, ինչպես նաև նրանց նկատմամբ տեղացիների վերաբերմունքի օրինակներ են

Անթարամյան-Հոֆմանը կարծում է, որ նաև այս պատճառով էր, որ հայրենադարձները միասին էին, և ամուսնությունների մեծ մասը համայնքի ներսում էր լինում, շատ հազվադեպ՝ տեղացիների ու հայրենադարձների միջև։ Միաժամանակ, ցուցահանդեսը «Լույսի հոսք» է վերնագրել՝ ակնարկելով հայրենադարձների բերած տարբեր մշակութային ասպեկտները՝ ստալինյան բռնապետությանը անծանոթ մտավոր հղացքներից (օրինակ՝ ժողովրդավարություն) մինչև իրերը, որ նրանք ստեղծում էին։

Այս բաժանումների, ինչպես նաև 1949թ-ի աքսորի ընդհանուր պատմության մանրամասները Անթարամյան-Հոֆմանը հավաքել է վերջին 5-6 տարիների ընթացքում։ Աղբյուրներին հիմնականում հանդիպել է Միացյալ Նահանգներում և Ֆրանսիայում։ Լոս Անջելեսում է հանդիպել նաև եգիպտահայերի, լիբանանահայերի, սիրիահայի ու պաղեստինահայի հետ։

Հայրենադարձության մասին վկայություն հավաքելը, ըստ հետազոտողի, նույնքան դժվար է, որքան ցեղասպանության ականատեսների հանդիպելը։ 30-ից ավելի մարդկանց, ում հետ նա հանդիպել է, եղել են հայրենադարձների հաջորդ սերնդի ներկայացուցիչները։ Խորհրդային Հայաստան մեկնելու որոշում կայացրած մարդիկ իր հետազոտության պահին ողջ չեն եղել։ «Ես միայն կարող էի ասել՝ ինչու Ձեր մայրը կամ հայրը որոշեց գալ։ Եւ դա հիմնված էր միայն նրա վրա, ինչը նրանք գիտեին։ Ահա թե ինչու է այդքան կարևոր վավերագրելը»,- ասում է Անթարամյան-Հոֆմանը։ Ոմանք օրագրեր են ունեցել, բայց բոլորը չեն գրի առել իրենց պատմությունը, և գրավոր որոշ վկայություններ նա հավաքել է հրապարակումներից ու արխիվներից։ Լուսանկարների մեծ մասը ընտանեկան արխիվներից են։

Ցուցահանդեսը համադրողի ծնողները նույնպես Հայաստան են եկել 40-ականներին և, շատերի պես, տարիներ հետո վերադարձել նախկին բնակության վայր՝ «նախքան շատ ուշ կլիներ»։ 1965թ-ին՝ Հեյզելի վաղ տարիքում, ընտանիքը մեկնել է Միացյալ Նահանգներ։ Անթարամյան-Հոֆմանը հիշում է իր պապի դիրքորոշումը, երբ հայրը հայտնել է, որ ինքը որոշել է վերադառնալ ԱՄՆ․ «Նա ասաց՝ գիտեք, ես որոշեցի գալ այնտեղ, որտեղ ծնվել եմ (թեև ծնվել էր Խարբերդում), հիմա իմ երեխաները ուզում են գնալ՝ որտեղ իրենք են ծնվել։ Ուրեմն կա՛մ առանձնանում եմ ընտանիքից, կա՛մ գնում նրանց հետ։ Եւ գնացել է նրանց հետ»։ Մյուս պապը, ով Ֆրանսիայից էր եկել, մահացել է Հայաստանում։

Հեյզել Անթարամյան-Հոֆմանը

Փաստագրական նյութից բացի, ցուցասրահ ուղեկցող աստիճանների դիմաց նաև գեղանկարչական աշխատանքներ են՝ տեղափոխության ավելի անձնական ընկալումով։ Հեյզել Անթարամյան-Հոֆմանը ասում է, որ ընտրություն չի կատարում հետազոտող կամ արտիստ լինելու միջև․ «Բայց ես հիմա մի բան կասեմ․ զգում եմ, որ մեկ այլ ուղղությամբ եմ գնում, և դա կինոն է։ Գեղանկարները, որ արել եմ, պատմություններ են պատմում՝ հայրենադարձների, հայերի, ներգաղթյալների մասին՝ պարտադիր չէ, որ լինեն հայեր․․․ Սա է ինձ հետաքրքրել, և հիմա ես կինոյով եմ հետաքրքրված, կարճ ֆիլմերով՝ մինչև 30 րոպե։ Որովհետև ինձ համար այն ավելի շարժուն է, թույլ է տալիս փոքր-ինչ ձգել նկարը, ինչպես Տարկովսկին, ում ամեն կադրը գեղանկար է ինձ համար»։ 

2011թ.-ից հետո Հայաստան տեղափոխված սիրիահայերի փորձն ուսումնասիրող ազգագրագետների հետ մի քանի զրույցներից Անթարամյան-Հոֆմանը եզրակացնում է, որ որոշ դեպքերում նրանց ապրածը ճիշտ նույնն է, ինչ եղել է 70 տարի առաջ՝ մշակութային բախման, կողմնակի անձ լինելու (outsider), համակարգի մաս չզգալու և այլ առումներով։ Չնայած մեկ ընդհանուր ազգությանն ու լեզվին՝ դեռևս կա մշակութային անջատումը։ Ըստ նրա՝ կարևոր է այս հարցն ուսումնասիրելը և քննարկելը հատկապես աճող արտագաղթի պայմաններում․ «Մենք պետք է սկսենք աշխատել երկու ուղղությամբ, որոնցից մեկը ընդհանուր իրազեկումն է, մյուսը՝ քաղաքականության մշակումը։ Պետք չէ սպասել, մինչև շատ ուշ կլինի։ Պետք է սկսել հիմա, որ կարողանանք նայել քաղաքականությանն ու տեսնել, թե ինչպես կարող ենք փոխել այն»։

«Լույսի հոսք»-ի ցուցադրությանը զուգահեռ գործում է նաև Կարլոս Անթարամյանի «Մեքսիկայի հայերը» ցուցահանդեսը։ Վաղը՝ հունիսի 18-ին, կկայանան նաև հայրենադարձությանը նվիրված hayrenadardz.org կայքի շնորհանդեսը և «Օ, Հայրենիք, սառն ու անուշ» ֆիլմի (սցենարի հեղինակ՝ Տիգրան Պասկևիչյան, ռեժիսոր՝ Արա Շիրինյան) ցուցադրությունը։ 

լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (1)

Hazel Antaramian
Yes, Sofia, I agree. Having forums to discuss the issues of today, in particular, how they still resonate from years old would be very important to do. I hope ethnographers will engage in the project this way.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter