HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ծրագիրը գնահատվել է 16 մլն դոլար

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ այդմ՝ առաջարկվում է Ընտրական օրենսգրքում ամրագրել հետևյալ դրույթները. թեև Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ դիտորդների համար կազմակերպվող դասընթացի նպատակը ընտրական օրենսդրության վերաբերյալ միայն տարրական գիտելիքների և դիտորդի իրավունքների և պարտականությունների իմացության ապահովումն է, սակայն հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կողմից բարձրաձայնվող մտահոգությունները, նախագծով առաջարկվում է հանել մասնագիտական դասընթացներին մասնակցության եւ որակավորման վկայական ունենալու վերաբերյալ պահանջները:

Գործող Ընտրական օրենսգրքում ի տարբերություն նախորդ ընտրական օրենսգրքի էականորոն վերնայվել են բողոքարկման հետ կապված ընթացակարգերը և երկարացվել են բողոքարկման ժամկետները: Սակայն, հաշվի առնելով ընտրական գործընթացում բողոքարկման կարևորությունը, առաջարկվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումների, գործողությունների կամ անգործության, քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ներկայացնելու ժամկետներ սահմանել քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն: 

Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է օրենսգրքի 23-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «Քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ համայնքային ծառայող» բառերը փոխարինել «Հանրային ծառայող» բառերով, պայմանավորված մեկ միասնական հասկացություն կիրառելու անհրաժեշտությամբ:

Փաթեթի հաջորդ նախագծով առաջարկվում է Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ թույլ տալ բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և համացանցային հեռարձակում առցանց ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի(երի) միջոցով: Տեսանկարահանումը պետք է իրականացվի մասնագիտացված կազմակերպության կողմից: Ներդնել ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը: Առաջարկվում է ամրագրել, որ նույնականացման քարտ չունեցող և նույնականցման քարտ ստանալու համար չգրանցված քաղաքացիներն ընտրողների ցուցակում չեն ընդգրկվում, բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի: Ընդ որում՝  քաղաքացին համարվում է նույնականցման քարտ ստանալու համար գրանցված, եթե նույնականացման քարտ ստանալու համար «Նույնականացման քարտերի մասին» օրենքով սահմանված կարգով հանձնել է մատնահետքեր և այլ տվյալներ: Այն դեպքերում, երբ անձը չի եղել Հայանստանի Հանրապետության տարածքում, սահմանված ժամկետում չի գրանցվել նույնականացման քարտ ստանալու համար և չի ստացել նույնականացման քարտ, ապա նա կարող է մասնակցել ընտրություններին` ընդգրկվելով ընտրողների լրացուցիչ ցուցակում:

Քվեարկության օրը ընտրատեղամասերում ընտրողների գրանցումը կատարվում է տեխնիկական սարքի միջոցով` մատնահետքերով: Ընտրողը դուրս է հրավիրվում քվեարկության սենյակից, եթե տեխնիկական սարքավորումը մատնահետքի կամ անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողն արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, էկրանին հայտնվում է կարմիր նշան և մասնագետը տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին: Ընտրողների ստորագրված ցուցակների ստուգումը լիարժեք հասանելի դարձնելու համար առաջարկվում է ընտրական օրենսգրքի գործող կարգավորումներին զուգահեռ ամրագրել դրույթ, ըստ որի տեխնիկական սարքավորման կողմից տպվող տեղեկանքը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցումը իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Բացի դրանից, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող թեկնածուին կամ կուսակցության վստահված անձանցից մեկին հնարավորություն է տրվում օրենքով սահմանված ժամկետում դիմել տարածքային ընտրական հանձնաժողով և ստանալ տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների վերաբերյալ տեղեկատվություն: 

Այս նախագիծը նախատեսում է նաև անցումային դրույթներ, որը կարգավորում է նախագծի ուժի մեջ մտնելու հետ կապված առաձնահատկությունները: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի խոսքով` սա բացառիկ պայմանավորվածության արդյունք է, երբ Ընտրական օրենսգրքի քննարկման արդյունքում, կառավարությունը և աշխատանքային խումբն՝ ընդառաջ գնալով ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջարկություններին՝ ընդունել է լրացուցիչ առաջարկությունների բավականին լուրջ փաթեթ, որը պահանջում է լուրջ ֆինանսավորում: Ըստ Վիգեն Սարգսյանի՝ ծրագրի ֆինանսավորման հետ կապված աշխատանքներ են տարվում պոտենցիալ դոնոր կառույցների՝ հատկապես ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Եվրոպական միության պատվիրակության կողմից ծրագիրը գնահատվել է շուրջ 16 մլն դոլար: Վիգեն Սարգսյանը նշել է, որ խոսքը վերաբերում է մոտ 1.5 մլն պոտենցիալ ընտրողների մատնահետքեր հավաքելուն, որը պահանջում է հսկայական աշխատանք: «Եվ եթե հնարավոր լինի ծրագրի իրականացումը ապահովել ոչ բյուջետային միջոցներով, այսինքն դոնորական գումարներով, ապա նույնիսկ դրանից հետո շատ մեծ ջանքեր են անհրաժեշտ, որպեսզի ծրագիրը իրականանալի դառնա: Դա հենց կառավարության և պետության բարի կամքի դրսևորումն է դեպի այս գործընթացը և ցանկությունը՝ ապահովելու թափանցիկությունը միջազգային չափանիշներին համապատասխան», - նշել է Վիգեն Սարգսյանը:

Մեկնաբանություններ (1)

Ընթերցող
Իսկական փոփոխությունը անձի ներքին փոփոխությունն է, իր մտքին ու զգացմունքներին հետևելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter