HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Գերատեսչությունները գնումներ են կատարում շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունից

Նախագահի աշխատակազմը, նախարարություններն ու կառավարությանն առընթեր մարմինները հետեւողականորեն գնումներ են կատարում ընկերություններից, որոնք կա՛մ շուկայում գերիշխող դիրք ունեն, կա՛մ հարկային ոչ այնքան փայլուն պատմություն, կա՛մ պատժվել են արտադրության մեջ խախտումներ թույլ տալու համար:

Այս պատմությունը անվադողերի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Արպանիվ» ՍՊԸ-ի մասին է:

Այս ընկերության հետ երկարաժամկետ ու կարճաժամկետ բազմաթիվ պայմանագրեր ունեն նախագահի աշխատակազմը, Վերահսկիչ պալատը, ՊՆ-ն ու Ազգային վիճակագրական ծառայությունները։

2013-2014 թվականներին նախագահի աշխատակազմը տրանսպորտային նյութերի երեք գնում է իրականացրել ընկերությունից՝ ընդհանուր 356 հազար դրամի չափով:

«Արպանիվ» ՍՊԸ-ն 2015 թվականի հուլիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարության հետ ավտոպահեստամասերի գնման պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող փակ շրջանակային համաձայնագիր է կնքել:

Այս համաձայնագիրը երկարատեւ համագործակցություն է ենթադրում: ՊՆ-ի կողմից պայմանագիրը ստորագրել է պաշտպանության նախարարի այլեւս նախկին տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը:

Առաջին պայմանագրերից մեկը 960 հազար դրամ արժողությամբ է: Այս գումարով ՊՆ-ն ընկերությունից գնել է անվադողեր:

Ընկերության մշտական հաճախորդներից մեկը Ազգային վիճակագրական ծառայությունն է: Նախորդ տարվա հոկտեմբերին ԱՎԾ-ն «Արպանիվի» հետ երկու պայմանագիր է կնքել: Առաջինով ձեռք է բերել 4 հատ R13 անիվ՝ 15 հազարական դրամով, եւ 55Ա հզորության 1 կուտակիչ մարտկոց՝ 21 հազար 666 դրամով: Երկրորդ պայմանագիրը 610 հազար դրամ արժողությամբ է, որի շրջանակում պետական մարմինը գնել է անիվներ ու մարտկոցներ: 

Նույն R13 անիվներն ու 55Ա հզորության կուտակիչ մարտկոցները «Արպանիվ»-ը 2016-ին ԱՎԾ-ին է վաճառել ավելի թանկ գնով: Ընկերությունը ապրիլի 15-ին նշված հզորության մարտկոցները վաճառել է 34 հազարական դրամով, անիվները՝ 18 հազարականով:

Ապրիլի 4-ին Ազգային վիճակագրական ծառայությունը 999 հազար 600 դրամ արժողությամբ եւս մեկ պայմանագիր է կնքել Արպանիվ-ի հետ:

Վերահսկիչ պալատը նույնպես «Արպանիվի»» գնորդներից է: 2016 թվականի մայիսի 20-ին Վերահսկիչ պալատը 597 հազար 200 դրամի պայմանագիր է կնքել ընկերության հետ եւ ձեռք բերել պահեստամասեր: 

Մանրամասն՝ «Արպանիվ»-ի մասին

«Արպանիվ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2003 թվականին։ Ընկերության գրանցման հասցեն է` Նար-Դոսի 122։

ՍՊԸ տնօրենը եւ ներկայումս բաժնետոմսերի ողջ փաթեթի սեփականատերը Երեւանի բնակիչ Արտյոմ Խանդանյանն է: Ընկերությունը հիմնադրել են Խանդանյանը եւ ոմն Էրիկ Հարությունյան, որը 2009 թվականին իր բաժնեմասերը փոխանցել է Խանդանյանին:

Ընկերությունը զբաղվում է անվադողերի եւ ավտոմեքենաների մարտկոցների ներմուծմամբ ու մանրամեծածախ վաճառքով: Նաեւ այլ ծառայություններ է մատուցում՝ անվադողերի տեղադրում, անվասկավառակների գրտնակում, անիվների հավասարակշռում: Այս ընկերությանն է պատկանում «Ավտոմաքս» խանութների եւ ավտոսպասարկման ցանցը, որը չորս խանութ ու սպասարկման սրահ ունի Երեւանում եւ Արարատի մարզի Այնթապ գյուղում:

Ընկերության 2015 թվականի տարեկան վճարած հարկերը կազմել են 960 միլիոն 614  հազար դրամ:

2013 թվականին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել մարդատար ավտոմեքենաների նոր անվադողերի ապրանքային շուկայում եւ պարզել, որ այս շուկայում կան երեք գերիշխող ընկերություններ՝ ««Ար-Բե հայ բելառուսական առեւտրի տուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը զբաղեցնում է շուկայի 36,4 տոկոսը, «Բելռոս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (19,9 տոկոս), եւ «Արպանիվ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (11,1 տոկոս):

Ըստ ՏՄՊՊՀ եզրակացության, նշված երեք տնտեսվարող սուբյեկտներն իրացման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի ավելի քան երկու երրորդը, եւ յուրաքանչյուրը համարվել է գերիշխող դիրք ունեցող:

Բեռնատար ավտոմեքենաների համար նախատեսված նոր անվադողերի ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թվով 46 տնտեսվարող սուբյեկտների մեջ «Արպանիվ» ՍՊԸ-ն իրացման ծավալներով առաջատարն է հանրապետությունում: Գնումների 25,2 տոկոսը կատարվում է հենց այս ընկերությունից: «Բելռոսը»՝ 15,7 տոկոսով, երկրորդն է:

ՏՄՊՊՀ այս եզրակացությունը հրապարակվել է 2014 թվականին:

2014 թվականի մայիս ամսին Հայաստանի գործարարների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախազգուշացրել էր, որ նույն թվականի հուլիսի 1-ից ստուգումները խստացվելու են՝ ստվերում գտնվող բիզնեսին հարկման դաշտ բերելու նպատակով:

Հայտարարությունից երկու ամիս անց, հուլիսի 7-ի դրությամբ հարկային մարմինները տնտեսվարողների մոտ արձանագրել էին 95 խախտում՝ 45 միլիոն 287 հազար դրամ ծավալով: Խախտումներ կատարած տնտեսվարողների թվում էր նաեւ «Արպանիվ» ՍՊԸ-ն: 

Մի քանի միլիոնի պարտք

«Արպանիվ» ՍՊԸ սեփականատեր Արտյոմ Խանդանյանը նաեւ «Կոմպյուլինկ» ՍՊԸ բաժնետերերից է: Նրան է պատկանում այս ընկերության բաժնետոմսերի 34 տոկոսը: ՍՊԸ բաժնետոմսերի 33-ական բաժնետոմսերի սեփականատերեր են Երեւանի բնակիչներ Լյովա Պողոսյանը եւ Ալեքսանդր Տերյանը:

2001 թվականին հիմնադրված այս ընկերության բաժնետոմսերը Խանդանյանը, Պողոսյանն ու Տերյանը 2015 թվականին ձեռք են բերել ՍՊԸ հիմնադիրներ Կարինե Խաչատրյանից, Մեջլուհի Հայրապետյանից, Լուսինե Խաչատրյանից եւ Հակոբ Աշոտյանից: Սակայն մինչ այդ գործարքը, ընկերությունը դատական պատմությունների մեջ էր ընկել որոշակի պարտավորություններ չկատարելու համար:

«Կոմպյուլինկ» ՍՊԸ-ն 2000 թվականից 250 եւ 800 քմ մակերեսով տարածք է վարձակալել Երեւանի օղակաձեւ զբոսայգու հինգերորդ հատվածում՝ Ալեք Մանուկյան 4/4 հասցեում (2015 թվականից՝ Ալեք Մանուկյան 6), որտեղ գործում է «Ֆլագման» սրճարանը։

Ի դեպ, այս սրճարանին Ալեք Մանուկյան 4/4 հասցեն տրվել է ոչ թե ընկերության անունով, այլ հենց Արտյոմ Խանդանյանի:

«Կոմպյուլինկը», ինչպես տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից, վարձակալած հողատարածքների դիմաց պետգույքի վճարման առումով անպարտաճանաչ է գտնվել, ինչի արդյունքում երկու անգամ ստիպված է եղել դատարանում հանդես գալ որպես պատասխանող կողմ:

2011 թվականի հուլիսից Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի վարույթում քննվել է մի քաղաքացիական գործ, որում Երեւանի քաղաքապետարանը հայց էր ներկայացրել ընդդեմ «Կոմպյուլինկ» ՍՊԸ-ի:

Վերջինս չէր վճարել վարձավճարի պարտքը եւ տույժը` խախտելով 2000 թվականի հունիսի 20-ին կնքված պայմանագրի պահանջները։

Դատական ակտից տեղեկանում ենք, որ 2003 թվականից սկսած` սրճարանի սեփականատերերը տուրքի վճարման որոշակի անբարեխղճություն են դրսեւորել։

2003-2011 թվականների ընթացքում «Կոմպյուլինկ» ՍՊԸ-ն կուտակել էր ընդհանուր առմամբ 1 միլիոն 65 հազար 224 դրամի պարտք, ինչպես նաեւ` 2 միլիոն 590 հազար 331 դրամ տույժ։

Պատասխանողի ներկայացուցիչը, սակայն, դատարանում պնդել է, որ 3,6 միլիոն ընդհանուր հայցապահանջից 1 միլիոն 646 հազար 164 դրամի մասով լրացել է վաղեմության ժամկետը։ Գայանե Կարախանյանը բավարարել է պատասխանողի պահանջը եւ 1 միլիոն 646 հազար 164 դրամի նկատմամբ, որը իր ժամանակին պետք է անցներ համայնքային բյուջե, կիրառել հայցային վաղեմություն, իսկ մնացած 2 միլիոն 9 հազար դրամի մասով հայցը բավարարվել էր։

Սույն դատավճռով, փաստորեն, հաստատվել է, որ Երեւանի քաղաքապետարանի իրավաբաններն իրենց լիազորություններն իրականացրել են ոչ պատշաճ կերպով, ինչի արդյունքում համայնքի բյուջեն կորցրել է 1,6 միլիոն դրամ: 

2015 թվականի մայիսի 8-ին Երեւանի քաղաքապետարանը մեկ այլ հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Կոմպյուլինկ» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջով։ Խոսքը պետգույքի հերթական պարտքի մասին է՝ 383 հազար 500 դրամի չափով։

Գործը քննել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Հայարփի Զարգարյանը։

Դատաքննության ընթացքում անգամ արգելանք է կիրառվել ընկերությանը պատկանող գույքի վրա, բայց ամեն ինչ ավարտվել է գործի կարճմամբ։ 2015 թվականի հոկտեմբերի 9-ին քաղաքապետարանի ներկայացուցիչը ներկայացրել է միջնորդություն՝ հայցից հրաժարվելու վերաբերյալ, որով խնդրել է գործի վարույթը կարճել, քանի որ հայցադիմումը դատարան ներկայացնելուց հետո պատասխանողը կատարել է հայցապահանջը:

Այս դատական պատմությունները ամենեւին էլ չեն խանգարել, որպեսզի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2015 թվականի հոկտեմբերի 19-ի 3254-Ա որոշմամբ՝ նշված հողամասերի վարձակալության պայմանագրերի գործողության ժամկետները երկարացվեն մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը: 

Մեկնաբանություններ (3)

ԱՆԱՀԻՏ
Այ լրագրողիկ, դու կամ չգիտես, կամ էլ չես նկատել, որ ապրանքի գինը հաշվում ու երկրորդ պայմանագրում նույնն ա: Ուղղակի մեկում ԱԱՀ-ից ազատված ա գրած, մեկում՝ ԱԱՀ-ով: ՈՒ քո գրած 15000դրամն ու նույն ապրանքի թանկ 18000-ը նույն բանն ա:
Anush
Ուղղորդված հոդված է օրենքով տենդեռ շահողից են գնում ու հասկանալի չի ինչ նպատակով են նման խեղաթլուրված նյութեր դնում
Նորա
անմակարդակ, անգրագետ, անողնաշար, անիմաստ հոդված է: Մի խոսքով խղճուկ պատվեր...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter