HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

100 մլն դրամի շարժական գույքը և «Անելիք բանկի» իրավաբանական վարչության պետի սպանությունը. մեղադրյալը 2 շաբաթ է՝ հացադուլի մեջ է

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում «Անելիք բանկի» իրավաբանական վարչության պետ Հովհաննես Աթանյանի սպանության կասկածանքով կալանավորված Մկրտիչ Պողոսյանը հունիսի 8-ից հացադուլի մեջ է: ՔԿՀ մամլո խոսնակ Գոռ Ղլեչյանը «Հետքին» հայտնեց, որ կալանավորը բողոքում է իր նկատմամբ հարուցված քրեական գործից:

Ոստիկանությունը հայտնել էր, որ 2015թ. նոյեմբերի 24-ին Վարդանանց փողոցի վրա կրակոցներ էին հնչել, և 1983 թ. ծնված «Անելիք բանկի» իրավաբան Հովհաննես Աթանյանը` ձախ թիակի շրջանում ստացված հրազենային վնասվածքի հետևանքով մահացել էր:

1961թ. ծնված Մկրտիչ Պողոսյանը 2015թ. նոյեմբերին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն և հանձնվել: Իսկ որպես բանկի իրավաբանի սպանության դրդապատճառ ոստիկանությանն ասել էր, որ «մինչև կոկորդը հասցրել են, ինչ ունեցել է, խլել են իրենից»:

Մկրտիչ Պողոսյանի կինը՝ Կարինե Պողոսյանը փաստաթղթերի փաթեթով այցելել էր «Հետքի» խմբագրություն: Տիկին Կարինեն ասում է, որ բանկի ապօրինությունների պատճառով իրենց ընտանիքը հայտնվել է ծանր կացության մեջ, իսկ ամուսինը՝ դիմել է նման քայլի: Հիմա էլ ամուսնուն ուզում են այնպիսի հոդված դնել, որի համար դատապարտում են Գյումրիում 8 անձի դաժանաբար սպանած Պերմյակովին: Ամուսինը հացադուլ է հայտարարել, որպեսզի գործն անաչառ քննվի և հաշվի առնվեն նաև այն հանգամանքները, որոնք դրդել են ամուսնուն դիմել նման ծայրահեղ քայլի: Ասում է՝ ամուսինը խոստովանել է, որ իր որսորդական հրացանով սպանել է բանկի իրավաբանական վարչության պետին:

Անշարժ և շարժական գույքի վեճը

Բանկի և Պողոսյանների ընտանիքի պատմությունը, որի պատճառով տարաձայնությունները են առաջացել, սկսվել է 2012 թ.-ին: «Գիգի Տօստօ» ՍՊԸ-ն 2012թ. օգոստոսին «Անելիք բանկ» ՓԲԸ-ից ստացել է վարկ: Որպես երաշխավորության միջոց գրավադրել է քաղաքացի Գրիգոր Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գտնվող անշարժ գույքը՝ Դեմիրճյան թաղամասի 8-րդ փողոց, թիվ 1 հասցեի հարսանյաց սրահ-ռեստորանը: Ընկերությունը ֆինանսական դժվարությունների պատճառով նույն տարվա նոյեմբերին դիմել է բանկին և խնդրել գրավադրած գույքը ի պահ վերցնել և հոգալ պահպանման ծախսերը:

Հարսանյաց սրահի շարժական գույքը, սակայն, պատկանել է Պողոսյանների ընտանիքին և չի հանդիսացել գրավի առարկա: «Գիգի Տօստօ» ՍՊԸ-ի և բանկի հիպոթեքի պայմանագրում հստակ նշվում է, որ պայմանագրի առարկան նշված հասցեի անշարժ գույքն է: Ավելին, Գրիգոր Ոսկանյանը 2012թ. դեկտեմբերի գրությամբ բանկին տեղեկացնում է, որ այդ տարածքում գտնվող շարժական գույքը պատկանում է մեկ այլ անձի՝ Արծրուն Պողոսյանին (Մկրտիչ Պողոսյանի որդին է) և խնդրել է թույլ տալ այն հանել տարածքից: «Գիգի Տօստօ» ՍՊԸ-ի և Արծրուն Պողոսյանը շարժական գույքի անհատույց օգտագործման պայմանագիր են կնքել, որտեղ 80 անուն շարժական գույք է ներառվել:

Բանկի գրավադրաման համար անշարժ գույքի գնահատումն իրականացվել է միայն անշարժ գույքի համար, և գնահատման փաստաթղթում շարժական գույքի մասին որևէ ակնարկ կամ հաշվարկ գոյություն չունի:

Պողոսյանները 2013-ին փետրվարին դիմում են դատարան՝ շարժական գույքը ետ վերադարձնելու պահանջով: «Անելիք բանկ-ն իր պատասխանում նշել է, որ «հայցադիմումում նշված գույքերը,  մասնավորապես՝ լուսավորման համակարգ, սեղաններ աթոռներ և այլն, հանդիսանում են անվիճարկելի պատկանելիքները գլխավոր գույքի»:

«Ակնհայտ է, որ «Անելիք բանկ» ՓԲԸ-ն տվյալ դեպքում համարվում է բարեխիղճ ձեռք բերող, քանի-որ գրավադրված անշարժ գույքը գրավատուին էր պատկանում սեփականության իրավունքով և «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն չգիտեր և չէր կարող իմանալ, որ տվյալ գույքի պատկանելիքները, որոնք անհրաժեշտ են անշարժ գույքի սպասարկման ու բնական գործունեության ապահովման համար, չեն հանդիսանում գրավատուի սեփականությունը»,- նշվել է բանկի կողմից ներկայացված պատասխանում: 

Առաջին ատյանի դատարանը Պողոսյանների հայցը մերժել է: Վերաքննիչը՝ նույնպես: Սակայն Վճռաբեկ դատարանը 2014թ.  մայիսին բողոքը բավարարել է մասնակիորեն. բեկանել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը և գործն ուղարկել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: 

«Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գույքը պարտքի դիմաց հանձնելու մասին պայմանագրով Ընկերության վարկային պարտավորության մի մասի դիմաց է ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Դեմիրճյան թաղամասի 8-րդ փողոցի թիվ 1 հասցեի անշարժ գույքը հանձնվել բանկին: Տվյալ դեպքում վարկային պայմանագիրը և այդ ընթացքում կատարված գրավի առարկայի գնահատումը չեն կարող էական նշանակություն ունենալ սույն իրավահարաբերության համար, քանի որ գույքը պարտքի դիմաց հանձնելու մասին կողմերի միջև կնքվել է առանձին պայմանագիր, որում հստակ նշվել է միայն անշարժ գույքը պարտքի դիմաց բանկին հանձնելու մասին ընկերության համաձայնությունը, իսկ վիճելի շարժական գույքի վերաբերյալ նշված պայմանագիրը որևէ նշում չի պարունակում:
Ավելին, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գույքի գնահատման կապիտալավերածման մեթոդի կիրառմամբ գույքի արժեքն ավելացել է ընդամենը 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամով, մինչդեռ շարժական գույքի շուկայական արժեքը 100 000 000 (հարյուր միլիոն) ՀՀ դրամ է
»,- արձանագրել է Վճռաբեկ դատարանը:

Տավուշի մարզի դատարանն այս անգամ արդեն հայցը բավարարել է: Պարտավորեցրել է «Գիգի Տօստօ» ՍՊԸ-ին և «Ամելիք բանկ»-ին վերադարձնել անշարժ գույքը:

Առք ու վաճառք՝ արգելանքի դրված գույքի նկատմամբ

Այս ընթացքում հարսանյաց սրահի կողքով անցնելիս Պողոսյանները պատահական նկատել են, որ «Անգելինա» հարսանյաց սրահի անունը փոխվել է «Նաիրյանի», և արդեն նոր անունով է հարսանյաց սրահը գործում: Մինչդեռ դատարանը վիճարկվող շարժական գույքի վրա արգելանք էր դրել: Պողոսյանները հարցումով դիմել են Կադաստր, որտեղից պատասխանել են, որ նշված հասցեի անշարժ գույքը այսուհետ պատկանում է «Նաիրյան» ՍՊԸ-ին:

«Անելիք բանկ»-ը 2015թ. մայիսի 18-ին «Նաիրյան» ՍՊԸ-ի հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի և հիպոթեքի պայմանագիր՝ 1 մլն դոլարի դիմաց՝ գրավադրելով նույն հարսանյաց սրահը: Սակայն երբ դեռ շարժական գույքի ճակատագիրը քննվում էր դատարանում և արգելանք էր դրված դրա վրա, բանկը այն նույնպես ներառում է պայմանագրում և օտարում «Նաիրյան» ՍՊԸ-ին:

«Որպես վարկի ապահովման միջոց գրավի գուքը գնահատված է 420 մլն ՀՀ դրամ/ ներառյալ անշարժ գույքի պատկանելիք հանդիսացող շարժական գույքերը, որոնք ևս հանդիսանում են գրավ»,- պայմանագրում արձանագրել են կողմերը:

«Նաիրյան» ՍՊԸ-ի սեփականատերը, համաձայն ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի տվյալների, Սամվել Վասիլի Վարդանյանն է՝ ՀՀ ոստիկանության վետերանների խորհրդի նախագահի տեղակալ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ: 

Տիկին Կարինեն ասում է, որ բանկը սրահը օտարել է իր աշխատակիցների հարազատներին: Նշում է, որ այդ գործարքում ներքաշված է նաև բանկի վարչության անդամ, Խնդրահարույց ակտիվների կառավարման դեպարտամենտի պետ Հայկ Գրիգորյանը, ով մտերիմ է եղել Հովհաննես Աթանյանի հետ, իսկ Սամվել Վարդանյանը Հայկ Գրիգորյանի աներն է: 

«Ամուսինս գնում է Հովհաննեսի մոտ, ասում է՝ Հովհաննես, էդպիսի բան մի արեք, օգտագործեք շարժական գործը, բայց շարժական գույքի վեճը դեռ դատարանում է, ու մենք շահել էինք գործը,-պատմում է տիկին Կարինեն: -Դատը չշահած՝ իրենք անօրինական գործողություն են արել»:

Պողոսյանները դիմում են «Անելիք բանկ»-ի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանին: Վերջինս 2015թ. հոկտեմբերի 28-ի գրությամբ պատասխանել է. «Գործի շրջանակներում դեռևս չի հաստատվել այն հանգամանքը, որ «Անելիք բանկ» ՓԲԸ-ին ի պահ հանձնված գույքը նույնական է Ձեզ սեփականության իրավունքով պատկանող գույքի հետ»: Բացի դրանից, նշել է, որ ի պահ հանձնված և ԴԱՀԿԾ-ի կողմից արգելանքի տակ գտնվող որևէ գույք չի օգտագործվում բանկի կողմից:

Այս ամենից հետո բանկը նոր բողոքարկել է Պողոսյանների շահած՝ առաջին ատյանի վճիռը: Վերաքննիչն էլ 2015 թ․ հունիսին իր հերթին բողոքը բավարարել է ամբողջությամբ և բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ գործն ուղարկելով նոր քննության: Այս որոշման դեմ բողոքարկել են Պողոսյանները: Վճռաբեկը, սակայն, բողոքը վարույթ չի ընդունել: Այս պահին գործը Տավուշի մարզի ընդհանուր իարվասության դատարանում է: 2015թ. նոյեմբերի 13-ին գործն ընդունվել է վարույթ, 16-ին նշանակվել է նախնական դատական նիստ: Սակայն դատավորն այլ պաշտոնի է նշանակվել, և նիստեր դրանից հետո տեղի չեն ունենում: Դատարանի Իջևանի նստավայրը հեռախոսազանգերին չպատասխանեց, որպեսզի ճշտեինք, թե ինչու է ձգձգվում այս գործի քննությունը: 6 ամիս է՝ գործով նիստ չի նշանակվում:

Այդ ընթացքում ԴԱՀԿԾ-ն արձանագրել է, թե շարժական ինչ գույք է բացակայել հարսանյաց սրահից: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում դիմում է ներկայացվել: Մյուս կողմից էլ՝ այս տարվա մարտին գույքի օգտագործման վերաբերյալ ԴԱՀԿԾ-ն վարչական վարույթ հարուցելու որոշում է կայացրել: Այս երեք իրավական գերատեսչություններում էլ այժմ գործերը սպասման մեջ են:

««Անելիք բանկը» ամենակարող չէ, որ դա իր սեփականությունը դարձրեց, հետո էլ հիպոթեքով դա վաճառում է իրենց մարդկանց վրա»,- ասում է տիկին Կարինեն: Կլպել են իմ ամուսնուն: Փողերի լվացման հարց կար: Մենք էս տաս տարի է՝ իրենց բանկի հաճախորդն էինք, մենք էնքան իրենց օգուտ ենք տվել»:

2015 թ․ նոյեմբերի 24-ին, հիշեցնենք, տեղի է ունեցել սպանությունը: Տիկին Կարինեն ասում է, որ վերջին օրը, երբ ամուսինը գնացել է զրուցելու Հովհաննեսի հետ, վերջինս ասել է, որ զուր են Պողոսյանների բոլոր ջանքերը, քանզի և փողն է իրենցը, և դատարանները, և վերևներում պաշտոն զբաղեցնողները, ինչն էլ Մկրտիչ Պողոսյանին դրդել է դիմել նման քայլի:

«Քննիչ Վովա Ասատրյանը 104 հոդվածի առաջին մաս է դնում (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով),  հետո քննիչը վերջերս գնացել և 104.2-րդ հոդված է դրել՝ 12-20 տարի ազատազրկում կամ ցմահ: Ես պատահական կարդացի, որ Պերմյակովին էլ նույն հոդվածն են դրել, որ մտել մի ամբողջ ընտանիք  քնած ժամանակ սպանել է:»,- ասում է տիկին Կարինեն:

Մկրտիչ Պողոսյանի կինը պնդում է, որ ամուսնու դեմ հարուցված քրեական գործով արդարացի քննություն չի իրականացվում, ինչն էլ ամուսնուն դրդել է հացադուլ հայտարարել: 

Առաջին լուսանկարում՝ Մկրտիչ Պողոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter