Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Մեծ Թաղլար. արհեստագործների գյուղը՝ «Մետաքսի ճանապարհին»



Գյուղի դարբնոցի պատին փակցված հուշատախտակի վրա կարդալով Մեծ Թաղլարի դարբինների անունները՝ հարցնում եմ, թե ինչու է գրվել Թաղլար, ոչ թե Թաղեր, մի՞թե Թաղլարը հին՝ թուրքական վերջավորությամբ տարբերակը չէ: Կողքիս կանգնած գյուղապետ Վլադիկ Դանիելյանը միանգամից բռնկվում է՝ ո՞վ է էդպես ասել: Ասում եմ՝ պաշտոնապես համայնքի անունը Մեծ Թաղեր է: Պատասխանում է՝ հիմարություն է դա, մի երկու «խելոք», առանց հասկանալու բառի ստուգաբանությունը, աղավաղել են այն: Հետո բացատրում է, որ իրականում Թաղլարի «լար»-ը ոչ թե թուրքական հոգնակին է՝ «ներ»-ը, այլ հայերեն լար բառն է. գյուղը կազմավորվել է աղբյուրների շուրջ ձեւավորված թաղերից, որոնք իրար կապվել են կամուրջներով՝ դառնալով կարծես մի լարի վրա շարված թաղեր՝ Թաղալար-Թաղլար…

Մեծ Թաղլարը Հադրութի շրջանի ամենամեծ գյուղն է. 2015-ի դեկտեմբերի տվյալներով՝ 1516 բնակիչ ունի: Վլադիկ Դանիելյանն ասում է, որ նախորդ տարիների համեմատ այս թիվն առանձնապես չի փոխվել: Նախանցած տարի համայնքում գրանցվել էր 14 ծնունդ, 16 մահ, փոխարենը 4 հարս է եկել Մեծ Թաղլար, ինչի հաշվին էլ բնակչությունը 2-ով աճել է, 2015-ին էլ գրանցվել է 21 ծնունդ, 20 մահ: Տասը տարի առաջ էլ, ըստ Վ. Դանիելյանի, պատկերը մոտավորապես այսպիսին էր: Արտագաղթը գյուղից հատուկենտ է: Դա բացատրում է նրանով, որ մարդիկ ամեն անգամ սպասում են, թե գալիք տարի լավ է լինելու: 1998-ից գյուղապետ աշխատող դաշնակցական Վլադիկ Դանիելյանն իր ու «գաղափարական ընկերների» պարագայում այլ պատճառ է բերում. ասում է՝ ինձ էստեղ պահում է կարոտը, սերը էս հողի նկատմամբ. «Իմ ընտանիքն էստեղից արտագաղթող չէ. գաղափարախոսության խնդիր կա»:

Ասում է՝ մինչեւ 2000 թիվը ով հեռացել, հեռացել է, բայց դրանից հետո գնացողները հիմնականում մեկնածների բարեկամներն ու հարազատներն են, ովքեր մոտավոր գիտեն, թե ուր են գնում: Մյուս կողմից, ըստ Վ. Դանիելյանի, եթե մարդիկ ֆինանսական հնարավորություն ունենային, գուցե կգնային: Խորհրդային ժամանակների համեմատ, սակայն, վիճակագրությունը ցայտուն է. Մեծ Թաղլարի միջնակարգ դպրոցում 1979-ին 429 աշակերտ էր սովորում, 1984-ին՝ 387, 1988-ին՝ 350-355, իսկ պատերազմից հետո՝ արդեն 280-285: 1988-1994 թթ. գյուղից 961 մարդ է հեռացել: Հիմա դպրոցում մոտ 230 երեխա է սովորում, շուրջ 65 երեխա էլ մանկապարտեզ է հաճախում:

Ծնելիությունը խթանելու վերաբերյալ ԼՂՀ իշխանությունների քաղաքականությունը, Մեծ Թաղլարի գյուղապետի կարծիքով, այն չէ: Պետությունն աջակցություն է ցուցաբերում բազմազավակ ընտանիքներին. օրինակ՝ 4-րդ երեխան ծնվելու դեպքում 1 մլն դրամ է հատկացնում, նույնքան էլ ավանդ բացում բանկում մինչեւ չափահաս դառնալը: 4-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում հատկացվում է այդքան օգնություն, իսկ, օրինակ, 3-րդի դեպքում՝ 700.000: Իսկ 6-րդի ծնվելու դեպքում պետությունը տուն է կառուցում ընտանիքի համար: Վլադիկ Դանիելյանն ասում է, որ ոչ թե պետք է խրախուսվի մեկ ընտանիքի ծնելիությունը, այլ ընդհանրապես երիտասարդների ամուսնությունները: Օրինակ՝ 5-6 երեխայի համար մեկ ընտանիքի բաշխվող օգնությունը ճիշտ կլինի տրամադրել մի քանի նորաստեղծ ընտանիքների՝ փոքր բիզնես ստեղծելու եւ կայուն եկամուտ ստանալու նպատակով, ինչը հիմք կդառնա ապահովված ընտանիք ունենալու համար:

Ավելի քան 1500 բնակիչ ունեցող Մեծ Թաղլարի համայնքային հաստատություններում աշխատում է շուրջ 100 մարդ: Մոտ 70 հոգու համար էլ եկամտի աղբյուր է պայմանագրային զինծառայությունը, ինչը, Վ. Դանիելյանի փոխանցմամբ, ներկա պահին մրցակցությունից դուրս է: «Էսօր բանակում պայմանագրային ծառայելն ընտանիքի կերակրելու ձեւ է»,- մտահոգ տոնով ասում է նա:  

Մեծ Թաղլարի բնակչության հիմնական զբաղմունքը բուսաբուծությունն է, բանջարաբոստանային կուլտուրաների աճեցումը: Բնակավայրը շրջապատված է լեռներով ու անտառներով, ինչը բարենպաստ չէ անասնապահության համար: 70-80 հա տարածք ունեցող բնակավայրն ապահովված է ոռոգման ջրով, ինչն էլ կարեւոր գործոն է դարձել տնամերձ հողատարածքների մշակման համար: Գյուղի հողահանդակները 20-25 կմ հեռու են, եւ ճանապարհածախսի պատճառով դրանց մշակումը խնդիր է:

Վլադիկ Դանիելյանն ասում է, որ հողատարածությունների հեռու լինելն ու պատմական «Մետաքսի ճանապարհի» վրա գտնվելը նպաստել են, որ Մեծ Թաղլարում զարգանա արհեստագործությունը. դարբնությունն ու համետագործությունը (թամբի պատրաստում, փալանչիություն) կենդանի են մինչ օրս, ընդ որում՝ շրջակա գյուղերում, համայնքի ղեկավարի ասելով, համետագործներ չկան: Մինչեւ վերջերս նաեւ բրուտագործություն կար, սակայն գյուղի բրուտը մահացավ, շարունակող չկա, նաեւ կլայեկչագործությունն (արծնապատում, էմալապատում) ու գորգագործությունն էր զարգացած:         

Այս պահին, երբ լուծված են գյուղ մտնող ճանապարհի ու ոռոգման ջրի հարցերը, կարեւորվում է մշակույթի տան, դպրոցի ու թանգարանի խնդիրը: Սրանք շենքեր ունեն, բայց բավական հին են, ու, օրինակ, 1970-ականների դպրոցը կարիք ունի ոչ թե պարբերական կոսմետիկ նորոգումների, այլ կապիտալ վերանորոգման: Նույնատիպ վիճակում է նաեւ թանգարանը, որտեղ պահվում են ոչ միայն հնագիտական իրեր, այլեւ Մեծ Թաղլարում ծնված ԽՍՀՄ հերոս, ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցին (Սերգեյ Խուդյակով) ու թաղլարցի այլ զինվորականների նվիրված ցուցանշումներ: Հարցին, թե արդյոք այս խնդիրները ներկայացրել է Հադրութի շրջվարչակազմին ու կառավարությանը, գյուղապետ Դանիելյանը քմծիծաղով ասում է. «Ամեն տարի էլ ներկայացնում եմ հաշվետվության մեջ, այս տարի արդեն հայտարարել եմ, որ մշակույթի տուն չեմ ուզում, գուցե թասիբի ընկնեն, սարքեն»:

Հ.Գ. Մեծ Թաղլարի թանգարանի, էթնոկենտրոնի եւ տուրիզմի զարգացման հեռանկարների մասին կպատմենք առաջիկայում:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ