HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Խարդախությամբ հափշտակել են շախմատիստուհու՝ հանրապետության նախագահի նվիրած համակարգիչը. գործը չի բացահայտվում

Արփինե Գրիգորյանը պատանի շախմատիստուհի է և հասցրել է լուրջ հաջողություններ գրանցել: 2015թ. մինչև 14 տարեկան աղջիկների մրցաշարի չեմպիոնուհի է: Իսկ 2014թ.  Ռուսաստանի Դաշնությունում անցկացված  «Moscow open»  մրցաշարի մինչև 13 տարեկանների աղջիկների փոխչեմպիոնն է: Արփինեն նաև ՀՀ եռակի չեմպիոն է:

Արփինեի մայրը՝ Լիլիթ Գրիգորյանը «Հետքին» պատմեց, որ դուստրը 2015թ. ՌԴ-ում մասնակցել է «Սպիտակ Նավակ» մրցաշարին և հաղթել, ինչի կապակցությամբ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Արփինեին նվիրել է Apple ֆիրմայի iMac համակարգիչ:

Լիլիթի պատմելով «Սպիտակ Նավակ» մրցաշարին հաջորդելու էր ևս մեկ կարևոր՝ Եվրոպայի պատանեկան մրցաշարը, այս անգամ Խորվաթիայում: Այդ մրցաշարին մասնակցելու համար պետք է գումարային վճարում կատարվեր մինչև հուլիսի 8-ը: Արփինեն բավարարել է առաջնությանը մասնակցելու բոլոր պահանջներին, սակայն չի ունեցել հովանավոր:

«Քանի որ տանն ունեինք համակարգիչ, ֆինանսական միջոցների սղության պատճառով, որոշեցի վաճառել հանրապետության նախագահի նվիրած համակարգիչը, որպեսզի վճարեմ Խորվաթիայի մրցաշարի վճարը»,-պատմում է Լիլիթ Գրիգորյանը:

Նա լայն ճանաչում ստացած List.am  հայտարարությունների կայքում տեղադրել է համակարգչի վաճառքի հայտարարությունը: Կարճ ժամանակ անց՝ հուլիսի 5-ին 093-39-8x-xx բջջային հեռախոսահամարից զանգահարել է ոմն  Արմեն Ներսիսյան և 1.125.000 դրամ արժողության համակարգիչը 980,000 դրամով գնելու պատրաստակամություն հայտնել: Այդ օրը միջնորդավորված եղանակով՝ «Arm-electronics» առաքիչ ներկայացած անձի միջոցով համակարգիչը փոխանցել  է ոմն Արմենին:

Լիլիթը պատմում է, որ Արմեն անունով ներկայացած գնորդի հարցում կասկածներ է ունեցել, բայց քանի որ դստեր հարցն էր և վճարման վերջնաժամկետին քիչ էր մնացել, շտապել է: Շախմատիստուհու մայրը համաձայնվել է գումարը ստանալ բանկային փոխանցումով:

«Արդյունքում դարձա խաբեության զոհ՝ չստանալով գումարը կորցրեցի համակարգիչը»,-ասում է Լիլիթը:

Զգալով, որ խաբվել է 2015թ. հուլիսի 7-ին Լիլիթը դիմել է Ոստիկանության Երևան քաղաքի Մաշտոցի բաժին: Դեպքի առթիվ հուլիսի 14-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով)  հարուցվել է քրեական գործ: Լիլիթ Գրիգորյանը ճանաչվել է տուժող:

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Մ. Գրիգորյանը ստացել է 093-39-8x-xx բջջային հեռախոսահամարի մուտքային և ելքային հեռախոսազանգերի  վերծանումները: Վերծանումների շուրջ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու նպատակով  համապատասխան հանձնարարություն է տրվել ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցներին: Սակայն, ձեռնարկված միջոցառումներն արդյունք չեն տվել: Կասկած են ունեցել, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Ս.Դ-ն:  Վերջինս հարցաքննվել է և հերքել իր առնչությունը նշված դեպքին: Հետագայում պարզվել է, որ Ս.Դ-ն այլ հեռախոսահամարից է հանցագործություն կատարել:

2015թ. նոյեմբերի 12-ին քննիչ Գրիգորյանը որոշել է քրեական գործով վարույթը կարճել մինչև հայտնի դառնա այն անձն, ով քրեական գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ:

Լիլիթ Գրիգորյանն արդեն հույս չունի, որ քրեական գործը կբացահայտվի: Լուրջ կասկածներ ունի նաև գործը բացահայտելու գործառույթ ունեցող անձանց շահագրգռվածության հարցում:

«Հենց ցուցմունք տալու ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցներն ասացին, որ սա առաջին դեպքը չէ, կան մի քանի նմանատիպ դեպքեր ևս, որոնցից մի քանիսը բացահայտվել են: Քննչական մարմինների վարկածով, դա նույն խմբի ձեռքի գործն է, որտեղ ընդգրկված են քրեակատարողական հիմնարկի կալանորները: Ինձ պարզ ասացին, որ եթե գործը նույնիսկ բացահայտվի համակարգիչը կամ դրան համարժեք գումարի փոխհատուցում չեմ կարող ակնկալել, ինչն ինձ համար անհասկանալի է»,-ասում է Լիլիթ Գրիգորյանը և հավելում, որ լսել է խոսակցություն, թե նման խարդախության զոհ դարձել է նաև իրավապահ մարմիններից մեկի աշխատակիցը, սակայն գործն արագ բացահայտել և նրան փոխհատուցել են: Իր դեպքում տեղաշարժ չկա:

Տիկնոջ համար անհասկանալի է նաև քննչական մարմինների կողմից գործի բացահայտմանն ուղղված աշխատանքների կատարումը: Լիլիթի խոսքերով՝ քննչական մարմիններին տրամադրել է համակարգչի բոլոր տվյալները՝ գործարանային համարը, ցանցային նույնականացման համարը և այլ կարևոր տվյալներ: Սակայն, պարզվել է, որ համակարգչի տեղակայման հսկողություն չի սկսվել, իսկ հեռախոսահամարի տերը չի բացահայտվել:

«Պարբերաբար կապ եմ հաստատում գործը վարող քննիչի հետ, սակայն պատասխանը միշտ նույնն է՝ դեռ նորություն չկա»,-ասում է Լ. Գրիգորյանը:

Լիլիթ Գրիգորյանը դիմել է հանրապետության նախագահին, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին՝ ակնկալելով նրանց միջամտությունը՝ գործի բացահայտման հարցում: Դեռևս նորություն չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter