HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարկային արտոնություն՝ «Խաչատրյան եղբայրներ»-ին. Դալիգետը հայտնվելու է ճգնաժամային վիճակում

Կառավարություն է ներկայացվել«Խաչատրյան եղբայրներ» ՍՊԸ-ին հարկային և մաքսային արտոնություններ տալու նախագիծ: Դրանով մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

«Խաչատրյան եղբայրներ» ընկերության նպատակն է Սյունիքի մարզի Ծղուկ համայնքում կառուցել 4 մգվտ փոքր հիդրոէներգոկասկադ՝ օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը և արտադրելով էլեկտրոէներգիա:

Կառավարություն ներկայացված նախագծի համաձայն՝ էլեկտրոէներգիա արտադրելու համար նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 1.9 մլրդ ՀՀ դրամի չափով, որից մոտ 489 մլն դրամը՝ սարքավորումներ ձեռք բերելու համար: Վերոնշյալ ներդրումներով ներդրվելու են չինական արտադրությամբ սարքավորումներ: Իսկ ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 14 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.՝  120, 2017թ.՝ 130 և 2018թ.՝ 140 հազար դրամ:

Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների՝ «Խաչատրյան եղբայրներ» ընկերությունը Սյունիքի մարզի Դալի գետի վրա հէկ կառուցելու լիցենզիա է ստացել և այժմ էլ այն կառուցման փուլում է:

«Խաչատրյան եղբայրներ» ընկերությունը հիմնադրել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և նրա հորեղբոր որդին՝ Սասուն Խաչատրյանը: Սակայն 2010 թվականին վերջիններս իրենց բաժնեմասը փոխանցել են այլ անձանց, որոնց թվում՝ Սուրիկ Խաչատրյանի նախկին տեղակալ Արա Դոլունցի որդուն` Դավիթ Դոլունցին (Տես՝ վերևի լուսանկարում):

Այժմյան բաժնետերերի մեջ (ներքևի լուսանկարում) նույնպես Դոլունցների ազգականներից կան՝ Հայկ Դոլունցը, ով նույն Արա Դոլունցի եղբոր որդին է: Իսկ Եղբայրը՝ Վարազդատ Դոլունցը ընկերության տնօրենն է: Նոր բաժնետերերի մեծ մասը նույն՝ գորիսեցի Սարգսյան ընտանիքից են:

Նշենք, որ սա Դալիգետի վրա կառուցվող երրորդ հէկը կլինի: «Լորագետ հէկ» ՍՊԸ-ն արդեն երկու հէկ է շահագործում նույն գետի վրա՝ «Սիսական» և «Սիսական-1» փհէկերը: Ավելի քան 4,5 կմ խողովակաշար անցկացվել է այս երկու հէկի համար, ավելի քան 6 կմ էլ լինելու է «Խաչատրյան եղբայրներ» ընկերության հէկի խողովակաշարի երկարությունը:

Դալիգետը Որոտանի վտակներից է, որի երկարությունը 26 կմ է: Այսինքն՝ գետի 40 % -ը կմտնի խողովակաշարի մեջ: Այն ժամանակ, երբ դեռևս գետի 31 %-ն էր զբաղեցված, «Էկոլուր» ՀԿ-ն, որն իրականացնում է հէկերի մոնիտորինգ բնապահպանության նախարարության հետ միասին, գետի վիճակը գնահատել էր ճգնաժամային:  

Առաջին լուսանկարում՝ Սուրիկ Խաչատրյանը և Արա Դոլունցը

Մեկնաբանություններ (6)

Վեհարի
Ինչպես կարող էր Հայաստանում սկիզբ առնող գետը ազերիների գիժ անունով կնքվել: Շուտով սրանց ազգանուներն էլ օղլիով կհնչի:
Վարազ Սյունի
Սյունիքն այսօր դե ֆակտո ֆեոդալական բդեշխություն է: Նշանակալի բիզնես անում են հիմնականում (կամ բացառապես) նախկին ու ներկա պաշտոնյաներն ու իրենց հարազատները. կամ դրսում շատ փող աշխատած եզակի մարդիկ: Միջին դասակարգ չկա ու չի ձևավորվում. արդար մրցակցություն ու հավասար պայմաններ չկան: Մե՛կ կուսակցական համակարգում տնտեսություն չի՛ զարգանում: Սյունիքը 2 մասի է բաժանված՝ հարուստների փոքր խումբ… ու օրվա հաց հայթայթողներ: Բայց «քաջ» սյունեցիները շարունակում են մեդալներ ստանալ նախկինում պաշտոնապե՛ս 3 դատված Լիսկայից:
Վարազ Սյունի
Լիսկայի տանը մի ամբողջ զինանոց գտան, բայց «դզեցին-փչեցին». իբր բոլորը «օրինական» էր, երբ ձայնագրությունները հստակ ապացուցեցի՛ն հակառակը:.....................Հայաստանում միայն հանք,հէկ ու եկեղեցի է բացվում: Դրա համար է երկիրը հայտնվել այդ վիճակում:
Սիրանուշ
Հարգելի Վեհարի, անունը ոչինչ, ասեք բովանդակությունը չկորցնենք, շուտով գետն էլ կցամաքի, կմնա միայն անունը…. Շաքիի ջրվեժն էլ կերան, դա էլ կուտեն ու էլի չեն կշտանա: Հեքիաթի դևի նման, որ նստում ա ջրի ակունքին ու չի թողում մարդիկ ապրեն: Փաստորեն այդ հեքիաթներն ու առասպելներն իրականություն են եղել, ու հիմա էլ իրականանում են: Բայց հո գիտենք, որ վերջում գալիս ա ասպետն ու դևին գլխատում, մարդկանց ազատում… կարող ա դա էլ իրականություն դառնա, ով գիտի?......
Վեհարի
Տիկին Սիրանուշ, մեր Հայրենիքը մեկ օրում ցեղասպանել հնարավոր չէ: Սկզբում անվան մեկ տառն են փոխում իսկ հետո մատուցում արհեստական նոր հասկացողութուններ, նոր ,,աստվածություններ,, աղանդներ, և երկիրը ավերող նոր օրինական ներկայացվող գործողություններ: Մեծ ջրհեղեղից հետո մեկ հզոր ազգը այդպես է մասնատվել և մանր պետությունների բաժանվելով հիշողությունը կորցրել:
Սիրանուշ
Վեհարի, այս ամբողջ պատմության մեջ Ձեզ հենց անվան ծագումնաբանությունն է հուզում?? Անհայրենիք մարդկանց համար հայրենի բնությունն ինչ արժեք ունի, ով կարող է ասել?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter