HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագո. «Պիտի ասես ասելիքդ, որ ներսումդ չճահճանա, քեզ չուտի»

Գագիկ Գևորգյանը նոր անուն է քանդակագործ Գագոյի համար: Ասում է՝ 15 տարի ներկայանում եմ որպես Գագո, ու այդպես էլ ներկայացրեք ինձ: Նրա քանդակներում առաջինը գրավում է շարժումը, ռիթմը: Քանդակն ասելիք պետք է ունենա, ինչը դիտողին կներքաշի երկխոսության մեջ:

Գագոն էքսպրեսիոնիստ է, արագ է աշխատում: Երբ քանդակի գաղափարը վերլուծված է, գործը շատ արագ է անում: «Գործը պիտի չչարչարվի, եթե չարչարվի, ուրեմն, ներշնչված չեք, ոչ էլ լիովին զգացել եք պահը, ուղղակի դեռ աշխատում եք մտքով: Ներշնչանքը շատ միտք չի սիրում»,- ասում է քանդակագործը: Նրա կարծիքով՝ քարացած արձանների «դարն» անցել է: Շուրջ 15 տարի ապրել, ստեղծագործել է Լիբանանում: Մի քանի ամիս է, ինչ Հայաստանում է: Մեր զրույցը սկսվեց երևանյան մոնումենտալ նոր արձաններից:

-Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու Գարեգին Նժդեհի արձանը չտեղադրեցին Գարեգին Նժդեհի հրապարակում: Այնտեղ տեղադրված է Սուրեն Սպանդարյանի արձանը: Ու հիմա արձանը տեղադրեցին մի անճաշակ տեղ, մեջքով նայում է չգիտես ինչին... Արձանն իր տեղում չէ: Այդ փողոցում պիտի տեղադրվեին ստեծագործական աշխատանքներ, այլ ոչ թե նման մունումենտալ, կոթողային արձաններ: Ամեն դեպքում Վերնիսաժը քաղաքի կենտրոն է և թող արվեստով զարդարվեր, այլ ոչ թե կոմունիստական դարաշրջանի ֆիքսված, քարացած կերպարներով: Թող այդտեղ այլ թեմայով կոմպոզիցիա լիներ կամ թեկուզ Գարեգին Նժդեհի արձանը, բայց քանդակի լուծումներն ավելի դինամիկ լինեին:

Այդ արձանները գաղափարախոսություն են կոմունունիստկան դարաշրջանից եկած: Կարծում եմ՝ արդեն բավական է, գաղափարախոսությունը ֆորմայի չոր ծավալներից պետք է դուրս բերել, ծավալները պետք է ավելի ճկվեն, ավելի դինամիկ դառնան, ավելի խոսուն, ավելի համոզիչ, միանգամից շփվեն դիտողի հետ: Այդ արձանի հետ, օրինակ, չես կարող շփվել, պիտի գնաս, զգաստ կանգնես դիմացը: Դիալոգ, անմիջական շփում պիտի լինի գործի հետ:

-Երբ քայլում եք Երևանի փողոցներում, ո՞նց եք ընկալում այսօրվա քաղաքը, ի՞նչ է պակասում:

-Երևանում պակասում է նախ մարդ տեսակի որակը, հետո՝ մարդ տեսակի արձան տեսակը: Կուզեի, որ եթե արձաններ տեղադրվեին, դրանք լինեին շատ-շատ խորիմաստ, ուսուցողական, խոհափիլիսոփայական մտքեր արտահայտող վիճակներում: Օրինակ, իմ ցուցահանդեսն անվանել էի «Հոգի և մարմին»՝ հոգին մարմնի մեջ, մարմինը՝ հոգում: Դա կոնտակտ է, բնական վիճակ: Ես այդ ոճի կողմնակիցն եմ (մայիսի 23-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի էր ունեցել Գագոյի «Մարմին և հոգի» ցուցահանդեսի բացումը-հեղ.):

-«Գոյաբանական փնտրտուք», «Հոգի և մարմին». այսպես եք անվանել Ձեր ցուցահանդեսները: Ի՞նք եք փնտրում:

-Հոգու և մարմնի ներդաշնակություն: Դա է պակասում է մարդուն, որպեսզի կատարյալ լինի: Այդ դեպքում բոլոր անախորժությունները կվերանան, մարդը կհաշտվի, կահամաձայնվի, կխաղաղվի իր, բնության և Աստծո հետ:

-Մեր առօրյայի ռիթմը (հարցս կանխում է, ապա շարունակում- հեղ.)…

-Այստեղ ռիթմ չկա. ոչ մրցակցություն կա, ոչ փախուստ, ոչ իրարանցում: Անհասկանալի վիճակ է: Համեմատեք կապիտալիստական երկրների ռիթմի հետ: Այնտեղ տեսնում ես, ինչ ռիթմ է գործում, թեկուզ բիզնեսի գայլային օրենքներով: Այստեղ լիովին չեն գործում ոչ գայլային օրենքը, ոչ բիզնեսը, ոչ վազվզոցը, ոչ աշխատանքի նպատակը: Այդ դեպքում աշխատում ես ինչի՞ համար: Այնտեղ վազվզում են բարձր աշխատավարձերի համար, գիտեն, որ հանգստի ժամ ունեն, հետո կհանգստանան: Իսկ այստեղ միևնույն է՝ ինչ ուզում ես արա, պետք է աշխատես, որ հաց ուտես: Եվ դեռ հարց է՝ հաց կուտե՞ս:

-Եվ ի՞նչ է կատարվում այստեղ:

-Չգիտեմ, քաոս է, դանդաղ ճահճացող վիճակ, անառողջ մրցակցություն այնպիսի տեղերում, որտեղ արժեք չկա: Շոու-բիզնեսային վիճակներ են: Իմ ցուցահանդեսներին հրավիրել էի նախարարների, ովքեր չեկան, անգամ գրավոր չպատասխանեցին, որ չէին գալու: Մինչդեռ կարող է 6/8 երաժշտության մի համերգ լինի, գնան: Կարելի է, չէ՞, վերաբերմունք դրսևորել, 6/8-ը կարելի է ձայնագրությամբ էլ լսել, իսկ քանդակը չես կարող այդպես տեսնել: Այ, ինձ ճաշակն է վախեցնում: «Նարեկացիի» ցուցահանդեսին միայն Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը նամակ ուղարկեց, ներողություն էր խնդրել, ասել՝ հարգելի պատճառներով չեմ կարող ներկա գտնվել ցուցահանդեսին, թեև շատ էր սիրել գործերը:

-Հիմա էս քաոսի մեջ արվեստագետի առաքելությունը ո՞րն է :

-Պիտի խարակիրի անի, վերջանա (ժպտում է- հեղ.): Մեկն իր ասելիքն ասում է գոռալով, մյուսը՝ գրելով... Պիտի ասես ասելիքդ, որ ներսումդ չճահճանա, քեզ չուտի: Արվեստագետի շահը դա է:

Ամեն ինչը ներշնչանքի աղբյուր կարող է լինել արվեստագետի համար: Իմ ներշնչանքի աղբյուրը ես եմ, իմ ներքին ենթագիտակցությունը: Ասում են՝ մուսան դրսից է գալիս: 2 տեսակի մուսա կա՝ Սուրբ հոգուց և սատանայից եկող: Քո գործերի մեջ կարող ես զգալ՝ ինֆորմացիան Սուրբ հոգո՞ւց է, թե՞ սատանայից: Իմ կարծիքով՝ կա նաև երրորդ տարբերակ՝ ենթագիտակցական մակարդակը: Ինչ-որ տեղից ինֆորմացիա է գալիս, որի տերը դու չես, քո ամբողջ կյանքն է: Ենթագիտակցությանդ շերտում ինֆորմացիան ամբարվել է, և դու չես էլ իմանում, թե ինչ ունես ամբարած, ինչն ինչի վրա է նստել, ինչ է դարձել:

-Այսինքն՝ ինքնաբացահայտման պրոցե՞ս է:

-Դու չես ճանաչում ինքդ քեզ: Հարցը հենց այդտեղ է: Մի առիթով ասել էի՝ մարդը պիտի սովորի և մոռանա: Այսինքն՝ ինքնըստինքյան մոռանում է, որովհետև ինֆորմացիան գնում-նստում է ենթագիտակցությանդ վրա: Կրթվում ես, զարգանում ես, դառնում ես ազնվական մարդ և չես հասկանում՝ ինչի՞ց է: Դա գալիս է քո մանկությունից, կրթությունից, քո հեծանիվ ունենալուց, ճամփորդելուց...

-Ի՞նչն է անհանգստացնում Ձեզ մեր երկրում:

-Մարդկանց կենցաղային վիճակն է անհանգստացնում, մարդիկ լավ չեն ապրում, բարձր աշխատավարձ չեն ստանում, որպեսզի կարողանան ապրել, չմտածեն արտագաղթի մասին: Ի՞նչ է, 2 մլն ժողովուրդ չե՞նք: Մեր ժողովուրդը թագավորի պես պիտի ապրեր, աշխատավարձը 4-5 հազար եվրո պիտի լիներ, ինչո՞ւ պիտի չլիներ՝ խե՞լքն է պակաս, քանա՞կն է շատ, ո՞րն է խնդիրը: Առավոտից երեկո աշխատում են 100-120 հազար դրամ աշխատավարձի համար, որով ոչինչ չեն կարող անել:

-Իսկ ո՞րն է խնդիրը:

-Մեծ պետությունները չեն թողնում, կառավարությունն էլ աջակցում է դրան: Մեր կառավարության որոշ մարդիկ հարստանում են, մեծ կարողություններ են դիզում՝ օտար երկրներից վերցնելով մեծ-մեծ փողեր, թելադրանքներ կատարելով, օրինակ, Եվրոպայից: Իսկ Եվրոպան հալածում է մշակույթը Հայաստանում, թելադրում է իր օրենքները, իր մրցանակներն է սահմանում ու նաև թելադրում, թե այստեղ ինչ պետք է անես, որ քեզ մրցանակ տան: Արվեստը ոչնչացնում է: Իր երկրում առաջին մրցանակ է տալիս մի աշխատանքի, որի համար պետք չէ քանդակագործ լինել և ոչ էլ պետք է 10 տարի քանդակագործություն սովորել: Դրա համար պետք է մի հարաբերություն իմանալ՝ քառակուսին եռանկյունու վրա դնել, եռանկյունին՝ կլորի վրա, ծաղիկը՝ օղու շշի մեջ: Դրա համար մրցանակ կտան չգիտես ինչու: Եվ ասում է՝ սա է առաջին մրցանակը, կուզե՞ս՝ նման բաներ արա, դու էլ կստանաս: Չափորոշիչներն է փոխում: Դրա համար իրենց մոտ հոգու սով է, արվեստ գոյություն չունի: Նույնն Ամերիկայում է: Այնտեղ լրիվ կոմերցիա է, շոու-բիզնես:

Եվրոպական երկրներում և՛ պետությունը, և՛ մեկենասներն են հովանորում արվեստագետին: Այստեղ ոչ հարուստն է հովանավորում, ոչ պետությունը: Հարուստը գնում է 50-100 դոլար է տալիս միմետրանոց պլաստմասսայից դելֆինի կամ սիրուն աղջկա, դնում լողավազանի մեջ, ուրախանում: Նա 5-10 հազար դոլար չի տալիս արվեստագետին, որ գործը տանի դնի տանը: Չեմ ընդհանրացնում, գուցե մի քանի ընտանիքներ կան, որոնք հեղինակիցներից գործեր են գնում: Գործը հեղինակից պիտի գնեն, որ հարստանան, զարգանան:

-Ձեր գործերը վաճառվո՞ւմ են Հայաստանում:

-Աշխարհով մեկ վաճառված գործեր ունեմ, բայց ոչ Հայաստանում: 10 տարվա աշխատանքներից ցուցահանդես կազմակերպես և ոչ մի գործ չվաճառե՞ս: Բա էլ ինչո՞վ շարունակես աշխատանքդ: Պիտի եկամուտ ունենաս, որ շարունակես գործդ:

-Բայց ասում են՝ արվեստագետը պետք է ապրի կարիքների մեջ, որ կարողանա ստեղծագործել:

-Արվեստագետին հացը հետաքրքիր չէ, բայց նրան պետք չէ սոված պահել: Եթե այս անկյունում մի 10x20 մ սեղան դնեին, արվեստագետն իր տարերքի մեջ լինի, հարյուր տարի մնա՝ այդ սեղանը չի հետաքրքրի նրան: Կարող է մոտենա այդ սեղանին, մի կանաչի վերցնի և այդ սեղանն այդպես էլ մնա: Հարցը սովի մեջ չէ: Իհարկե, կոպիտ թեմա է, տհաճ թեմա է, արվեստից դուրս է, բայց արվեստագետի սառնարանն էլ պետք է լիքը լինի, ավտոմեքենա ունենա, որ երբ ուզի, քաղաքից դուրս գնա… Դա նպատակ չէ, միջոց է, որը պետք է ապահովել:

Ես քանդակագործ եմ, իմ քանդակները ձուլելու համար մեծ միջոցներ եմ ծախսում: Եթե միջոցներ չունենամ, ո՞նց ձուլեմ իմ քանդակները, էլ ո՞նց շարունակեմ մնալ քանդակագործ: Բեյրութում մի պատկերասրահ կա, որը ցուցահանդեսից հետո ինձնից 54 կտոր գործ գնեց: Բեյրութի համազգային պատկերասրահում ցուցադրված գործեր ունեմ: «Մեսրոպ Մաշտոց» քանդակ ունեմ տեղադրված Բեյրութում, որը սփյուռքում Մաշտոցի միակ քանդակն է. «Էջմիածին» քանդակը՝ Սիդնեյում: Ճիշտն ասած, հիմա էլ պատվեր եմ անում Հռոմի պապի համար: Ամսի 25-ին այն կհանձնեմ Պապին: Քանդակն անվանել եմ «Հայ որբուկներ»:

-Ժամանակաշրջանի հարցադրումները փոխվե՞լ են:

-Մարդը չի փոխվել, մարդը նույնն է այսօր, վաղը և հավիտյանս: Ինչ գործիքով ուզում է թող կռվի, պայքարը նույնն է, նույն տենչանքներն ունի՝ իշխանություն, կին, գինի, փող, փառք: Նույնն է նաև հակառակ սեռի համար:

Թող արբանյակ սարքի, թռնի տիեզերք, լուսնից էլ հասնի արև, մեկ է՝ մարդը մարդ է մնում: Աստվածաշունչն էլ ասել է բոլոր ժամանակների համար, այսինքն՝ նշանակում է, որ երբեք չես փոխվելու: Փակ շրջան է, պտտվում է. կարող է դառնա ջուր, որոշ ժամանակ անց գոլորշանա, ամպ դառնա, հետո՝ կաթիլ և ընկնի գետնին: Բան չի փոխվում: Մարդն այդ պտույտի մեջ է, իրեն պտտեցնում են: Այդտեղից փախուստ չկա, գետի հուն է, որով գնում ես, բայց պիտի փորձես անել քո գործը: Միգուցե սխալ եմ մտածում, միգուցե բոլորն են սխալ մտածում, ճիշտ չկա, ուղղակի համոզմունքների հարց է: Իսկ ո՞վ է ասում, որ ես ճիշտ եմ խոսում, կարող է ինձ հակառակն ապացուցեք:

-Հիմա Ձեր ճիշտը ո՞րն է:

-Իմ ճիշտն այն է, որ լինեմ անկեղծ, արդար ու աշխատեմ ինչ-որ բան փոխել կամ ինչ-որ բան արած լինեմ: Շատ եմ վախենում այն մտքից, որ ինչ-որ բան արած չլինեմ այս աշխարհում ինձ տրված ժամանակահատվածում: Մի բան անել է պետք: Շատ զարմանում եմ այն մարդկանց վրա, որ կյանքն անցնում է, և ոչինչ չեն անում: Օրինակ, եթե մահանան-գնան, ի՞նչ են արել: Ճիշտ է, բնության մեջ արած բան ունեն, պարապ մարդ չկա, Աստծո ստեղծագործություն են, ինչ-որ բանի համար են, բայց ընդունում եմ, որ մարդը միշտ պետք է լինի սոլիստ:

«Մարմին և հոգի» ցուցահանդեսի լուսանկարները՝ ստորև

[gallery id=576]

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter