Շաբաթ, 22 սեպտեմբերի

Ոստիկան դառնալը խրախուսվում է. ապագա ոստիկաններին ավելի շատ անվճար տեղ է հատկացվել, քան գյուղատնտեսներին ու բնագետներին



ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը կառավարության քննարկմանն է ներկայացրել նախնական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուստարվա անվճար տեղերի մասին նախագիծ, ըստ որի՝ «ոստիկանական գործ» մասնագիտության ուսուցման անվճար տեղերը կավելացվեն:

Միջին մասնագիտական կրթական ծրագրով «ոստիկանական գործ» մասնագիտության անվճար ուսուցմամբ ընդունելության համար նախատեսված 65 տեղից բացի` լրացուցիչ կհատկացվի 18 տեղ, որի համար կփոխհատուցվի պետական բյուջեից: Նախնական մասնագիտական կրթական ծրագրով «ոստիկանական գործ» մասնագիտության անվճար ուսուցմամբ ընդունելության համար նախատեսված 120 տեղից բացի՝ եւս 280 տեղի ֆինանսավորում կիրականացվի «Ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին:

Այս մասնագիտությամբ կրթությունն ապահովում է Ոստիկանական ակադեմիայի քոլեջը: Ուսման տեւողությունը 2 տարի է, շրջանավարտներին շնորհվում է «ոստիկանության լեյտենանտի» կոչում, եւ նրանք նշանակվում են ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներում` տեսուչի պաշտոններում:

Տարբեր մասնագիտությունների համար սահմանված մոտ 10 հազար անվճար տեղերից 483-ն ապագա ոստիկանների համար է սահմանված: Ուշագրավ է, որ ավելի քիչ անվճար տեղեր են հատկացվել սոցիալական գիտությունների, լրագրության ու տեղեկատվության ոլորտներին միասին վերցրած (38), կրթությանը (228), բնական գիտություններին, մաթեմատիկային եւ վիճակագրությանը՝ միասին վերցրած (10), գյուղատնտեսությանը, անասնաբուժությանը, անտառային տնտեսությանը եւ ձկնային տնտեսությանը՝ միասին վերցրած (307):

Չնայած նախագծում նշված է, որ կառավարության կողմից անվճար ուսուցման ընդունելության տեղերի հատկացումը նպատակ ունի խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին եւ ուսանողներին, ինչպես նաեւ պատրաստել մասնագետներ` աշխատաշուկայի պահանջներից ելնելով, առողջապահության նախարարությունն իր եզրակացության մեջ առաջարկ է արել՝ բյուջետային միջոցների մի մասը միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների պատրաստման ծրագրերից ուղղել բժիշկների պատրաստման ծրագրերին:

Ըստ ԱՆ եզրակացության` Հայաստանում առկա է բժշկական միջին մասնագիտական կրթության աշխատուժի զգալի ավելցուկ: Մասնավորապես նշվում է, որ այս պահին Հայաստանում առկա է շուրջ 1800 գործազուրկ, աշխատանք փնտրող բուժքույր, մանկաբարձուհի եւ ատամնատեխնիկ: Նույն եզրակացության մեջ գրված է, որ փորձագետների կարծիքով՝ վերջիններիս իրական թիվը մոտ 3000 է:

Հետաքրքիր է, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը այս մասով որեւէ դիտարկում չի արել եւ նախագծին տվել է դրական եզրակացություն:

ԿԳՆ մշակած նախագիծը կքննարկվի հունիսի 23-ին` գործադիրի առաջիկա նիստում:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ