HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Շրջադարձ Սանկտ-Պետերբուրգում կամ Սարգսյան-Ալիև «փոխըմբռնումը»

Սանկտ-Պետերբուրգում կայցած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը ինչպես Բաքուն, այնպես էլ Երևանը դրական են գնահատել: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, թե այդ հանդիպումն օգտակար էր, իսկ Ադրբեջանի նրա պաշտոնակից Էլմար Մամեդյարովն ասել է, թե այն կառուցողական էր և իրենք հույս ունեն, որ հանդիպումը թափ կհաղորդի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:

Ո՞րն է, սակայն, այս լավատեսության հիմքը, հատկապես հայկական կողմի համար: Հանդիպումից հետո նախագահաները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որի յուրաքանչյուր նախադասություն իրականում ավել շատ մտահոգության, նոր հարցադրումների տեղիք է տալիս, քան լավատեսության:

Վիեննայի պայմանավորվածությունների «սրբագրումը»

Հայտարարության մեջ նշվում է, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են Վիենայում ս.թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնել են մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը:

Չնայած պնդմանը, թե կողմերը վերահաստատել են Վիեննայի պայմանավորվածությունները, հայտարարության մեջ խոսվում է ընդամենը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ենրկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պարբերաբար մշտադիտարկում իրականացնող դիտորդական խմբի ընդլայնման մասին: Մինչդեռ դա Վիեննայի պայմանավորվածությունների միայն մի մասն է, իսկ առաջնահերթորեն խոսքը գնում էր շփման գծում միջադեպերի արձանագրման և հետաքննության մեխանզիմների, տեխնիկական միջոցների ներդրմանը: Սանկտպետերբուրգյան հայտարարության մեջ այս կապակցությամբ ոչ մի բառ չկա: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ:

Նախ՝ ակնհայտ է, որ հնարավոր չէ Կասպրչիկի գրասենյակն ընդլայնել այնքան, որ վերջինս կարողանա ամենժամյա ռեժիմով վերահսկողություն իրականացնել սահմանի ամբողջ երկայնքով: Այդ խնդիրը պետք է լուծեին այն տեխնիկական միջոցները, որոնք պետք է ներդրվեին՝ ըստ Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունների: Մյուս կողմից՝ ինչպիսի պրոֆեսիոնալ դիտարկումներ էլ արվեն, դիտորդները երբեք չեն կարող հասցեական եզրակացություններ տալ, թե կոնկրետ որ իրավիճակում կողմերիից որը է պատասխանատու իրավիճակի հնարավոր լարման, փոխհրաձգության սկսման համար: Նախկինում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և անձամբ Կասպրչիկը, ի պատասխան այն քննադատությունների, թե ինչո՞ւ հասցեական գնահատականներ չեն տրվում կողմերի գործողություններին, արդարանում էին, որ իրենք նման մանդատ չունեն: Վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրվել է մի քանի դեպք, երբ հենց դիտորդների կողմից սահմանի այս կամ այն հատվածում մոնիթորինգի իրականացման պահին կրակոցներ են արձանագրվել: Եվ դիտորդները հրաժարվել են պատասխանել, թե կողմերից որն էր դրա պատախանատուն: Այսինքն եթե հրադադարի պահպանման ռեժիմի ամրապնդման խնդիրը պայմանավորվում է միայն Կասպրչիկի գրասենյակի ընդլայնմամբ, ապա սա առնվազն նշանակում է մինչապրիլյան իրողությունների պահպանում, որն այլ բան չէ, քան կրկին ազատել Ադրբեջանի ձեռքերը ցանկացած պահի նոր ռազմական սադրանքների դիմելու, ընդհուպ պատերազմ սանձազերծելու համար:

Մյուս կողմից ակնհայտ է, որ վիեննական պայմանավորվածությունները խարսխված էին Երևանի առաջ քաշած նախապայմանների վրա, որոնցից մեկը միջադեպերի արձանագրման մեխանիզմների ներդրումն էր: Եթե Սանկտ-Պետերբուրգում Երևանը ոչինչ չի արել, որպեսզի համատեղ հայտարարության մեջ նաև դրա հետ կապված արձանագրում արվի, ապա ակնհայտ է դառնում, որ այստեղ Երևանը, ինքնուրույն կամ հարկադրաբար, գնացել է որոշակի զիջման՝ նպաստելով վիեննական պայմանավորվածությունների խմբագրմանը: Դրա հետևանքը կարող է լինել այն, որ միջադեպերի արձանագրման մեխանիզմների ներդրման պահանջը, հենց սանկտպետերբուրգյան հայտարարության հիման վրա, ուղղակի «կչեզոքացվի»՝ Երևանին զրկելով հետագայում դրանց ներդրման պահանջ ներկայացնելու հնարավորությունից:

Այսպիսով կարելի է արձանագրել, որ Մոսկվան և Բաքուն կարողացան էականորեն սրբագրել Վիեննայի՝ իրենց համար աննպաստ արդյունքները: Իսկ որ իր բոլոր թերություններով հանդերձ՝ Վիեննայի հանդիպումը Ադրբեջանին իսկապես դրել էր փակուղում և անցած ողջ ամսվա ընթացքում վերջինս համառ ջանքեր է գործադրել դրանից ազատագրվելու համար, հաստատել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Իրենք ԵԱՀԿ բյուջետային հանձնաժողովում խոչընդոտել էին, որպեսզի ֆինանսավորում տրամադրվի ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի թիմի ընդլայնման համար: Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը անընդհատ տարբեր  հայտարարություններ էր անում, չէի ասի՝ կառուցողական»,-սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո լրագրողներին տված ճեպազրույցում ասել է նա:

Ալիև-Սարգսյանի հետապրիլյան հանկարծակի «փոխըմբռնումը»

Եվ չնայած այս ամենին՝ Երևանը համաձայնել է Ադրբեջանի կողմից անարգել պատերազմ սկսելու սպառնալիքների ներքո մտնել ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցությունների մեջ: Ադրբեջանը հենց սանկտպետերբուրգյան հանդիպման նախօրեին Հայաստանի և Արցախի հետ սամանին Երևանի լուռ հայացքի ներքո, հանդուրժողականության պայմաններում, լայնածավալ զորավարժություններ սկսեց, որով հասկանալի դարձրեց ոչ միայն վիեննական սեղմօղակի թուլացման իրողությունը, այլև կրկին «ուժի» ցուցադրման տակտիկային վերադառնալու իր հակումը: Սա նշանակում է, որ ԼՂ հարցում հայաստանյան դիվանագիտության վրա ապրիլյան պատերազմը և դրա հետևանքները որևէ ազդեցություն չեն թողել: Երևանը փաստորեն, հրաժարվում է այդ պատերազմով պայմանավորված իր կողմից առաջադրված հիմնական պահանջներից կամ նախապայմաններից և ինչպես ընդունված համատեղ հայտարարությունն է փաստում, ոչ միայն սկսում է բովանդակային քննարկումները բուն կարգավորման շրջանակում, այլև Ադրբեջանի հետ «մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման է հասել, «որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում»:

Թե՞ ինչ հարցերում Սերժ Սարգսյանը կարող էր Ալիևի հետ փոխըմբռնման հասել ապրիլյան պատերազմից ընդամենը մեկուկես ամիս անց, առանց իր պայմանները գոնե մասնակիորեն կատարված լինելու, անհասկանալի է: ՌԴ երկրորդ քաղաքում, եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանձնազրույցում Ալիևը հայտարարել էր, թե հակամարտությունը շատ է ձգձգվել և ստատուս քվոն պետք է փոխվի՝ Ադրբեջանի տարածքների «օկուպացիան» վերացնելու միջոցով: Իսկ նախքան Սանկտ-Պետերբուրգ մեկնելը նա Բաքվում հայտարարել էր, թե եթե ոմանք կարծում են, որ Ադրբեջանը մտնելու է ինքնանպատակ բանակցությունների մեջ, սխալվում են: Այլ կերպ ասած՝ հանդիպումից առաջ պաշտոնական Բաքուն շատ պարզ հասկացնել է տվել, որ իր նախնական կոշտ դիրքերից մեկ կիսաքայլ անգամ ետ չի նահանջել և ինչպես նախկինում էր պահանջում հայկական կողմի կատարյալ կապիտուլյացիան և ԼՂ-ի ամբողջական հանձնում իրենց, այնպես էլ՝ հիմա: Այս պայմաններում ինչի՞ շուրջ կարող էր կայանալ Սարգսյան-Ալիևը փոխըմբռնումը: Առանց որևէ իրական երաշխիքի՝ պատերազմ չսկսելու Ալիևի տված և Պուտինի երաշխավորած խոստումների՞, Վիեննայի արդյունքները սրբագրելու՞, թե՞ այն տարածքային զիջումների, որոնց մասին խոսք է գնում այսպես կոչված մադրիդյան սկզբունքների «կազանյան» տարբերակի մեջ, որի դիմաց ընդամենը պետք է ԼՂ-ի հետագա կարգավիճակի որոշման հարցը դարձվի քննարկման առարկա:

Ադրբեջանական ճեղքո՞ւմ

Ամեն դպքում, երկու հանգամանք վկայում է, որ սանկտպետերբուրգայն հանդիպման արդյունքները բխում են առավելապես Ադրբեջանի, քան Հայաստանի և Արցախի շահերից: Առաջինը հանդիպման եզրափակումն էր համատեղ հայտարարության ընդունմամբ: Դժվար է 2011թ. հետո հիշել որևէ դեպք, երբ ԼՂ հարցով որևէ մակարդակով անցկացված բանակցությունների արդյունքում Երևանը և Բաքուն որևէ հայտարարություն ստորագրած լինեն: Գրեթե բոլոր դեպքերում փաստաթղթի ընդունումը վիժեցրել է Բաքուն: Նույնը տեղի ուենցավ նաև Վիեննայում մայիսին կայացած հանդիպման ժամանակ: Ինչպես հետագայում Էդվարդ Նալբանդյանն էր պարզաբանել, Ալիևն ուղղակի հրաժարվել է ստորագրել համանախագահների ներկայացրած տեքստի տակ, թեև դրանում նշվում էր, որ բոլոր կողմերն են համաձայն բովանդակությանը: Եվ ահա այս ֆոնին հանկարծ Իլհամ Ալիևը ստորագրում է սանկտպետերբուրգյան հայտարարությունը: Երկրորդ՝ եթե հիմք ընդունենք Ալիևի այն հայտարարությունը, թե իրենք ինքնանպատակ բանակցությունների չեն մասնակցելու, ապա խիստ ուշագրավ է դառնում հայտարարության մեջ արված այն արձանագրումը, որ կողմերը համաձայնել են շարունակել կանոնավոր հանդիպումները, ընդ որում՝ հենց եռակողմ, այսինքն  Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ: Ակնհայտ է, որ եթե հանդիպման արդյունքները չբավարարեին Ալիևին, այս ձևակերպումը դժվար թե տեղ գտներ հայտարարության տեքստում:

Հետաքրքրական է նաև հայտարարության մեջ տեղ գտած այն միտքը, որ կանոնավոր հանդիպումները կայանալու են «ի հավելումն»  ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների միջնորդական գործունեության: Դժվար է հասկանալ՝ դրանով կողմերը փաստում են, որ բանացկային գործընթացը մնում է ՄԽ եռանախագահության ձևաչափու՞մ, թե՞ դրանից դուրս է լինելու և եռանախագահներն ընդամենը կցվելու են Մոսկվայի այս նախաձեռնությանը: Հայկական կողմի շահերից բխում է բացառապես մեկ տարբերակ. որ այս գործըթնացից ՄԽ եռանախագահությունը չօտարվի, որովհետև միայն այդ ձևաչափի շրջանակներում կարելի է հուսալ, որ անկախ ներկայումս ընթացող գործըթնացներից ու քաղաքական-դիվանագիտական մանևրներից, Մոսկվան հայկական կողմին միակողմանի լուծումներ չի պարտադրի: Մյուս կողմից, իհարկե, եռանախագահությունը ոչինչ անել չի կարող, եթե Երևանն ինքն առաջնորդվի ինքնահանձնման տրամաբանությամբ:

Մեկնաբանություններ (2)

Հայկ
Ղարաբաղյան հարցում Ռուսաստանի վերջին շրջանի , իրեն չվերաբերվող ավելորդ ակտիվությունը , իրավամբ առաջացրել է հայ հանրության օրինական վրդովմունքը։ Լավրովն իրավունք չունի Բաքվի հետ քննարկելու Ղարաբաղին վերաբերվող որևէ հարց , առանց հայկական կողմի մասնակցության կամ լիազորության։ Առավել ևս երբ հայտարարվում է, որ երբեք այաքան մոտ չենք եղել հարցի լոըծմանը։ Ես առաջարկում եմ կազմավորել մի հայկական պատվիրակություն ԱԳ նախարարի գլխավորությամբ ,ողարկել Ճապոնիա և բանակցություններ սկսել Կուրիլյան կղզիների և Սախալինը Ճապոնիոյին , Ղրիմը ՈՒկրաինային ,իսկ Քյոնիգզբերգը՝ Գերմանիաին վերադարձնելու վերաբերյալ։ Հետաքրքիր է ինչպես կնդունի մեր այդ բարեկամական դիվանագիտական առաքելությունը Մոսկվան։
Վաչե
ԼՂհ հիմնախնդիրը մեզ համար լուծված է մեկընդմիշտ, բայց ոչ վերջնական։ Վերջնական լուծման համար տարբեր մակարդակի հանդիպումներն ու միջազգային կառույցների ջանքերը որևէ դեր չեն կարող խաղալ։ Վերջինները կարող են ոնենալ որոշ դրական ազդեցություն հակամարտության ձգձգման, սերնդափոխության,,հաշտվողականության վերաբերմունքի ձևավորման իմաստով։ Սակայն արցախյան հիմնախնդրի վերջնական լուծումը, ինչպես նաև սահմանների վերջնական ճշտումը պետք է տեղի ունենա ռազմի դաշտում հայոց բանակի վերջնական և անվերապահ հաղթանակի արդյունքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter