HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի վարչապետն ընդունել է Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Վարչապետը շնորհավորել է Արմեն Գևորգյանին՝ նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ա. Հարությունյանը, ըստ հաղորդագրության, բարձր է գնահատել Ա. Գևորգյանի արհեստավարժությունը և համոզմունք հայտնել, որ տարիների ընթացքում տարբեր բարձր պաշտոններում նրա ձեռք բերած գիտելիքներն ու փորձը լավագույնս կնպաստեն ինչպես նոր աշխատանքում, այնպես էլ համագործակցության հարցում լուրջ հաջողություններ ունենալու գործում:

Ա. Հարությունյանն ընդգծել է, որ անվտանգության ոլորտում համակարգված մոտեցում ցուցաբերելու և տարբեր իրավիճակներում համաձայնեցված որոշումներ կայացնելու առումով շատ անելիքներ կան:

«Ըստ առանձին գերատեսչությունների՝ երկու հայկական հանրապետությունների միջև համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, սակայն, կարծում եմ, համակարգված մոտեցման առումով պետք է ակտիվացնենք մեր համատեղ աշխատանքը»,- ասել է վարչապետը:

Արմեն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ փոխգործակցության ակտիվացման առումով, իսկապես, անելիքներ շատ կան: Ա. Գևորգյանը հավաստիացրել է, որ քննարկված բոլոր հարցերն առաջնահերթ կերպով աշխատանքային ընթացք կստանան: Հանդիպմանը մասնակցում է նաև ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը:
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter