HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանուշ Խառատյան․ «Պատրաստվե՞նք 1936-37-ին, հատկապես, որ այն ծեծում է մեր դուռը»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը.

«1936-ի մայիսի 22-ին, ուղիղ 80 տարի առաջ, ՀՀ ՆԳԺԿ-ն, Բերիայի դրածո տխրահռչակ Մուղդուսու գլխավորությամբ, ձերբակալեց Ներսիկ Ստեփանյանին: Այսօր այս անունը շատ քչերին է հայտնի, իսկ 1936-ին շատերը գիտեին նրան: Ներսիկի ջանքերով էր, որ Մոսկվայում գտնվող Հայկական մշակույթի տունը (Լազարևյան ինստիտուտի շենքը, ներկայիս Հայաստանի դեսպանատունը ՌԴ-ում) Բերիան չկարողացավ խլել Հայաստանից: Ներսիկ Ստեփանյանն էր, որ դիմադրում էր Անդրֆեդերացիայի երկու շնագայլերի՝ Բերիայի և Միրջաֆար Բաղիրովի՝ Հայաստանին տնտեսական մեկուսացման մղելու ջանքերին, Ներսիկ Ստեփանյանն էր, որ դեռևս փորձում էր հայկական մշակութային որոշ արժեքներ պահապանվեն (օրինակ՝ Ծիծեռնակ և Կռունկ երգերը, որոնք հայտարավել էին ազգայնական և արգելվել էին դրանց կատարումները, ուսուցումը և առհասարակ հիշատակումը), նպաստել էր Չարենցի «Գիրք ճանապարհի» գրքի հրատարակությանը և այլն: Նրա տանը գտել էին գրառումներ, որոնցում Ներսիկը փորձում էր վիճարկել Անդրֆեդերացիայի ընդհանուր բյուջեյի անհամամասն բաշխման խնդիրները և ապացուցում էին, որ նա տեղյակ է, թե ինչպես է ընդհանուր բյուջեն յուրացվում Վրաստանում: Ներսիկ Ստեփանյանը Բաղիրովի և Բերիայի «անձնական թշնամին էր»:

Ներսիկի ձերբակալությունից մեկուկես ամիս անց՝ հուլիսի 9-ին, Բերիան Թիֆլիսի իր առանձնասենյակում սպանեց ՀՀ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանին: Խանջյանի թաղման օրվա կուսակցական ակտիվի ժողովում նրան մեղադրեցին «տնտեսական նացիոնալիզմում», քանի որ Խանջյանը նախաձեռնել էր, օրինակ՝ «ժողտան» կառուցումը Երևանում կամ Երևան-Աղստաֆա երկաթգծի կառուցումը, որով Հայաստանը դուրս էր գալիս վրացական երկաթգծի կախվածությունից: Օգոստոսին սկսվեցին զանգվածային ձերբակալությունները: Բերիան ԽՍՀՄ ռեպրեսիաների խոսափող «Պրավդա»-ում հոդված տպագրեց Ներսիկ Ստեփանյանի կողմից Հայաստանում ստեղծված նացիոնալիստական, տրոցկիստական, տեռորիստական կազմակերպության և «հայ ժողովրդի թշնամիների մասին»:

Ձերբակալվածներից շատերը, ինչպես Բակունցը, Ալազանը, Մկրտիչ Արմենը, Դրաստամատ Տեր-Սիմոնյանը և շատ ուրիշներ «խոստովանեցին», որ Ներսիկ Ստեփանյանը ստեղծել էր նացիոնալիստական, տրոցկիստական, տեռորիստական կազմակերպություն, և իրենց մոլորության մեջ գցելով՝ ներգրավել այդ կազմակերպության մեջ: Երկար դիմադրելուց հետո «խոստովանեց» նաև Ներսիկ Ստեփանյանը: Շատերը գնդակահարվեցին: Ներսիկ Ստեփանյանի գնդակահարությանը հաջորդեցին իր երկու եղբայրների գնդակահարությունները:

Ի դեպ, ձերբակալվեցին և գնդակահարվեցին նաև Ներսիկ Ստեփանյանի ձերբակալության հրամանը ստորագրած Հայաստանի գլխավոր դատախազ Պետիկ Թորոսյանը, ինքը՝ Մուղդուսին, նաև Խանջյանին փոխարինած, նույնպես Բերիայի դրածո Ամատունին, բոլորն էլ նույն՝ նացիոնալիստական, տրոցկիստական, տեռորիստական կազմակերպության անդամակցության մեղադրանքներով: Ձերբակալվեցին և գնդակահարվեցին Սարդարապատի ճակատամարտի հերոս սպաները, նաև շարքային կամավորները, Ցեղասպանությունից փրկված բոլոր ֆիդայական առաջնորդները: Ստալինը և Բերիան Հայաստանը բեռնաթափում էին կամքից: Թերթերը փողհարում էին հայ ժողովրդի թշնամիներից ազատվելու մասին և հայ ժողովրդին կոչ էին անում շնորհակալ լինել «հարազատ պարտիայից» և անձամբ «բոլոր ժամանակների հանճարեղ հայր Ստալինից»: Անցել է ութսուն տարի: ՆԳԺԿ-ն այդպես էլ որևէ առարկայական ապացույց չգտավ «Հայաստանում ստեղծված նացիոնալիստական, տրոցկիստական, տեռորիստական կազմակերպության» մասին:

Այսօր՝ հունիսի 20-ին ձերբակալվելէ Ժիրայր Սեֆիլյանը: Հանրության կարծիքով՝ որովհետև փորձել է մի փոքր բարձրացնել ապրիլյան պատերազմի վարագույրը: Քննչկան կոմիտեի հայտարարությամբ՝ տեռորիզմի մտադրություններով ցանց ստեղծելու և զենք ու զինամթերք կուտակելու մեղադրանքով: «Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը.......»:

Ապացույցը՝ ճանապարհային ոստիկանության կողմից անհայտ մեքենայում հայտնաբերված երկու ինքնաձիգ և «բազմաթիվ խոստովանական ցուցմունքներ»: Խոստովանական ցուցմունքներով այսօր կոռուպցիայի դեմ չեն պայքարում, ապացույցներ են ուզում, այն ապացույցները, որոնք հանրության մոտ չեն, իշխանությունների մոտ են: Առանց ապացույցների «խոստովանական ցուցմունքները» միայն քաղաքական հետապնդումների դեպքում են լինում:

«Խոստովանական ցուցմունքների» ձեռք բերման պրակտիկան, դրանց վրա կառուցված արդարադատության համը և հետևանքները հայտնի են, և դրանք լուրջ սպառնալիք են հասարակության համար: Պատրաստվե՞նք 1936-37ին, հատկապես, որ այն ծեծում է մեր դուռը: Բացե՞նք դուռը, դիմադրե՞նք, փախչե՞նք...»»:

Մեկնաբանություններ (12)

Նարինե Խաչիկյան
Հրանուշ Խառատյանին ես կուզենայի տեսնել Սփյուռքի նախարարի պաշտոնում... ինչեր կարող է անել` հօգուտ հայ ժողովրդի: Ես հիանում եմ այս կնոջ համարձակ, խելացի, ազգասեր պահվածքով:
Արթուր
Առաջին հերթին, իմ մեծ հարգանքս տիկին Խառատյանին։ Ես շատ մտահոգված եմ որ Հայաստանում արդեն մեծամասնություն էն կազմում անգրագետ ,մի փոր հացով ծախվող,մասսա և սութի երգիչ ու մեկ այլ խավի ոչ հեռատես ստրուկներ։ Դա ահավոր դժբախտություն է……!!!
Սամվել Հովասապիան
Հարգելի տիկին Խառատյան, ինչ խոսք, պետք է բոլորիս մոտ տագնապ առաջացնի Ժիրայր Սեֆիլյանի և այլոց ձերբակալությունը և ընդհանրապես Հայաստանի, թե՝ քաղաքական և թե՝ տնտեսական առկա վիճակը. բայց այն համեմատել 1936-37 թվականների սարսափազդու տարիների դեպքերի հետ, չափազանցություն է և ոչ ճիշտ, որովհետև նման համեմատություն անելով դուք ակամայից հարաբերական եք դարձնում այդ տարիների ընդհանուր տեռորի և միլիոնավոր զոհերի փաստը, որը երևի ժողովուրդների պատմության մեջ չունի իր նմանը:
Գեւորգ Յազըճյան
ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ պիտի չփախչենք, սա մեր հայրենիքն է եւ ՎԵ՛ՐՋ: Թող նրանք մտածեն ովքեր նոր 1937-ներ են փորձում սարքել: Կասկածում եմ որ կհասցնեն փախչել...
Վարազ Սյունի
Հայ ժողովրդի ԹԻՎ ՄԵԿ պրոբլեմն այն է,որ հայը ԹԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄ է ի՛ր ուժը և գերագնահատում ուրիշներին/օտարին: Սա նաև պատմական պատճառներ ունի. հայը ԴԱՐԵՐՈՎ օտարի հպատակության ներքո էր: Բայց՝ հայը ՎԵՐՋ ՊԻՏԻ տա անցյալու՛մ ապրելուն ու պիտի ՀԱՎԱՏԱ ի՛ր ուժին ու ապրի ՆԵՐԿԱՅՈՒՄ: Հայը ի՛նքն իր պրոբլեմները պիտի լուծի: Ամերիկացի երգիչ Eminem-ի հոյակապ խոսքերը. “I am who you say I am”: Հայաստանի իշխանություններն այնքան թույլ ու վախվորած են,որ ոչ մի 37 էլ չեն կարող անել. այլապես դա վաղուց արած կլինեին: Այդքան պեսիմիստ պետք չէ լինել. լացը միայն լաց է բերում: Որտեղ պայքար,այնտեղ ՄԻՇՏ արդյունք:
Հայուհի
Մարդիկ, ովքեր իրենց հոգին ծախսել են վաղուց, ամեն ինչի ընդունակ են: Իրենք ասում, իրենք իրենց համոզում են, տալիս առնում են, հիմնավորում են ու գտնում են, որ այսպես էլ պետք է լինի: Բայց դե բացասական էներգիան այն ծնողին է վերադառնում, հիշենք հենց նույն Բերիայի վախճանը, Ստալինինը, Քադաֆիինը, շա˜տ են դեպքերը: Վերևն Աստված կա, փառքն Աստծունն ա, թող զգույշ լինեն….
Պետրոս Զէրտէլեան
Հայկական ողբերգութիւնը կը չարունակուի ռուսական բոլշեւիզմով։ Ազատ արձակել ՍԱՍՆԱ ԾՌԵՐ հերոսները, յաջորդ հարուածը կայծակնային է։
Հայկ
Ցավում եմ, որ Հրանուշ Խառատյանի պես գրագետ բանիմաց և հայ կնոջը հատուկ ամենաբարձ հատկանիշները կրող անձնավորությունը իրեն արժանի տեղը չի զբաղեցնում ՀՀ իշխանությունների ամենաբարձր օղակներում։ Հարգարժան Հրանուշ դուք մասնագիտության բերումով լավատեղյակ լինելով հայ ժողովրդի պատմա֊մշակույթային, հոգևոր կերտվածքին անհամեմատ լավ էք պատկերացնում, քան որևե մեկը, հայ ժողովրդի նպատակները՝ նրա տեղն ու դիրքը մայր արևի տակ։ Այս ամենը ասում եմ մի նպատակով։ Ես և իմ նման շատերը կուզեին, որ Դուք ամբողջությամբ նվիրվեիք ազգային ազատագրական գործին։ Ազատագրություն բոլոր տեսակի ներքին և արտաքին չարիքներից։ Հայ ժողովորդը իրավունք ունի երջանիկ ապրելու իր սեփական հողի վրա և նա ակնկալում է իր արժանի զավակների օգնությունը։
Grigor Mikayelyan
Վաղարշակ Վարդանեան, երևում է, որ դուք Հայաստանում չեք ապրում, այլապես տիկին Խառատյանի զուգահեռները շատ համարձակ չէիք համարի, շատ էլ հիմնավորված է այդ բոլորը, մենք մեր մաշկի վրա ենք դա զգում ամեն օր։
Լուսիկ
Մեծ և փոքր պաշտոնյաների թիկնազորի զենքերն էլ որ հավաքեն՛ կստացվի Սեֆիլյանը ունի հզոր բանակ:
Վաղարշակ Վարդանեան
Յօդուածը գրուած է մեծ արհեստավարժութեամբ (պրոֆեսիոնալիզմով), ինչը յատուկ է հեղինակին: Ես ծանօթ եմ իր ելոյթներին՝ հեռուստատեսութեամբ, և միշտ հիացել եմ: Իսկ տուեալ հարցի մասին կ'ասեմ այսպէս. շատ համարձակ զուգահեռներ են անցկացուած Ժ. Սեֆիլեանի ձերբակալման և 37-ի ողբերգական դէպքերի միջև. այդ բոլորը աւելի շատ հիմնաւորման կաէիք ունեն:
Armen karapetyan
100%

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter